Հուլիսի 11-ին The Club-ում տեղի կունենա հայկական ռեգգի` «Ռեինկարնացիա»
խմբի «Երևան» երգի ու համանուն
ֆիլմի շնորհանդեսը: Խմբի մենակատար,
երգի բառերի և երաժշտության հեղինակ
Ռոլանդ Գասպարյանը ASEKOSE.am-ի
թղթակցի հետ զրույցումխոսել է ֆիլմի,
Երևանի, երաժշտության,
հասարակական ոլորտում առկա աղտեղությունների և այլ հարցերի մասին:
Մի փոքր խոսենք «Երևան» ֆիլմի գաղափարի մասին. Ո՞վ, ինչպե՞ս և ե՞րբ որոշեց նկարահանել, գրել…
-Երգը նամակ էր Երևանին: Մի քանի շաբաթ առաջ Երևանին բաց նամակ էի գրել և այնպես ստացվեց, որ դա դարձավ երգ, հետո որոշեցինք ձայնագրել և, քանի որ ձմռանն արդեն ունեինք Երևանի խոսուն լուսանկարներ, որոշեցինք ֆիլմ նկարհանել:
Նշեցիք, որ կադրերը ձմռանն են արվել. Կադրերը ծնեցին բառեր, թե հակառակը:
-Նախապես որոշված էր ֆիլմ նակարհանել, որը կմասնակցեր փառատոնների, հետո հասկացանք, որ դա կարելի է զոհաբերել հանուն երգի, որտեղ, իմ կարծիքով բառերն ու տեսահոլովակը համահունչ են:
Ռոլանդ, կայանալիք շնորհանդեսին հրավիրում եք երևանցիների, այն էլ` իսկական: Իսկ, եթե երևանցի չե՞ն…
-Խնդիրը դրանում չէ: Հրավիրում ենք այն մարդկանց, ովքեր ապրում են Հայաստանում և այս ամենն ինչ-որ արժեք ունի նրանց համար:
Երգում, երկխոսության մեջ մտնելով Երևանի հետ` հասկանում ես, որ նա զայրացած է: Ձեր կարծիքով ի՞նչն է զայրացրել և զայրացնում Երևանին և ի՞նչ է անհրաժեշտ անել` նրա ներողամտությանն արժանանալու համար:
-Երևանին զայրացրել է այն, որ իրենց կարճ խելքով փոխել են դեպի լավը, դեպի նորը, էլիտարը, բայց Երևանը դա չէ: Մեր` մինչև 90-ականների սերունդը հասկանում է, թե ես ինչի մասին եմ խոսում: Այն, ինչ մեր պապերը, ծնողները և մենք ենք տեսել` չկա: Դա Երևանին շատ է զայրացրել: Եվ, կարծես անեծք կա Երևանի այս վիճակի համար:
Իսկ ներողամտությանն արժանանալու համար պետք է հասկանանք, թե ով ենք մենք, որտեղից ենք եկել և ուր ենք գնում: Մեր ամենամեծ խնդիրն այն է, որ աղոթքի ժամանակ չունենք: Այդ պատճառով էլ այսօր այս վիճակում ենք:
Տեղյակ եմ, որ հաճախ եք «Ռեինկարնացիա» խմբում փոփոխություններ կատարում երաժիշտների առումով` կապված Ձեր փորձարարական մտքի,ապրելաոճի հետ: Երբևէ գործընկերներին չե՞ք նմանեցրել Երևանին:
-Այս ամենը Երևանի մասին է, Երևանի համար: Խմբի անդամների փոփոխությունը գաղափարախոսության հետ կապ չունի: Նրանց փոփոխության դեպքում խնդիրներ չենք ունենում, որովհետև գործնական, ժամանակավոր հարցեր են: Գրաֆիկը խառն է, այսօր այստեղ, վաղը` այնտեղ, և փոփոխությունը դրա հետ է կապված: Սակայն, նշեմ, որ կան մարդիկ, ովքեր խմբի ստեղծման օրվանից եղել են, կան ու կլինեն:
Երգերի հիմքում սերն է, ընկերասիրությունը, անկեղծությունը…Ի՞նչ եք կարծում, որևէ բան կարողացե՞լ եք փոփոխել, ասենք մարդկանց մտածելակերպում:
-Ե’վ Հայաստանում և նրա սահմաներից դուրս եթե հանդիպում եմ մարդկանց, ովքեր թեկուզ չխոսեն էլ, տեսնում, ժպտում են, նշանակում է փոխվում է: Կան մարդիկ, ովքեր ասում են, որ երեխան քնում է իմ երգերի ներքո, կամ պարում, ուստի, եթե մեծերը, երեխաները սա լսուոմ ու հասկանում են, դա ինձ համար արդեն մեծ նշանակություն ունի:
Իսկ, երբևէ դիմե՞լ եք համապատասխան գերատեսչությունների` փոխանցելով Երևանի դժգոհությունները:
-Գիտեք, ամեն մարդ իր ձևով է փորձում գտնել խնդիրների լուծումը: Մենք մեր ձայնը փորձում ենք հասցնել երգ-երաժշտության միջոցով: Բղավում ենք ոչ թե Օպերայում, այլ մեր երգերում:
Յուրաքանչյուր բառի, տողի հիմքում բնականաբար կա նաև պատկեր: Երգելիս ինչպիսի՞ն է Երևանի պատկերը` Ձեր աչքերում:
-Շատ ցավոտ է: Մեզ համար թանկ Երևանից ոչինչ չի մնացել, ես դա եմ տեսնում: Մենք միշտ ցանակնում ենք տիրել ամեն ինչին: Իսկ Երևանը պետք է լինի այնպիսին, ինչպիսին եղել է: Երևանը հետ բերելու համար պետք է ապրենք այդպես: Մենք մեր բոլոր ավանդույթները մոռացել ենք: Մարդիկ եղել են անկեղծ, քաչով բավարարվել են: Պակասում են սերը, հարգանքը, անկեղծությունը:
Զայրացած, նեղսրտած ժամանակ երբևէ մայրաքաղաքը լքելու ցանկություն ունցե՞լ եք:
-Մեկնեցի ԱՄՆ, բայց մի քանի ամիս անց հասկացա, որ հնարավոր չէ առանց Երևանի: Այնքան էի կարոտել, որ արդեն երազիս էի տեսնում: Օրերից մեկ օր արթնացա, որոշեցի վերադառնալ: Բայց, կարևորը սա չէ: Այսօր դրսում ապրողները շատ ավելի երևանցի են, քան ներսինները:
Օրինակ ԱՄՆ-ից ի՞նչը կբերեիք, կամ կցանկանայիք, որ լիներ Հայասատանում:
-Կարգ ու կանոնը: Օրենք ունենալն ու դրանից վախենալը: Իսկ այսօր այստեղ հաստ վզերը, ինչ-որ մեկի երեխան լինելը, մեծ մեքենաների արժեքներն են: Մարդիկ մտածում են այլ արժեքների մասին, եթե դա կարելի է արժեք համարել:
Երևանի մասին բազում երգեր կան, ի՞նչ եք կարծում, այս երգը կգտնի իր տեղը, կունենա իր լսարանը:
Կան մի շարք հիմար, դատարկ, սուտի երգեր` Երևանի մասին, որ 100 հոգով հավաքվում են ու մեկը մյուսից բարձր գոռում: Դա իմ կարծիքով սուտ է և կեղծ: Իսկ այս երգում ամեն ինչ փորձեցինք ներկայացնել պարզ, անկեղծ և, համոզված եմ, որ կգնհատվի մարդկանց կողմից:
Նոր ալբոմ նախատեսվո՞ւմ է:
-Կարծես թե ապահով էինք այդ առիթով, քանի որ հունվարին «Աղ ու հաց»ալբոմը լույս տեսավ: Սակայն, հիմա աշխատանքներ են տարվում` նոր ալբոմի հետ կապված, որը կազմված կլինի միայն նամակներից` կապված արժեքների հետ: Ալբոմում կլինեն 7 երգեր:
Հարցազրույցը` Անի Կարապետյանի
http://asekose.am/hy_AM/news/9/132859-anecq-ka-ereani-ays-vijaki-hamarroland-gasparyan.html
Комментариев нет:
Отправить комментарий