6/23/2012

Ի՞նչ ես ուզում, ու՞ր ես գնում մա’րդ, այդպես.Լևոն Բլբուլյան




Լևոն Բլբուլյան (բանաստեղծ)
- Պրն. Բլբուլյան տեղյակ եմ, որ սովորել եք Գյուղատնտեսական համալսարանում: Ինչպե՞ս և ե՞րբ կայացվեց որոշումը:
-Ճիշտ է, ավարտել եմ գյուղատնտեսական ինստիտուտի մեքենայացման ֆակուլտետը: Չէի ասի` վաղեմի, նվիրական երազանք է եղել հենց այդ մասնագիտությունն ստանալը: Դպրոցական տարիներին արդեն տարված էի գրականությամբ, 3-4-րդ դասարանից սկսած շատ ընթերցասեր էի, կարելի է ասել` մոլի ընթերցասեր, ագահաբար կլանում էի ձեռքս ընկած յուրաքանչյուր գիրք (դեպքեր են եղել, երբ նախորդ օրը սկսել ու ամբողջ գիշեր կարդալով` առավոտյան արդեն ավարտել եմ որևէ ծավալուն գիրք): Եվ, ահա, կարդացածս այդ գրքերի ազդեցության տակ էլ սկսեցի ստեղծագործական փորձեր անել: Քանի որ կարդում էի միայն վեպեր ու պատմվածքներ (այդ ժամանակ պոեզիայի աշխարհն ինձ համար դեռևս փակ էր), բնականաբար, ինձ փորձում էի արձակի մեջ: Նույնիսկ համարձակվել էի վեպ սկսել: Շատ տարիներ անց, երբ այդ ձեռագիրը ձեռքս ընկավ, կարդացի ու մի լավ ծիծաղեցի. ոչ մի կապ չուներ ոչ վեպի, ոչ պատմվածքի հետ: Բայց վստահ կարող եմ ասել, որ դպրոցական գրեթե բոլոր շարադրություններս արժանանում էին գրականության իմ սիրելի ուսուցչուհու` Ելենա Մաթևոսյանի գովեստին, նույնիսկ կարդում էր ողջ դասարանի համար:
Այնպես որ, ինքս էլ ինձ վրա զարմացա ու զարմացրի շատերին, երբ գյուղինստիտուտի ուսանող դարձա: Պարզապես այդ տարիներին ինժեների մասնագիտությունը և’ մոդայիկ էր, և’ պատվաբեր, մենք էլ մի քանի մտերիմ ընկերնե րով որոշել էինք նույն բուհում սովորել:
-Կա՞ր ծնողների միջամտությունը:
-Այո, պիտի ասեմ, որ ծնողներիս, մանավանդ` հորս միջամտությունը կար: Ինքը լինելով գրականության, արվեստի սիրահար (մասնագիտությամբ իրավաբան է), նա այնուամենայնիվ կարծում էր, որ հիմնականում գյուղատնտեսական համարվող մեր շրջանում (հանրահայտ Քյավառում) այդ մասնագիտությամբ ինձ ավելի լավ ապագա կարող է սպասվել: Չհակառակվեցի, մանավանդ որ դպրոցում գրեթե բոլոր առարկաներից հավասարապես լավ էի ու քննություններին նախապատրաստվելու համար առանձնապես «վերակառուցվելու» կարիք չէր զգացվում, պարզապես պիտի կենտրոնանայի մաթեմատիկական առարկաների վրա, ու վերջ: Եվ հաջողությամբ կարողացա ընդունվել:
Անկեղծ ասած, հորս այնքան էլ չեմ մեղադրում. ըստ երևույթին գրական իմ ձիրքը դեռ այն աստիճանի չէր դրսևորվել, որպեսզի նա լուրջ հետևություններ աներ, կամ ես ծանրակշիռ հիմքեր ունենայի իրեն հակառակվելու: Արդեն ինստիտուտում էի, երբ տպագրվեցին առաջին բանաստեղծություններս` նախ մեր շրջանային «Լենինյան դրոշով» թերթում, ապա նաև հանրապետական մամուլում` «Ավանգարդ» թերթում ու «Գարուն» ամսագրում, որոնք հսկայական տպաքանակ ու շատ բարձր հեղինակություն ունեին այն ժամանակ:
-Մի փոքր պատմեք ընդունելության քննությունների մասին, ինչպե՞ս էին
անցկացվում. կա՞ր ծանոթ-բարեկամ-խնամի տարբերակը։
- Ծանոթ-բարեկամ-խնամի (ես կավելացնեի` նաև «փող») տարբերակը Հայաստանում, և ոչ միայն Հայաստանում, միշտ է գործել: Բոլոր ոլորտներում` անխտիր: Պարզապես կրթության բնագավառում դա մշտապես առանձնահատուկ բարձր չափերի է հասել և, կարծում եմ, մեզանում` հատկապե’ս: Դե, հայտնի բան է, հայ ծնողների մեծ մասը ոչինչ չեն խնայում իրենց երեխաների համար: Եվ առհասարակ հայերիս կարծես թե հատուկ է ցանկացած գործ անպայման «ծանոթով» գլուխ բերելու, օրենքն ու կարգը շրջանցելու հակումը… Ես ամենայն վստահությամբ կարող եմ ասել, որ նույնիսկ այդ տարբերակով բուհ ընդունվածներից շատերը հետո լավ, օրինակելի ուսանող էին դառնում, քչերի համար էր նույն տարբերակը գործում նաև ողջ ուսումնառության ընթացքում: Այսինքն մեր բուհերն այն ժամանակ հիմնականում որակյալ մասնագետներ էին պատրաստում և ոչ թե պարզապես դիպլոմավորներ, ինչպես հիմա, որոնց գերակշռող մասը պարզապես ժամավաճառ են լինում ուսանողական տարիներին, հաճախ բացակայում դասախոսություններից
(կարևորն այն է, որ ուսման վարձը ժամանակին տան) ու ի վերջո, ինչ էլ լինի, ավարտում, մտնում կյանք: Իսկ այդպիսիք, որ ոլորտում էլ հայտնվեն, իհարկե, փորձանք են դառնում տվյալ կոլեկտիվի գլխին: Առավել ևս, եթե նույն «խնամի-բարեկամ» տարբերակով օրերից մի օր ղեկավար աթոռի են հասնում:
-Ինչպիսի՞ ուսանող եք եղել:
-Պիտի ասեմ, որ դեռ դպրոցից սկսած` պարտաճանաչ, աչքի ընկնող աշակերտ եմ եղել: Իմ տրամադրությունը կարող էր երկար ժամանակով ընկնել որևէ առարկայից ցածր գնահատական ստանալիս… Առհասարակ, կարևոր հատկանիշներիցս մեկը համարում եմ այն, որ երբեք չեմ կարողանում որևէ բան (անկախ դրա կարևորությունից) ի միջիայլոց, մի կերպ անել: Կամ չպիտի անեմ, կամ անեմ լավ, այնպես, որ նախ ինքս ինձնից գոհ մնամ:
Այնպես որ, որպես ուսանող էլ վատ չսկսեցի, լավ էի սովորում: Բայց խոստովանեմ, որ դա երկար չտևեց. մինչև այն ժամանակ, երբ իմ կյանքում կրկին իշխող դարձավ գրականությունը, ավելի որոշակիորեն դրսևորվեցին ստեղծագործական հակումներս, երբ սկսեցի տպագրվել ու խրախուսական խոսքեր լսել բանաստեղծություններիս մասին:
Թվում էր` բարձրագույն մաթեմատիկայի, գծագրական երկրաչափության ու այլ բարդ առարկաների ճնշման տակ պիտի որ հակառակը լիներ: Բայց, արի ու տես, որ, թեև արձակ փորձերս մոռացվեցին, սակայն անսպասելի եկավ և պոեզիայի ժամանակը: Դրա հիմնական «մեղավորը» Պարույր Սևակի «Մարդը ափի մեջ» գիրքն էր, որ մի օր նվեր ստացա: Շատ տարվեցի նրանով, հենց նրա շնորհիվ կարդացի նաև այն բանաստեղծներին, որոնց ինքն առանձնահատուկ գնահատում ու սիրում էր. Նարեկացի, Չարենց… Եվ, ի վերջո, ինձ համար ընդհանրապես հայտնաբերեցի պոեզիայի հրաշալի աշխարհը:
Այդ ամենը այնքան լուրջ էր, որ նույնիսկ մի քանի անգամ որոշեցի թողնել ինստիտ ուտը, համալսարանի բանասիրական ընդունվել: Պարզապես ծնողներիս, ընկեր- բարեկամներիս հորդորներն իրենցն արեցին, ու ի վերջո եկավ և այն օրը, երբ ավար տեցի ու ինժեներ-մեխանիկի դիպլոմ ստացա :
-Ունեի՞ք սիրելի և չսիրած դասախոսներ:
- Եվ դպրոցում, և ինստիտուտում սիրել, առանձնահատուկ հաճույքով եմ գնացել հատկապես այն մանկավարժների դասերին, ովքեր կարողանում էին դասերը վերածել լսարանի հետ երկխոսության, աստիճանաբար մտերմիկ-բարեկամական հարաբերություններ հաստատել իրենց սաների հետ: Ասենք, ոչ թե միայն չոր գիտելիքներ հաղորդել, պարտք կատարելու պես իրենց «լեկցիան» կարդալ ու գնալ,
այլ յուրաքանչյուր դասը համեմել նաև կյանքի մասին խոսակցություններով, կիսվել իրենց անձնական փորձով, տեղը եկած ժամանակ հումոր անել: Մի խոսքով, միշտ որսալ պահը ի շահ ուսանողի թեմայից «շեղվելու: Անշուշտ, այդ ամենը` ո’չ իրենց հեղինակության ու դասի որակի հաշվին: Ինձ համար նման մանկավարժի լավագույն օրինակ էր մեր դասղեկ ու գրականության ուսուցչուհի Ելենա Մաթևոսյանը, ում ողջ դասարանով շատ սիրում էինք ու մինչև այսօր էլ իրար հանդիպելիս միշտ հիշում ենք ու կարոտում:
-Պատմեք, խնդրում եմ հետաքրքիր դեպք` ձեր ուսանողական կյանքից:
-Դե, արդեն խոստովանեցի` տարված էի գրականությամբ (հետո նաև` լրագրությամբ) ու այնքան էլ լավ չէի սովորում: Բայց, ճիշտն ասած, որոշ դասախոսներներ ներողամիտ էին գտնվում, այսպես ասած, ըմբռնումով մոտենում և որպես ինստիտուտի բանաստեղծի (ինստիտուտի «Գյուղատնտես» թերթի գրեթե ամեն համարում իմ բանաստեղծություններից կային)` երեք կամ չորս նշանակում: Մի անգամ քննություն եմ հանձնում «գյուղմեքենաներ» առարկայից: Կարգին չեմ պատրաստվել: Մի կերպ հիշողությունս լարելով, երևակայությանս զոռ տալով` պատասխանեցի հարցին, որ կոմբայնի շարժիչին, նրա գործարկման սկզբունքներին էր վերաբերվում: Դասախոսը, որ, ըստ երևույթին, նույնպես թերթից ծանոթ էր իմ անվանը, մի տեսակ խորամանկ ժպտալով հարցրեց. -Լավ, սա դեռ թողնենք մի կողմ: Դու հիմա, թե կարող ես, ինձ բացատրիր`ոնց ես գրում քո բանաստեղծությունները:Շփոթվեցի: Փորձեցի մի կերպ նկարագրել, թե ինչպես են գլխումս պտտվում մտքերը, հետո տող ու քառատող դառնում:
-Չէ, դա չէ, -ընդհատեց նա,- դու ինձ ասա, թե ո՞նց ես թուղթն ու գրիչն օգտագործում, ինչպե՞ս ես գրիչդ բանեցնում:
Ես ավելի շփոթվեցի,բայց ի վերջո նրա օգնությամբ հասկացա հարցի իմաստը:
-Դե, ոնց պիտի գրեմ, ոնց որ բոլորը. գրիչը դնում եմ թղթին, շարժում ձախից աջ ու գրում:
-Ճի’շտ է, հրաշա՜լի է,- այնպես ոգևորվեց, կարծես մի շատ բարդ խնդրից էի գլուխ հանել:- Իսկ հիմա դառնանք մեր կոմբայնին. ուրեմն իմացի’ր, եթե այն քո ասածի պես գործարկենք, դա նույնն է, թե սրանից հետո դու գրելու համար գրիչը դնես թղթին ու թուղթը տակից աջ ու ձախ շարժես: Եթե համաձայն ես սրանից հետո էդպես գրել, գերազանց նշանակեմ, եթե չէ` անբավարա’ր: Բայց ի վերջո, իհարկե, մի երեք նշանակեց:
-Ձեր կարծիքով ի՞նչ դեր ունի կրթությունը մարդու կյանքում և ո՞վ է կրթված մարդը:
-Համենայն դեպս, մանավանդ մեր օրերում, դիպլոմավորը չէ, որ կրթված մարդ կարող է համարվել, թեկուզև երեք համալսարան ավարտած լինի: Ցավոք, ոչ քիչ դեպքերում հենց նրանք են անկրթության փայլուն օրինակներ ցույց տալիս` վարք ու բարքից, պահվածքից սկսած, գիտելիքներով վերջացրած: Կրթված մարդը կարդացածության, ընդհանուր գիտելիքների որոշակի աստիճան, հետաքրքրությունների շրջանակ պիտի ունենա, խոսքի կուլտուրա, գոնե մայրենի լեզվի լավ իմացություն և, իհարկե, տիրապետի քաղաքավարության, վարքի կանոններին: Իսկ այդ ամենը մարդուն տրվում, ներարկվում է սկսած ծնված օրից` ընտանիքում, մանկապարտեզում, բակում ու փողոցում և նոր միայն բանը բուհերին է հասնում: Ես կասեի` շատ բան պարզապես ժառանգական է, ինչպես ասում են, արյան, կաթի հետ է տրվում: Իսկ այս ամենը հաջողության գրավական է յուրաքանչյուր մարդու համար` գործունեության ինչ բնագավառ էլ նա ընտրի, որ ոլորտում էլ իրեն դրսևորի: Դրա ամենատեսանելի օրինակը, թերևս, Ազգային ժողովն է. որքան շուտ է ժողովուրդը, հասարակությունը նկատում, առանձնացնում, սեր, հարգանք ու վստահություն արտահայտում այն պատգամավորների հանդեպ, ովքեր դրսևորում են հիշյալ որակները, անշուշտ, հատկապես քաղաքական գործչին անհրաժեշտ այլ հատկանիշների հետ միասին: Եվ որքան անեկդոտներ, եղյալ-չեղյալ պատմություններ են պտտվում այն պատգամավորների մասին, ովքեր իրենց մեկ-երկու ելույթով, որևէ լուրջ խնդրի շուրջ դրսևորած վերաբերմունքով իսկույն մատնում են իրենց ով լինելը, ինչպիսի դիպուկ, խոսուն մականուններ են հաճախ կպչում նրանց ու մնում: Այնպես որ, մեր երկրի, մեր ժողովրդի ապագան մեծապես պայմանավորված է նրա նով, թե երբ հասարակության մեջ կավելանա իսկապես կրթված, իր ժողովրդի պատմությունը, մշակույթը իր մեջ կրող, նրա նվիրական անունների կյանքն ու գործը խորապես գիտակցող մարդկանց տեսակարար կշիռը: Ասել է թե` շատ, չափազանց շատ բան է կախված կրթական համակարգից:
-Ավարտելուց հետո հեշտությա՞մբ աշխատանք գտաք:
-Մեր ժամանակ գործազրկության խնդիր գոյություն չուներ (մենք այդ մասին պատմության ու հասարակագիտության դասագրքերից գիտեինք` որպես ՙնեխած կապիտալիզմի՚ արատավոր դրսևորումներից մեկի): Պետությունը ամեն տարի շրջանավարտներին ուղեգրերով գործուղում էր համապատասխան վայրեր, կոնկրետ հիմնարկ-ձեռնարկություններում աշխատելու: Առավել ևս, եթե նրանց սովորելու էին գործուղել կոնկրետ շրջաններից, հատկապես իրենց անհրաժեշտ մասնագիտություն ձեռք բերելու համար… Իմ դեպքում, սակայն, ո’չ մեկի, ո’չ մյուսի կարիքը չզգացվեց: Ինչպես ասացի, գրականությանը զուգահեռ տարվել էի նաև ժուռնալիստիկայով, հասցրել էի ինչ-որ չափով ինձ «ցույց տալ» արդեն և հայտնվեցի շրջանային «Լենինյան դրոշով» թերթի խմբագրությունում: Միշտ երախտագիտությամբ եմ հիշում թերթի այն ժամանակվա խմբագիր, երջանկահիշատակ Հայկ Սարգսյանին, ով ոչ միայն տպագրեց իմ առաջին բանաստեղծություններն ու թղթակցությունները, այլև ընդունեց աշխատանքի ու առիթը բաց չէր թողնում գովելու ու խրախուսելու: Ու այդպես էլ գնաց. 21 տարեկանում ես արդեն Հանրապետական ռադիոյի Սևանի ավազանի սեփական թղթակիցն էի, հետո տեղափոխվեցի Երևան. խմբագիր էի ռադիոյի երիտասարդական հաղորդումների գլխավոր խմբագրությունում, ապա տեղափոխվե ցի այն ժամանակ շատ հեղինակավոր «Ավանգարդ» թերթի խմբագրություն ու շուրջ տասը տարի վարում էի գրականության ու արվեստի բաժինը… Հետո ճանապարհը տարավ Մոսկվա` Մ.Գորկու անվան գրականության ինստիտուտի բարձրագույն դասընթացներ, որտեղ և լրացրի իմ մասնագիտական բացը, կարողություններս փորձեցի նաև թարգմանության մեջ, մասնավորապես, թարգմանելով Վլադիմիր Վիսոցկու բանաստեղծություններն ու երգերը, որ տպագրվեցին առանձին գրքով:
Իսկ ինչպիսի՞ երիտասարդ եք եղել:
- Ռոմանտիկ էի, երազող, շուտ սիրահարվող: Ուժեղ էի ու ամրակազմ, զբաղվում էի սպորտով և նույնիսկ մարմնամարզության գծով Հայաստանի չեմպիոն եմ դարձել միջշրջանային մրցումներում: Էն գլխից արվեստասեր էի, գրեթե հավասարապես սիրում էի կինոն, թատրոնը, երաժշտությունը, ձայնապնակներ էի հավաքում, սիրված արտիստների լուսանկարները: Բայց առաջին տեղում, իհարկե, գրականությունն էր: Մի խոսքով, կարծես թե այնքան էլ վատ երիտասարդ չէի, հիմա երբ հետադարձ հայացքով նայում եմ, ինձ դուր եմ գալիս: Կարծում եմ, մի քիչ ինքնավստահությունն էր ինձ պակասում ու մի քիչ էլ խռովկան էի, նեղացկոտ:
Ընկերներ շա՞տ եք ունեցել և ովքեր կարող էին համարվել Ձեզ ընկեր:
-Ընկերներ շատ եմ ունեցել` դասընկերներ, ուսանողական ընկերներ, բանակային ընկերներ, գործընկերներ, գրչընկերներ…Սովորաբար, պատանի, երիտասարդ հասակում մարդ այնպես շուտ է ընկեր համարում շատ թե քիչ մտերիմ որևէ մեկին: Եվ առհասարակ, հայերս շատ հեշտ ենք այս կամ այն մարդու մասին ասում` նա իմ ընկերն է: Իրականում (դրանում, իհարկե, տարիների ընթացքում ես համոզվում) իսկա կան, հավատարիմ ու նվիրյալ ընկերությունն էլ իսկական սիրո պես հաճախ չի լին ում: Իրար լրացնող երկու ասույթ հիշեցի այս պահին: Մեծերից մեկն ասել է. «Գրքեր և ընկերներ քիչ ունեցիր, բայց` լավը»: Մի ուրիշը, դարձյալ մեծերից (ափսոս անունները չեմ հիշում), ասել է, որ իր հսկա գրադարանում ընդամենը 4-5 գիրք կա, որոնք իրեն հատկապես պետք են, պարբերաբար թերթում, վերընթերցում է: Բայց նաև ավելացրել է, որ այդ մի քանի գիրքը գտնելու համար ինքն ստիպված է եղել հարյուրավոր գրքեր կարդալ: Իհարկե, հազիվ թե որևէ մեկը կարող է հարյուրավոր ընկերներ ունենալ: Բայց որ տասնյակ ընկերների միջից ժամանակի ընթացքում իրոք առանձնանում, փորձություններին դիմանում են քչերը, մի քանիսը միայն, դա անվիճելի է: Ու ես հիմա ահա կյանքի այն փուլում եմ, երբ շատ ծանոթների, մտերիմների, հարազատների միջից 2-3 հոգու միայն կարող եմ ինձ իրոք ընկեր համարել: Դրա համար էլ շնորհակալ եմ: Իսկ իսկական ընկեր կարող է համարվել նա, ում հետ առնվազն մի քանի էական հարցում ձեր կարծիքները համընկնում են, ում մոտ համարձակ կարող ես սիրտդ բանալ` վստահ, որ քեզ կհասկանա, ով անկեղծորեն կարող է ուրախանալ քո հաջողությամբ, իսկ դժվարին պահին օգնության շտապել` առանց ինչ-որ հաշվարկների ու հետին նպատակների… Հավանաբար կարելի է այս թվարկումն էլի շարունակել, և ես զուր չասացի, որ իսկական, տևական, անշահախնդիր ընկերությունը մեծ ու իսկական սիրո նման հազվագյուտ, թանկ ձեռքբերում է:
-«Կասկած» բանաստեղծությունում խոսում եք լռության, անհայտ օրվա մասին, որ կճանաչեք ձեզ և դիմացինին: Այդ օրը եկե՞լ է և ի՞նչ է պետք դիմացինին ճանաչելու համար:
- Այո, այդ բանաստեղծության մեջ այսպիսի տողեր ունեմ. «Գուցե անհայտ մի օր, Մեծ լռության շեմի՞ն Պիտի և’ ձեզ, և’ ինձ Ես ճանաչեմ մեկեն»:
Եվ, ինչպես ասում են, հիմա էլ տե’ր եմ ասածներիս, գուցե հենց այդպե’ս էլ պիտի լինի: Որովհետև որքան էլ ապրում ես, ինքդ քո մեջ, քեզ շրջապատող աշխարհում նորանոր բացահայտումներ անում, միևնույն է, միշտ պահեր են լինում, երբ հասկան ում-համոզվում ես, որ քեզ այնքան էլ լավ չես ճանաչում, ոչ էլ` մարդ արարածին ընդհանրապես: Ժամանակին այսպիսի մի քառյակ եմ գրել.
Ի՞նչ ես ուզում, ու՞ր ես գնում, մարդ, այդպես,
Կգտնե՞ս քո որոնածը վերջապես,
Քանի՜-քանի գաղտնիքներ ես դու բացել,
Բայց…ինքդ նույն առեղծվածը մնացել:
Եվ երևի ճիշտ է, լա’վ է, որ մենք այդպես էլ առեղծված ենք մնում ինքներս մեզ ու իրար համար, այլապես գրականությունն ու արվեստը կիմաստազրկվեին, կյանքը կգունաթափվեր, կկորցներ հետաքրքրությունը: Թող, ուրեմն, ամեն ինչ պարզ դառնա «մեծ լռության շեմին», ես դրան եմ կողմ:
-Կարո՞ղ եք բնութագրել ձեզ. ինչպիսի՞ն էիք երեկ և ինչպիսի՞ն եք այսօր:
- Թե ինչպիսին էի երեկ, վերևում կարծես թե ասացի: Ավելացնեմ միայն, որ դյուրահավատ էի նաև, շուտ ոգևորվող-շուտ հիասթափվող: Այսօր, այսպես ասած, խաղաղվել եմ, կարողանում եմ փիլիսոփայորեն վերաբերվել երևույթներին: Գիտեմ, հասկացել-ընդունել եմ, որ կյանքը տոն չէ միայն, ոչ էլ աշխարհն ու մարդիկ` կատարյալ: Եվ, ուրեմն, անիմաստ է տեղի-անտեղի «վաշ-վիշ» անելը կամ հայհոյելը: Քեզանից առաջ ապրել են, չէ՞, այս անկատար աշխարհում ու կարող ացել են ստեղծել, արարել, ամենքն իր չափով գեղեցկացնել այն, ինչ-որ հետք թողնել իրենցից հետո… Դու էլ քո’նն արա, թե կարող ես (ոչ ոք աննպատակ չի գալիս այս աշխարհ) իրացրու քեզ տրված հնարավորությունները, քո չափով ավելացրու գեղեցիկն ու բարին և… «Խաղաղ անցիր, ուրախ անցիր երկու օրվա էս ճամփեն»: Մեկ էլ այսօր ես ինձ թույլ եմ տալիս փոքր ինչ հակառակվել Դոստոևսկուն. իմ կարծիքով ո’չ թե գեղեցկությունը, այլ բարությունը կփրկի աշխարհը: Կամ գուցե` երկուսը միասի’ն:
-«Գրողների միության» անդամ եք. ինչպիսի՞ն է այսօր պետության և հասարակության վերաբերմունքը գրողի,ստեղծագործողի հանդեպ:
-Վստահաբար մի բան կարող եմ ասել. վերջին շուրջ 20 տարիներին մեզանում գրականությունը, մշակույթն առհասարակ, ինչպես հարկն է չեն քարոզվում, չեն ներկայացվում, և հասարակության վերաբերմունքը պարզապես այլ կերպ լինել չեր կարող, քան հիմա է. անտարբեր, անհաղորդ կամ ընդամենը գրողի, արվեստագետի անձի շուրջ պտտվող ասեկոսեների մակարդակում:
Ինձ պարզապես զարմացնում է մամուլի, ռադիոյի ու հեռուստատեսության բռնած դիրքը մշակույթիի հանդեպ: Ու դեռ սիրում ենք կրկնել, թե մշակութային ազգ ենք: Չեմ կարող կոնկրետ գրականությանն առնչվող ամենախոսուն մի օրինակ չբերել: Եղավ մի շրջան, երբ գրեթե բոլոր թերթերը, մի շարք հեռուստաալիքներ ամիսներ շարունակ իրենց էջերն ու եթերաժամանակը չէին խնայում Գրողների միությանում տիրող իբր ծայրահեղ լարված վիճակը «լուսաբանելու» համար` չափազանցնելով, ուռճացնելով յուրաքանչյուր կոլեկտիվի համար պարզապես անխուսափելի փոքրիկ հակամարտությունը (դե, այսօրվա մամուլին սկանդալներ միշտ էլ պետք են): Բայց այդ ընթացքում, ասենք, քանի՞ ուշագրավ նոր գրքի անդրադարձան, ո՞ր արժանավոր գրողին փորձեցին ներկայացնել ընթերցողին ու հեռուստադիտողին:
Միանգամայն նույն վերաբերմունքն է նաև մյուս ոլորտների հանդեպ: Սկանդա՞լ, բամբասա՞նք, որևէ արվեստագետի անձնական կյանքի մանրամասները հասարակական քննարկման դնելու առի՞թ` խնդրեմ: Իսկ ստեղծագործական նորույթների ու խնդիրների հետ գործ չունեն, կամ լավագույն դեպքում փոքրիկ մի ինֆորմացիայի կարող են արժանացնել…Սա է իրականությունը` դրանից բխող բոլոր բացասական հետևանքներով:
Շատերն են բարձրաձայնում,որ չունենք ժամանակակից լավ գրող,նրանց ստեղծագործությունները արժեք չեն ներկայացնում, համամի՞տ եք:
-Ամենայն հավանականությամբ այդպես ասողների մեծ մասը ժամանակակից գրողներից գոնե մեկ-երկու գիրք չեն կարդացել, իրար ձայնակցելով` նույն բանը կրկնում են ու տարածում, կարծես հաճույք զգալով դրանից (կամ գուցե ըստ ինքնակոչ գրողների բազմաքանակ «գլուխգործոցների» են կարծիք կազմում): Ուրիշ բան, եթե ասեն, որ մարդկանց հետաքրքրությունը շատ է նվազել գրականության, ընդհանրապես լուրջ, խորը արվեստի հանդեպ (հատկապես վերը նշված և այլ պատճառներով): Համաձայնեք, եթե անգամ Սևակն ու Շիրազը այսօր ասպարեզում լինեին ու, ասենք, դեռ նոր միայն ճանաչման խնդիր լիներ, նույն դառը իրականությանն էին բախվելու: Սխալ չհասկանաք, ես սա մեծ ցավով եմ ասում. նրանց այն գրքերը, որոնց համար մարդիկ ժամերով հերթ էին կանգնում կամ ծանոթով ձեռք բերում, այսօր մնում են գրախանութներում: Եվ ոչ միայն նրանց գրքերը, հայ այլ հեղինակների, նաև թարգմանական բազմաթիվ արժեքավոր գրքեր: Այսինքն` բնավ ստեղծվող գրականության որակը չէ, որ նման վերաբերմունք է թելադրում: Մենք այսօր շատ լավ բանաստեղծներ, արձակագիրներ ունենք, որոնք պարզապես ստվերում են մնում: Անուններ շատ կարող եմ տալ, որ ընդունված ու սիրված են գրական շրջանակներում, գնահատված քննադատների կողմից, բայց, գրեթե վստահ եմ, ո ընթերցողների մեծ մասին ոչինչ չեն ասի: Չեմ կարող այս առնչությամբ մի դեպք չպատմել: Գրական ցերեկույթի էի հրավիրված Չարենցի տուն-թանգարանում: Թե’ կազմակերպիչները, թե’ մասնակիցները հիմնականում երիտասարդներ էին: Եվ ահա նրանցից մեկը` սիրունատես մի աղջիկ, մերժողական վերաբերմունք արտահայտեց ժամանակակից հայ գրականության վերաբերյալ, խոսքն ավարտելով այն եզրակացությամբ, որ իրենք ստիպված են հիմնականում ռուսական ու արտասահմա նյան գրականություն կարդալ, որովհետև հայ գրողների գործերում հետաքրքրություն չեն գտնում… Բնականաբար, վատ զգացի` և’ ինձ համար, և’ գրչընկերներիս, բայց փորձեցի պարզել`ու՞մ գիտի այսօրվա հայ գրողներից.
-Իսկ կարո՞ղ եք տալ ժամանակակից մի քանի բանաստեղծների, արձակագիրների անուններ, որոնց գործերը կարդացել եք:
-Լևոն Անանյանը…,- աղջիկը տվեց ընդամենը Գրողների միության նախագահի անունը, որը հավանաբար մամուլից, հեռուստատեսությունից իր մեջ տպավորվել էր ու կարկամեց, շփոթահար խոնարհեց հայացքը` չկարողանալով գոնե էլի 1-2 անուն ավելացնել: Հետո, իհարկե, ինձ ևս ձայն տրվեց, խոսեցի, կարդացի իմ նոր բանաստեղծություններից: Եվ ահա միջոցառման ավարտին ժպտադեմ ինձ է մոտենում նույն այդ աղջիկը. պարզվում է բանաստեղծություններս նրան դուր են եկել, իսկ դրանցից մեկը` հատկապե’ս, և ահա խնդրում է, որ տամ` արտագրի ծոցատետրում: Կարծում եմ, սա այն դեպքերից է, երբ ասվում է` «մեկնաբանություններն ավելորդ են»:
Ես մազաչափ չեմ կասկածում, եթե պետության կողմից առաջվա մոտեցումը դրսևորվի, եթե գրողն ու գրականությունը էլի մամուլի ու հեռուստատեսության ուշադրությանն արժանանան, պատկերը կարճ ժամանակում դեպի լավը կփոխվի: Մի թե նորմալ կարելի է համարել այն հանգամանքը, որ մեզանում հեռարձակվող տասնյակ հեռուստաալիքներից, ռադիոկայաններից և ոչ մեկում գրական հաղորդում, պոեզիայի ժամ չկա, որ ժամանցային և այլ ծրագրերի հյուրերը գլխավորապես երգիչ-երգչուհիներն են, իսկ վերջին շրջանում`նաև սերիալային դերասանները, անկախ նրանց ստեղծագործական վաստակից ու տաղանդի չափից։ Սովորաբար ասվում է, որ պետությունը իրավունք չունի խառնվելու լրատվամիջոցների գործունեությանը, բայց այստեղ առանց պետական միջամտության հազիվ թե երբևէ բան փոխվի: Պիտի ձև ու եղանակ գտնել: Հավանաբար հարկավոր է հասարակական, մշակութային կազմակերպությունների, իսկական արվեստասերների (որոնք այնքան էլ քիչ չեն, որքան թվում է) ճնշման ներքո հեռուստատեսության մասին օրենքում կետ մցնել այն մասին, որ, ասենք, յուրաքանչյուր ալիք շաբաթվա մեջ այսքան ժամանակ հատկացնի գրականությանը, այսքան` ազգային երաժշտությանը և այլն: Նման իրավիճակի հետ հաշտվելը կնշանակի շոտ մոտ ապագայում մշակութային համարվող մեր ազգի համար նոր, բոլորովին ուրիշ բնորոշում գտնել:
-Ի դեպ, ի՞նչ կասեք եթերը հեղեղած այսօրվա սերիալների մասին, խոսքս հատկապես հայկական սերիալներին է վերաբերվում:
- Ինչ կարող եմ ասել: Շատ շատերի պես ես էլ անչափ ափսոսում եմ այն թանկ եթերաժամը, որ հիմա գրեթե բոլոր հեռուստաալիքները այնպես շռայլորեն տրամադրում են սերիալներին, այն գումարները, դերասանական ներուժը, որ ծախսվում են դրանց վրա: Որքա՜ն օգտակար հաղորդումներ կարելի էր պատրաստել դրանց փոխարեն… Առաջին մի քանի մասերից հետո մեր սերիալները, որպես կանոն, սկսում են «դոփել տեղում», ժամավաճառ լինել. հիմնականում դատարկ, անիմաստ երկխոսություններ, երկար, տաղտկալի մենախոսություններ, ակնհայտորեն հերթական մասի տևողությունը ապահովելու համար ձգձգվող պարային-երգային տեսարաններ ռեստորանում կամ գիշերային ակումբում, կրկնվող շրջայցեր հագուստի խանութներում և …այլ «հնարամտություններ»: Ամեն ինչ այնքան բացահայտ է, այնպես ցցուն, որ ձանձրացած, զայրացած փոխում ես ալիքը, ու…մի այլ սերիալի դեմ առնում: Պրծում չկա պարզապես: Հասկանալի է, իհարկե, որ սերիալն իր կանոններն ու սկզբունքներն ունի, սխալ է այն գեղարվեստական ֆիլմի չափանիշներով գնահատելը: Զուր չեն ասում` «պարապ վախտի խաղալիք»: Բայց չի’ կարելի ամեն սահման անցնել: Մեր սերիալներից դատելով` նորից ու կրկին համոզվում ես, որ իրոք «հայի չափը անչափն է»: Երբեմն մտածում եմ` այդքան միջոցներ քամուն տալու փոխարեն հնարավոր չէ՞ արդյոք մի քանի սերիալի բյուջեն միավորել, ընտիր մի դերասանախումբ ստեղծել հենց տարբեր սերիալներում ակնհայտորեն աչքի ընկած դերասաններից (իսկ այդպիսիք հաստա’տ կան) ու գեղարվեստական լիարժեք մի ֆիլմ ստեղծել: Որքա՜ն թեմաներ, մեր ժողովրդի համար նվիրական կերպարներ կան, որոնց կարելի է և պետք է անդրադառնալ:
-Ըստ Ձեզ, հատկապես ի՞նչն է պակասում մերօրյա արվեստագետներին՝ լիարժեք ստեղծագործելու համար:
-Հաճախ է նշվում, որ` ֆինանսը: Եվ այնուամենայնիվ, իմ կարծիքով, արվեստագետին մեզանում պակասում են ոչ այնքան ֆինանսական հնարավորությունները, ստեղծադործելու համար անհրաժեշտ պայմանները, որքան համապատասխան մթնոլորտը, ստեղծագործական ոգևորությունը, այն գիտակցումը, որ իր արածը անհրաժեշտ է, տեղ է հասնում ու կարևոր դեր խաղում: Իսկ դա երբեմն կարող է պարզապես կեղեքել մշակույթի մարդուն: Բարձր չափանիշներով առաջնորդվող, իրենց համոզմունքներին հավատարիմ, շուկայի պահանջներին չենթարկվող արվեստագետները տիրող անճաշակության, սպառողական արվեստի գերիշխանության մեջ իրենց, բնականաբար, ավելորդ են զգում, սեփական ստեղծագործությամբ դժվար վաստակում: Բայց նրանք, միևնույն է, իրենց դավաճանել չեն կարող:
-Դուք նաև «Ժուռնալիստների միության» անդամ եք. ի՞նչ կասեք ԶԼՄ-ի գործունեության մասին: Արդյո՞ք նրանք կատարում են իրենց բոլոր գործառույթները:
-Ես ավելի քան 40 տարվա լրագրող եմ, ընդ որում` դրա ուղիղ կեսը աշխատել եմ խորհրդային տարիներին: Այնպես որ համեմատության մեջ պիտի դիտեմ երեկվա ու այսօրվա մամուլը:
Խորհրդային մամուլը, իհարկե, գաղափարական անողոք կաշկանդումների մեջ էր: Երևի դուք դժվարությամբ հավատաք, որ ես ու իմ գործընկերները, ասենք, ռադիոյով որևէ հարցազրույց հաղորդելուց առաջ պարտավոր էինք ձայնագրության ողջ բովանդակությունը ծայրից ծայր սղագրել (որքան էլ այն ծավալուն լիներ) նախապես գրաքննիչների դատին ներկայացնելու համար: Բացի այն, որ կար այդ «գլավլիտ» կոչվածի ամենատես աչքը, շատերիս մեջ հասկանալի պատճառներով արդեն բնակություն էր հաստատել նաև ներքին գրաքննիչը ու մենք միայն երազել կարող էինք ազատ մամուլի մասին: Այնպես կարողացեք գնահատել լրագրողի այսօրվա ձեր: Անկախությունից հետո շատ կաշկանդումներ, արգելված թեմաներ վերացան, անշուշտ, բազմակարծոթյան հնարավորություն տրվեց: Բայց չէի ասի, թե իսկապես ազատ է մեր մամուլը: Ակնհայտ է, որ ֆինանսական ու կուսակցական կախվածություն կա, նույնիսկ ժողովրդի մեջ խոսում են` այսինչի հեռուստաալիքը: Իսկ դրանք, բնականաբար, մեզ այսինչի «ճշմարտությունն» են ներկայացնում նախևառաջ, եթե որևէ մեկին գովաբանում են կամ փնովում` շատ դեպքերում նրա վերաբերմունքն արտահայտում հատկապես: Իմ կարծիքով այսօրվա թերթերում ու մյուս լրատվամիջոցներում քիչ են իսկապես անաչառ, սրտացավ, առանց հետին մտքի հրապարակումները: Երբեմն այնպիսի՜ մի չարախնդությամբ, հեգնանքով են (մեկ-մեկ հրճվանքի հասնող) անդրադառնում կարևոր, օրախնդիր որևէ հարցի, կարծես հեղինակին առանձնապես չի էլ հետաքրքրում դրա լուծումը, կարևորն այդ առիթով իր ինքնադրսևորումն էր… Մեր մամուլին այսօր պակասում է բարությունը (որը խորհրդային մամուլում կար անպայման), նաև չափի զգացումն ու օբյեկտիվությունը: Շատ ցանկալի է, որ դրական լիցքեր պարունակող, մարդկանց լավատեսություն ներշնչող հրապարակումները ավելանան, որքան էլ մեր կյանքն, այո, լի է հոգս ու պրոբլեմներով: Իսկ, որ մեր մամուլից ու հեռուստատեսությունից գրեթե վտարված են գրականությունն ու արվեստը (հաճելի բացառությունները չհաշված), այդ մասին վերևում արդեն ասացի: Այնտեղ միայն շոու բիզնեսի ներկայացուցիչները մենաշնորհ ունեն կարծես:
-Հետաքրքիր է իմանալ ստեղծագործական երկար ճանապարհ անցած գրողիկարծիքը գրական նոր հերթափոխի մասին: Այսօրվա երիտասարդների մեջ տեսնու՞մ եք խոստումնալից ստեղծագործողների:
-Խորհրդային ժամանակներում մի տեսակ մոդայիկ, նաև պատվաբեր էր գրող լինելը, բացի այդ` գրականությունը նաև կայուն վաստակ էր ապահովում: Ահա ինչու շատերը, անգամ ստեղծագործական ձիրքից ակնհայտորեն զուրկ մարդիկ, ձգտում, երբեմն պարզապես որոշում էին գրող դառնալ: Մեծ էր գրամոլների բանակն այն ժամանակ: Բոլորովին այլ է պատկերն այսօր. ո’չ նախկին գնահատանքն ու ակնածալի վերաբերմունքը գոյություն ունի գրչի մարդու հանդեպ, ո’չ առաջվա հոնորարները կան: Ուստի այսօր միայն նրա’նք են զբաղվում գրականությամբ, ովքեր կոչված են դրան, ներքին մղումով են գրիչ վերցրել ու այլ կերպ չեն կարող: Ու ես, այո’, հավատում, վստահում եմ գրականության իսկական նվիրյալ այն երիտասարդներին, որ հիմա ասպարեզում կան: Շնորհալի, տաղանդավոր այդ բանաստեղծների ու արձակագիրների անվանը հաճախ կարող եք հանդիպել ՙԳրեթերթ՚ երիտասարդական թերթի, «Նարցիս» ամսագրի, «Գրական թերթի» էջերում: Ակնհայտ է թե’ գրողական նրանց ձիրքը, թարմ մտածողությունը (անշուշտ երբեմն ջահելությանը հատուկ անխուսափելի ծայրահեղություններով), թե սերն ու նվիրումը գրականությանը: Ոմանց մոտ նաև` տեսական խորը գիտելիքները: Միայն թե իմ երիտասարդ գրչընկերները առավել ևս ճանաչման, արժևորման խնդիր ունեն. մամուլի ու հեռուստատեսության անտարբերություն, ծիծաղելի տպաքանակով տպագրվող գրքեր ու գրական մամուլ, ընթերցողների չափազանց նեղ մի շրջանակ: Շատ դժվար է, ինչպե՞ս պիտի կարողանան ճանաչվել, նկատվել, ընդունվել հասարակության կողմից: Ես մի առիթով ասել եմ ու հիմա պիտի կրկնեմ. եթե մեր իրականության մեջ վաղը անգամ մի նոր Չարենց հայտնվի (գուցե և հայտնվե՞լ է), հնարավոր է, որ նրա տեղը երկար ժամանակ ոչ ոք չիմանա: Սա է դառը իրողությունը:
- Ձեր մաղթանքը` մեր ընթերցողին:
-Գիտեմ` առավելապես երիտասարդներ են ձեր ընթերցողները: Իսկ ի՞նչ կմաղթեի նրանց: Ակտիվությու’ն, նպատակասլացությու’ն իրենց ցանկությունների, երազանքների իրականացման ճանապահին: Անշուշտ, մեր սերնդի համեմատ, առավել բարդ ու դժվարին ժամանակներում են ապրում նրանք, բայց և զերծ են այն կաղապարներից, սահմանափակումներից ու կաշկանդումներից, որին մենք ենթակա էինք: Դա շատ կարևոր առավելություն է: Մեր իրականության մեջ ես հանդիպում եմ երիտասարդների, ովքեր գործունյա են, աշխատասեր, համառ ու շրջահայաց: Նրանք չեն խուսափում, չեն ընկրկում դժվարություններից, ընդհակառակը, դրանց մեջ կոփվում են, իրենց մեջ նոր հնարավորություններ ու որակներ հայտնաբերում: Եվ պատահական չէ, որ լուրջ ձեռքբերումների են հասնում իրենց ընտրած ոլորտներում: Բայց, ցավոք, քիչ չեն և այնպիսիք, ովքեր շուտ խեղճանում են, բողոքում ու տրտնջում միայն, առանց մատը մատին տալու, պատճառներ են գտնում ու հորինում իրենց անգործությունն ու անհաջողությունները արդարացնելու համար: Ես շատ կուզենայի, որ վերջիններս ոչ թե նախանձեն առաջիններին, այլ սովորեն, օրինակ վերցնեն նրանցից, չարանալու, բամբասելու փոխարեն` պարզապես մի լռին, չհայտարարված, գեղեցիկ մրցակցութ յան մեջ մտնեն նրանց հետ: Եվ հաջողությունը շատ չի ուշանա: Իմ ամենասիրած ասույթներից մեկն է. «Ցանկանալ` նշանակում է կարողանալ»: Ու կյանքիս ճանապարհին մեկ անգամ չէ, որ սեփական փորձով համոզվել եմ դրանում: Բայց խոսքն, իհարկե, ոչ թե պարապ երազելու, այլ իրոք ցանկանալու, ողջ էությամբ, ներքին մղումով ու հնարավորություններով քո նպատակներին տրվելու մասին է: Եվ վերջում ուզում եմ մեր երիտասարդներին խորհուրդ տալ նաև, որ որքան էլ տարված համացանցով ու այլազան հեռուստաալիքներով, օրվա մեջ գոնե փոքրիկ մի բաժին մշտապես ընթերցանությանը հատկացնեն, առհասարակ ժամանցային զվարճություններից բացի, նաև հոգևորով ապրելու վարժեցնեն իրենց: Դա’ է ինքն իրենից բարձրանալու, լիարժեք մարդ լինելու, կյանքի գեղեցկությունները տեսնել-զգալու, ապագայում արժանավոր սերունդ դաստիարակելու երաշխիքը:

Комментариев нет:

Отправить комментарий