11/25/2013

Սենսացիա. Քարահունջի առեղծվածը


Աստղագիտության զարգացման համար մեծ հետաքրքրություն են ներկայացնում դեռևս նախապատմական ժամանակաշրջանում հողից և քարից կառուցված աստղադիտարանները: Սիսիանի տարածքում գտնվող «Զորաց քար»կառույցը իր արտաքին տեսքով նման է Անգլիայի քարե մեգալիտային կառույցին, որին անվանում են «Սթոնհենջ»:
«Զորաց քար»-ում գիշերահավասարի և արևադարձի օրերին կատարված նախնական դիտումներն ու չափումները խոսում են այն մասին, որ այդ կառույցը ծառայել է աստղագիտական նպատակների համար:«Զորաց քարերի» պեղումների, վերջինի Քարահունջ անվանման հետաքրքիր պատմության, Պարիս Հերունու կողմից աստղաֆիզիկոսի աշխատանքները առանց համաձայնության որպես իր աշխատանք ներկայացնելու և այլ հարցերի շուրջ զրուցել ենք աստղաֆիզիկոս Էլմա Պարսամյանի հետ:
Տիկին Պարսամյան,  թերևս խոսենք կատարված բաղձալի  երազանքի՝ պեղումների  մասին: Ինչպե՞ս սկսվեց:
-Նախ, նշեմ, որ  իմ հետազոտությունների բնագավառն է՝ Կոմետար, պլանետար միգամածությունների ֆիզիկա, բռնկվող աստղեր, T-Ցուլի տիպի աստղեր, ֆուորներ, սակայն, ինչպես գիտեք, ամբողջ կյանքում երազել եմ մեկ անգամ պեղումների գնալ: Գիտեի մեր հարևան երկրների հնագույն պատմությունը  և օրերից մեկ օր՝ 1966 թվականին,  քանի որ ամառ էր և շատ էի դիտումներ կատարում, դիմեցի ընկերոջս՝ հայտնի պատմաբան Խոնդկարյանին, թե կարո՞ղ ես ինձ մի տեղ ուղարկել պեղելու: Ասաց՝ գնա Մեծամոր:
Եվ պեղումները սկսվեցին Մեծամորից: Մի հեքիաթային բան էր, նմանը չեմ տեսել: Մինչ ես պեղումներ էի կատարում, գետնի տակից դուրս էին եկել մեհյանի 7 գլուխները: Որ ես տեսա՝ ոնց որ հեքիաթ լիներ:  Հետագայում չկարողացանք պահպանել և միայն հիմքն է մնացել: Այսինքն, ժամանակն իր դերը կատարեց. Պահպանելը դժվար էր:
Մի տղա կար, անունը՝ Վարդան, երևի 10-րդ դասարանցի կլիներ, ասացին, թե տար Էլմային  «Փոքր բլրի» աստղերի նշանները ցույց տուր, որոնք հայտնաբերվել էին մեկ տարի առաջ:
«Փոքր բլուրը» 100 մետր հեռու էր հիմնական բլուրից: Մեծամորում տեսա աստիճաններ, որոնք միջօրեականի հարթության մեջ էին: Բազում նշաններ կային: Երբ որ ես տեսա աստիճանները և աստղի նշան, հասկացա,  որ ծանոթ վիճակ է: Վարդանին ուղարկեցի կողմնացույց բերելու:  Աստիճաններն ուղղված էին դեպի հարավ, անկյունի կիսորդը հյուսիս-հարավ ուղղությունն էր, ձախ կողմից աստղերի նշաններն էին, որոնք ես հետագայում  հաշվեցի և ցույց տվեցի, որ այդտեղ մոտ մ.թ.ա 2500-2600 տարի  առաջ  հավանաբար կատարվել են  առաջին դիտումները: Աստղագիտական մեթոդները կիրառելով ցույց տվեցի, թե որ աստղը կարող էր երևալ այդտեղից: Հորիզոնից մի աստղ էր ծագել, որին աստվածացրել էին, և բնականաբար տարվա ինչ-որ պահի հետ կարող էր կապված լինել.սկիզբ, վերջ..:  Այդտեղից 4 պայծառ աստղ էր դուրս գալիս և մեկը հենց Սիրիուսն էր, որը կիսագնդի ամենապայծառ աստղն է: Ամենայն հավանականությամբ նրանք տարվա առաջին օրերին դիտել են Սիրիուսը: 
Եթե չլինեի աստղագետ, չէի տեսնի, չէի զգա, թե աստիճաններն ինչու էին այսպես կառուցել:  Որ կանգնում ես այդ դիտողական հարթակի վրա՝ տեսնում ես հարավային ամբողջ երկրնակամարը, որտեղ ամենամեծ քանակությամբ աստղերն են ծնվում և մայր մտնում:  
Իսկ ինչպե՞ս հայտնվեցիք «Զորաց քարեր»-ում:
-1984թ. երբ գնացի «Զորաց քարեր», ցուցանակի վրա  գրված էր «Ղոշուն դաշ»: Տղաները  սկսեցին  կոտրել ցուցանակը, քանի որ թուրքերեն բառ էր: Իսկ այն թարգմանաբար նշանակում է «քարե զորք»: Երբ տեսա մեգալիտային կառույցը, միանգամից ասացի.
-Ախր սա «հենջ» է:
Նման մեգալիտային կառույցներ հայտնաբերվել էին Մեծ Բրիտանիայում, Իսպանիայում և այլ վայրերում: Որոշ մասը կապ է ունեցել աստղագիտության հետ:
Եվ, 1984թ.նոյեմբերի 25-ին  «Զորաց քարեր»-ի  վերաբերյալ հոդված գրեցի՝ «Անգեղակոթի առեղծվածը»  վերնագրով (քիչ հեռու գտնվող գյուղի անունով, քանի որ թուրքերեն անվանումով չգրեցի): Ավելի ուշ իմացա, որ հուշարձանի՝ աստղագիտության հետ հնարավոր կապի մասին գրել է հնագետ Խնկիկյանը: Հետո ինձ զանգահարեց «Կոմունիստ» թերթի խմբագիրը և հայտնեց նոր անվանումը՝  «Զորաց քարեր»: Չգիտեմ՝  իր, թե մեկ ուրիշի կողմից ընտրված:
Ասում են, թե քարերի վրա արված անցքերը եղել են քարեըը տեղաշարժելու, անասուններին  տեղափոխելու  արդյունքում, որոշներն էլ պնդում են, թե սա զուտ աստղագիտական առումով է: Ի վերջո, «Զորաց  քարեր»-ը կապ ունի՞ աստղագիտության հետ, թե ՝ ոչ:
-Հնարավոր է: Դեռ պարզագույն դիտումներ են արվել՝ Արեգակի, Լուսնի հետ կապված և ավելին դեռևս հայտնի չէ:  Հայաստանն  այնպիսի հնագույն պատմություն ունի, որ  «մտածել»  պետք չէ:  Որոշ քարերի վրա, այո՛, կան կլոր անցքեր: Սա կարող է պատահականություն համարվել, ես չեմ պնդում: Ինչի համար են քարերի անցքերը. Դա կարելի է միայն ենթադրել:
Հնարավոր է, որ դիտել են Արեգակը՝ արևածագին և մայրամուտին կամ այլ երկնային մարմիններ:
Հնագույն աստղագիտության ուսումնասիրողներից  Հոկինսը իր՝ «Սթոնհենջի առեղծվածը»  գրքում  անդրադառնալով «Զորաց քարեր»-ին՝ նշել է. «Գաղտնիք չէ, որ Հայաստանում լուսնային և արեգակնային օրացույցներ են եղել և այդ մասին կարող են խոսել արևելյան մասում գտնվող քարերի վրա արված անցքերը»:
Ենթադրվում է, որ Զանգեզուրի քարե օղակաձև կառույցները՝ մ.թ.ա 2-րդ հազարամյակ,  նույնպես կարող էին օգտագործվել Արեգակի և Լուսնի աստղագիտական դիտումների համար: 
Այնուհետև «Զորաց քարեր»-ն անվանեցիք Քարահունջ, ինչու՞:
-«Աշխարհում շատ կան «հենջ»-եր, այդպիսի մեգալիտիկ կառուցվածքներ, բայց մեր շրջակայքում չկա: Այդ իմաստով յուրահատուկ է Հայաստանը: 100-ներով եղած «հենջ»-երը աստղագիտության հետ կապ չունեն, 1 կամ 3-ը կարող են օգտագործված լինել դիտումների համար:  3-րդ, 2-րդ , 1-ին հազարակմյակներում քարերի նման կույտերն աշխարհում հայտնի են եղել: Դրա համար «Զորաց քարի» հուշարձանի տարեթիվը որոշելը մինչև այսօր, բացի հնագիտական մեթոդից , այլ մեթոդ չկա որոշելու համար: Այն տարեթիվը, որ տվել է Հերունին, չի կարող գործել: Նրանք օգտագործել են իմ մեթոդը, որն արել եմ Մեծամորի հնագուն հարթակների ժամանակաշրջանը որոշելու համար: Եթե վերցնում են անցքերը, թե ինչ լուսատու կարող էր երևալ, մոռանում են այն, որ այդ  շրջանում երկրաշարժերը շատ են:
Մի փոքր աստիճան ուղղությունը փոխելով կարող են հազարամյակներ փոխվել: Եթե այդ մեթոդը գործեր՝ ինքս կանեի: Քարերից ոմանք ընկել են և մի փոքր շարժում՝ ամեն ինչ կփոխվի: Սա 4000 տարվա հուշարձան կարող է լինել՝ համաձայն հնագիտական տվյալների:
Ինչ վերաբերում է անվանը, ապա այն հետաքրքիր պատմություն ունի: Սուրճի սեղանի շուրջ զրուցում էի փեսայիս հետ, ով Քարահունջ գյուղից էր: Սեղանին դրված էր նաև Քարահունջի օղի: Եվ ես պատմում էի  «Զորաց քարերի» մասին. այն, թե  ոնց եմ տեսնում, ինչ եմ տեսնում: «Սթոնհենջ», «Սթոնհենջ»..մեկ էլ երկուսս էլ՝  «սթոն»՝ Քարահունջ: Այժմյան բառարաններում  «հենջ»-ը թարգմանվեց կախված: Քարահունջ՝ հունջ-փունջ:
 Իսկ Քարահունջը «Զորաց քարեր»-ից 40 կմ հեռավորության վրա է գտնվում:
Տիկին Պարսամյան, խոսեցիք Հերունու կողմից  «Զորաց քարեր»-ին տարեթիվ տալու մասին, որն է՝ 7000: Բայց, որքան էլ չեք ցանկանում խոսել, կխնդրեի պատմեիք, թե ինչպես Ձեր աշխատանքները՝ կապված «Զորաց քարեր»-ի հետ, հայտնվեցին  Պարիս Հերունու ձեռքում: Որքանով ես տեղյակ եմ` նրան այս ամենի մասին ինքներդ եք պատմել:
-«Զորաց  քարերի»-ի  մասին  ես պատմեցի Բյուրականի աստղադիտարանում: Սակայն ամեն ինչ կիսատ թողեցի, քանի որ Մեքսիկա էի  մեկնելու: Չնայած, հստակ որոշել էի՝ գալ և շարունակել ուսումնասիրությունը: Մինչ այդ՝ 1987թ, 4-5  հոգու , այդ թվում և Հերունունտարա,  ցույց տվեցի, ուրախացան, թե այս ինչ հետաքրքիր է: Ասացի, որ գնում եմ  Մեքսիկա, կազմակերպեք, վերևից նկարեք, բայց մտքովս չէր անցնի, որ ամբողջը աշխատանքս տալով ինչի կարող էի հանգել:
Մեքսիկայից գալիս եմ, միացնում եմ հեռուստացույցը,  տեսնեմ՝  վարողը հաղորդումը սկսում է հետևյալ կերպ. Սենսացիա.., սենսացիա…
Ասում եմ՝ այս ի՞նչ սենսացիա է  եղել Հայաստանում: Պարիս  Հերունին Քարահունջի մասին է խոսում… Հետո հանդիպեցի իրեն և հարցրեցի՝
- Պարի՛ս, ինչո՞ւ անունս չնշեցիր,- ասաց, թե ժամանակ չտվեցին:
Երևի մտածել է, թե չեմ վերադառնալու…
Մինչդեռ ամերիկացի աստղագետ Հոկինսը այդ առիթով նամակ է գրել  Վ. Համաբարձումյանին…
-Այո՛,  Հոկինսը նամակ գրեց  Վ. Համբարձումյանին՝ Մեծամորի, Քարահունջի մասին: Նամակում նշում է, որ պետք է ինձ ոգևորեն՝ շարունակել աշխատանքները:
«Համոզված եմ, որ «Սթոնհենջ»-ը  միակը չէ,  և Հայաստանում կարող է նման բան լինել»,-գրված էր նամակում:  Ես սա էլ ցույց տվեցի Պարիսին, թե տե՛ս, ինչ հետաքրքիր  բաներ է ասվում: Հետագայում  անգամ սա, առանց իմ անունը հիշատակելու, զետեղեց իր գրքում:
Չնայած այս ամենին`  դեռեւս Զորաց  քարերում պեղումներ չենիրականացրելմիայն ուսումնասիրել ենՆախատեսվում էոր հայ-լեհականարշավախումբը եկող տարվա ամռանը կսկսի Քարահունջի պեղումները:Ինչպե՞ս եք վերաբերում այդ պեղումներին, Ձեզ առաջարկե՞լ են մասնակցել: Ընդհանրապես հայ աստղագետներ ընդգրկվո՞ւմ են:
-Ոչ…մեզ չեն էլ ասել: Բոլորը միայն գրանտի համար են:
Ցանկություն չունեցա՞ք շարունակել ուսումնասիրությունը:
-Ցանկություն ունեցա, որ տվեցի աշխատանքներս: Երբ վերադարձա՝  տեսա որ ողջ Հայաստանը գոչում է՝  Քարահունջ…
Անի Կարապետյան

http://asekose.am/hy_AM/news/9/144345-sensacia--sensacia-qarahounji-arexcvace.html

11/02/2013

Գեղեցկության սրահից դուրս գալուց հետո պարզել է, որ գլխում թրթուրներ են բնակություն հաստատել



Քենիայի քաղաքներից մեկի բնակչուհին գեղեցկության սրահ է գնացել` մազերը երկարացնելու ցանկությամբ: Մի քանի օր անց ուժեղ գլխացավեր է ունեցել: Բժիշկները երկար ժամանակ չեն կարողացել հասկանալ, թե ինչ է կատարվում: Հետո, պարզվել է, որ աղջկա գանգուրիկների մեջ թրթուրներ են բնակություն հաստատել: Իսկ, ահա, ավելացված երկար մազերը մահացած մարդու են պատկանել: 
 
Պարզվում է, որ թրթուրները աստիճանաբար սկսել են կրծել կնոջ գլուխը: Գեղեցկության սրահից տեղեկացրել են, որ պատրաստ են փոխահատուցել ստացված վնասի չափով, իսկ ինչ վերաբերում է մազերին, ապա դրանք  բերված են կամ Մեծ Բրիտանիայից, կամ ԱՄՆ-ից, կամ էլ` Հնդկաստանից:

Տանել չեմ կարողանում հազար անգամ ծեծված սրտաճմլիկ սիրո խոստովանությունները

Սովորաբար  զգացմունքները, հույզերը, ապրումները արտահայտելու, հուշերի գրկում հայտնվելու համար շատերին օգնության է հասնում երաժշտությունը: Սակայն, ոչ թե ներկայիս, այլ՝ 70-90-ականների: Ինչո՞ւ: Ահա այս, Առնո Բաբաջանյանի հետ պատահական հանդիպման, Ռոբերտ Ամիրխանյանի անակնկալ զանգի և այլ հարցերի շուրջ զրուցել ենք բանաստեղծ, թարգմանիչ, հրապարակախոս Լևոն Բլբուլյանի հետ:

Ինչո՞ւ պարոն Բլբուլյան:
-Որովհետև այն ժամանակ երգեր գրում էին/ինչպես նաև՝ երգում էին/ միայն նրանք, ովքեր կարողանում  էին և ոչ թե պարզապես ցանկանում կամ մի օր հանկարծ նման որոշում կայացնում, ու դա անում էին ներքին մղումով, բարձր պատասխանատվութ յամբ, նախևառաջ իրենք համակվելով այն հույզ ու ապրումներով, որ դնում էին իրենց ստեղծագործությունների մեջ: Այսինքն՝ այն ժամանակ երգերն իրոք ծնվում էին, ոչ թե սարքվում  հատուկ այս կամ այն երգիչ-երգչուհու «վրայով›› , կամ հաջողություն գտած  /դրսում կամ ներսում/ այս կամ այն երգի նմանությամբ…Եվ վերջապես, որովհետև այն ժամանակ բացառված էր, որ կիսագրագետ /երբեմն՝ պարզապես անգրագետ/, ոչինչ  չասող տեքստերով, ազգային մտածողությունից կիլոմետրերով  հեռու, արաբա-թուրքական կլկլոցներով, լատինամերիկյան ռիթմերով «փայլող» երգերը մուտք գործեին ռադիո և հեռուստատեսություն ու այնպես ջանադրաբար «ռասկրուտկա» արվեին, անարգել հնչեին հեղինակավոր բեմերից, անգամ պետական, ազգային տոնակատարությունների ժամանակ…
Կար «գեղխորհուրդ››  կոչված հանձնախումբը, լուրջ և գիտակ մարդկանցից կազմված, որը փակում էր անճաշակության, ապազգայինի ճանապարհը: Որքան էլ ոմանք փորձում են ընդգծել  գեղխորհուրդների բացասական կողմը՝ գաղափարական սահմանափա կումների առումով, միևնույն է, անառարկելի է, որ դրանց տված օգուտը շատ ավելին էր, քան՝ վնասը: Պատահական չէ, որ հիմա արդեն մերօրյա գեղխորհուրդներ ստեղծելու կոչեր են հնչում  և շատ լուրջ ու գիտակ մարդկանց կողմից…
Ո՞րն է դեպի իմաստալից երգ  տանող ճանապարհը:
-Ըստ իս, երգը իմաստալից է, ասելիք, բովանդակություն ունի ոչ միայն շնորհիվ տեքստի.կա նաև երաժշտական ասելիք, որոշակի տրամադրություն ու հոգեվիճակ, որ արտահայտվում են հնչյունների լեզվով և, գուցե, ավելի ներգործուն են: Նույնիսկ՝ առանց գուցեի: Երկար տարիներ է երգի ասպարեզում եմ ստեղծագործում և ժամանակի ընթացքում եկել եմ մի հաստատուն համոզման. երգի կայացման գլխավոր նախապայմանը մեղեդին է. առանց հոգեմոտ, վարակիչ, հուզական երաժշտության ամենակատարյալ բանաստեղծությունն անգամ գեղեցիկ, ապրող ու ապրեցնող երգ չի դառնա: Եվ սակայն, շինծու, անհամոզիչ, ոչինչ չասող կամ ծեծված խոսքերի ու դարձվածքների պատճառով հրաշալի մեղեդին էլ կարող է պարզապես խեղվել, կորցնել նախնական հմայքը:
Հաճախ լսում եմ որևէ երգ և ակնհայտորեն զգում, որ հենց այնպես, պատահական բառեր են հարմարեցվել երաժշտությանը. մեղեդին մի բան է ասում, խոսքերը բոլորովին այլ բան կամ…ոչ մի բան: Դա և՛ երգահանի, և՛ բանաստեղծի /մեծապես նաև երգչի/ պրոֆեսիոնալիզմի պակասի, անբարեխղճության արդյունքն է: Իսկ իմաստալից, հաջողված երգի ճանապարհն այն է, երբ խոսքն ու մեղեդին այնպես են միաձուլվում, որ ասես բխում են մեկը մյուսից, լրացնում իրար, ու դժվար է գուշակել՝ խո՞սքն է առաջինը ծնվել, թե՞ երաժշտությունը: Գաղտնիք չէ, որ մեր օրերում այդ երկու տարբերակով էլ երգեր են ծնվում, և տարբերակը չէ, որ կանխորոշում է հաջողությունը, երկու դեպքում էլ կարող են լավ և վատ երգեր ծնվել, նայած որքանով են իրենց բարձունքի վրա եղել երգահանն ու բանաստեղծը, կարողացե՞լ են արդյոք  համերաշխ, «միասնական ճակատով» գործել…
Շատերը ստեղծագործելիս մեծ ուշադրություն են դարձնում հանգավորմանը: Որքանո՞վ է այն կարևոր, եթե հաշվի առնենք, որ երգի է վերածվելու:
-Ես անկախ երգից էլ բանաստեղծության մեջ հանգն ու ռիթմը շատ եմ կարևորում և առաջնորդվում մեր պոեզիայի հատկապես դասական ավանդույթներով/երբեք քամահրանքով չվերաբերվելով, սակայն, սպիտակ, անհանգ բանաստեղծությանը, մի բան որ պոեզիայի այս ձևի կողմնակիցների, մանավանդ երիտասարդների կողմից հաճախ նկատելի է հանգավոր-ռիթմիկ բանաստեղծության նկատմամբ. իբր իրենք «նորաձև ու արդի պոեզիայի›› ջատագովներ են և, ուրեմն, կորչի ամեն մի հանգավորում, անգամ կետադրություն: Խորին մոլորությու՛ն/:
Դարձյալ իմ փորձից, գիտեմ, որ կոմպոզիտորները երգի համար նախընտրում են հատկապես հանգավոր բանաստեղծություններ ու փորձում, ինչպես ասում են, հայտնաբերել, վերհանել տողերի մեջ ապրող, հաճախ խորքերում թաքնված երաժշտությունը: Եվ եթե կարողանում են դրան գումարել-խառնել նաև այն զգացումներն ու թրթիռները, որ բանաստեղծությունն է հարուցում իրենց մեջ, լինում է երգի ցանկալի ու անպայման սպասված ծնունդ: Ափսոս միայն մեզանում գրեթե մոռացվում է այդ հրաշալի ավանդույթը, երբ  երգահանները գեղեցիկ, հոգեհույզ, ազգայինով շնչող երգեր էին ստեղծում իրենց նախընտրած  բանաստեղծությունների հիման վրա` համակվելով, ներշնչվելով դրանց ասելիքով ու տրամադրությամբ, վերծանելով տողերում ապրող մեղեդին: Քչերը ու հիմնականում ավագ սերնդի ներկայացուցիչներն են դա կարողանում անել, մեծ մասը նախընտրում են պատրաստի մեղեդիներին ‹‹բառային զգեստ›› հագցնել:
Բայց պիտի ասեմ, որ եթե անգամ պատրաստի երաժշտության համար են խոսքեր գրվում, միևնույն է, դարձյալ ցանկալի է հանգավորումը: Շատ դեպքերում մեղեդին ինքն է իր ռիթմերով, երաժշտական անցումներով  թելադրում-հուշում, թե  հատկապես որտեղ  ինչպիսի հանգավորում է պետք: Դրանից, իհարկե, երգն ավելի բարեհունչ ու ներգործուն է դառնում: Միայն թե տարվելով այդ հանգավորմամբ, սահուն տող ու հնչյունների խնդիրը իրագործելով, չպիտի մոռանալ ամենակարևորը՝ ասելիքը: Ես լավ գիտեմ, կա ունկնդրի մի տեսակ/ և ցավոք նրանց թիվը քիչ չէ/, որոնք առանձնապես ուշադրություն չեն դարձնում երգի խոսքերին, չեն խորանում ասելիքի մեջ. մեղեդին ու ռիթմն էլ նրանց բավական է, մանավանդ, եթե ,այսպես կոչված,  «տաշի-տուշիի» տարրեր կան այնտեղ: Բայց հո չի կարելի առաջնորդվել նրանց ճաշակով ու չափանիշներով միայն և, ասենք, երգի սկզբից մինչև վերջ կրկնել ընդամենը մեկ-երկու նախադասու թյուն միայն: Մի բան, որ հիմա շատ հաճախ է արվում: Յուրաքանչյուր երգ, ամենաթեթև, կատակային երգն անգամ, որոշակի ասելիք, գաղափար պիտի ունենա, տրամադրությ ուն, հոգեվիճակ արտահայտի և այդ դեպքում միայն կարող է կյանք մտնել, թափանցել մարդկանց հոգիները, շնորհիվ դրա միայն կարող է երկար ապրել, սրտից սիրտ թևել…
Հաճախ տողեր գրում են հաշված օրերի կամ ժամերի ընթացքում: Իրականում ինչքա՞ն ժամանակ է անհրաժեշտ մնայուն երգի բառեր գրելու համար:
-Այո, մեկ օրվա ու անգամ ժամերի ընթացքում ևս կարող են երգի լավ խոսքեր ծնվել, ես չեմ բացառում: Ինձ հետ էլ է պատահել: Բայց ամեն ստեղծագործողի կյանքում, կարծում եմ, հազարից մեկ կարող է նման «աստեղային» օր կամ ժամ լինել. երբ և՛ թեման ես միանգամից գտնում, և՛ տողերն են իրար հետևից գալիս, միաձուլվում երաժշտությանը, ասես իրոք մեկը վերևից թելադրում է… 
Բայց, առհասարակ, երգի վրա/ մանավանդ, երբ պատրաստի երաժշտության համար է տեքստ գրվում/, հարկավոր է երկար ու մանրակրկիտ աշխատել, ամեն բառն ու տողը, «նստեցնել»  մեղեդուն, ասելիքը, սյուժեն բխեցնել երաժշտությունից, պարզ, երգային բառեր, դարձվածքներ գտնել, հոգեբանորեն համոզիչ իրավիճակներ ներկայացնել… Այդ ամենի համար ժամանակ է պետք: Պետք է արածդ թողնես «սառչի», որպեսզի  հետո նորովի, սթափ հայացքով կարողանաս գնահատել, վրիպումներդ նկատել, շտկումներ անել: Ես միշտ էլ հաճույքով եմ աշխատում երգի ժանրում, մանավանդ եթե ինձ վարակիչ, հոգեմոտ, մեղեդային երաժշտություն է առաջարկվում: Եվ այստեղ իմ գլխավոր սկզբունքն է. Խոսքերն  առանց երաժշտության որպես բանաստեղծություն պիտի ընթերցվեն կամ գոնե մոտենան բանաստեղծության, որքան էլ դրա համար տևական, հաճախ տանջալի աշխատանք պահանջվի:
Բոլորի՛ համար սա պիտի նախապայման լինի: Չի կարելի պարզապես բառեր կցմցել, հարմարեցնել մեղեդուն ու ներկայացնել որպես երգ: Այդպես, իհարկե, մեկ օրում էլ կարելի է ինչ-որ տեքստ «թխել», մեկ ժամում էլ…Ցավոք այսօր շատերն հենց այդպես էլ վարվում են…
Առաջին անգամ ե՞րբ և Ձեր ո՞ր բանաստեղծությունը վերածվեց երգի և ո՞վ է կատարել:
-Երբ տպագրվեց բանաստեղծություններիս առաջին ժողովածուն/1979-ին/, այդ ժամանակ «Ավանգարդ›› շատ սիրված երիտասարդական թերթում էի աշխատում: Գործընկերներիս հետ հենց խմբագրատան ներքնահարկում գտնվող սրճարանում, ինչպես ասում են, «թրջեցինք›› գիրքս: Ջերմ շնորհավորանքներ, մաղթանքներ լսեցի: Իսկ երջանկահիշատակ իմ գրչընկեր, արձակագիր Վրեժ Իսրայելյանը, որ այդ օրը մեզ հետ էր, բառիս բուն իմաստով օղիով թրջեց գրքիս իր օրինակը ու կենաց բարձրացրեց. «Լևոն ջան, կտեսնես, դեռ Ռոբերտ Ամիրխանյանը երգեր է գրելու քո խոսքերով: Ցանկանում եմ, որ էդ օրը շուտ գա››: Բոլորը միացան նրա մաղթանքին: Ասեմ, որ դա այն շրջանն էր, երբ Ամիրխանյանը մեկը մյուսի հետևից հրաշալի երգեր էր հանում ասպարեզ և երևի ամենասիրված երգահանն էր հասկապես երիտասարդության շրջանում…
Եվ ահա, այդ օրից երևի մի ամիս էլ չէր անցել, մի օր խմբագրության իմ սենյակում հեռախոսազանգ հնչեց, ու պարզվեց հեռախոսի մյուս կողմում Ռոբերտ Ամիրխանյանն է: Նա ասաց, որ գիրքս ձեռքն է ընկել, ծանոթացել, հավանել է, ավելին՝ երգային տարրեր, հնարավորություններ է տեսել իմ բանաստեղծություններում: Մի խոսքով, առաջարկեց հանդիպել: Որ ճիշտն ասեմ, ես սկզբում մտածում էի, որ դա ընդամենը կատակ է, ոչ մի հանդիպում էլ չի լինի. պարզապես Վրեժը հիշել է այն օրվա իր խոսքերը և ուզում է «գլխիս սարքել››/նա կատակներ սիրում էր/: Բայց ամեն ինչ ճիշտ դուրս եկավ ու հենց այդ օրվանից կսվեց Ռոբերտի հետ մեր ստեղծագործական համագործակցությունը: Կարճ ժամանակում մենք միասին մի քանի երգ գրեցինք, որոնցից հատկապես «Քո մեղեդին» /ամենաառաջինն էր/ և «Արևոտ անձրևը» այնքան լավ ընդունվեցին ու սիրվեցին, որ ինձ վրա հրավիրեցին նաև մեր մյուս երգահա նների ուշադրությունը. Կոնստանտին Օրբելյան, Ալեքսանդր Աճեմյան, Արամ Սաթյան,Ռուսլան Գալստյան, Մարտին Վարդազարյան…
Հետաքրքիր է, իսկ ինչու՞ ոչ նաև Բաբաջանյանը…
-Հարցդ տեղին է, որովհետև Բաբաջանյանի հետ կապված այսպիսի պատմություն եղավ ու հենց նույն  այդ շրջանում: Ինչպես ասացի, ընդամենը առաջին գրքի հեղինակ երիտասարդ բանաստեղծ էի, բայց իմ խոսքերով ծնված մի քանի հաջողված երգերի շնորհիվ կարծես թե հայտնի էի դարձել կոմպոզիտորների շջանում: Եվ ահա մի անգամ Մեղրիում մեկշաբաթյա գործուղումից հետո Երևան վերադառնալով, խմբագրությունում իմացա, որ Առնո Բաբաջանյանը փնտրել է ինձ: Եվ ուրախացա, անշուշտ, և շատ ափսոսացի: Եթե այն ժամանակ բջջային հեռախոս, հաղորդակցության այսօրվա միջոցները լինեին, մեր հանդիպումն, իհարկե, հենց այն ժամանակ կկայանար ու, ինչ խոսք, տրամաբանական հետևանքներով: Բայց Բաբաջանյանը շուտ վերադարձել էր Մոսկվա, իսկ հետո իմացանք, որ սկսվել են նրա առողջական խնդիրները: Ավաղ, ես այդպես էլ մեծ կոմպոզիտորին հանդիպելու, նրա հետ համագործակցելու բախտ չունեցա…
Սակայն տարիներ անց ճակատագիրը կարծես ուղղեց այդ վրիպումը. Մաեստրոյի 80-ամյակին նվիրված համերգի առիթով Երվանդ Երզնկյանն ու Մարտին Վարդազարյանն ինձ խնդրեցին հայերեն տեքստ գրել բուլղարացի հանրահայտ երգչուհի Լիլի Իվանովայի կատարմամբ ռուսերենով լայնորեն հայտնի նրա մի երգի համար ու… հենց «Հանդիպում» երգով էլ կայացավ իմ հանդիպումն ու համագործակցությունը անզուգական երգերի հեղինակ Առնո Բաբաջանյանի հետ: Երգը հոբելյանական համերգում հնչեց Անահիտ Շարյանի կատարմամբ ու ընդունվեց շատ ջերմորեն:
Տողեր գրել և գրում եք շատ երգիչների համար: Իրե՞նք են առաջարկում թեման, հուշում, թե ինչի մասին պիտի լինի երգը, թե արդեն պատրաստի տեքստը տեսնում են, հավանում, վերցնում…
 -Ճիշտն ասած, ինձ մեծ մասամբ  երգահաններն են տեքստեր պատվիրում ու հազվադեպ է լինում, երբ կոնկրետ թեմա է առաջարկում. միայն այն դեպքերում, եթե երգն, ասենք, Երևանին, Հայրենիքին պիտի նվիրվի, մասնակցի կոնկրետ որևե մրցույթի: Իսկ առհասարակ, ինձ ընդամենը հայտնում են՝ երգը տղամարդու, թե կնոջ համար է, երբեմն արդեն կոնկրետացնում նաև, թե ով է կատարելու: Եվ խոսքերը գրելիս ես, իհարկե,հաշվի եմ առնում այդ հանգամանքը: Ասեմ, որ երբեմն նաև երգչի տարիքը, արտաքինը, ոճը կարող են շատ էական դեր խաղալ թեմայի, բովանդակության ընտրության հարցում: Իսկ հիմնականում, ելնելով մեղեդուց, ես ինքս եմ որոշում, թե երգն ինչի մասին լինի, ու դեռ չեմ հիշում որևէ դեպք, որ առարկության հանդիպած լինեմ հեղինակի կամ կատարողի կողմից: Ընդհակառակը, հաճախ հաճոյախոսություններ եմ լսել ճիշտ, տեղին ընտրություն կատարելու համար: Ես սիրում եմ երգ–պատմություններ, այնպիսի իրավիճակներ, հոգեվիճակներ, որոնց մեջ ունկնդիրը կարող է տեսնել նաև իրեն, որպեսզի երգը, ինչպես ասում են, դառնա նրա ապրումների թարգմանը: Տանել չեմ կարողանում, երբ հազար անգամ ծեծված սրտաճմլիկ սիրո խոստովանություններ,  աղերսանքներ ու երդումներ են հնչում երգերում կամ թեկուզև գտնված երկու-երեք տողը երգի ընթացքում այնքան է կրկնվում, որ հոգնեցնում է, իմաստազրկվում է պարզապես…Մեզանում չափից դուրս շատ են այդպիսի, մանավանդ լալահառաչ երգերը:
Այստեղից հետևություն. մեր երգարվեստն  անմխիթար վիճակում է…
-Եթե այսպես շարունակվի, ապա՝ շա՜տ անմխիթար: Գորշությունը, անճաշակությունը, ապազգայինը պարզապես ավելի ու ավելի իշխող, տիրապետող են դառնում ու, չեմ վարանում ասել, ուղղակի ավերածություններ են գործում մարդկանց մտածողության, հոգեբանության մեջ, հատկապես՝դեռահասների, երիտասարդների ներաշխարհում:
Որովհետև  եթե վատ, վտանգավոր գիրքը կարող ես մի քանի էջից հետո փակել, մի կողմ դնել, այնպես անել, որ երեխաներիդ և այլոց ձեռքը չընկնի, ապա վատ երգերերը /լեզվական թերացումներով, օտարամուտ ելևէջներով, տեսահոլովակների երբեմն գռեհկության հասնող կադրերով…/ շուրջօրյա սփռվում են հեռուստառադիոեթերով: Մարդ ինքն էլ գուցե, կամա-ակամա, ենթարկվում է դրանց բացասական ներգործությանը, էլ ուր մնաց նոր-նոր ձևավորվող երեխաները, դեռահասներն ու պատանիները: Հայտնի բան է, չէ՞, որ երաժշտությամբ ուղեկցվող ամեն ինչ առանձնահատուկ մատչելի է ու ներգործուն: Կներեք համեմատության համար, բայց հո իզու՞ր չեն կենդանի վարժեցնողներն այնքան հաճախ դիմում երաժշտության օգնությանը…
Ինչ-որ բան պիտի արվի, մի բան ձեռնարկվի: Շատ է արդեն խոսվել, ժամանակն է խոսքից գործի անցնել, հենց թեկուզ գեղխորհուրդները վերականգնելու, անճաշակությանը արժեքավորը, ճաշակավորը հակադրելու առումով: Տարբեր առիթներով առաջարկել եմ ու մի անգամ էլ ուզում եմ կրկնել. Ինչու՞ չի կարելի, ինչպես արժեքավոր գրքերն են պետպատվերով տպագրվում, նույն կերպ ամեն տարի որոշակի գումար հատկացվի առաջնակարգ կոմպոզիտորների լավագույն երգերի վրա տեսահոլովակներ նկարելուն: Երգեր, որոնք որոշակի եղանակ կարող են ստեղծել, չափանիշ ապահովել, ճաշակ դաստիարակել: Ի վերջո, խոտանը, անճաշակությունը դուրս մղելու լավագույն և ազնիվ միջոցը նորի, արժեքավորի ստեղծումն ու պրոպագանդումն է ամենից առաջ:
Սթափվե՛լ է պետք:

Անի Կարապետյան

 

http://asekose.am/hy_AM/news/9/142165-tanel-cem-karoxanoum-hazar-angam-cecvac-srtajmlik-siro-xostovanoutyounnere.html