Օրեր առաջ տեղի ունեցավ արձակագիր Խորեն Արամունու՝ ծպտյալ հայերի մասին պատմող «Ձնհալ» վեպի շնորհանդեսը: Հեղինակի հետ զրուցել ենք գրքի, Հայաստանից ստացած տպավորությունների, արդի և սփյուռքահայ գրականության, դարավոր թշնամիներին՝ թուրքերին և ադրբեջանցիներին ուղղված նրա նամակի, Հայաստան-Սփյուռք կապի և այլ հարցերի շուրջ:
Խոսենք, թերևս, գրական կեղծանվան և, կարծես թե, երկար տարիներ գոյություն ունեցող մորուքի մասին: Սա ինչո՞վ է պայմանավորված, ո՞ւմ եք ցանկացել նմանվել:
-Ազգանունսս Քեշիշյան է, պապերս հոգևորական են եղել, ծնվել են Պարսկաստանում: Շահ Աբասի օրոք բռնի գաղթած ժողովուրդ ենք: Երբ սկսել են անձնագիր տալ, հայտնել են, որ Տերտերյան ազգանունն են կրում: Այնտեղ նախ «տ» չկա, «դ» -ով է գրվում, հարցրել են, թե դա ի՞նչ է նշանակում, ասել են՝ քեշիշ, ուստի, ստացել են Քեշիշյան ազգանունը:
Ինձ դուր չէր գալիս այս բառը, թուրքերեն է, և, երբ վերցրեցի գրիչը, ակամայից հիշեցի հորս անունը՝ Արամ: Ավելացրեցի ունի վերջածանցը, եղավ Խորեն Արամունի:
Ինչ վերաբերում էր մորուքին, հակառակը, ուզում եմ այնպես լինի, որ բոլորը ցանկանան ինձ նմանվել (Ծիծաղում է.Ա.Կ):
Միշտ սիրել եմ, ուսանող ժամանակ էլ փոքր մորուքով էի՝ այծի: Մի օր դեկանը կանչեց, հաղթանդամ մարդ էր, ասաց. «Ապուշ, այդ ի՞նչ վիճակ է, գնա և սափրվի՛ր: Չարեցի և այսպես մնաց»:
Երկար տարիներ է՝ ապրում եք ԱՄՆ-ում: Շատերը կան, որ կրկին այլ քաղաքներից են մեկնել այդտեղ, բայց իրենց ամերիկահայ են համարում...Իսկ Ձեզ, ամեն դեպքում մի շարք վայրերում, հարցազրույցներում, ներկայացնում են որպես իրանահայ գրող... Ի՞նչն է հոգեհարազատ Իրանում:
-1970թ. թվականին ընտանիքով եկել ենք Հայաստան, ավարտել եմ ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը, հետո՝ 1980թ.-ին փախանք, չհարմարվեցինք խորհրդային կարգերին: Իսկ իրանահայի մասով…չգիտեմ, ամեն դեպքում ես այդպես չեմ ներկայանում, եթե չոր հաշվարկ անենք, ապա, ավելի շատ ամերիկահայ եմ, 34 տարի է, այնտեղ եմ, եթե ուսումը վերցնես՝ հայաստանցի եմ, իսկ ծնունդով՝ Իրանից և կարծում եմ, իրանահայն ավելի բնորոշ է, որովհետև կրում եմ ամբողջ մշակույթը, հագուկապը, մտածելակերպը:
Իսկ Հայաստանում ի՞նչն է հոգեհարազատ:
-Հայաստանը հարազատ մոր պես է: Իմ արյունն է, իմն է, այլ կերպ հնարավոր չէ: ԱՄՆ-ն ինձ լավ կյանք է պարգևում, Պարսկաստանում ծնվել եմ, իսկ Հայաստանն ինձ ոգի է տալիս: Պարսկական հոգեբանությունը, ամենը Հայաստանը ֆիլտրեց՝ տալով հայկական ոգի:
Գրեթե միշտ ասում եք, որ Հայաստանը ձգում է.Ինչո՞ւ չեք գալիս ընդմիշտ բնակվելու այստեղ:
-Այդ հարցը ինձ համար մի քիչ աբսուրդ է: Այնտեղ արդեն արմատ ես գցել, իսկ այստեղ 2-3 ամիսը մեկ կարող ես գալ, արժե՞ նորից քանդել ամեն ինչ, գալ այստեղ ու պետությանը բեռ դառնալ: Բեռ դառնամ ձեզ համար, թե ինձ պահեք, աշխատանք տվեք: Ուզում եմ, որ դուք աշխատեք, մենք բեռ չդառնանք: Եթե գամ՝ երեխայիս դուք պետք է պահեք, իրենք այստեղ չեն կարող աշխատել:
Նույնիսկ երկկաքաղաքացի չեմ ուզում դառնալ: Գուցե, դրա տակ ինչ-որ ենթատեքստ կա, որ ներկայացնեն աշխարհին, թե ՀՀ-ում այսքան քաղաքացի կա: Ես ինձ ՀՀ քաղաքացի եմ համարում, բայց առանց փաստաթղթի: Ձևական քաղաքացի լինելն ինձ չի հետաքրքրում:
Որևէ երկրում մինչև չաշխատես, չես իմանա, թե տեղի մարդն ինչ դարդ ունի: Պետք է շատ երկար մնաս: Զբոսաշրջիկները գալիս հիանում են, «Դալմա» են գնում, տեսնում են, որ այստեղ ավելի լավ խանութներ կան, քան ԱՄՆ-ում..
Իսկ այստեղի քաղաքացիները նախանձում են ԱՄՆ-ի, եվրոպական մի շարք երկրների բնակիչներին…
Նախանձել պետք չէ…Այստեղ արտագաղթն ահավոր է.սա մեր ամենամեծ ցավն է...Երիտասարդության մեջ վաղը գոյություն չունի, մյուս օրն՝ ընդհանրապես: Մեկ շաբաթ հետո չգիտի, թե ինչ է լինելու: Այսինքն, այսօր չեն ապրում, որ վաղը ապրեն: Այսօր ապրում են, որ այսօր ապրեն: Իշխանությունների նկատմամբ հավատ, վստահություն չունեն, ոչ էլ վաղվա համար:
Հրաշալի սերունդ է գալիս. կիրթ, քաղաքակիրթ, լավ քաղաքացիական հասարակություն է ստեղծվում հիմա: Ես շատ ցույցերի եմ մասնակցել, հիանում եմ երիտասարդությունով, հողը պետք է ամուր լինի նրանց համար, թե չէ կլքեն հայրենիքը:
Էլ ի՞նչ է տեսնում դրսի աչքն այստեղ:
-Վատ բաներ չեմ ուզում ասել, բայց գավառական ժողովուրդ է՝ իշխանությունից սկսած: Չտես, ահավոր չտես, ժպտալ չգիտեն, բարևել նույնպես: Մեկի հետևից խանութ ես մտնում, դուռը չի պահում, որ մտնես, բաց է թողնում, գլխիդ է կպնում: Տպավորություն է, որ քաղաք է դառնում, բայց ապրողը դեռ գավառացի է:
Խոսեցինք արտագաղթից…Վերջին շրջանում ղարաբաղա-ադրբեջանական և հայ-ադրբեջանական շփման գծում թշնամին հաճախակի խախտում է հրադադարը: Շատ ազատամարտիկներ, հայորդիներ սահման գնալու ցանկություն հայտնեցին: Շատերին հաճելի չէր սփյուքահայերի կողմից արված մեկնաբանությունները.բացասական էին ընդունվում և՛ քաջալերանքը և պարսավանքը: Սա ոչ միայն այս, այլև մնացյալ դեպքերում: Այս երևույթի բացատրությունն ունե՞ք:
Իրավունք ունի հայաստանցին այդ առումով: Ես ասել եմ՝ եթե անելիք ունեք, գործով ցույց տվեք: Շատ են վայրահաչում սփյուռքում: Հատկապես նրանք, ովքեր այստեղից են գնացել: Հիմա երկու սփյուռք ունենք. դասական և նոր: Դասական սփյուռքն ավելի զուսպ է, իսկ նրանք, ովքեր այստեղից են գնացել, իրենց փախուստը արդարացնելու համար մի քիչ շատ են խոսում: Ես էլ եմ քննադատում, բայց թույն չկա, ցավ է: Իրենց թվում է, որ սփյուռքում բոլորն անգրագետ են, իրենք էլ դառնում են փիլիսոփա: Վայրահաչելով մի՛ արդարացրու փախուստդ:
Դասական սփյուռքն այլ է..նրանք հայրենապաշտներ են: Թույնը քիչ է, իսկ հայաստանցիների մոտ տրամաբանությունը քիչ է, թույնը՝ շատ: Այնտեղ հաղորդումներ կան, որ գնամ, ասեմ, այստեղ լավ է, կասեն՝ ինչ ա, ուզում ես ասել այնտեղ լավ ա՞: Չէ ասում եմ, այնտեղ էլ ա արևը ծագում ու մայր մտնում, այնտեղ էլ է ծաղիկ աճում...
Որքանո՞վ են հայրենապաշտ: Աստված չանի, եթե պատերազմ լինի, կգա՞ն, մոնթեներ կա՞ն:
-Չէ, չեն գա: Ամեն դարում մեկ կամ երկու Մոնթե կա: Նա երևույթ էր: Այն ժամանակ էլ եկողները քիչ էին, նյութապես էին օգնում: Ապրում են Գլենդելում, Լոս Անջելեսում, իրենց երեխային երբեք այստեղ բանակ չեն ուղարկի: Իմանան նման բան կա՝ երկկքաղաքացի չեն դառնա: Ուղղակի ուզում են շրջապատին ասել՝ տեսեք, հայաստանցի եմ: Ահավոր է ցուցադրական հայրենասիրությունը:
Բավականին ուշ եք ստեղծագործել՝ 40 տարեկանում: Ինչի՞ մասին էր առաջին ստեղծագործությունը:
-Իմ մասին էր՝ կոչվում էր «Գոքոն»: Ես էլ Գիքորի նման գյուղից գնացել եմ քաղաք, նույն աշխատանքն եմ արել, թռուցիկներ եմ բաժանել, տուն եմ մաքրել, անգլերեն չգիտեի, ամեն կերպ շահագործում էին: Նա գյուղից գնաց քաղաք, ես՝ Երևանից Լոս Անջելես: Արձագանքները լավ էին, ուստի շարունակեցի գրել:
2004 թվականից ՀՀ-ի գրողների միության անդամ եք: Ամեն անգամ վերադառնալիս գրական ասպարեզում ի՞նչ եք տեսնում, դրական, թե՞ բացասական շարժ: Արդի հայ գրականությունը, պոեզիան՝ համեմված ժարգոնով, հայհոյանքներով, որքանո՞վ է գրավում:
-Ինչ կատարվեց ԽՍՀՄ փլուզումից հետո, ինձ համար դրական երևույթ է: Արտառոց ոչինչ չկա: Առաջին գիրքը որ կարդացի՝ Գուրգեն Խանջյանի «Հիվանդանոց» գիրքն էր: Շատ մեծ թռիչք էր մեր գրականության մեջ: համարձակ էր: Անկախ երկրի քաղաքացին ըմբոստացավ՝ ցույց տալով, որ անկախ է: Գրաքննադատություն, բյուրո…չկար…շատ լավ ընդունվեց այն:
Այսօր մի նոր, ինձ ուրախացնող սկիզբ է գալիս, փնտրտուքի մեջ են: Կարող է գործը չհավանեմ, բայց քայլը, որ անում է գրողը, նրա անկախությունը, ինձ խենթացնում է:
Օգնեք խորհուրդներով, ոչ թե խրատ տվեք:
Ի՞նչ է կատարվում սփյուռքի գրական ասպարեզում:
Կարապենցը մի լավ խոսք ուներ. ասում է՝ երբ կարդում եմ սփյուռքահայ գրականությունը, պահածոյացված է, իսկ հայաստանյանը՝ նոր քաղած է, համով հոտ ունի: Այնտեղ լեզուն, ազգը պահելու խնդիր ունենք: Սանձը իմ տարիքի մարդկանց ձեռքից գնացել է: Երեխաները ոնց ուզում են, այնպես էլ գնում է: Ամեն ինչ հայկական էր, հիմա չկա նման բան: Թոռնիկս արդեն անգլերեն է խոսում հետս, ի՞նչ անեմ, հո չեմ կարող ծեծել: Միջավայրը լցված է անգլերենով: 10 տարի շուտ կամ ուշ դառնալու ենք անգլախոս, իսպանախոս և այլն…
Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ բաց նամակ եք հղել դարավոր թշնամիներին՝ թուրքերին և ադրբեջանցիներին. մեջբերեմ մի հատված. «Ձեզ ճանաչել եմ պատմությունից ու ահավոր ատել եմ: Ատելությունը թունավոր, հրեշավոր երևույթ է, հայերը վարակված են այդ թույնով: Փոքր էի, չէի հասկանում, թե պարսիկներն ինչու էին ձեզ համեմատել էշի հետ: Չէ՞ որ ընտանի կենդանին մարդ չի ուտում, իսկ դուք մի ամբողջ ազգ հոշոտեցիք…»: Հույս կա՞, որ թշնամին օրերից մեկ օր գոնե էշ կդառնա:
-Պարսիկները թուրքերի հետ երբեք չեն ունեցել: Թե կրոնի առումով, թե որպես հարևաններ: Բավականին հետամնաց են եղել, արնախում: Պարսիկները մինչ օրս էլ առանց էշի թուրք չեն ասում:
Հայերն այսօր շատ են գնում Անթալիա և ասում են, որ քաղաքակիրթ են…Բայց դա միայն կենտրոններում է: Եթե նրանց նախագահն էլ է կիրթ համարվում, ապա ժողովրդի մասին խոսելն ավելորդ է:
Օրեր առաջ տեղի ունեցավ «Ձնհալ» վեպի շնորհանդեսը: Այն ծպտյալ հայերի մասին է և թուրք մեծացած, բայց հայի արյուն ունեցող աղջկա, ով ողջ սրտով ատում է հայերին: Հայ-թուրք հարաբերություններում ձնհալ կլինի, թե՞ ոչ:
-Ուսանող տարիներին խոսում էինք, որ կան հայեր, ովքեր թրքացել են, ամուսանցել, սկսում էինք լացել, թե ոնց կլինի, հետո կամաց-կամաց սկսեցի հետաքրքրվել: Կարդացի հոդվածներ, մտածեցի՝ եթե 20-ամյա աղջիկն իմանա, որ հայ է, ի՞նչ կանի և, եթե նրանք գան Հայաստան ու ասեն՝ մենք մահմեդական ենք ու այստեղ-այնտեղ մզկիթ սարքեն, ժողովուրդս ո՞նց կընդունի: Երբ 70-ական թթ. եկանք այստեղ, հայախոս էինք, ինձ պարսիկ էին ասում: Ասենք երեխա էր ընկնում մեքենայի տակ, հարցնում էին՝ հայ ա, թե պարիսկներից ա: Մտածում եմ, եթե թուրք աղջկա հանդիպեի, սիրահարվեի, ինչեպ՞ս էի ընտանիք կազմելու: Վերջապես եկավ այդ ժամանակը. Ժողովո՛ւրդ, պատրաստվեք՝ 5000-10000 հայ պետք է ընդունեք, ինչպե՞ս եք ընդունում:
2014-08-19
Հարցազրույցը՝ Անի Կարապետյանի
http://asekose.am/am/post/ete-gam-hayastan-erexayis-douq-petq-e-paheq
Վեպ` ծպտյալ հայերի մասին
Ավ.Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ արձակագիր Խորեն Արամունու «Ձնհալ» վեպի շնորհանդեսը:
«Այս վեպի համար, կարելի է ասել, աշխատել եմ ողջ կյանքս: Այն ծպտյալ հայերի մասին է, որը միշտ հետաքրքրել է ինձ: Բազում գրքեր եմ կարդացել, ուսումնասիրել և հետաքրքիր էր, թե ինչ ապրումներ կունենա թուրք մեծացած հայը, երբ իմանա ողջ ճշմարտությունը: Ընդամենը երկու ամիս պահանջվեց` այս ամենը թղթին հանձնելու համար»,-Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց հեղինակը` նշելով, որ ծպտյալ հայերի հանդիպել է Լոս Անջելեսում, նրանք հայերեն ոչ մի բառ չեմ իմացել, հիմնականում խոսել են թուրքերեն կամ անգլերեն:
«Հայատյաց մեծացել են, և, հանկարծ տեղեկանում են, որ հայ են: Երկվություն է իրենց մեջ»,-նկատեց նա:
Արձակագիրը նշեց, որ գիրքը տպագրվել է իր ուժերով, 1000 օրինակ: Մեծ մասը բաժանում է գրադարաններին, ուսումնական հաստատություններին, գիրք սիրողներին...
Արձակագիր Խորեն Արամունի Քեշիշյանը ծնվել է Իրանում` 1948 թվին: Թեհրանում միջնակարգն ավարտելուց հետո մեկնել է և ընդունվել տեղի համալսարանի հայագիտական բաժին: Երկու տարի անց՝ 1969 թվին, ընտանիքով հայրենադարձվել է: 1975թ.-ին, ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական բաժինը: 1980 թվականին գաղթել է ԱՄՆ: Կարճ լռությունից հետո գիտական ու հրապարախոսական հոդվածներով հանդես է եկել տեղի պարբերականներում: 1996թ.-ից մինչև աօրս Լոս Անջելեսում և Երևանում բեմադրվում են նրա թատերգությունները:
Комментариев нет:
Отправить комментарий