ՀՀ պետական բյուջեով վերականգնվում է աշխարհիկ կառույցի օրինակ, միջնադարյան անառիկ ամրոց Լոռի Բերդը:
«Այն ոչ միայն հոգևոր նշանակություն ունի,
այլ նաև աշխարհիկ: 2010 թվականից «Լոռի Բերդ քաղաքատեղին» հռչակվեց որպես
արգելոց-թանգարան»,-ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ մշակույթի նախարարի
տեղակալ Արև Սամուելյանը:
«Այստեղ մենք տեսնում ենք միջնադարյան
Հայաստանի ծաղկուն շրջանի պաշտպանական կառույցներից մեկը: Վերկանգնված է
մուտքը` իր աշտարակներով և շարունակվում է մինչև հրվանդանի եզրը: Արգելոցի
ստեղծմանը իր օժանդակությունն է ցուցաբերել նաև Լոռի Բերդ համայնքը»,-ասաց
Ա. Սամուելյանը:
«Պատմամշակութային ժառանգություն»
գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Հակոբ Սիմոնյանը նշեց, որ մենք ոչ միայն
եկեղեցի, այլև ամրոցներ ունենք:
«Թևավոր խոսք կա. Եթե այդքան եկեղեցիների
փոխարեն մենք ամրոցներ կառուցեինք` ստիպված գաղթական չէինք դառնա: Լոռի
Բերդը մեր ամենահզոր ամրոցներից մեկն է: Բացառիկ` իր ինժեներական,
ճարտարագիտական և պատմական տեսանկյունից: Հիմնադրվել է այն ժամանակ, երբ
Հայաստանը որպես միջնադարյան ֆեոդալական երկիր` ստեղծում էր իր համակարգը.
տարբեր հզոր կենտրոններում ստեղծում էր թագավորություններ, որոնք ճանաչելով
Բագրատունյաց գերակայությունը` դառնում էին արդեն առանձին թագավորություն:
11-րդ դարի սկզբից հիմնվեց Կյուրիկյան
թագավորությունը: Սա Բագրատունյաց հարստության կրտսեր ճյուղն էր: Հիշարժան է
Դավիթ Անհողին թագավորը, որը և կառուցեց այս հզոր ամրոցը»,-մանրամասնեց
Հակոբ Սիմոնյանը:
Խոսելով պեղումների մասին` նա նշեց, որ առաջին ուսումնասիրողը եղել է Նիկողայոս Մառը:
«Իհարկե, նրանից առաջ եղել են շատ
եվրոպացի ճանապարհորդներ: Լուսապատկերներ են արել, հիշատակություններ
թողել: Բերդը համարվել է ռազմական հենակետ, որին տիրելով կարելի էր
ռազմական հենակետ ունենալ: Մառից հետո ուսումնասիրություններ է կատարել
Թորոս Թորոմանյանը: Ապա, 60-ական թվականներից սկսվեցին պեղումները, որոնք
ընդհատումներով շարունակվում են մինչ օրս»:
Հակոբ Սիմոնյանի խոսքով` առաջին անգամ ամրաշինության մեջ կարողացան տեսնել հիդրոինժեներական մտահղացում:
«Պարսպի
հիմքերը դրված են հսկայական ժայռերի վրա, հատուկ գլորել-բերել են
բեկորներ, որ դիմանա ջրին: Կա ենթադրություն, որ այստեղ ջրաղացներ են
օգտագործվել: Քաղաքն ունեցել է ոռոգման և խմելու ջրի ցանց, հատուկ
պատրաստված խողովակներ, որոնք ճյուղավորվելով ընդգրկել են ամբողջ
միջնաբերդի տարածքը:
Ամրոցում երկու բաղնիք է գործել, մեկը
հավանաբար արքունի բաղնիք է եղել, որովհետև պալատական շենքի մոտ է, մյուսը
եղել է քաղաքի կենտրոնում և, երևի, եղել է հասարակական բաղնիք: Ունենք
տեղեկություններ, որ բաղնիքը ծառայել է ոչ միայն լողանալու, այլև
հանդիպումների, առևտրական պայմանագրերի, միմյանց հետ շփվելու մի տեղ:
Այնպես, ինչպես հռոմեական բաղնիքները: Հատակը տաքացվել է, որ բոբիկ քայլող
մարդիկ իրենց շատ հանգիստ զգան, աստղաձև ելքեր են եղել, որպեսզի գոլորշին
դուրս գա և օդափոխություն կատարվի»,-պատմեց Հակոբ Սիմոնյանը:
ՀՀ մշակույթի նախարարության
պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրենի տեղակալ
Հովհաննես Սանամյանը, շարունակելով վերջինիս խոսքը` ասաց, որ սկսած
60-ական թթ,, շատ քիչ մասն է պեղվել.
«Քաղաքացիական
շենքի շրջակայքը, եղել է եկեղեցի, հետո դա վեր է ածվել մզկիթի, հետո նորից
եկեղեցու: Պեղվել են երկու բաղնիքները, պալատական շենքը մասամբ և
պարիսպները»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է գտածոներին, ապա
մասնագետներն առանձնացրեցին դրանցից ամենակարևորը` 2012 թվականին գտնված
բրոնզե թիթեղը, որի վրա 16-17-րդդ դարի բոլոր քաղաքների անուններն են
արաբերենով, իսկ մյուս երեսի վրա ֆրանսերենով գրված է «Փարիզի
քաղաքագլուխ»: Շատ ծխամորճեր են գտնվել:
Նշենք, որ վերականգնման ծրագրերը շարունակական են. աշխատանքներ են կատարվում Օձունի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում, Քոբայրում:
Անի Կարապետյան
http://asekose.am/hy_AM/news/8/157441-ete-aydqan-ekexecineri-poxaren-menq-amrocner-karouceinq-stipvac-gaxtakan-ceinq-darna.html
Комментариев нет:
Отправить комментарий