Վայոց Ձորի Արենի գյուղում արդեն 5-րդ անգամ հայոց անուշաբույր գինին դեպի իրեն է ձգում հազարավոր մարդկանց՝ թե՛ Հայաստանից, թե՛ արտերկրից:
«Գինու փառատոն»-ի ժամանակ բեմարդվեց թատերական ներկայացում, որտեղ մեզ հայտնի Քաջ Նազարի կինը՝ Ուստիանը նրան ուղարկում է խաղող բերելու.
«Ես գնացի Վեդի, գնացի Արենի, հասա մինչև Աղավնաձոր ու ինչքան խաղող կար՝ բերեցի. Անհաղթ հերոս Քաջ Նազար, որ մին զարկի` գինի սարքի հազար-հազար»,-ասում է Քաջ Նազարը՝ կոչ անելով ժողովրդին՝ միանալ և միասին գինի պատրաստել:
ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանի խոսքով «Գինու փառատոնն»-ը թե՛ ներքին, թե՛ արտաքին շուկայում հայտնի միջոցառում է, որը ծառայում է այն նպատակներին, ինչի համար նախաձեռնվել էր: Սա համայնքներում զբոսաշրջության, տնտեսական համաչափ զարգացմանը նպաստելուն ուղղված միջոցառում է, ինչպես նաեւ Հայաստանն ու համայնքերը միջազգային շուկայում նոր, մրցունակ ապրանքանիշով ներկայացնելու միջոց.
«Մենք արդեն ավանդույթ դարձած փառատոններ ունենք. Խորովածի փառատոնը՝ Ախթալայում, Արհեստների և արվեստների փառատոնը՝ Գյումրիում, Մեղրի և հատապտուղների փառատոնը՝ Տավուշում: Հաջորդ տարվանից նախատեսվում է Դիլիջանում, Գորիսում միջոցառումներ կազմակերպել՝ համաձայն տեղի ավանդույթների, պատմամշակութային ժառանգության»,-ասաց Մեխակ Ապրեսյանը:
Նշենք, որ «Գինու փառատոնն» այս տարի ընդլայնելով իր սահմանները` ընդգրկել է Վայոց Ձորի մարզում գինեգործությամբ աչքի ընկնող Ռինդ Արենի և Եղեգնաձոր համայնքերը:
Համաձայն լեգենդի՝ գինեգործությունը սկիզբ է առել Արարատ լեռան լանջին՝ Նոյ նահապետի կողմից տնկված խաղողից: Գինին պարգև էր Նոյի և նրա ուղեկիցների համար այն բոլոր տառապանքների դիմաց, որոնք նրանք հաղթահարեցին մեծ ջրհեղեղի ժամանակ:
9-20 դարերում ակադեմիկոս Պետրովսկու կատարած պեղումները հաստատեցին այն փաստը, որ դեռ Ք.ա. 9-րդ դարում ծնունդ առած այս երկիրը գտնվելով Արևելքի ու Արևմուտքի խաչմերուկում զարգացած գինեգործական պետություն էր: Այդ է վկայում հնագետների կողմից Կարմիր Բլուրի (Թեյշեբայնի) ամրոցում հայտնաբերած ավելի քան 2500 տարվա պատմություն ունեցող 480 կարասներով գինու պահեստարանը, որտեղ կարող էր պահվել մոտ 37 հազ. դեկալիտր գինի:
Комментариев нет:
Отправить комментарий