Մեծամոր հնագույն ամրոց-բնակատեղիում օգոստոսի 15-ից սեպտեմբերի 30-ը տևած հայ-լեհական համատեղ արշավախմբի պեղումների ընթացքում հայտնաբերվել են ուշ բրոնզի, վաղ երկաթի դարաշրջանի կացարանների մնացորդներ, մեծ քանակությամբ խեցեղենի բեկորներ, 12-11-րդ դդ. թվագրվող ամբողջական վզնոց` սարդիոնե և ոսկե ուլունքահատիկներով, մեծ դամբարան:
«Այս տարի պեղումներն իրականացվել են քաղաքային թաղամասում և դամբարանադաշտում: Մեզ համար եզակի դեպք է, երբ քաղաքային թաղամասում հայտնաբերվում է ժամանակին ընկած և այլևս չտեղաշարժված սարդիոնե և ոսկե ուլունքահատիկներով վզնոց (մ.թ.ա 12-11-րդ դարեր)»,-մեզ հետ զրույցում ասաց «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Արտավազդ Զաքյանը:
Նրա փոխանցմամբ՝ հնավայրում հայտնաբերված ոսկյա զարդեր ժամանակին պեղումների ընթացքում հայտնաբերել էին, բացառությամբ 3-ի, որոնք առաջին անգամ են հայտնաբերել.
«Դրանք գնդիկներ էին՝ մեջը դատարկ և զարդանախշված, զուգահեռներ ունենք Լոռի բերդից, ևս մեկը, որը զառի նման է, ոչ ոսկի է, ոչ արծաթ, և ամենայն հավանականությամբ ոսկու և արծաթի միաձուլվածք է»,-նշեց նա:
Ինչ վերաբերում է դամբարանադաշտին, ապա տնօրենի հաղորդմամբ՝ պեղումների ընթացքում բացվել է բավական մեծ մի դամբարան, որտեղ 3 անգամ թաղում է կատարվել միջին բրոնզի, ուշ բրոնզի, վաղ երկաթի դարաշրջաններում.
«Միջին բրոնզի դարում (Ք.ա 18-16-րդ դարեր) կատարվել են թաղումներ, և, քանի որ սովորություն կար սրբազան տարածքն անընդհատ օգտագործել, հավանաբար 13-րդ դարում տեսել են հարմար դամբարան, մի փոքր վերակառուցել են ու թաղում են կատարել: Անցել է ևս մի քանի 100 տարի, կատարվել է հաջորդ թաղումը: Այդ ժամանակահատվածում գանձագողություն է կատարվել, և գուցե, հարուստ դամբարանը թալանվել է: Հուղարկավորման առարկաների մեծ մասը կոտրվել է: Մենք հայտնաբերել ենք մնացորդները:
Հայտնաբերված ոսկյա զարդերն ամենայն հավանականությամբ ուշ բրոնզի դարաշրջանի են:
Գիտության համար առավել հետաքրքրականը դամբարանից հայտնաբերված շուրջ 1000 կտոր անագե զարդերն են: Քանի որ Հայկական լեռնաշխարհում անագի հանքեր չկան, դրանք բերվել են այլ տեղերից: Հայաստանում անագը 200 անգամ ավելի թանկ է եղել, քան Իսրայելի, Պաղեստինի տարածքում: Թե որտեղից է բերվել, դեռ չգիտենք: Անալիզների պատասխաններին ենք սպասում»,-ասաց արգելոց-թանգարանի տնօրենը:
Հավելենք, որ պեղումներ կկատարվեն նաև հաջորդ տարի:
Հայ-լեհական համատեղ արշավախուբը մի քանի տարի է, ինչ աշխատում է Վարշավայի համալսարանի հնագիտության ինստիտուտի տնօրեն Յակուբյակի և «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի գիտական աշխատանքների գծով տեղակալ, պատմական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանի գլխավորությամբ:
Комментариев нет:
Отправить комментарий