2/07/2012

«Կեցցե»մրցանակաբաշխություն


Շատ խորհեցի, գցեցի-բռնեցի ու որոշեցի այս տարվանից սկսած շնորհել «կեցցե»  մրցանակ բոլոր նրանց, ովքեր.
- առանց  աշխատանք ունենալու դեռ գոյատևում են,
- բթամատը սեղմած ճակատին ու ականջները սրած սպասում են աշխատատեղերի բացմանը,
- աշխատում, բայց աշխատավարձ չեն ստանում,
- ուզում են սովորել, բայց ուսման ամեն տարի բարձրացող վարձը նրանց երազանքի հերն անիծում է,
- ուսանողին, ով առանց դասախոսին քծնելու է գնահատական ստանում, ով քննությանը հարցերին չի պատասխանում` ասելով  թե, դե գիտեք, որ ես գիտեմ
- հլու-հնազանդ սպասում են, թե էլ ինչ են բերելու իրենց գլխին, զրկվեցին անգամ մի բաժակ սուրճից, քանզի սուրճն էլ սկսեց իրեն թանկացնել,
- երիտասարդին, ով ավարտելուց հետո մինչև ծերանալը աշխատանք է փնտրում. կամ չկա, կամ էլ` փորձով պետք է  ծնվեր,
- կեցցեն այն հեռուստաընկերությունները, որ դերասանների մասին մտածելով մեկը մյուսի հետևից սերիալներ են նկարահանում,
-կեցցեն նրանք, ովքեր ծառա լինելով` իրենց ղեկավարի դերում են պատկերացնում ու այդ առթիվ հավերժանում են իրենց տնօրենի <<գահին>>(նկատի ունեմ`նկարվելը)
- կեցցե այն դերասանը, որ մեկ օր «բաշարեց» եկավ որևէ հեռուստահաղորդման հյուր, դժգոհեց, որ իրեն չեն հրավիրում նկարահանվելու սերիալում և հաջորդ օրը պահանջը կատարվեց,
- կեցցեն այն վաճառողները, որ միանգամից մարդու առևտրից գուշակում են, թե ինչ են եփելու. կաղամբ գնեցիր` ուրեմն բորշ է, բրինձ` ուրեմն փլավ կամ «սուպիկ»: Չլինի  թե սխալվես ու կաղամբը սալաթի համար գնես, բրինձն էլ` դոլմայի, կամ «տուն է, պետք կգա որոշմամբ»,
- այն վարորդներին, որ ուզում են արագ կանգառ հասնել և ուղևոր վերցնել, ոչինչ, որ զոհեր կլինեն,
- նրանց, ովքեր դեռ շնչում են,
- նրանց, ովքեր դեռ սովամահ չեն եղել,
- նրանց, ովքեր մի ճար են գտնում երկրից փախչելու համար... թո՛ւ…, լեզուս պապանձվեր,..բայց ավելի լավ է դառը ճշմարտությունը,
- նրանց, ովքեր արագ շնչում են օդը`այն վախով,թե մեկ էլ տեսար`օդն էլ փողով դարձավ,
- նրանց, ովքեր մի քանի տարուց կկառավարեն ավերակների վրա,
- նրանց, ովքեր ամեն ինչից հասկանում են մի քիչ, մի քիչ, բայց չեն հասկանում ոչ քեզ, ոչ ինձ....ոչի~նչ, ոչի~նչ..
Կեցցես դու, որ կարդացիր այսքանն ու որոշեցիր մտածել, վեր կենալ, քայլել, խոսել...
Կեցցեք, կեցցեք, կեցցեք...
Հ.Գ. Մրցանակը կարող եք ստանալ  ամեն օրհետևյալ հասցեով.Արդարության փողոց, N ..շենք..Զգուշացնենք, որ դրամական պարգև չկա, մեկը լիներ` մեզ պարգևեր:

2/06/2012

«Բրենդային» սև ակնոցը


Money, money, money, must be funny, it's the rich man's world
Տարբեր լեզուներում տարբեր գրություն, արտասանությունԻսկ սրա սիրահարները  այնքան նման իրար: Կենդանի էակներ են, կենդանի, բանական էակներ, ովքեր առաջնորդվում են` «փող ունես` մարդ ես, չունես` Աստված քեզ հետ» սկզբունքով: Հազարամյակներ առաջ մեր նախնիները չգիտեին թե ինչ է դրամը: Պարզապես զանազան առարկաներ փոխանակում էին միմյանց հետ: Բրուտները փոխանակում էին խեցամաններ և սափորներ, դարբինները` դանակներ, կացիններ, անասնապահները` ոչխարներ, եզներ, բուրդԲայց, քանի որ բիզնեսից հասկացողները կային, հասկացան, որ փոխանակություն պետք չէ կատարել, քանի որ իրերն ու մթերքը տարբեր արժեքներ ունեն: Աստիճանաբար հասկացան,որ դրամը պետք է մշտական ու հաստատուն լինի: Ամենահարմարը մետաղե դրամներն էին: Կարելի էր ցանկացած արժեքի դրամ հատել. պղնձից էժանները, արծաթից` ավելի թանկերը, ոսկուց` ամենաթանկերը: Մետաղները ծանր էին և ամենաթանկը` ոսկին, պահ էին տալիս բանկում, փոխարենը` ստացական վերցնում: Ինչպես ասում են` լավագույն ավանդույթները շարունակվում են: Էլ կարասներում, գաղտնի վայրերում չեն թաքցնում,այլ միանգամից բանկում: Ե'վ իրենց համար լավ,և' հյուրերի: Էլ միջանցքում բազմոց, աթոռ, սեղան չեն դնի ու հերթով, շարքով, կարգով նստի,կամ թիկնապահի պես չեն հետի մարդկանց:
Դրամ... Եղածն ինչ է: 4 հնչյուն, 3 բաղաձայն, մեկ ձայնավոր.... Ահ, ընթերցող, հիմա փողի հոմանիշները կթվես` գումար, դրամ և այլն: Ինչքան ուզում ես` թվի'ր, մեկ է... Այդքան սպասված  ու սիրելի դրամն ու դոլլարը գերազանցել են Ձեր սիրելի «աստղերին»: Նրանց երկրպագուները` միլիարդավոր, չկա մեկը, ով չսիրի, իսկ Ձեր աստղերինը` մեկ միլիոն մարդ: Բա, հետո էլ իրանց երևակայում են, թե իրենցից լավը չկա... Տեսաք... Այնպես որ դեռ ինչքա՜ն հաց ու պանիր պետք է ուտեեեն... 
Այդ թղթերն են գունավոր, որ գժտեցնում են ծանոթին ու անծանոթին, հարազատին ու օտարին: Գժտեցնելը մեղմ է ասված` հեռացնում են: Ա'յ վերը նշված «աստղի» ու «փողի» միջև ընկած հեռավորության չափ:
Դրամ... Ում գրպանն ասես մտնում, դուրս է գալիս, երբեմն էլ կույրի պես հանգրվանում է ծակ գրպանում: Էս ծակ գրպանի տերն էլ ուրախանում է, աշխարհով մեկ լինում այդ ուրախությունից, սկսում է շատ ուտել` թշերը, փորը կախ գցել, չհաշված ոսկիներն ու «բրենդային հագուստն» ու դես դեն պտտվող գլուխը: Եղբայրը չի տեսնում, որ քույրը կարիքի մեջ է, քույրը տուն է գնում, բայց անտուն եղբորը թույլ չի տալիս, որ բնակվի, զավակը մոռանում է ծնողներին, ծնողը`զավակին:

Աաաա, գուցե մեղավոր է «բրենդային» սև ակնոցը:
Էն հիվանդանալու, մեռնելու պահն էլ որ չլինի, ակնոցն այդպես էլ նրանց քթից չի իջնի:Այդ ժամանակ  հիշողությունը սկսում է քիչ-քիչ վերադառնալ,տեսողությունը` լավանալ, ու ուզում են տեսնել սրան կամ նրան: Իսկ սրանը կամ նրանը, որ պակաս չի հարստացել, բայց գրպանը «ծակ» չի եղել, աչքը` լի, խելքը` գլխում ու մարդկայնությունը չի կորցրել:
Գնում է վարդը, թերթիկները պոկում` ասելով.
«
Գնամ, թե չգնամ, գնամ թե չգնամ»:
Մեղու

2/04/2012

Խմի’ր ձեռքիս ջուրն անապակ……..

Տասներկու ամիս ու բազում տոներ. և՜ հայկական, և՜ միջազգային:
Հերթը հասավ նաև սիրո տոնին:
Լավ է`այս օր էլ կտեսնենք փայլող աչքեր, ժպտացող դեմքեր`համեմված ծաղիկներով և փափուկ խաղալիքներով:
Մեկ շաբաթ է` մտածում էի, թե ինչ նվիրեմ իմ ընթերցողին: Մտածեցի, մտածեցի ու այդպես էլ լուծում չգտա:
Արևը մայր մտավ, գուցե ծագեց լուսինը, աչքերս ակամայից փակվեցին ու քնեցի:
Երազումս տեսա մի գեղեցիկ, ամբողջովին ծաղիկներով պատված դաշտ: Մի փոքր նեկտար հավաքեցի ու վազեցի… վազում էի խենթի նման …մեկ էլ տեսնեմ` մեր Սևանը…ափին` կառք: Մոտեցա, ո՞ւմ տեսնեմ… լավագույն տասնյակի երրորդ, երկրորդ և առաջին հորիզոնականները զբաղեցրած, երգ- երաժշտություն փնտրող-գտնող, դզող-փչող` Մանեին, Վահրամին ու Ռիչարդին:
Գնում են աջ, գնում եմ ձախ` սրանք հայտնվում են: Ասում եմ` Աստված ջան, մենակ թե ջուր չտան. լավ էր, այդ կողմից բախտս բերեց:
Ասացի` ի՞նչ եք ուզում, գնացե՜ք, ես ուրիշին եմ սպասում:
Նրանք, թե.
-Սպասիր, Մեղո՜ւ, խնդրում ենք,լսիր մեզ
-Լավ,-ասացի ես,-ինչքան էլ չլինի` հայ ենք, բա ո՞ր օրվա հայն եմ, որ հայրենակցիս չլսեմ:
Մանեն,թե.
-Մեղու, որևէ նյութ գրե՞լ ես սիրահարների տոնի կապակցությամբ
Ասացի.
-Չէ,չեմ գրել,ի՞նչ գրեմ.իսկական սիրով պարուրված սրտերին հավերժ սեր եմ ցանկանում, իսկ շաբաթը մեկին սիրողներին էլ` խելք: Թող լինեն նրա կողքին, ում իսկապես սիրում են: Թող հաշվի չառնեն ո՜չ գանձ ու գահ, ո՜չ տուն ու տեղ, ո՜չ հորքուր ու քեռի: Սիրեն մարդուն և ո՜չ հագինը, ո՜չ ունեցվածքը: Պարզապես գտնեն իրենց նման մտածողին, իրենց համապատասխան մեկին ու լինեն երջանիկ
Մանեն,թե.
- Մեղո՜ւ, արի միասին երգ գրենք
Ես մերժեցի ` ասելով, որ չեմ կարող:
Վահրամը թե.
-Իբր մենք կարող էինք.ընկել ենք` պիտի քաշենք, իսկ դու պարզապես բառապաշարիցդ հանիր <<չեմ կարողը>>:
_Մեղու.
- Չէ,եկեք դուք գրեք և թող այդպես էլ լինի ձեր նվերը` սիրահարներին. Խոստանում եմ համբերել և ոչինչ չգրել մինչև փետրվարի տասնչորսը:
Ինչքան էլ փոխվեն ժամանակները, մենք` հայերս, երբեք չենք փոխվի. մենք օտարամոլ ենք ու քչով չբավարարվող:
Հինգ րոպե տևեց նրանց երգ գրելը: Արագ փնտրեցին բառերն ու կողք-կողքի շարեցին: Արդյունքում ստացվեց աղի բլիթ.բարի ախորժակ:
Սիրով հանձնում եմ ձեր դատին.
Սիրում եմ քեզ,սիրում,հասկացիր,
Անտարբեր դու մի անցիր,
Խմիր ձեռքիս ջուրն անապակ,
Մի նվիրիր ինձ ծաղկեփունջ տափակ,
Այլ նվիրի’ր,նվիրի’ր սիրտդ սառնորակ,
Որ ես փայեմ-փայփայեմ
Ու մի քիչ փափկացնեմ,
Գոնե սիրտդ փափկացնելը
Կցուցադրի հայրենիքին որևէ կերպ իմ օգտակար լինելը…