11/13/2016

Ձմռան գիշեր

Փչում էր քամին ու ցած թափում ծառերի ճյուղերին նստած ձյունը: Վառարանում բոցկլտում էր ձայտն ու հաճելի ջերմություն տարածում սենյակում:  Սեղանի շուրջն ուրախ ճաշում էին ընտանիքի անդամները: Եվ, քանի որ դրսում պարզկա, աստղալից գիշեր էր, որոշում են զբոսնել: Անտառի կողքով անցնելիս նկատում են գլխիկոր կանգնած ձիու, որը գանգատվում էր ցրտից: Որոշում են արագ վերադառնալ ու իրենց հետ տանում են ձիուն: Մի քիչ տաքանալուց հետո ձին պատմում է, որ միակ ուսուցիչն է եղել, որ կրթել է կենդանիներին,  սովորեցրել է գրել, կարդալ ու հաշվել: օգնել է բոլորին, բայց երբեք չի ունեցել  անձնական երջանկություն: Հիմա արդեն ծեր է, ոչ ոքի պետք չէ, նույնիսկ գիշերելու տեղ չունի: Ամռանը գոնե շոգ էր, ուր ասես գիշերում էր, իսկ այժմ ցուրտ ձմեռ է, գիշերում է սրա-նրա պատի տակ: մարդիկ էլ այնքան անխիղճ են, որ ոչ մի տաք անկյուն չեն հատկացնում:
  Երեխաների խնդրանքով նրան տրամադրում են ամենատաք ու լուսավոր սենյակը: Եվ, քանի որ ծնողներն աշխատում էին, ձին է օգնում երեխաներին՝ պատրաստել դասերը, սովորեցնում է, որ պետք էմիշտ բարին գործել, ձեռ մեկնել նրանց, ովքեր օգնության կարիք ունեն:
Անցնում է մի քանի ամիս: Ձին շատ է կապվում երեխաների հետ, բայց մի օր էլ, պատճառաբանելով, թե ուզում է մենակ զբոսնել, գնում է: Օրն արդեն մթնել  էր, բայց նա դեռ չէր վերադարձել: Որոշում են փնտրել, ու գտնում են այն նույն տեղում, որտեղ հանդիպել էին, այս անգամ արդեն անշնչացած մարմինը....

11/10/2016

Մեծամորում սարդիոնե և ոսկե ուլունքահատիկներով ամբողջական վզնոց, անագե զարդեր ու մեծ դամբարան են գտել


Մեծամոր հնագույն ամրոց-բնակատեղիում օգոստոսի 15-ից  սեպտեմբերի 30-ը տևած հայ-լեհական համատեղ արշավախմբի պեղումների ընթացքում հայտնաբերվել են ուշ բրոնզի, վաղ երկաթի դարաշրջանի կացարանների մնացորդներ, մեծ քանակությամբ խեցեղենի բեկորներ, 12-11-րդ դդ. թվագրվող ամբողջական վզնոց` սարդիոնե և ոսկե ուլունքահատիկներով, մեծ դամբարան:
«Այս տարի պեղումներն իրականացվել են քաղաքային թաղամասում և դամբարանադաշտում: Մեզ համար եզակի դեպք է, երբ քաղաքային թաղամասում հայտնաբերվում է ժամանակին ընկած և այլևս չտեղաշարժված  սարդիոնե և ոսկե ուլունքահատիկներով վզնոց (մ.թ.ա 12-11-րդ դարեր)»,-մեզ հետ զրույցում ասաց «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Արտավազդ Զաքյանը:
Նրա փոխանցմամբ՝  հնավայրում հայտնաբերված ոսկյա զարդեր ժամանակին պեղումների ընթացքում հայտնաբերել էին, բացառությամբ 3-ի, որոնք առաջին անգամ են հայտնաբերել.
«Դրանք գնդիկներ էին՝ մեջը դատարկ և զարդանախշված, զուգահեռներ ունենք Լոռի բերդից, ևս մեկը, որը զառի նման է, ոչ ոսկի է, ոչ արծաթ, և ամենայն հավանականությամբ ոսկու և արծաթի միաձուլվածք է»,-նշեց նա:
Ինչ վերաբերում է դամբարանադաշտին, ապա տնօրենի հաղորդմամբ՝  պեղումների ընթացքում բացվել է  բավական մեծ մի դամբարան, որտեղ 3 անգամ թաղում է կատարվել միջին բրոնզի, ուշ բրոնզի, վաղ երկաթի դարաշրջաններում.
«Միջին բրոնզի դարում (Ք.ա 18-16-րդ դարեր) կատարվել են թաղումներ, և, քանի որ  սովորություն կար սրբազան տարածքն անընդհատ օգտագործել, հավանաբար 13-րդ դարում տեսել են հարմար դամբարան, մի փոքր վերակառուցել են ու թաղում են կատարել: Անցել է ևս մի քանի 100 տարի, կատարվել է հաջորդ թաղումը: Այդ ժամանակահատվածում գանձագողություն է կատարվել, և գուցե, հարուստ դամբարանը թալանվել է: Հուղարկավորման առարկաների մեծ մասը կոտրվել է: Մենք հայտնաբերել ենք մնացորդները:
Հայտնաբերված ոսկյա զարդերն ամենայն հավանականությամբ ուշ բրոնզի դարաշրջանի են:
Գիտության համար առավել հետաքրքրականը դամբարանից հայտնաբերված շուրջ 1000 կտոր անագե զարդերն են: Քանի որ Հայկական լեռնաշխարհում անագի հանքեր չկան, դրանք բերվել են այլ տեղերից: Հայաստանում անագը  200 անգամ ավելի թանկ է եղել, քան Իսրայելի, Պաղեստինի տարածքում: Թե որտեղից է բերվել, դեռ չգիտենք: Անալիզների պատասխաններին ենք սպասում»,-ասաց արգելոց-թանգարանի տնօրենը:
Հավելենք, որ պեղումներ կկատարվեն նաև հաջորդ տարի:
Հայ-լեհական համատեղ արշավախուբը մի քանի տարի է, ինչ աշխատում  է Վարշավայի համալսարանի հնագիտության ինստիտուտի տնօրեն Յակուբյակի և «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի գիտական աշխատանքների գծով տեղակալ, պատմական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանի գլխավորությամբ:

http://asekose.am/hy_AM/news/8/235644-mecamoroum-sardione-e-oske-oulounqahatiknerov-amboxjakan-vznoc--anage-zarder-ou-mec-dambaran-en-gtel.html