9/25/2023

Մտածեցի, որ իրավունք չունեմ բողոքել Աստծուց ու ասել՝ ո՞վ ես դու.Մարթեն Յորգանց

 Արդեն տեղեկացրել ենք, որ Հայաստանում է  հայտնի ֆրանսահայ երգիչ, կոմպոզիտոր Մարթեն Յորգանցը: Նրա  հետ զրուցել ենք փոքրիկների կողմից ոչ մանկական երգերի կատարման, առաջին ու վերջին երգերի և այլ հարցերի շուրջ:

Կարծես թե հայաստանյան Ձեր գրեթե բոլոր այցելությունները համընկնում են ՀՀ անխակությանը հաջորդող կամ նախորդող օրերին: Սա պատահականություն է, թե՞…

-Չէ, հատուկ ոչինչ չի արվում, այդպես է ստացվում: Այս անգամ էլ «Վաղարշապատ» երգի-պարի թատրոնի 10-ամյակն էր, համընկել է ուղղակի:  

Ժամանակին Փարիզում ռեստորան ունեիք, կարծես թե փակել եք: Հիմա ի՞նչ է  անում Մարթեն Յորգանցը:

-Հիմա միայն երաժշտությամբ եմ զբաղվում:

Ինչի՞  մասին են այժմյան Ձեր երգերը:

-Ոչինչ չի փոխվել, նույն կերպ շարունակում եմ: Չկարծեք, որ ես միայն փոքրիկների երգիչն եմ: Հայաստանում սրա հիմքը դրվեց: Ամբողջ կյանքս մեծերի համար եմ երգում, իհարկե, Հայաստանից դուրս: Իսկ այստեղ փոքրիկների ունեցած սքանչելի տաղանդը ինձ ուժ տվեց և  մեկ գիշերվա ընթացքում 6-7 երգ գրեցի:

Այսօր մանուկները մանկական երգեր չեն կատարում: Ո՞րն է դրա պատճառը, ըստ Ձեզ:

-Մանուկները պետք է մանկական երգեր կատարեն և, ոչ թե դժվար բառերով մեծերի երգեր: Բայց այսօր աշխարհում շատ բան է փոխվել, որի դեմ անզոր ենք: 6-7 տարեկան երեխան պարում է հայրիկի ու մայրիկի սիրելի երգերի ներքո: Իսկ մեր պարտականությունն է՝ իրենց տարիքին համապատասխան երգեր ստեղծել, որն անպայման կսիրվի:

Հայ և օտարազգի երեխաների միջև տարբերություն  տեսնո՞ւմ եք:

-Շատ մեծ: Հայաստանի փոքրիկը տաղանդավոր է: 5 տարեկանում արդեն թվում է, թե մեծ մարդ է: Կարող է նստել և հետդ խոսել մեծի պես: Զարմանալի երևույթ է:

Հայերենով կատարած Ձեր առաջին երգը հիշո՞ւմ եք:

«Ո՞ւր  էիր Աստված»-ն է եղել, որը կատարել եմ 1974 թվականին, դրանից հետո երբեք չեմ կատարել սա, որովհետև մտածեցի, որ իրավունք չունեմ բողոքել Աստծուց ու ասել՝ ո՞վ ես դու:

Երգի ընտրությունն ինչո՞վ էր պայմանավորված:

-Օրերից մեկ օր մեկը եկավ իմ ռեստորան ու ասաց, թե իտալերեն, անգլերեն, ֆրանսերեն լեզուներով երգում ես, ինչո՞ւ հայերենով որևէ երգ չես կատարում: Ասացի, որ երբեք չեմ փորձել կատարել: Բայց, հետևեցի նրա խորհրդին, փորձեցի, ստացվեց, պատրաստեցի առաջին ձայնասկավառակս:

Ձեր կողմից գրված վերջին երգը կոչվում է «Փոքրիկների ապագան»: Ինչպե՞ս եք պատկերացնում նրանց ապագան:

-Բոլոր փոքրիկները, և դուք բոլորդ, երբ մեծանաք՝ Հայաստանը մի թողեք: Հայաստանը մեր երկիրն է, այն պետք է հզորանա: Օտար ափերում գտնվող հայերը պետք է վերադառնան այս երկիր: Մենք հզոր ենք, երբ միասնական ենք: Այսօր էլ՝   Սփյուռքն ու Հայաստանը միասին մեծ ուժ են:

 Հարցազրույցը՝ Անի Կարապետյանի

2014-09-25

Комментариев нет:

Отправить комментарий