Լրացավ Օսմանյան Թուրքիայում հայերի դեմ իրականացված ոճրագործության 99-րդ տարին: Օսմանյան կառավարության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության
փաստը հիմնավորվել է, ճանաչվել ու հաստատվել ականատեսների
վկայություններով, օրենքներով, բանաձևերով և բազմաթիվ նահանգների ու
միջազգային կազմակերպությունների որոշումներով: Տարբեր պետություններ ընդունել են բանաձևեր, որոնցում քննադատել են բնիկ հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանությունը:
Հայոց ցեղասպանության` միջազգային
հանրության կողմից ճանաչման, մեր բացթողումների, պահանջատեր լինել-չլինելու
և այլ հարցերի շուրջ զրուցել ենք թուրքագետ Գևորգ Պետրոսյանի հետ:
Գրեթե ամեն տարի՝ ապրիլի 24-ին, սպասում ենք հատկապես ԱՄՆ նախագահի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ հայտարարությանը: Վերջերս էլ ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից քվեների 12 կողմ, 5 դեմ հարաբերակցությամբ ընդունված 410 բանաձևը կոչ է անում դատապարտել Հայոց ցեղասպանությունը: Սա ինչ-որ նշանակություն, դեր կարո՞ղ է ունենալ:
-ԱՄՆ
նախագահի խոսքում «Հայոց ցեղասպանություն» եզրույթի օգտագործումը կամ էլ
Սենատի հանձնաժողովի կողմից բանաձևերի ընդունումը մեզ համար ընդունելի
արդյունք դժվար թե ապահովի։ Ընդհանրապես, ԱՄՆ-ի կողմից Հայոց
ցեղասպանության ամբողջական ճանաչման և դատապարտման համար պետք է, որ
Վաշինգտոնի շահերից բխի այդ ամենն անելը։ Պետք են լուրջ, համաշխարհային
մակարդակի զարգացումներ, որպեսզի ԱՄՆ-ն գնա այդ քայլին։ Իսկ նման
զարգացումներ ներկա փուլում չենք տեսնում։ Թուրքիան շարունակում է ԱՄՆ-ի
համար կարևոր պետություն հանդիսանալ, և ներկա փուլում Սպիտակ տունը պատրաստ
չէ այն դնել զոհասեղանին։ Եվ պետք է հիշեցնեմ, որ 80-ականներին ԱՄՆ
նախագահներից Ռոնալդ Ռեյգանն արդեն արտասանել է Հայոց ցեղասպանություն
եզրույթը։
Որքանո՞վ է կարևոր այս ամենը: Արդյոք ԱՄՆ-ի ճանաչումի՞ց է կախված Թուրքիայի ճանաչումը:
-Պետք է հասկանանք, որ ԱՄՆ-ի կողմից
Ցեղասպանությունը ճանաչելու կարևորությունն այդ երկրի՝ աշխարհում ունեցած
նշանակության և, մասնավորապես, Թուրքիայում ունեցած դերակատարման հետ է
կապված։
Չեմ կարծում, թե ԱՄՆ-ի ճանաչումն
ուղղակիորեն անպայման բերելու է Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության
ընդունմանը։ Սակայն ԱՄՆ-ի կողմից լիարժեք ճանաչումը լուրջ ազդակ կլինի և
կնշանակի, որ Վաշինգտոն-Անկարա հարաբերություններում բեկումնային փուլ է
սկսվել, որից էլ մենք պետք է կարողանանք օգտվել։ Ընդհանրապես, Թուրքիայի
կողմից մեզ լոկ մեղքի ընդունում ու ներողություն պետք չէ, մեզ պետք է
նյութական փոխհատուցում և տարածքների վերադարձ։
Ի՞նչ է տալու մեզ միջազգային ճանաչումը: Հիմա ճանաչում, թե՞ պահանջատիրություն: Որո՞նք են մեր բացթողումները, որտե՞ղ ենք պարտվում: Ինչպիսի՞ ռազմավարություն պետք է մշակել:
-Միջազգային ճանաչումը պետք է լինի պահանջատիրության ճանապարհի բաղկացուցիչներից մեկը, այլ ոչ միակ նպատակը, ինչի միտումները վերջին տարիներին տեսնում ենք։ Իհարկե, միջազգային ճանաչումը կարևոր է, սակայն դրա վրա ծախսել մեր ողջ ժամանակը, ռեսուրսներն ու ուժը, այնքան էլ նպատակահարմար չէ, քանի որ փորձը ցույց է տալիս՝ միջազգային ճանաչումը շոշափելի արդյունք չի ապահովում։
Իսկ ժամանակը գնում է, և դա մեր օգտին չէ,
քանի որ փոխհատուցումն ու տարածքների վերադարձը, որի հաշվին էլ պետք է
շենացնենք Հայաստանը և հայությունը, ուշանում է։ Կարծում եմ՝
ռազմավարության փոփոխությունը ներկայում պետք է լինի մեր առաջնային խնդիրն
այս հարցում։ Պետք է ավելի մեծ տեղ տալ իրավական ոլորտին, միջազգային
իրավունքին, միջազգային դատարաններին, այն է՝ հարցը փորձել բերել իրավական
դաշտ։ Փորձել հանձնաժողով կազմել՝ այս հարցերը քննելու համար, փորձել
վարձել ոլորտի լավագույն մասնագետներին՝ փորձագիտական գնահատական տալու
համար։ Պետք են նոր, թարմ և արդյունավետ առաջարկներ։
Տեղեկություններ կան, որ Ֆրանսիայում, այպես ասած, կառավարություն է հիմնվել հայերի կողմից, որի անդամները պահանջատիրության հարցը կարելի է ասել, իրենց վրա են վերցնում և կարևորում են Արևմտյան Հայաստանի անձնագրեր տալն ու բնակեցնելը: Սա, ըստ Ձեզ, ճի՞շտ քայլ է, արդյունք կտա՞, թե՞ ոչ:
-Կարծում եմ՝ Արևմտյան Հայաստանի
բնակեցումն իսկական տերերով՝ հայերով, առավել նպատակահարմար է Հայաստանին
վերադարձնելուց հետո։ Բայց կա պարզ ճշմարտություն. սփյուռքահայերի զգալի
հատվածի տատերն ու պապերը Օսմանյան կայսրության քաղաքացիներ են եղել, իսկ
Թուրքիայի Հանրապետությունն Օսմանյան կայսրության իրավահաջորդն է, այնպես
որ՝ այդ երկրի քաղաքացիությունը նրանց իրավունքն է։ Ամեն դեպքում, չեմ
կարծում, թե Թուրքիան ինքն առաջիկայում նման քայլի գնա և կբացի իր դռները
հայերի առաջ, եթե, իհարկե, այդտեղ շահեր չգտնի։
Հարցազրույցը` Անի Կարապետյանի
http://asekose.am/hy_AM/news/9/157805-mez-petq-e-nyoutakan-poxhatoucoum-e-taracqneri-veradarctourqaget.html
Комментариев нет:
Отправить комментарий