ՀՀ-ն ծնվեց ներքին և արտաքին ծանր ու բարդ իրադրության պայմաններում անկախության հռչակումով, որը տեղի ունեցավ 1918թ. մայիսի 28-ին։ Դրանով նոր դարաշրջան բացվեց հայ ժողովրդի պատմության մեջ։ Վերականգնվեց դարեր առաջ կործանված պետականությունն ու անկախությունը և պայմաններ ստեղծվեցին ազգի վերածնության համար։
Ղարաքիլիսայի մոտ 1918թ. մայիսի 24-28-ը տևած կատաղի մարտերին մասնակցել է հայկական 4 գունդ, հավաքական հեծյալ ջոկատը և բնակչությունից կազմված աշխարհարազորայինները։ Ունեցել են 7000 զինվոր, 10 հրանոթ, 20 գնդացիր։ Մարտիկների դեմ գրոհել են 10.000-անոց թուրքական զորքը և տեղական մահմեդականներից կազմված ավազակախմբերը։
Հայերը ցույց են տալիս հերոսական դիմադրություն։ Աչքի են ընկնում գնդապետներ Ա. Բեյ Մամիկոնյանի և Ն. Ղորղանյանի զորամասերը, պորուչիկ Գարեգին Նժդեհը, մարտում հերոսաբար զոհված շտաբս կապիտան Գուրգեն Տեր-Մովսիսյանի հրետանավորները։ Հայերի չորսօրյա հերոսամարտը մեծ կորուստներ է պատճառում թշնամուն` կասեցնելով թուրքական գերակշիռ զորքի առաջխաղացումը դեպի Դիլիջան և Թիֆլիս։
Մայիսի 30-ին հայերի մոտ վերջացել էին արկերն ու զինամթերքը, թուրքերը մտնում են Ղարաքիլիսա։ Հայերին հաջողվում է ձախողել թուրք հրամանատարության ծրագրերը։ Թուրքական բանակի հրամանատարը Բաթումում հայտարարում է. <<Հայերը Ղարաքիլիսայի մարտով ցույց տվեցին, որ նրանք կարող են լինել աշխարհի լավագույն զինվորները>>։
Սարդարապատը, Բաշ Ապարանը, Ղարաքիլիսան հայ ժողովրդի աննկուն կամքի, անկախության համար մինչև վերջ ազգովի պայքարելու պատրաստակամությունն ու վճռականության վկաները եղան։
Հայ ժողովրդի Մայիսյան հաղթանակները չեղյալ համարեցին հայերին ոչնչացնելու երիտթուրքական ծրագրերը։
Ինչպես դարեր առաջ, այնպես էլ այսօր հայը կանգուն է, հայը հզոր է ու պատրաստ է պայքարել թշնամու դեմ։ Նրան չի խանգարել և չի խանգարի որևէ մեկը` պաշտպանելու իր հայրենիքը, միայն թե նա պետք է իր հողում պաշտպանված լինի, իմանա, որ բոլորը մտածում են իր մասին, որ մենակ չէ և, որ հայրենիքը սիրում է իրեն միշտ և ոչ թե միայն կռվի ժամանակ։
Комментариев нет:
Отправить комментарий