7/02/2020

Որո՞նք են օրգանիզմում երկաթի դեֆիցիտի ախտանշանները

Երկաթը կարևոր դեր է խաղում մեր օրգանիզմի բնականոն աշխատանքի հարցում։
Երկաթ, քիմիական նշանը՝ Fe (լատ.՝ Ferrum)։ Երկաթը d-տարր է, պարբերական համակարգի ութերորդ խմբի երկրորդական ենթախմբում է, ատոմային համարը՝ 26։ Այն սպիտակ-արծաթափայլ մետաղ է։ Բացի Էներգիական չորրորդ մակարդակի 2 էլեկտրոնից, քիմիական կապերի առաջացմանը կարող են մասնակցել նաև երրորդ մակարդակի d-էլեկտրոնները։
➡️Երկաթը մարդու օրգանիզմի բնականոն կենսագործունեությանը նպաստող անհրաժեշտ միկրոտարրերից մեկն է։ Ի տարբերություն մակրոտարրերի, որոնց օրական պահանջը սկսվում է 200 մգ-ից, միկրոտարրերի հանդեպ պահանջը համարվում է տասնյակ միլիգրամներով։
➡️Երկաթն առավել ուսումնասիրված միկրոտարրերից մեկն է` պարունակվում է հիմնականում էրիթրոցիտների` հեմոգլոբինի, ավելի քիչ քանակությամբ` միոգլոբինի (մկանային հեմոգլոբին), լյարդի և փայծաղի որոշ ֆերմենտների մեջ։
➡️Հեմոգլոբինը սպիտակուց է, որի մեջ պարունակվող երկաթի ատոմները կապում են թթվածինը և հասցնում հյուսվածքների մեջ։ Եթե երկաթը վատ է յուրացվում կամ չի ներմուծվում սննդի հետ, ապա զարգանում է հյուսվածքների թթվածնային սով կոչվող հիվանդությունը, որի ախտանիշներն են` մաշկի գունատություն, հոգնածություն, թուլություն, գլխացավ և գլխապտույտ, հևոց, առիթմիա և այլն։
➡️Երկաթի հանդեպ պահանջը բարձր է հղիների և ծանր ֆիզիկական աշխատանք կատարողների մոտ, թթվածնի սակավության և արյան կորստի դեպքում։ Որպես երկաթ պարունակող հումք` մթերքի արժեքը գնահատվում է ոչ միայն` ըստ պարունակող երկաթի քանակի, այլ նաև կախված է նրանից, թե ինչպես է այն յուրացվում։ Լավ է յուրացվում այն երկաթը, որը պարունակվում է կենդանիների մսում, երիկամներում, լյարդում և այլն. նման երկաթը կոչվում է հեմային։ Բույսերում պարունակվող ոչ հեմային երկաթն ավելի դժվար է յուրացվում։
✅Մեկօրյա պահանջը կանանց մոտ 18 մգ է, հղիներին և կերակրող մայրերին պահանջվում է օրը 20 մգ երկաթ, իսկ տղամարդկանց բավարար է 10 մգ-ը։
✅Սննդամթերքի հետ ստամոքսի թթվային միջավայրում հայտնված երկաթն իոնիզացվում և ներծծվում է 12-մատնյա աղիի (մասամբ բարակ) պատերի միջոցով։ Երկաթի իոնները կապվում են արյան մեջ գտնվող սպիտակուցի հետ և փոխադրվում ոսկրածուծի, լյարդի մեջ և այլն։
✅Չափահաս մարդու օրգանիզմում պարունակվում է մոտ 4000 մգ երկաթ, որի 70 տոկոսը գտնվում է հեմոգլոբինի մոլեկուլներում, 4 տոկոսը` միոգլոբինում, 1 տոկոսը` երկաթ պարունակող ֆերմենտներում, իսկ 25 տոկոսը պահեստավորված է։
✅Անեմիան ավելի հաճախ հանդիպում կանանց մոտ, որոնք պարբերաբար կորցնում են 45-90 մգ արյուն։ Անեմիայի պատճառ կարող է դառնալ նիհարեցնող սննդակարգը. կարևոր է իմանալ, որ կաթնամթերքը և միրգ-բանջարեղենը չեն նպաստում արյունաստեղծմանը։
✅Կարևոր է նաև հաշվի առնել, որ հղիության շրջանում օրգանիզմում պարունակվող երկաթը փոխանցվում է պտղին` ընկերքի, իսկ կերակրելու ժամանակ` մայրական կաթի միջոցով։
✅Տարեց մարդկանց մոտ երկաթի սակավությամբ ուղղորդվող անեմիան հաճախ զարգանում է ստամոքսահյութի ցածր թթվայնության, իսկ երեխաների մոտ` ճիճվակրության պատճառով։
✅Երկաթի յուրացմանը խոչընդոտում են հորմոնալ դեղերը, թեյում, սուրճում, գազավորված ըմպելիքներում պարունակվող տանինները, ֆոսֆորի և կալցիումի աղերով հագեցած սննդամթերքը։
‼️Զգուշացում։ Անհրաժեշտության դեպքում հեմոգլոբինի մակարդակը բարձրացնում են երկաթ պարունակող դեղորայքով։ Կարևոր է իմանալ, որ երկաթը թթվեցնող «գործակալ» է, այն կարող է դառնալ ազատ ռադիկալների առաջացման պատճառ։‼️
‼️‼️Երկաթ պարունակող դեղամիջոցները չի կարելի օգտագործել առանց բժշկի նշանակման և համապատասխան վերահսկողության։ Հատկապես պետք է զգուշանան ռևմատոիդ արթրիտով հիվանդները։ Երկաթի յուրացմանը նպաստում են հակաօքսիդանտները։
✅ Երկաթի սակավությունը կանխարգելելու և լրացնելու նպատակով խորհուրդ է տրվում ճշտել սննդակարգը։ Օրինակ, առավոտյան ուտել ոչ հեմային երկաթ պարունակող, բուսական ծագում ունեցող սննդամթերք, իսկ երեկոյան հեմային երկաթ պարունակող մսեղեն, կամ համատեղել այս մթերքները։
✅➡️✅ Սննդակարգի ճշտման համար կարող է օգտակար լինել ձեր ուշադրությանը ներկայացվող ցանկը.
1. Խոզի և տավարի միս` պարունակվում է 7 մգ երկաթ (100 գ մեջ), խոզի և տավարի լյարդ` 12 մգ, լեզու` 5 մգ, ձու` 3, ձվի դեղնուց` 7, լոբի` 12, ոլոռ` 9,5, քարավուզի տերև` 16, սամիթ` 12, մաղադանոս` 8, ծիրանի չիր` 4, սև շլորաչիր և չամիչ` 4, խուրմայի չիր` 2, քունջութի սերմ` 10, նուշ` 3, ցորենի ամբողջական հատիկ` 3, ցորենի թեփ` 19, բարձր որակի ցորենի ալյուր` 1, հնդկաձավար` 8, վարսակի փաթիլներ` 4,5, կակաոյի փոշի` 10,5, խնձոր`
2 մգ։
✅➡️✅Երկաթի անհրաժեշտ քանակը կարելի է ստանալ.
1. 100 գ խաշած մսից, հնդկահավից, հավի ճտից (հեմային),
2. 250 գ թարմ բանջարեղեն և կանաչեղեն, 120-150 գ շիլա (հնդկաձավար, վարսակ) և այլն, մեկ բաժին խաշած լոբի։

5/31/2020

Մեկ կամ մի քանի հարյուր հոգին ինչպե՞ս պայքարեն այս բացառիկ տգիտության ու կարճ հիշողության դեմ

Ցանկացած ժամանակահատվածի վերաբերյալ գրքեր կարդացեք ու կտեսնեք, որ ամենամեծ վնասը հայն է իրեն տվել ու ցավոք, այսօր էլ շարունակում է տալ։

Երբ 2018 թվականին եղավ հեղափոխությունը՝ կոնկրետ ինձ շատ ուրախացրեց։ Ցանկացա տեսնել զարգացած, գեղեցիկ ու օրենքի երկիր, որտեղ այլևս մարդուն չէին տանի ռեժիմով ծեծեին ու ունեցվածքը խլեին, ընտանիքի անդամներին չէին վախեցնի ու բռնաբարի, մարդը անհետ չէր կորչի, դատարանը որևէ մեկի սեփականությունը չէր լինի։ Մարդուն աշխատանքից անհիմն չէին ազատի ու չէին ասի՝ ուր ուզում ես՝ գնա ու բողոքիր, մեկ է չես հաղթելու, գողական ընկերներիս կուղարկեմ մոտդ, դատարանն էլ մերն է։ Ինչ-որ մեկն իրեն մարզի կամ քաղաքի իշխան չէր համարի ու հայրենակիցներին ոչխարի կամ ստրուկի տեղ չէր դնի։
Նկատեցի, որ բազմաթիվ չի կարելիների համար պայքարում էր և պայքարում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ամեն կերպ, անգամ կենցաղային հարցերի միջոցով փորձում է բարձրացնել ժողովրդի որոշ հատվածի ինքնագիտակցությունը։ Հույս ունեմ, որ կստացվի, հակառակ դեպքում մենք բոլորս դատապարտված են կրկին դժոխքում հայտնվելուն ու ապրելուն։
Մեր ժողովուրդը չի սիրում աշխատել, չի սիրում առանց ծանոթ-բարեկամի, ինքնուրույն հարցեր լուծել։ Մի ծանոթ ունեմ, ասում է՝ ինչո՞ւ գնամ ժամերով բանկում հերթ կանգնեմ, հենա՝ կզանգեմ, կգնամ, արագ ինձ կընդունի։ Բանկը ձեզ որպես օրինակ՝ բոլոր ոլորտների։
Կառավարությունը կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակում աղքատիկ բյուջեից օգնություն հատկացրեց ժողովրդին, մի բան, որ օրինակ աշխարհի լավագույն, մեծ ֆինանսներ ունեցող երկրներից Գերմանին ու Իտալիան չցուցաբերեցին։ Ոչ մի կոպեկ օգնություն։ Պարտադրել են գործատուներին, որ իրենց աշխատողներին 70 տոկոսով վճարեն և վերջ։ Իսկ այստեղ․․․օգնություն ստացան, բայց էլի դժգոհ են, իբր կառավարությունն էր կորոնավիրուսը պատվիրել։ Իրենց մոտ երևի այդ տպավորությունն էր, որ սկսեցին մոռանալ արտակարգ դրության մասին ու գնացին կառավարության շենքի մոտ բողոքելու։ Նայում ես՝ ովքեր են բողոքողները, չգիտես՝ լացես, թե ծիծաղես։ Ոմն 20-ամյա տղա, ով ապրիլյան պատերազմի օրերին եղել է բանակում, չի մասնակցել պատերազմին, բայց իրեն որպես հերոս է ներկայացնում, ու եթե նախկինում պատերազմի մասնակցիների դարդն էր իր արևին լացում, հիմա սկսել է վարկատուների դարդը լացել, վաղն էլ թոշակառուների դարդը կլացի։ Մյուս կողմում տաքսու վարորդների դարդը լացողնեն են, որ դարձել են իրավաբան ու պաշտպան, բայց այս դեպքում հուզված են բանկերի գործունեությունից։ Իսկ նրանց կողքին ինչ-որ դերասան է, ասում է՝ հա, ոչինչ, որ կորոնավիրուս է, ռեստորանները թողեք աշխատեն, որ ես անկապ դուրս տամ, միլիոններ աշխատեմ, 68,000 դրամ օգնությունը քիչ է, ոնց պահեմ երեխեքիս։ Միլիոնանոց սեփական տանդ արև՞, որ փող չունես։ Դե հա, քեզ լեզու քո այսպես կոչված հանդիսատեսն է տվել։ Իրենց ճաշակն իրենց ուտի, քեզ էլ հետը։ Ամենակարևորը, այս հավաքվածներին մի երկու շաբաթ մեկ բան էր կապում, այն է՝ 21-րդ դարում սուրհանդակ կարգվածին ո՞նց գտնենք, միանանք իրեն։ Արդեն հասկացեք, թե ովքեր են ուղարկում ազգի դարդով մտահոգվածներին։ Նրանք, ի դեպ, նախկինում լուռ էին, վերը թվարկված խնդիրները նրանց կույր աչքերը չէին տեսնում։ Կամ էլ, երևի բոքսով տալիս էին, որ չտեսնեին, հետո մի քանի գրոշ գցում էին դիմացները սսկվում էին։ Ի դեպ, արտակարգ պայմանների կանոնները խախտելու համար օրինակ եվրոպայում 350 եվրոյով տուգանում են ու խիստ պատիժներ են սահմանում։ Արժեր և պետք է դա ևս այստեղ կիրառել։
Ամենացնցող այսպես կոչված ցույցերից մեկն էլ մայիսի 24-ին էր՝ Քաջարանում։ Համայնքապետը ժողովրդին ոտքի էր հանել, որ պաշտպանեին իրեն ու կողակիցներին։ Բայց, դե ներկայացնում էին այսպես՝ ինքնաբուխ հավաք է։ Կապանում, Քաջարանում, անգամ ջուրը ինքնուրույն չի հոսի, ի՞նչ ինքնաբուխ։ Այդ երկու քաղաքների բնակչության 95 տոկոսն աշխատում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում ու հենց Քաջարանը կառուցվել է որպեսզի կոմբինատում աշխատողնեը բնակվեն այդտեղ։ Ինքնաբուխ․․ինչպես կասեր իրենց կարոտած ղեկավարը՝ իյա, իրո՞ք։
Բա ասենք գյուղատնտեսությության ոլորտից խոսող զանգվածը․․երբ հարցնում են՝ օրինակ ինչպե՞ս կարելի է լուծել այս կամ այն խնդիրը, պատասխանում են, թե ինչի՞ ասեմ, երբ պաշտոն ունենամ՝ կասեմ։ Իրենք էլ գյուղացու համար մտահոգվողներն են, էլի։
Իսկ այսօր, ինչ-որ մի օդից ընկած աղջիկ, ով հեղափոխությունից հետո ուզում էր քաղաքականություն մտնել կամ, ավելի ճիշտ նրա դեմքով չգիտես, թե ով էր ուզում հայտնվել, չգիտես թե ինչ ֆոտոշոփ արած դիմակի տուփ է հրապարակել ու ասում է, թե բա տեսեք, գրված է, որ չի պաշտպանում վիրուսից։Մեկը լինի ասող՝ այ աղջիկ, ամբողջ աշխարհի բժիշկներն ասում են, որ բժշկական դիմակը 80 տոկոսով մարդուն պաշտպանում է, հիմա ի՞նչ ես ուզում, որ երկրում քաոս ստեղծվի, մարդիկ չենթարկվեն կարգ ու կանոնի, վարակվեն , մահանան ու մեղավորը իշխանությունը լինի՞։ Սա, ինչպես նաև ժողովրդին մանիպուլյացիայի ենթարկելը, նախկինում կատարած թալանը, հանցագործությունները մոռանալն ու սրբի կերպարով ներկայանալը իսկակական դավաճանություն են։ Ինչպե՞ս է հայ ազգը ծնում այսքան ստոր, դավաճան ու նենգ մարդկանց։ Ինչո՞ւ չպետք է այս երկիրն էլ ծաղկի, ինչո՞ւ չպետք է ունենանք պետականամետ, հայամետ քաղաքացիներ ու վաղվա քաղաքական գործիչներ։
Մեկ կամ մի քանի հարյուր հոգին ինչպե՞ս պայքարեն այս բացառիկ տգիտության ու կարճ հիշողության դեմ, ինչպե՞ս։ Ե՞րբ պետք է սովորենք հարգել օրենքը, մարդկանց, ի վերջո արդարությունը։

5/22/2020

Վիտամինների պակասի հետևանքով առաջացող խնդիրները

Վիտամին A
A վիտամինի պակասն ուղեկցվում է էպիթելիումի բջիջները նորմալ վիճակում պահող գործընթացների խախտմամբ: Դա արտահայտվում է մաշկի չորությամբ, մանր թեփոտությամբ, եղունգների վրա հորիզոնական ակոսների առաջացմամբ, մազերի չորությամբ և փխրունությամբ: Նաև կարող է առաջանալ լորձաթաղանթների էրոզիա, հնարովոր են կոնյուկտիվիտներ, բլեֆարիտներ և ստոմատիտներ: Նվազում է ստամոքսահյութի արտադրությունը, ինչն ուղեկցվում է սննդի մարսողության և ներծծման խախտումներով: A վիտամինի պակասի դեպքում խախտվում է մթնշաղային տեսողությունը` այսպես կոչված «հավկուրություն է» առաջանում: Կարող է զարգանալ նաև կսերֆտալմիա` կոնյուկտիվայի և աչքի եղջերաթաղանթի չորություն արցունքարտադրության խախտման հետևանքով: A վիտամին են պարունակում կարագը, գազարն ու բազուկը:
B խմբի վիտամիններ
B1 վիտամինի պակասի դեպքում ի հայտ է գալիս անքնություն, հոգնածություն, թուլության, մկանների թուլություն, դեպրեսիա, գրգռվածություն, քաշի կորուստ, աղիստամոքսային և սրտի հետ կապված խնդիրներ: B2 վիտամինի պակասի դեպքում նկատվում են` աչքերի կարմրություն, ցավոտ զգացողություններ բերանի խոռոչում և լեզվի վրա, յուղոտ մազեր, դերմատիտ և ապատիա: B3 վիտամինի պակասը գլխացավ է առաջացնում, ուժերի անկում, տհաճ հոտ բերանից, նյարդայնություն, խոց, վատ ախորժակ և աղիստամոքսային համակարգի հետ կապված խնդիրներ: B5 վիտամինի պակասի դեպքում կարող են նկատվել կծկումներ, հոգնածություն, այրոց ոտքերում, սրտային առիթմիա, սրտխառնոց և անքնություն: B6 վիտամինի պակասն առաջացնում է անքնություն, անեմիա, մաշկի հետ կապված խնդիրներ, մազաթափություն, մկանային կծկումներ, ինչպես նաև հեղուկի կուտակում օրգանիզմում: B12 վիտամինի պակասն առաջացնում է հոգնածություն, դիարեա, հավասարակշռության խախտում, դեպրեսիա, ախորժակի բացակայություն, նյարդերի բորբոքում և ցավ լեզվի վրա և բերանի խոռոչում:
B1 վիտամին են պարունակում ցորենազգիները, կաթնամթերքը: B2 պարունակում են պանիրը, լոբազգիները, հնդկաձավարն ու վարսակը: B5 վիտամինի պակասը կարելի է լրացնել, օգտագործելով տավարի միս և լյարդ, ծովաձուկ, ձու, կաթ, թարմ բանջարեղեն, լոբազգիներ, ցորենազգիներ, ընկույզ, սունկ, մեղվակաթ, ինչպես նաև ցորեն ու բազմահասկ տարեկանի ալյուր: B6 վիտամին պարունակում են թռչնամիսը, տավարի միսը, ընկույզը, լոբին, կարտոֆիլը: B12 վիտամին պարունակում են տավարի և հորթի լյարդը, երիկամները, ձվի դեղնուցը, կաթի փոշին, բայց ցածր յուղայնության, ծովամթերքը: B12 վիտամին որոշ քանակությամբ կա նաև տավարի մսում, թռչնամսում, ծովամթերքում, պանրի պինդ տեսակներում և կաթնաթթվային մթերքներում:
Վիտամին C
Վիտամին C-ն հզոր հակաօքսիդանտ է, որը խոչընդոտում է վարակի ներթափանցմանը, հակաալերգիկ և հակաբորբոքային ազդեցություն ունի: Վիտամին C-ն ոչ միայն ամրապնդում է իմունիտետը, այլ նաև ուժեղացնում է այլ նյութերի ազդեցությունն օրգանիզմում, օրինակ, վիտամին Е-ի: Ասկորբինաթթուն նպաստում է հորմոնալ սինթեզին, կարգավորում է արյունաստեղծ գործընթացները, ամրացնում է անոթների պատերն ու բարձրացնում է կալցիումը յուրացնելու օրգանիզմի ունակությունը: Այդ վիտամինի պակասի դեպքում խնդիրներ են առաջնում վերքերի կամ կոտրվածքների ապաքինման հետ, արյունահոսում են լնդերը, արյունահոսություն կարող է լինել քթից, ցավոտ և ուռած հոդեր, մարսողական խնդիրներ կարող են առաջանալ, սակավարյունություն և հեմատոմաների առաջացման հակվածություն:
Վիտամին C են պարունակում մասուրը, խնձորը, ցիտրուսները, չիչխանը և այլն:
Վիտամին D
Վիտամին D-ից է կախված ֆոսֆորի և կալցիումի փոխանակումն օրգանիզմում: Վիտամին A-ի հետ վիտամին D-ն մեծապես հակազդում է շաքարախտի առաջացմանը, աչքերի և մաշկային հիվանդություններին, ինչպես նաև տարբեր վարակիչ հիվանդություններին, միաժամանակ նպաստելով օսթեոպորոզի դեմ պայքարին և կոտրվածքների արագ ապաքինմանը:
Այդ վիտամինի պակասը փխրուն է դարձնում ոսկրերը և դժվարացնում է կոտրվածքների ապաքինումը, առաջացնում է ռախիտ, կարիես, քարեր երիկամներում, մկանային թուլություն և կալցիումի վատ յուրացում:
Վիտամին D են պարունակում կաթնաթթվային մթերքները, կաթնաշոռը և պանիրը, բուսական և սերուցքային կարագը, հում դեղնուցը, ծովամթերքը, ձկների լյարդը, ձկան յուղը, ծովային ձկնատեսակները:
Վիտամին E
Վիտամին E-ն ուժեղ հակաօքսիդանտ է, որի շնորհիվ հաջողությամբ պայքարում է ազատ ռադիկալների հետ, որոնք նպաստում են տարբեր պաթոլոգիաների առաջացմանը:
Այդ վիտամինի պակասն առաջացնում է սակավարյունություն, սրտի աշխատանքի անկում, վերարտադրողական և նյարդային համակարգի հետ կապված խնդիրներ, ռեֆլեքսների նվազում, բարդություններ հավասարակշռության հետ: Վիտամին E են պարունակում բուսական յուղերը, ընկույզը, ցորենը, արևածաղկի սերմերը, սպանախն ու բրոքոլին, ինչպես նաև լյարդը, ձվի սպիտակուցն ու կաթը:
Վիտամին H
Այս վիտամինը նյարդային համակարգի «բժիշկն է» և ածխաջրածնային փոխանակման կատալիզատոր, որի շնորհիվ օրգանիզմը ստանում է էներգիայի անհրաժեշտ քանակություն: Վիտամին H-ը գերազանց գործակցում է ինսուլինի հետ` կանոնավորելով շաքարի քանակն արյան մեջ և խոչընդոտելով շաքարախտի առաջացմանը: Այդպիսով, այս վիտամինը կարելի է անվանել կենսական ուժի և էներգիայի վիտամին: Բացի այդ, այս նյութն անփոխարինելի է իմունային համակարգի պաշտպանական ֆունկցիաների խթանման համար, և, որքան էլ տարօրինակ թվա, նպաստում է գեղեցիկ վարսերի պահպանմանը` բիոտինի հատկություններից մեկը ճաղատացման և վաղաժամ ճերմակելու կանխումն է: Վիտամին H-ի պակասը դրսևորվում է մազերի թեփոտությամբ և տարբեր մաշկային հիվանդություններով (որպես կանոն, վնասվում են դեմքը, ձեռքերն ու ոտքերը), աղիստամոքսային համակարգի խանգարումներով (դիսբակտերիոզ, գաստրիտ), այտուցվածությամբ և խոլեստերինի քանակի բարձրացմամբ արյան մեջ: Ծայրհեղ վտանգավոր դեպքերում կարող են առաջանալ մկանների դիստրոֆիա և ողնուղեղի դեգեներացիա:
Վիտամին H են պարունակում ձվի դեղնուցը, պանիրը, կովի կաթը, թռչնամիսը, տավարի միսը, խոզի միսը, որոշ ձկնատեսակներում:
Վիտամին F
Դա թթուների մի ամբողջ խումբ է, որոնք կարող են վերածվել ակտիվ միացությունների` բջջային հորմոնների, որոնք կոչվում են պրոտագլանդիններ և տրոմբոքսաններ: Վիտամին F-ը լուծվում է ճարպի մեջ, ուստի դրա յուրացման համար անհրաժեշտ են ճարպեր: Այն ունի հակագիստամինային և հակաբորբոքային ազդեցություն, ազդում է սեռական բջիջների առաջացման վրա, խթանում է իմունիտետը, իսկ վիտամին D-ի հետ հզոր «կենսակատալիզատոր է», որը նպաստում է կալցիումի և ֆոսֆորի նստվածքին ոսկրային հյուսվածքում:
Վիտամին F-ի պակասը դրսևորվում է առաջին հերթին տարբեր բորբոքումներով, մաշկի և լորձաթաղանթի ալերգիկ ռեակցիաներով, բշտիկներով և ակնեով, մաշկի չորությամբ, քանի որ նվազում է խոնավությունը պահելու գործառույթը: Այս վիտամինի պակասը լավ հող է ստեղծում մաշկային տարբեր հիվանդությունների զարգացման համար, բացի այդ, կարող են տուժել լյարդն ու սիրտ-անոթային համակարգը: Վիտամինի մշտական պակասի դեպքում կարող են զարգանալ աթերոսկլերոզ, արյան հիպերտենզիա, որը բարդ դեպքերում, կարող է սրտի կաթվածի կամ ինսուլտի պատճառ դառնալ:
Վիտամին F կա կտավատի, արևածաղկի, եգիպտացորենի, ձիթապտղի ձեթի, ընկույզի յուղի, ինչպես նաև կենդանական ճարպերի մեջ:
Վիտամին P
Վիտամին P-ն լիարժեք գործում է միայն վիտամին C-ի առկայության դեպքում: Նրա հիմնական գործառույթներն օրգանիզմում կապիլյարների թափանցիկության կարգավորումն է, մասնակցությունը թթվային և վերականգնողական գործընթացներին, շաքարի քանակի կանոնակարգմանն արյան մեջ, կանխում է արյունահոսությունները, նվազեցնում է խոլեստերինի քանակը: Վիտամին P-ն հաճախ է կիրառվում երիկամների խրոնիկ հիվանդությունների, հիպերտոնիայի, ալերգիկ հիվանդությունների բուժման ժամանակ:
Վիտամին P-ի պակասի դեպքում զգացվում է թուլություն, ընդհանուր տկարություն, հոգնածություն, ցավեր վերջույթներում: Անոթների փխրունության պատճառով կարող են առաջանալ փոքր արյունահոսություններ անոթային «աստղիկների» տեսքով և մանր կապտուկներ ամենաթեթև մեխանիկական ազդեցության հետևանքով` այդ ժամանակ նշանակում են բիոֆլավոնիդներ վիտամին C-ի հետ:
Վիտամին P կա մորու, մոշի, սև հաղարջի, մասուրի, կեռասի, ծիրանի, խաղողի, լոլիկի, մաղադանոսի, համեմի, սամիթի, բիբարի մեջ, նաև հնդկաձավարի:
Վիտամին РР
Վիտամին РР-ն (նիկոտինաթթուն) մասնակցում է օրգանիզմի թթվային-վերականգնողական գործընթացներին: Հենց այս վիտամինի շնորհիվ է արյան մեջ պակասում «վատ» խոլեստերինի քանակը և առաջանում է ազատ էներգիա ճարպերից ու ածխաջրերից: Նիկոտինաթթուն խոչընդոտում է նաև սիրտանոթային հիվանդությունների, արյան բարձր ճնշման, շաքարախտի առաջացմանը և խթանում է աղիստամոքսային համակարգի աշխատանքը: Վիտամին РР-ի պակասն ի հայտ է գալիս իմունիտետի թուլացմամբ, կենտրոնական նյարդային համակարգի խախտումներով, քաշի կորստով, բարձր թթվայնությամբ, ընդհանուր թուլությամբ և դեպրեսիայով: Վիտամինը պարունակվում է տավարի լյարդի, խոզի մսի, պանրի, ձկան, կաթի, ձվի, սպիտակ թռչնամսի, բրոքոլիի, գազարի, կարտոֆիլի, լոլիկի, լոբազգիների, խուրմայի և այլ մթերքի մեջ:
Վիտամին K
Օրգանիզմում այս վիտամինի բավարար քանակից է կախված արյան մակարդելիությունը, անոթների պատերի ամրությունը, ստամոքսի աշխատանքը, մկանների աշխատանքը: Վիտամին K-ն հաճախ է օգտագործվում կրծքի, ձվարանների և հաստաղիքի քաղցկեղի բուժման և պրոֆիլակտիկայի համար: Այս վիտամինի պակաս կարող է առաջանալ աղիքներում նրա ներծծման խախտման հետևանքով:
Այս վիտամինը պարունակում են կանաչիները, կանաչ լոլիկը, կաղամբի բոլոր տեսակները, սոյայի և ձիթապտղի ձեթը, ընկույզը, կաթը, ձկան յուղը, ձուն և խոզի լյարդը:

5/15/2020

Քարավուզի՝ նեխուրի օգտակար հատկությունները

Նեխուրը պարունակում է բազմաթիվ վիտամիններ` A, B1, B2, B3, B5, B6, C, PP, U, E, K, բջջանյութ, եթերայուղ, կալիումի միկրոէլեմենտներ, կալցիում, ցինկ, երկաթ, ֆոսֆոր, բոր, քլոր ևայլն։Հիպոկրատը գրում էր, որ նյարդային խանգարումների դեպքում նեխուրը պետք է և՛ սնունդ լինի, և՛ դեղամիջոց: Նեխուրը հատկապես հարուստ է մագնեզիումով: Մագնեզիումի պակասը հանգեցնում է անհանգստության ու վախի զգացումին, մարդը դառնում է դյուրագրգիռ, շուտ է հոգնում, գերզգայուն է դառնում եղանակի փոփոխությունների հանդեպ: Նեխուրի մեջ պարունակվող նատրիումը կանխարգելում է օրգանիզմում աղերի կուտակումները:
 Հոդատապի եւ ռևմատիզմի դեպքում
ա) 1 ճաշի գդալ նեխուրի սերմերի վրա 1,5 բաժակ եռացրած-սառեցրած ջուր լցնել, թողնել 2 ժամ, քամել, ուտելուց կես ժամ առաջ` օրը երեք անգամ, ընդունել 2 ճաշի գդալ:
բ) Նեխուրի թարմ արմատները մանրացնել, 1 ճաշի գդալ արմատներին ավելացնել 2 բաժակ եռման ջուր, թողնել թերմոսի մեջ 2 ժամ, քամել, ընդունել 1/4 բաժակ, ուտելուց կես ժամ առաջ` օրը 3-4 անգամ:
Նեխուրի պատրաստուկները խոչընդոտում են աթերոսկլերոզի զարգացմանը եւ իջեցնում արյան ճնշումը: Այս հիվանդությունների կանխարգելման համար խորհուրդ է տրվում նեխուրն ընդգրկել կերակրացանկում:
Գաստրիտի դեմ: 30-40 գրամ նեխուրի արմատներին ավելացնել 1 լիտր եռման ջուր, թողնել 8 ժամ: Խմել 2 ճաշի գդալ, օրը 3 անգամ, ուտելուց առաջ: Նույն միջոցով բուժում են նաեւ ստամոքսի խոցն ու 12-մատնյա աղիի խոցը:
– Շաքարային դիաբետ: 20 գրամ թարմ նեխուրի տերևներին ավելացնել մի բաժակ ջուր, եռացնել 15 րոպե: Խմել 3 ճաշի գդալ, օրը 3 անգամ` ուտելուց առաջ: Նույն թուրմը կարելի է պատրաստել նաեւ նեխուրի արմատներից, միայն պետք է եռացնել կես ժամ:
 Նեւրոզներ, քնի խանգարումներ: Նեխուրի թարմ հյութը խմել օրը 3 անգամ, 1-2 ճաշի գդալ` ուտելուց առաջ: Նույն միջոցն օգտակար է նաեւ եղնջատենդի, հոդատապի եւ դերմատիտի ժամանակ:
– Երիկամների հիվանդություն
ա) Երիկամների թուլության դեպքում օգտակար են նեխուրի եփած սերմերը: 1 թեյի գդալ սերմերին ավելացնել 1 բաժակ ջուր, եփել, ավելացնել նախապես եփած ոլոռ եւ մեղր ըստ ճաշակի: Խառնել, խմել 2 ճաշի գդալ, ուտելուց կես ժամ առաջ` օրը 3 անգամ: Քարավուզը նպաստում է երիկամներում կուտակված քարերի հեռացմանը: Նաեւ օրգանիզմից հեռացնում է միզաթթուները:
Երիկամներում քարերը կարելի է դուրս բերել օրգանիզմից հետեւյալ եփուկով. 2 թեյի գդալ նեխուրի սերմերի վրա լցնել 1 բաժակ եռման ջուր, եռացնել կես ժամ: Ընդունել օրը 2 անգամ` 3 ճաշի գդալ:
Նեխուրը՝ որպես ավելորդ քաշի դեմ պայքարի աջակից
Ապացուցված է, որ 100 գ նեխուրը պարունակում է ընդամենը 16 կալորիա, 1,6 գ բջջանյութ, որն էլ օրգանիզմից տոքսինները դուրս բերելու պատասխանատուն է։
Եվ վերջապես, նեխուրը մեր օրգանիզմին մատակարարում է մագնեզիում և կալիում՝ հանքանյութեր, որոնք խթանում են միզամուղ համակարգի աշխատանքը և դուրս են բերում ավելորդ հեղուկը։
Այդ պատճառով էլ նեխուրը նիհարեցնող գրեթե բոլոր դիետաների բաղադրամասերից է։
Նեխուրը նաև հակաօքսիդանտ է, պարունակում է A,B,C,D վիտամիններ և մագնեզիում, որն էլ կանխում է մեր օրգանիզմի վրա վտանգավոր ազատ ռադիկալների ունեցած ազդեցությունը։
Նեխուրի հիմքով հյութերի, կոկտեյլների և սմուզիների բաղադրատոմսերը՝ ստորև․
1. Նեխուրի, տանձի, վարունգի և գազարի հյութ
Այս հյութն ավելի լավ է խմել ամռանը, որպեսզի ազատվեք վերջույթների այտուցից և վերջույթներում կուտակված հեղուկից։
Քեզ անհրաժեշտ է նեխուրի 3 ցողուն, 2 տանձ, 2 վարունգ և 1 գազար։
Ցանկության դեպքում կարելի է հյութը քաղցրացնել։
Եթե հյութը թանձր լինի, կարող ես ավելացնել մի քիչ ջուր։
Խմել առավոտյան, ցանկալի է` նախաճաշից առաջ։
2․Նեխուրի, գազարի և խնձորի հյութ
Սա ամենատարածված համադրություններից մեկն է։
Այս հյութն օգտակար է այն առումով, որ մաշկը նախապատրաստում է արևային լոգանք ընդունելուն, դանդաղեցնում է բջիջների ծերացումը, խթանում է լյարդի աշխատանքը, պայքարում է սակավարյունության դեմ, չեզոքացնում է շրջակա միջավայրի արտանետումների վտանգավոր ազդեցությունը և, վերջապես, օրգանիզմին մատակարարում է վիտամիններ և պրոտեիններ։
2 բաժին դասական այս հյութի համար հարկավոր են 1 նեխուրի 1 ցողուն, 1 խնձոր, 4 գազար և կես կիտրոնի հյութ։
Եթե ստացված հյութը թանձր լինի, կարող եք մի քիչ ջուր ավելացնել։
3. Նեխուրի, կոճապղպեղի և գազարի հյութ
Այս շատ համեղ հյութը հարմար է հատկապես նրանց համար, ովքեր տառապում են գրիպից կամ մրսածությունից, ինչպես նաև ալերգիայից։
Այս հյութի համար անհրաժեշտ է նեխուրի 2 ցողուն, միջին չափի 5 գազար և 1 կտոր թարմ, կեղևը մաքրած կոճապղպեղ։
Բոլոր բաղադրիչները կտրատել և հարել բլենդերով։
Պետք է ստացվի կրեմանման զանգված։ Կարող ես թանձրուքը բացել մի քիչ ջրով, ինչպես նաև ավելացնել մեղր։
4․Նեխուրի և նարնջի սմուզի
Այս ըմպելիքը կատարյալ է նիհարել ցանկացողների համար, իսկ խմել այն պետք է առավոտյան սոված փորին։
Անհրաժեշտ է նեխուրի 1 ցողուն և 2 նարինջ։
Այս ըմպելիքը խորհուրդ է տրվում խմել 2 շաբաթ, ապա 1 շաբաթ ընդմիջում տալ և հետո նորից կրկնել։

3/20/2020

11 տարի առաջ հրապարկված գրքում կանխագուշակել են կորոնավիրուսը․Ո՞վ է հեղինակը




Ֆրանսիացի հեղինակավոր պատմագետ, աշխարհաքաղաքագետ և լրագրող Ալեքսանսր Ադլերը, 2009թ․-ին հրատարակած իր «Սի.Այ.Էյ.-ի գաղտնի թղթածրարները»  գրքում զգուշացնում է Կորոնավիրուսի համաճարակի մասին,-ֆեյսբուքի իր էջում տեղադրել է գրքի այդ հատվածն ու մեկնաբանել ՀՅԴ գործիչ Հրաչ Վարժապետյանը։
Գրքի 250-251-րդ էջում «Համաշխարհային համաճարակի հավանական պայթյունը» ենթախորագրում հստակ նշում է « կորոնավիրուս» անվանումը՝ նրա տարածումը հնարավոր համարելով մինչև 2025 թվականը։
Հետաքրքիրն այն է, որ ծագումով հրեա Ադլերը սերտ հարաբերություններ ունի ԱՄՆ ղեկավարության հետ։