5/10/2012

«Բեսեդկա»


Գարնան ամպին ու զամպին, ձմռան բքին ու քամուն` չըխկ-չըխկ-չըխկ. լսվում է նարդու ձայնը: Խաղում են մեր բակի «բիձեքը»: Բիձա ասելն էլ դեռ հարաբերական է: Պարզապես մեկ օր կանգնել են հայելու առջև, տեսել իրենց ճերմակած մազերն ու բղավել.
-Վա~խ ոտքս, վա~խ  ձեռքս, վա~խ մեջքս, վա~խ սիրտս,  իրենց որակել  «բիձա», իջել «բեսեդկա»(տաղավար) ու գլորել զառը: Այդպես` ամեն օր:
Նրանք նաև բակի «պահապան հրեշտակներն» են: Եթե մեկն անցնի այդ կողմերով, քառասուն աչքեր կծռվեն-կդձվեն ու զառի փոխարեն կգնա-կգա լեզուն:
-Արա, էս ո՞վ ա, ո՞ւմ տղեն ա, տեղը չեմ բերում:
 «Աշխատանք չունե՞ս» հարցին միանգամից կհաջորդի  «չկա, ինչ անեմ» պատասխանը: Մի փոքր կնվնվան, կտրտնջան և վերջ: Դե, ընտանիք, քեզ տեսնեմ: Կամ էլ` հույսները կդնեն արտասահմանում ապրող բարեկամների վրա:Բայց, դե մեկի բախտը կբերի, հարազատները հիշողության հետ խնդիրներ չեն ունենա, մյուսներինը` ոչ: Ում բախտն էլ որ չբերի, նրան հոգեհարազատ կդառնան այս տողերը.
-Ո՞ւր կորան, մոտիկներս ու՞ր կորան
Ինչքան լացի, ձեն ածի
Ձեն չտվին, լուռ կորան......
Իսկ զառը կշարունակի գնալ-գալ, կբերի գարեջրի շշեր, շաշ աչքեր, ծուռ ոտքեր: Արևը մայր կմտնի, ամպի տակից աչքով կանի լուսինը, կշողշողան աստղերը, կգա առավոտը, կնշմարվեն գարեջրի շշերը, կոտրած ապակին ու կլսվեն դեպի «բեսեդկա» շարժվող «բիձեքի» ոտնաձայները:

Комментариев нет:

Отправить комментарий