6/23/2012

Բոլորը սիրում են խաղեր խաղալ, ես նունպես.Վահագ Ռաշ





Վահագ Ռաշ(երգիչ).Ծնվել է 1982թ. մայիսի 8-ին, սովորել է ՀՊՃՀ-ի ցանցային կառավարում բաժնում,հինգ տարի հաճախել է կիթառի դասընթացների, սիրելի մարզաձևը՝ ձյուդո, մարդկանց մեջ գնահատում է անկեղծությունը, ճշմարտախոսությունը:
Վահագ, երկար ժամանակ է՝ մուտք եք գործել երգարվեստ: Ի՞նչ տպավորություններ ունեք, հասցրե՞լ եք ընկերներ ձեռք բերել:
-Մոտ երկու տարի է՝ երգարվեստում եմ, կամ մի փոքր ավել, ընկերներ շատ ունեմ թե՛ արվեստի բնագավառից և թե՛ ընդհանրապես: Մարդն առանց ընկեր նման է անտառի, որը ծառ չունի: Ընտրության սկզբունքը միմիայն հոգեհարազատության սկզբունքն է:

Տեղյակ եմ, որ ստեղծագորում եք, ո՞րն է եղել Ձեր առաջին ստեղծագործությունը:
-Առաջին անգամ օրորոցային եմ գրել: Իմ և քույրիկիս տարիքային տարբերությունը ինը տարի է, ուստի մայրիկն ինձ էր հանձնարարում նրան քնեցնել, ես էլ հեշտ տարբերակ գտա ու որոշեցի օրորոցային գրել:
Ի՞նչը կարող է հիմք հանդիսանալ, որ սկսեք գրել:
-Ամեն մի զգացմունք. տխրություն, ուրախություն, հիացմունք, հիասթափություն…շատ բաներ կան, որ կարող են ստիպել գրել…
Միայն Ձեր գրած երգերն եք կատարում, թե՞ այլ հեղինակների:
-Դեռևս միայն իմ երգերը: Շատ երգեր են առաջարկել, բայց դուրս չի եկել, սակայն արտասահմանյան ռոքային երգեր կատարում եմ:
Ունեք նաև խումբ: Ինչպե՞ս կազմավորվեց, քանի հոգի են և արդյո՞ք մասնագիտությամբ երաժիշտներ են:
-Խումբը ստեղծվել է 2009 թ. սեպտեմբերին, բոլորն էլ մասնագիտությամբ երաժիշտ են. սոլո կիթառ` Սամվել Խաչատրյան, ստեղնաշարային գործիքներ` Գարիկ Գագիկյան, հարվածային գործիքներ` Վլադիմիր Աղաևանյան, բասս կիթառ` Հովհաննես Գևորգյան և ջութակ Լիլիթ Ռուշանյան:

Առաջին տեսահոլովակը, որ հանձնեցիք հեռուստադիտողի դատին՝ կոչվում է «Աշնան քամի», ի՞նչ բերեց կամ կուզեք, որ Ձեզ բերի աշնան քամին:
-Աշունը շատ եմ սիրում, շատ խորհրդավոր և հաճելի եղանակ է: Կուզենայի, որ աշնանը սիրահար զույգերը չբաժանավեն, այդպես շատ է լինում: Իսկ ինչ վերաբերում է «Աշնան քամուն», ասեմ, որ արձագանքը բավականին ուժեղ էր, քանի որ այդ ժամանակ ռոք տեսահոլովակ բացի EMPYRAY խմբից ոչ ոք չուներ: Երգը շատ սիրվեց հանդիսատեսի կողմից և հասցրեց նրան, որ ավելի լավ աշխատեմ, ավելի սիրով և նվիրվածությամբ:
Յուրաքանչյուր ոք, ով որևէ ասպարեզում առաջին քայլերն է կատարում՝ հանդիպում է խոչընդոտների: Որո՞նք էին Ձեր առջև ծառացած խոչընդոտները և ինչպե՞ս հաղթահարեցիք:
-Խոչընդոտներ եղել են և կլինեն և դրանք հաղթահարելը խաղի պես մի բան է: Բոլորը սիրում են խաղեր խաղալ, ես նունպես: Խոչընդոտներից մեկն այն էր, որ երբ նոր էի այս ասպարեզում, լուրջ չէին վերաբերվում, իսկ հիմա պատկերն լրիվ այլ է:
Երգարվեստում հաջողությունների հասնելու համար ի՞նչ միջոցների կդիմեք:
-Չգիտեմ, թե մյուսներն ինչ միջոցների են դիմում, ինձ թվում է՝ բացի լավ ու ճիշտ աշխատելուց իրական հաջողությունների ոչ մի բան էլ չի բերի: Ամենակարևորը՝ համբերություն է պետք:

Ի դեպ, եթերում չենք հանդիպում Ձեր տեսահոլովակներին, շոու ծրագրերի չեք մասնակցում, ցանկություն չկա, թե՞….
-Դե, առանձնապես ձգտում չունեմ հեռուստատեսությամբ երևալ: Ես պարզապես ներկայացնում եմ իմ երգերը, որոնք իրենց հարազատ սրտերին անպայման գտնում են, մեկ տարի հետո, թե հինգ՝ այդ արդեն էական չէ:
Օրեր առաջ համերգով ներկայացաք հայ հանդիսատեսին, ինչպե՞ս անցավ և ի՞նչ նորությունների սպասենք առաջիկայում:
-Հունիսի իննին և տասին համերգ ունեցանք, շատ լավ անցավ, շատ ուրախ եմ, որ նման հիանալի հանդիսատես ունեմ:Շատերն են ասում, որ նման ճաշակով հանդիսատես վաղուց չէին տեսել:Համերգներն անցել են լեփ-լեցուն դահլիճում, հունիսի 23-ին, մեր երկրպագուների խնդրանքով, կունենանք ևս մեկ համերգ, որից հետո երկրից որոշ ժամանակով կբացակայեմ և կվերադառնամ նոր էներգիայով, նոր երգերով: Այնպես որ՝ առաջիկայում սպասեք հետաքրքիր նորությունների:

Комментариев нет:

Отправить комментарий