Այն ժամանակ ժողովուրդը գրողին ավելի շատ էր ուզում լսել, հավատում էր, բանաստեղծի մեջ տեսնում էր իրեն: Իսկ հիմա ինչ-որ բանից հոգնած է, դա վտանգավոր է: Անտարբերություն կա ամեն ինչի, անգամ ազգային արժեքների նկատմամբ: Եթե հիմա լինի մեկը, որը կշողարձակի, կտարբերվի բոլորից, ժողովուրդը կնկատի նրան: Կան տաղանդավոր բանաստեղծներ, նկարիչներ, երաժիշներ, բայց այդ շողարձակողը չկա….
Այս կարծիքին է հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Շիրազի կրտսեր որդին՝ Վանանդ Շիրազը, ով սովորել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում՝2000 թվականին ավարտելով գեղանկարի բաժինը: Այժմ դասավանդում է ՀՊՄՀ-ում: Նրա հետ զրուցել ենք նաև արվեստի, արվեստագետի դերի, հասարակական, քաղաքական, մշակութային կյանքում տեղի ունեցած իրադարձություններում նրա մասնակցության, մշակույթի ոլորտում առկա բացթողումների և այլ հարցերի շուրջ:
Ինչպե՞ս ընտրեցիք նկարչի մասնագիտությունը:
-Եղբայրներս՝ Արան, Սիփանը, Մասիսը, նկարիչներ, քանդակագործներ են, աչքերս որ բացել եմ՝ դա եմ տեսել ու սիրով ընտրել եմ այդ ճանապարհը: Նրանք օրինակ են եղել ինձ համար: Ինչ հիշում եմ՝ նկարում եմ: Կարելի է ասել՝ ավելի շուտ եմ մխրճվել այդ աշխարհը:
Որևէ մեկին ցույց տալի՞ս էիք նկարները:
-Հա, իհարկե, եղբայրներիս: Նայում էին, ուղղորդում: Արայի հետ էլ աշխատել եմ իր մոնումենտալ ստեղծագործությունների վրա: Միշտ էլ մի բան սովորել եմ:
Շատ արվեստագետներ նկարելիս նաև բանաստեղծություն կամերաժշտություն են գրում.ի՞նչ է անում Վանանդ Շիրազը:
-Բանաստեղծություններ փորձել եմ գրել հատկապես պատանի հասակում: Չնայած հայրիկը, հիշում եմ, մեզ սովորեցնում էր մտածել: Երբ փոքր էինք՝ թեմաներ էր տալիս, որ հեքիաթներ հորինեինք, բանաստեղծություն գրեինք: Նա ցանականում էր, որ զավակները արվեստի մարդիկ լինեին, ուստի մղել է այդ հոգու, գեղեցիկի աշխարհը:
Փոքր եք եղել, որ կորցրել եք հայրիկին: Ինչպիսի՞ն է Ձեր աչքերում դաջված նրա պատկերը, ինչպիսին է նա՝ Ձեր հուշերում:
-Ալեհեր եմ հիշում: Քանի որ փոքր էի, նրա կողքին էի քնում, իր բույրն եմ հիշում, քայլքը, հեքիաթները: Հետո, երբ առավոտյան դուրս էր գալիս, ինձ, կամ եղբայրներիցս որևէ մեկին հետը տանում էր, ասենք հրատարակչություն կամ այլ տեղ…
Բոլորդ գնացել եք արվեստի ուղիով և դրանում, անխոս, մեծ է մեծանուն բանաստեղծի դերը: Հովհ.Շիրազը հայտնի է եղել որպես կատակասեր մարդ: Ո՞վ է նրան «քաշել» այս առումով:
-Սրամտությունն ամեն մեկի մոտ մի ձևով, չափով է ընդգծված: Արան էր շատ սրամիտ, Սիփանն էլ:
Ո՞րն է իսկական նկարչին տանող ճանապարհը.ինչից սկսել և ո՞ւր հասնել:
-Դա դժվար է. առաջինը պետք է ցանկություն լինի, երկրորդ՝ մարդ պետք է ի վերուստ տաղանդ ունենա և, իհարկե, կարևոր է ուսումը: Իմանաս այդ բնագավառը, քեզանից առաջ եղած վարպետների գործերը: Այդ եռամիասնության ճանապարհով է անհրաժեշտ գնալ: Անկեղծ ցանկություն պետք է լինի: Արվեստը տառապանք է, իսկ նկարիչները, բանաստեղծները մեջն են, միջով են անցնում: Հենց այնպես ոչ մի բան չի տրվում քեզ ու քեզանով աշխարհին:
Ինչո՞ւ հենց վերացական նկարչություն: Դրանով ավելի լա՞վ ենարտահայտվում մտքերը, հույզերը, ցանկությունները:
-Դե դրանք շրջաններ են: Դրանք աշխարհայացքի, էսթետիկական խնդիրներ են: Ավելի շատ խոսքն է, որ ուզում ես ասել աշխարհին: Ամեն շարք մի բան է ամփոփում իր մեջ: Մեկի մեջ կարող է գույնն է առաջնային, մյուսի մեջ՝ զգացողությունը: Բայց արվեստում հիմնական գիծը համարում են այն, որ ինչ էլ որ անես, դասականը չպետք է կորչի: Այն պետք է մոտ լինի մարդուն, հուզի նրան, ինչ-որ մի բան ասի, ոչ թե այդքան պարզեցվի՝ վատ իմաստով:
Ի դեպ, հանդիսատեսի մասին: Ցուցահանդեսներում հաճախ նկատում եմ,մարդիկ 1 վայրկյան են կանգնում նկարի, քանդակի առջև: Սա բավարա՞ր է այն «մարսելու» համար: Շատերն իրենց արագ հեռանալը բացատրում են իմաստը չհասկանալով: Այստեղ արվեստագետի մեղավորություն է, թե՞ այցելուի:
-Այդտեղ մեղավորություն չկա: Իմ կարծիքով հասարակությունը պետք է պատրաստ լինի գործը ընկալելուն: Կարևորում եմ դպրոցներում, ԲՈՒՀ-երում արվեստի, մշակույթի, գեղարվեստի պատմություն դասավանդելը: Անգամ մանկապարտեզից սկսած էսթետիկական դասեր պետք է լինեն: Մարդ պետք է կիրթ լինի, որ հասկանա, թե այս մի գույնն ինչ է նշանակում, մյուսը ինչ: Բայց, եթե մարդ պատրաստ չէ, իր համար անընկալելի է: Անհրաժեշտ է ձևավորել մշակութային հասարակություն, սա արդեն պետության խնդիրն է: Թե չէ գործերը մարդկանց ինչ-որ խումբ կհասկանա և վերջ:
Ովքե՞ր են Ձեր նկարների գնորդները: Հասկանալով են գնում, թե՞ հասկանալու հույսով:
-Երկու տարբերակն էլ կա: Մարդ կա ՝ գնում է ուղղակի, մարդ էլ կա՝ ընկալելով, իսկ գնորդներն ավելի շատ դրսից են, որովհետև մեզ մոտ սոցիալական վիճակը լավ չէ: Իսկ ով էլ որ փող ունի՝ շատ քիչ է արվեստով հետաքրքրված. որպես կապիտալ են գնում:
Շատ են ասում, որ հայը հեռացել է արվեստից,գուցե արվե՞ստն է հեռացել:
-Արվեստագետի մեղավորությունն այն է, որ թողնում, հեռանում է կամ չի ստեղծագործում: Դա գալիս է անպատժելիությունից, սոցիալական ծանր վիճակից: Նկարիչը հասարակության մի մասն է, «փղոսկրի աշտարակում» փակվող ոմն մեկը չէ: Նա մեր մեջ է չէ՞:
Օրինակ, ինչո՞ւ նկարիչները, քանդակագործները մեկ կարևոր օր չեն ընտրում և ցուցահանդես, վարպետության դասեր կազմակերպում: Դա էլ է չէ՞ արվեստին մոտեցնելու միջոց:
-Ամեն ինչ էլ կարելի է մտածել, անել, բայց ո՞վ պետք է անի: Մշակույթի նախարարություն կա, որ պետք է անի: Անելն է դժվար: Պետությունը բյուջեից կինոյին, գրատպությանը, թատրոնին գումար տրամադրում է, նկարիչներին՝ ոչ: Ինչո՞ւ: Որտե՞ղ է գրված: Նկարիչների միության 1000-ից ավել անդամները բարձիթողի վիճակում են: Խրախուսող, օգնող ոչինչ չի արվում: Լավագույն նմուշները, որ ստեղծվում են, փոխանակ ֆոնդավորվեն, պահվեն, վաճառվում են դրսում:
Նաև քանդակներ եք անում:
-Հա, փոքր ծավալի, մոդեռն բաներ անում եմ:
Արվեստագետները, լինելով առավել զգացմունքային մարդիկ, բնականաբարավելի ուժգին են արձագանքում հասարակական-քաղաքական-մշակութայինկյանքում տեղի ունեցող իրադարձություններին: Այս ամենը, թերևս, տեղ էգտնում նրանց գործերում: Ինչո՞ւ արվեստագետն այսօր հասարակ ժողովրդիկողքին չէ:
-Ո՞նց չկա, ո՞վ ասաց, որ չկա: Եթե հիշեք անցած տարիները, առաջատարները միշտ արվեստագետներն են:
Իսկ հիմա՞:
-Հիմա էլ են առաջատար: Միտք ծնող են չէ՞: Կամ, գուցե այդ կերպարները չկան: Չկա այն մարդը, հեղինակությունը, որ ժողովրդին կարող է իր հետևից տանել: Մշակութային, հասարարակական կյանքում տեղի ունեցող այս ամբողջ շարժումներին լավ է, որ մասնակցում են երիտասարդները: Վառ օրինակ՝ «Հին Երևան»-ը:
Ինչպե՞ս եք վերաբերում «Հին Երևան» նախագծին:
«Հին Երևան»-ի գաղափարը...դա արդեն բուտաֆորիա է լինելու: Պատմությունը նրանով է պատմություն, որ իր տեղը պետք է վերականգնեն: Եվրոպայում, օրինակ, վերականագնում են, կողքին նորն են կառուցում: Մեր՝ հայերիս սխալը այն է եղել և կա, որ քանդել ենք՝ վրան կառուցելու նպատակով: Քրիստոնեությունը եկավ, մեհյանները, ատրուշանները քանդեցին, վրան եկեղեցի սարքեցին: Դա ի՞նչ է, կողքը սարքեիք: Հիմա էլ նույնն է կատարվում: Ազգի պատմության, մշակույթի շարունակականությունը կտրվում է: Կա հին Փարիզ և նոր Փարիզ: Մենք այդքան խելամիտ չենք: Մեր մեջ միշտ սխալ բաներ է կատարվում:
Այսօրվա մեր հասարակական, քաղաքական, մշակութային կյանքը եթե այսպահին նկարեիք, որ գույները կգերակշռեին և, եթե քանդակեիք, ապա ինչպիսի՞ տեսք կունենար:
-Ես լավատես եմ, ամեն դեպքում մուգ գույնը չէր գերակշռի:
Հարցազրույցը՝ Անի Կարապետյանի
http://asekose.am/hy_AM/news/9/162784-cka-ayn-marde--or-joxovrdin-karox-e-ir-heteic-tanelvanand-siraz.html
Комментариев нет:
Отправить комментарий