10/27/2018

Աշխարհի առաջին կին դեսպանը հայուհի է եղել

Հայաստանի դիվանագիտությունը, ձգտելով վարել պետության ինքնուրույնություն ապահովող քաղաքականություն, կարևորել է իր ներկայացուցչությունների հաստատումն ինչպես հարևան, այնպես էլ Եվրոպայի և Ասիայի երկրներում։ Հայաստանի Հանրապետությունը իր հռչակումից անմիջապես հետո (1918) դեսպանատներ է հիմնել Պարսկաստանում, Ճապոնիայում և այլուր։
Պաշտոնավարելով դժվարին մի ասպարեզում, հայ դիվանագետներն աչքի են ընկել նաև որպես բազմակողմանիորեն կրթված, հարուստ գիտելիքների և մարդկային բարձր արժանիքների տեր անձնավորություններ։
1920 թ., որպես Իրանում Հ. Բ. Հ.յան դեսպանատան Ա. քարտուղար, նշանակվում է Սուրեն Առաքելյանը (1887-1979)։ Մասնագիտությամμ լինելով իրավաբան և երաժիշտ, նա իր ավանդն ունեցավ նաև երկրի մշակութային կյանքում։ 1922 թ., Առաքելյանի մտահղացմամբ և անմիջական մասնակցությամբ, Թեհրանում հիմնվեց պետական կոնսերվատորիա, որն առաջինն էր Իրանում, ընդհանրապես։ Ավելացնենք, որ այստեղ ևս մանկավարժական գործունեության անցնելուց առաջ Առաքելյանը եղել է Թիֆլիսի երաժշտական ինստիտուտի
տնօրեն։ 1919 թվականից Ճապոնիայում Հայաստանի Հանրապետությունը ներկայացնում էր Դիանա Աբգարը։ Նշենք, որ Եվրոպայի զարգացած երկրները կին դիվանագետ ունեցան միայն տասնյոթ տարի անց։ Այսուհանդերձ, Դիանա Աբգարի մասին քիչ է գրվել, նա գրեթե անհայտ
է ինչպես հայ իրականության մեջ, այնպես էլ օտար շրջանակներում։ Պատճառներից մեկը թերևս այն է, որ նա հիմնականում գրել է անգլերենով, և իր գիտական աշխատությունները,
պատմաքաղաքական ուսումնասիրությունները նույնպես անգլերեն են։ Ուստի, Լևոն Գ. Մինասյանի հրապարակումը, որը նա քաղել է Նոր Ջուղայի (Իրան) տեղեկատուից, ուշագրավ է նրանով, որ նա, Դիանա Աμգարին հանրությանը ներկայացնելուց բացի, առաջին կին դիվանագետին բացահայտում է նաև որպես իր ժողովրդի ճակատագրով անհանգստացած, հայրենասեր մտավորականի։
***
Հայաստանի Հանրապետության օտար երկրներ ուղարկված դիվանագիտական ներկայացուցիչների մեջ իր առանձին տեղն ունի Դիանա Աբգար(յան)ը, որը եղել է Ճապոնիայի Իոկոհամա քաղաքի հյուպատոս, որը և առաջին կին քաղաքական ներկայացուցիչն էր աշխարհի բոլոր պետությունների մեջ։ Վանքի (Նոր Ջուղայի վանքի Ա. Թ.) արխիվում ունենք մի շարք նամակներ՝ գրված Իոկոհամայից՝ ուղղված օրվա
Թեմակալ Առաջնորդին, Համայնական Խորհրդին և Եզնիկ Վարդապետին։
Նա իր գրություններից մեկի մեջ, ուղղված Եզնիկ Վարդապետին, գրել է մի աղոթք և ուղարկել է տպելու օրացույցի մեջ, ինչպես և արտասահմանյան լրագրերում, որպեսզի բոլոր հայերը անգիր անելով խնդրեն Աստծուց, որ Հայաստանի Հանրապետությունը հաստատուն
պահի.
«Ես կամենում եմ այս աղոթքն տարածել հայ ազգի
մեջ, որ ուր որ հայեր կան աղոթեն Աստծուն»։
Որ Հայաստան ազատվի,
Որ Հայոց Հանրապետությունը հաստատուն մնա,
Շնորհյա Տեր և ողորմյա»։
Այս աղոթքից բացի, նա Հայաստանի Հանրապետության առթիվ գրել է նաև մի բանաստեղծություն, որը տպվել է Վանքի 1921 թվի օրացույցի մեջ։


Լևոն Գ. ՄԻՆԱՍՅԱՆ
Ալիք, 1979, 30 հուլիսի

Դիանան ծնվել է Բիրմայում (Մյանմա), արմատներով նորջուղայեցի հայերի սերունդների ընտանիքում, իսկ դպրոց հաճախել է Հնդկաստանում։ 1890թ. ամուսնու հետ տեղափոխվել է Ճապոնիա եւ առաջին տարիներն անցկացրել իր նորակազմ ընտանիքի հոգսերում։ Սակայն 1909թ. Ադանայում սկիզբ առած հայկական ջարդերը նրան մղում են գործի, եւ Դիանան կյանքի մնացած մասը մեծամասամբ նվիրում է հայերի դրության վրա ուշադրություն գրավելու գործին եւ Ճապոնիայում նույնիսկ ապաստարան հիմնում Հայոց ցեղասպանությունից փրկվածների համար։ Իր այս ջանքերը նրան մեծ գնահատանքի են արժանացրել, եւ արդյունքում Հայաստանի առաջին հանրապետության հիմնումից հետո նա նշանակվել է Ճապոնիայում Հայաստանի պատվավոր դեսպան։
Նա թողել է նաեւ գրական մեծ ժառանգություն, այդ թվում՝ գրքեր, պոեմներ եւ նամակներ։ Դիանան իր գրելու ձիրքը ծառայեցրել է նախնյաց երկրում (ուր երբեք չէր եղել) իր ազգակիցներին բաժին ընկած անարդարությունն ու դժբախտությունը ներկայացնելու համար։ Այս ամենի ընթացքում նա որոշակիորեն գործել է նաեւ իբրեւ պետական պաշտոնյա, եւ դա՝ այն ժամանակներում, երբ անգամ ավելի զարգացած երկրների մեծ մասում կանայք նույնիսկ քվեարկելու իրավունք դեռեւս չունեին։ 
Հետաքրքիր փաստ
1923թ. Կանտոյի մեծ երկրաշարժի հետեւանքով Դիանա Աբգարը կորցրել է իր տունն ու ապրուստի մեծ մասը։


10/15/2018

Լացը պաշտպանում է սթրեսից

Ճապոնիայում հետզհետե ավելի շատ դպրոցներ և ընկերություններ կոչ են անում աշակերտներին և աշխատակիցներին արտասվել, որպեսզի ազատվեն սթրեսից և պահպանեն հոգեկան առողջությունը։

Lenta.ru-ն հղում անելով The Japan Times-ին՝ գրում է, որ փորձագետների կարծիքով ուրախության կամ տխրության արցունքները օգնում են ազատվել լարվածությունից և հանգստացնում նյարդային համակարգը։

«Լացը մշտական սթրեսից ինքնապաշտպանություն է»,- ասել է ճապոնացի պրոֆեսորը։

Միջին դպրոցում կա ուսուցիչ, ով արդեն ավելի քան հինգ տարի լացի հատուկ դասընթացներ է անցկացում։ Դասերին նա սովորեցնում է մարդկանց, թե ինչպես լացի օգնությամբ ազատվել լարվածությունից։

«Եթե դուք լացում եք շաբաթական մեկ անգամ,  կարող եք ապրել ազատ՝ առանց սթրեսի»,- ասել է նա՝ հավելելով, որ դա ավելի արդյունավետ միջոց է, քան ծիծաղը կամ քունը։

Տոհո համալսարանի իր գործընկերների հետ նա շրջում է երկրով մեկ և լացի օգտակարության մասին դասախոսություններ կարդում։

Ճապոնիայում սթրեսըի պատճառով մարդկանց մահվան աճ է գրանցվել: Մարդիկ հաճախ ինֆարկտ և ինսուլտ են ստանում աշխատավայրում: 

9/30/2018

Հետաքրքիր փաստեր՝ պիցցայի մասին

Իտալական խոհանոցի այցեքարտ սննդատեսակը՝ պիցցան, ընդունված ու սիրված է մի շարք երկրներում:
Պիցցայի վերաբերյալ շատ հետաքրքիր փաստեր կան, որոնցից մի քանիսը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:
1.1993 թվականին պիցցերիայի «Դոմինո» ցանցը հրաժարվել է կես ժամում սնունդն առաքելու որոշումից, քանի որ առաքիչները հաճախ են վթարի ենթարկվել՝ արագությունը գերազանցելու հետևանքով: Փոխարենն առիթից օգտվել է «Rock n Roll» օնլայն ռեստորանը, որն առաքումն իրականացնում է 90 րոպեում:
2.Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին 2005 թվականին համարձակվել է ծաղրել ֆիննական խոհանոցը: Սա դրդել է, որպեսզի ֆիննական Kotipizza պիցցերիաների ցանցը «Berlusconi» անունով պիցցա պատրաստի: 2008 թվականին նրանք անգամ հաղթել են միջազգային մրցույթում՝ 2-րդ և 3-րդ տեղերում թողնելով Իտալիային ու Ավստրիային:
3.2012 թվականին հաքքերներին զայրացրել է  «Papa Johns» ռեստորանի սպասարկումը: Պատվերն ուշացրել են 2 ժամով: Արդյունքում հաքքերները փակել են նրանց կայքը:
4.Lady GaGa-ն 1 միլիոն դոլար է ծախսել՝ հյուրանոցի մոտ հավաքված երկրպագուներին պիցցա հյուրասիրելու համար:
5.Pizza Hut պիցցերիաների ցանցն օնլայն պատվերներ ընդունել է 1994 թվականից: 2001 թվականին նրանք Միջազգային տիեզերական կայան 1 միլիոն դոլարի առաքում են իրականացնում, ու սա շատ լավ գովազդ է լինում նրանց համար:
6.Մոտ կես դար Նյու-Յորքի մետրոյով երթևեկելու համար պահանջվել է պիցցայի մեկ կտորի համար պահանջվող գումար: Տնտեսագետներն անգամ կատակել են՝ սա անվանելով «ի հեճուկս պիցցայի»:
7.«Հասցնել 30 րոպեում» ֆիլմի հիմքում իրական պատմություն է: Պիցցերիաներից մեկի աշխատողը, ով ռումբի պայթյունից է մահացել, հասցրել է թալանել  բանկերից մեկը, իսկ երբ ձերբակալել են՝ ասել է, որ 3 հոգի իրեն բռնել են, պարանոցին պայթուցիկ տեղադրել ու ստիպել գողություն կատարել: 
8.Գոյություն ունեն DVD սկավառակներ, որոնք ունեն պիցցայի տեսք, իսկ գործածելիս անգամ հոտն է գալիս:
9.Ալյասկայում պիցցան առաքում են ուղղաթիռով կամ ինքնաթիռով:

9/26/2018

Ագարակի բրոնզեդարյան բնակատեղին

Հարգելի՛ ընթերցող, մենք ժամանակ առ ժամանակ փորձում ենք ներկայացնել Հայաստան աշխարհի պատմամշակութային արժեքները: Մեր ուշադրության կենտրոնում այս անգամ Ագարակի բրոնզեդարյան բնակատեղին է (Ք.ա 3-րդ հազ.1-ին կես, Ք.հ XVI-XVIII դդ):
Այն գտնվում է Արագած լեռան  հարավարևելյան ստորոտին: Կուր-արաքսյան մշակույթի բազմաշերտ հուշարձան է, շրջակայքն ամբողջությամբ պատված է ժայռափոր և քարակոփ կառույցների հսկայածավալ համալիրներով: Հիմնական շինությունները քարաշեն, կլոր կացարաններ են՝ շարված տուֆի խոշոր քարերով: Տեղում մետաղագործության մասին են վկայում հայտնաբերված անագային բրոնզի ձուլածոն, բրոնզից պատրաստված իրերը՝ դանակի շեղբ, բիզ և այլն: Գտնվել են նաև վանակատից, կայծքարից բազալտից, հրաբխային ապակուց և գետաքարերից պատրաստված առարկաներ, որոնք ունեցել են բազմաբնույթ կիրառական նշանակություն: 
Առանձնակի հետաքրքրություն են ներկայացնում հայտնաբերված թրծակավե մարդակերպ և կենդանակերպ արձանիկները, սայլանիվների մասերը, շան, կովի, ոչխարի, այծի, ցլի ոսկորները, 2 ժայռապատկերները և այլն: Հնավայրում բացվել է Վանի թագավորության շրջանի ժայռափոր դամբարան, որն Արաքս գետից հյուսիս ընկած տարածքում արձանագրված առաջին հուշարձանն է:
Պեղված հարուստ նյութերը վկայում են տեղում զարգացած երկրագործության և անասնապահության մասին:
Նշենք, որ պեղումներն իրականացվել են ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի արշավախմբի կողմից 2001-2008թթ.:








h

Լուկա Մոդրիչ.Պատերազմից մինչև ՖԻՖԱ-ի վարկածով 2018թ աշխարհի լավագույն ֆուտբոլիստ

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի՝ ՖԻՖԱ-ի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Մադրիդի «Ռեալի» եւ Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան խորվաթ Լուկա Մոդրիչը: Սա կապված է Աշխարհի առաջնությունում փայլուն խաղ ցույց տալու հետ:
BBC-ի փոխանցմամբ՝ դեռևս ՖԻՖԱ Աշխարհի առաջնության ժամանակ  լրագրողները  հետաքրքրվել են խորվաթ երկրպագուներից, թե դժվար չէ՞ր այս խաղը իրենց թիմի համար, նրանք պատասխանել են.

-Դուք մի՞թե չգիտեք Լուկա Մոդրիչին: Նա ստիպված է եղել ֆուտբոլ խաղալ ականապատ դաշտում: Հետևաբար, ոչ ինքն էր վախենում այս խաղից, ոչ մենք:

Նշենք, որ երկրպագուներն այս խոսքերն ասելիս նկատի են ունեցել  1991-2008 թվականների իրադարձությունները, որոնց հետևանքով նախկին Հարավսլավիայի Սոցիալիստական Ֆեդերատիվ Հանրապետությունը բաժանվել է վեց անկախ պետությունների և մեկ մասամբ ճանաչված պետության: Գործընթացը սկսվել է 1991-1992 թվականների ընթացքում, երբ իրենց անկախությունը հռչակեցին նշված վեց երկրներից չորսը` Սլովենիա, Խորվաթիա, Բոսնիա Հերցեգովինա և Մակեդոնիա:

-Ես 6 տարեկան էի, շատ ծանր տարիներ էին, ինձ համար դժվար է հիշել այդ օրերը: Պատերազմն ինձ ուժեղ դարձրեց: Չեմ ցանկանում, որ այս հուշերն ինձ ուղեկցեն ամբողջ կյանքում, չնայած մոռանալ էլ չեմ պատրաստվում,-2008 թվականին հարցազրույցներից մեկում ասել է Մոդրիչը:

Տվյալ անվանակարգի երեք հավակնորդների թվում էին նաև «Յուվենթուսի» պորտուգալացի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն եւ «Լիվերպուլի» եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը: Տարվա լավագույն ֆուտբոլիստուհին է ճանաչվել Բրազիլիայի հավաքականի հարձակվող Մարթան:

9/17/2018

Թբիլիսիի Հավլաբար թաղամասի մոտ հայկական գրությամբ տապանաքարեր են հանվել


Թբիլիսիի  Հավլաբար թաղամասին հարող՝ Բարաթաշվիլիի վերելքի նորացման աշխատանքների ընթացքում հայկական գրությամբ տապանաքարեր են հանվել: Այս մասին տեղեկացնում է aliq.ge-ն: Նշված հատվածի վերանորոգմամբ զբաղվող «Black Sea Group» շինարարական ընկերությունը շիրմաքարերը տրամադրելու պատրաստակամություն է հայտնել, դրանց որոշ մասը փրկվել է շինարարական աղբ դառնալուց և տեղափոխվել Խոջիվանքի հայ գրողների և հասարակական գործիչների պանթեոն:

Թբիլիսահայ հասարակական գործիչ Լևոն Չիդիլյանը նշել է, որ սրանք Խոջիվանքի տապանաքարերն են, որոնք 30-ական թվականներին Բերիայի հրամանով պանթեոնից հանվել և օգտագործվել են որպես շինանյութ:
«30-ական թվականներին կազմվեց Թբիլիսիի վերանորոգման գենպլանը, այդ ժամանակ այդ պլանին զոհ գնացին նաև մի շարք հայկական եկեղեցիներ: Այդ ժամանակ ճարտարապետները քաղաքի զարգացման մեջ չէին տեսնում նաև Խոջիվանքի գերեզմանատունը, տեղում կառուցվեց Բարեկամության այգին, որ գործեց մինչև 1991 թվականը: Ոչնչացված պանթեոնի տապանաքարերն օգտագործվեցին որպես շինանյութ: Քարերը տեսակավորվում էին ըստ որակի՝ բազալտն առանձին, օգտագործվում էր դրսի հարդարման, մարմարը՝ ներքին հարդարման ընթացքում»,- մանրամասներ է ներկայացրել Լևոն Չիդիլյանը:

Նա նաև նշել է, որ սա առաջին անգամը չէ, որ Թբիլիսիի տարբեր հատվածների վերանորոգման ընթացքում հայկական հետք է գտնվում: Տարիներ առաջ ևս իրենց նախաձեռնությամբ և Թբիլիսիի քաղաքապետարանի աջակցությամբ տապանաքարեր են տեղափոխվել Խոջիվանքի պանթեոն: Դրանց հանվել էին ներկայիս «Բիլթմոր» հյուրանոցի վերանորոգման ընթացքում, ժամանակին օգտագործվել էին շենքի ներքին հարդարման համար:

8/29/2018

Գյուղ, որտեղ կանայք ու տղամարդիկ խոսում են տարբեր լեզուներով


 Նիգերիայի Ուբանգե գյուղում կանայք ու տղամարդիկ խոսում են տարբեր լեզուներով: Առաջին հերթին երեխաները սովորում են մոր լեզուն: 10 տարեկանից սկսած տղաները նոր սկսում են խոսել տղամարդկանց լեզվով: Իսկ, եթե կանայք խոսեն տղամարդկանց լեզվով, կամ հակառակը, ապա նրանց պարզապես կկոչեն աննորմալ:

8/17/2018

Ո՞վ է ամենաերկար հարցազրույց տված երգիչը, որո՞նք են ամենափոքր կամ թանկ ինտերնետ էջերը


Համացանցը լի է անակնկալներով: Ամեն պահի կարող ենք հանդիպել անհավանական գաղափարներով կայքերի:
Գիտե՞ք, որ ամենափոքր ինտերնետ էջերը գտնվում են www.guimp.com-ում:

100-ից 30 թանկ դոմենները գնել են 2006 թվականին: Օրինակ՝ diamond.com-ը վաճառվել է 7.5 միլիոն դոլարով, vodka.com-ը՝ 3 միլիոն դոլարով:

ԴԵռևս 1999 թվականին 7.5 միլիոնով գնել են business.com-ը:

Պարզվում է՝ ամենաերկար անվանում ունեցող դոմեն էլ կա.այն www.llanfairpwllgwyngyllgogerychwyrndrobwyll-llantysiliogogogoch.com-ն է:

Մինչ օրս բացված ամենամեծ ինտերնետ-սրճարանը գտնվում է Նյու Յորքում: Այնտեղ կա 628 համակարգիչ: Բացումը տեղի է ունեցել 2000 թվականի նոյեմբերի 8-ին:

Ամենամեծ տուգանքը կազմել է 107.7 միլիոն դոլար: Ամերիկացի մի խումբ մարդիկ պատժվել են կայքում աբորտ անող բժիշկների լուսանկարներ հրապարակելու ու վերնագրում «փնտրվում» է գրելու համար:

Համացանցային ամենաերկար հարցազրույցը պատկանում է անգլիացի ռոք երգիչ Փոլ Մաքքարտնիին: 1997 թվականին «Flaming Pie» ալբոմի շնորհանդեսի ժամանակ ուղիղ եթերում ստացել է 3 միլիոն հարց, սակայն պատասխանել է 200-ին:

Տիգրանակերտում հայտնաբերել է մեծ եկեղեցու քիվի ատամ՝ «Բ» երկաթագրի փորագրությամբ


Արցախի Տիգրանակերտում պեղումներ իրականացնելու ընթացքում հայտնաբերել է մեծ եկեղեցու քիվի ատամ «Բ» երկաթագրի փորագրությամբ։«Եվս մի կարևոր գյուտ Տիգրանակերտի 2018 թ. պեղումներից։ Մեծ եկեղեցու քիվի ատամ «Բ» երկաթագրի փորագրությամբ։ Եթե նկատի առնենք, որ եկեղեցին կառուցվել է 5-րդ դարի վերջերին, այն հայերեն արձանագրի ամենավաղ վկայություններից է Արցախում։ Հավանական է, որ այն եկեղեցու ճարտարպետի անվան սկզբնատառն է»,- ֆեյսբուքյան էջում գրել է Տիգրանակերտի արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը։
Share on Facebook2
Share on Twitter

8/04/2018

Ռուսաստանի ԱԳՆ-ն աշխատանքի է ընդունել դերասան Սթիվեն Սիգալին



Ամերիկացի դերասան Սթիվեն Սիգալը ՌԴ ԱԳՆ-ում դարձել է ռուս-ամերիկյան հարաբերությունները կարգավորող հատուկ ներկայացուցիչ: 

Նա պետք է այս երկու երկրների կապերն ամրապնդի մշակութային, հասարակական և այլ ոլորտներում,-հաղորդում է lenta.ru-ն:
Նշվում է, որ այս աշխատանքի համար դերասանը չի վարձատրվելու:

Հիշեցնենք, որ 2016թվականին Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի քաղաքացիություն է շնորհել ամերիկացի դերասանին: 
Սիգալը հայտնի է Պուտինի հետ մերձավոր կապերով:
Ավելի վաղ ամերիկյան կայքերից մեկը հաղորդել էր, որ 2013թ.-ին Հյուսիսային Իռլանդիայում անցկացված Մեծ ութնյակի գագաթնաժողովի ժամանակ Պուտինը Բարաք Օբամային առաջարկել է Սիգալին նշանակել Ռուսաստանի պատվավոր հյուպատոս Կալիֆորնիայում, ինչպես նաև միջնորդ՝ Կրեմլի ու Սպիտակ տան հարաբերություններում:

Լիբանանում սիրիացի փոքրիկները ստիպված աշխատում են փողոցներում, արհեստանոցներում ու քարհանքերում


Բրիտանական Daily Mail պարբերականը ֆոտոշարքի միջոցով  պատմել է Լիբանանում ապաստանած սիրիացի փոքրիկ փախստականների մասին,  որոնք ստիպված են աշխատել՝ իրենց ընտանիքներին սննդով ու կացարանով ապահովելու համար: 

Պարբերականի փոխանցմամբ՝ Լիբանանի փողոցներում, արհեստանոցներում ու քարհանքերում աշխատում է առնվազն 180.000 երեխա, մեծ մասը՝ սիրիացի:


«Սիրիացի փախստականները, որոնց հետ մենք զրուցել ենք, ասում են, որ չեն ցանկանում իրենց երեխաներին նման աշխատանքի ուղարկել, բայց շատերի համար սա օրվա սնունդ հայթայթելու ու տանիքի համար վճարելու միակ միջոցն է»,-ասել  է Փրկարարներիր միջազգային կոմիտեի ներկայացուցիչը:

Անհավանական և տխուր պատկեր.Գիտնականներն ահազանգում են

Գիտնականներն ահազանգում են.Աֆրիկայում վերջին 12 տարիների ընթացքում անհասկանալի պատճառներով հսկա բաոբաբներ են ոչնչանում:  Շատերի դիտարկմամբ՝ պատճառը կարող է կլիմայի փոփոխությունը լինել, բայց սա ապացուցման կամ հերքման կարիք ունի:

Բաոբաբը (լատիներեն՝ Adansonia digitata), փիփերթազգիների ընտանիքի ծառատեսակ է, որը հիմնականում տարածված է Աֆրիկայի չոր արևադարձային սավաննաններում։ Ծառը չի այրվում, որովհետև նրա բնափայտը հագեցած է ջրով: Բաոբաբի կյանքի տևողությունը վեճերի առարկա է, քանի որ այն չունի ծառերին հատուկ տարեկան օղակներ:
2005-2017թթ. 60  ծառերի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ բոլոր ծեր բաոբաբները ոչնչացել են: Եղել են 1100-2500 տարեկան: Բոլորը եղել են Աֆրիկայի հարավային մասերում: Դրանց թվում է եղել Զիմբաբվեում գտնվող «Պանկե»-ն, որն ունեցել է 25.5մ բարձրություն, եղել է 2429 տարեկան:
-Նրանք պարզապես անսպասելի ընկնում են: Կարծում ենք՝ պատճառը բարձր ջերմաստիճանն է: Սա անհավանական և տխուր պատկեր է,-ասում է գիտնականներից մեկը,-հաղորդում է  BBC-ն: