Երևանում և մարզերում գերխնդիր է շարունակում մնալ աշխատատեղերի բացակայությունը:
Հայաստանի Հանրապետության Լոռու
մարզում` Դեբեդ գետի ձախ կողմում, ծովի մակերևույթից 1125մ բարձրության
վրա է գտնվում Օձուն գյուղը: Գյուղի կենտրոնում գտնվում է Օձունի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին: Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, բանջարաբուծությամբ և պտղաբուծությամբ։
Բնակիչները, խոսելով գյուղում առկա խնդիրներից` ասացին, որ չկա ոչ աշխատանք, ոչ` աշխատատեղ:
«Ամեն մեկը զոռով ապրում է իր մի մետր
հողով, գոմով, կովով»,-դժգոհեցին գյուղացիները` նշելով, որ
գյուղատնտեսությամբ զբաղվելու համար անգամ տրակտոր չկա.
«Կոմունիստների ժամանակվանից մնացած տրակտորներն են, որ փչանում է ու կանգնում»,-նշեցին նրանք:
Ինչ վերաբերում է երիտասարդությանը` ապա,
նրանց խոսքով, գյուղում երիտասարդություն չի մնացել, բոլորը մեկնում են
արտագնա աշխատանքի:
«Վիճակը բարելավելու համար աշխատատեղ է հարկավոր: Հիմա որ մի հատ կոնֆետի գործարան դնեին, չէր լինի՞: Մենակ Երևա՞նն
ա կարողանում կոնֆետ արտադրի: Յա մի կարի ցեխ, յա մի կոշիկի ֆաբրիկա, մի
բան.. հնարավոր չի՞: Ամեն ինչ միայն մայրաքաղաքին, Լենինականին ու
Կիրովականին..էս Հայաստանում այդ երեք քաղաքնե՞րն են:
Գյուղի բնակիչները աչալուրջ հետևում են
նաև քաղաքական անցուդարձին: Խոսելով նորանշանակ վարչապետի մասին և
պատասխանելով հարցին, թե որևէ հույս կապո՞ւմ են նրա հետ, պատասխանեցին.
«Ով ուզում ա լինի, ուզում ա` վարչապետի տատը նստի, էլի նույն վիճակն է լինելու: Ինչ ուզում, այն էլ անում են»:
Մեզ հաջողվեց գյուղում գտնել և զրուցել
երիտասարդ բնակչուհիներից մեկի հետ, ով չնայած դժվարին պայմաններին` մնացել
է գյուղում, անգամ իր համար աշխատանք է գտել:
Նա նշեց, որ ավարտել է
Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջը, մի քանի ամիս է`
Մշակույթի տանն է աշխատում, ապագա նկարիչների փոքրիկ խումբ ունի.
«Ցանկալի էր մնալ մայրաքաղաքում, բայց
ստացվեց այնպես, որ գյուղում ամուսնացա: Չեմ ուզում առանց գործ մնալ,
մասնագիտությունս շատ եմ սիրում, ուստի նախընտրեցի այս ձևով աշխատել»,-ասաց
մեր զրուցակիցը` նշելով, որ այժմ ունի 15 աշակերտ, նկարում են տարբեր
թեմաներով, իսկ վճարը 3000 դրամ է:
Իսկ, ահա, մեր փոքրիկ զրուցակիցներից մեկն
էլ հարցին, թե ինչ է ուզում դառնալ` պատասխանեց` թարգմանչուհի: Այն, թե
որտեղ կցանկանա ապրել հետագայում` ասաց. «Կեսը Երևանում, կեսը`
գյուղում….որովհետև Երևանի փողոցներն ասֆալտապատ են…»:
Անի Կարապետյան
http://asekose.am/hy_AM/news/8/157354-menak-ereann-e-karoxanoum-konfet-artadrelgyouxi-bnakicnere-djgohoum-en.html
Комментариев нет:
Отправить комментарий