12/09/2012

Մենք ենք աշխարհի աղը. Ժայռապատկերաբան


 Ժայռապատկերը, կամ իծագիրպետրոգլիֆ (petros - քար և glyphe - փորագրություն) — քարանձավների պատերին, առաստաղներին, ժայռերի և քարերի մակերեսներին արված հնագույն պատկերներ ու տեսարաններ են։ Հնագույն ժայռապատկերները վերաբերվում են հին քարե դարին, վերջինները՝ միջնադարին։ Կատարման տեխնիկայով բազմազան են՝ հանքային ներկերով արված բազմագույն նկարներից մինչև տարբեր որակի ուրվագծային պատկերներ ու հարթաքանդակներ։ Հայաստանում կան աշխարհագրական 5 տարածքներ, որոնցից են՝ Արագած, Գեղամա լեռներ, Սյունիք՝ Ուղտասարի լանջերը։ Ժայռապատկերները թվագրվում են մ.թ.ա. 7000- ամյակով և ավելի հին ժամանակներով: 

Ժայռապատկերները արտահայտում են համապատասխան դարաշրջանի մարդու նյութական և հոգևոր կյանքը։ Դրանք հարուստ նյութ են տալիս Հայկական լեռնաշխարհի բնակիչների կենցաղը, պաշտամունքը, սովորություններն ու արվեստը ուսումնասիրելու համար և կարևոր նշանակություն ունեն որպես պատմական սկզբնաղբյուրներ։ Սակայն, չգիտես թե ինչու այս ամենը անուշադրության է մատնված և պետության հույսը կարծես թե հայրենասեր մարդիկ են, հա, մեկ էլ օտարերկրացիները, որոնց տեսնելիս հիշողությանը զարկ տալով հիշում են նաև ժայռապատկերների մասին: Օտարն էլ տեսնում է (Վերջին թարմ այցելությունը Սաքսոնիա-Անհալթ երկրամասի պրոֆեսոր Հարալդ Մելլերինն էր, ով ՀՀ մշակույթի նախարարի հետ հանդիպման ժամանակ նրա ուշադրությունը հրավիրել է պատմական այս աղբյուրներին` հիշեցնելով, որ գործ ունեն ՀՀ մշակութային ժառանգության անգնահատելի արժեքների հետ) ու զարմանում բացահայտ անտարբերության վրա: Հայկական ժայռապատկերների ուսումնասիրություններ է կատարում պատմաբան-աստղագետ Կարեն Թոխաթյանը, ով էլ հրավիրված գիտաժողովի ժամանակ  ժայռապատկերների միջոցով  ներկայացրեց մի ողջ պատմություն: 

 «Մեր ժայռապատկերներում գիտության մակարդակը շատ բարձր է:  Ժայռապատկերները շատ հին են, իսկ հին ժամանակվա գիտությունը, կարելի է ասել, ամփոփված էր աստղագիտության, ավելի ճիշտ՝ բնագիտության շուրջ: Տարածության ու ժամանակի մեջ կողմնորոշվելը վաղ անցյալում է ծագել: Դիտողականության, վերլուծողականության  ժամանակ ծագում են ընկալման և չափման մի շարք ձևեր, որոնք հիմնված են երկնային, երկրային, կենսական երևույթների բնութագրերի վրա»,-ասաց Կարեն Թոխաթյանը՝ հավելելով, որ հնադարի որսորդը, հովիվն ու հողագործը դարձան առաջին ուսումնասիրողները: Ժայռապատկերները ճանաչողական մեծ նշանակություն ունեն, խոսում են մտքերի, հաղթանակների, հավատալիքների, գիտելիքի մակարդակի մասին: Ժայռապատկերները հիմնականում գետնատարած փռվածք ունի, ամենամեծը՝ 1 մետր:

 «Մեր ժայռապատկերներն  առանձնանում են ողջ աշխարհում: Հին աշխարհում մերոնք առանձնանում են հետաքրքիր, առանձնահատուկ, իմաստալից ժայռապատկերներով: Մեր ժայռապատկերները ոճով շատ հին են: Ոճ, որը լեռնաշխարհից գաղթողների հետ տարածվել է, ասենք, Իտալիա, Գերմանիա, Պոլինեզիա և այլն: Վերցրել են ընտանիքը ու գնացել այլ երկիր, սովորեցրել՝ ոնց որ հիմա են անում: Ինչպես ասում են՝ «Մենք ենք աշխարհի աղը»,-խոսքում նշեց ՀՀ գլխավոր ժայռապատկերաբանը: Ժայռապատկերներում պատկերված են գրեթե բոլոր ոլորտները: Մարդ, որը կարծես ոտնաման ունի, 2 հոգի, ովքեր այծ են բռնում, սա նշանակում է, որ նոր ժամանակների ժայռապատկեր է, քանի որ երկուսով աշխատելու համար պետք էր ծրագրավորել, թե ով որ կողմից մոտենա: Ըստ Կարեն Թոխաթյանի՝ ժայռապատկերների տասը տոկոսն է, որ էսքիզներ են:  «Կան անասնապահական, երկրագործական, ծիսական տեսարաններ,  ծառ ու ծաղկի, պտուղների, առասպելական վիշապների, կմախքի, ջրամբարների պատկերներ»,-նշեց Կարեն Թոխաթյանը՝ հավելեով, որ Հայաստանը նկարագրվում է որպես ձկնառատ ու գետառատ երկիր, ինչպիսին հիմա է: «Փայլուն է մեր ժառանգության մեջ երկրագիտական շերտը: Ուղտասարում գեղարվեստական է, գիտական ոչինչ չկա, նույնը չենք կարող ասել Գեղամա լեռների մասին, որտեղ ավելի շատ գիտական է,-ասաց ժայռապատկերաբանը՝ օրինակ բերելով թռչունն ու շուրջը կետեր, որը կապված է Արծիվ համաստեղության հետ:

Комментариев нет:

Отправить комментарий