9/18/2014

Ես հայ քրիստոնյա եմ.Ի՞նչ նկատի ուներ գիտնականը

Սեպտեմբերի 18-ը հայ մեծանուն գիտնական Վիկտոր Համբարձումյանի ծննդյան օրն է, որը` սկսած 2009 թվականից, Հայաստանում նշվում է նաև որպես աստղագիտության օր։
Ականավոր աստղագետ, աստղաֆիզիկոս, տեսական աստղաֆիզիկայի խորհրդային դպրոցի հիմնադիր, 20-րդ դարի խոշորագույն գիտնականը ծնվել է 1908 թվականին` Թիֆլիսում:
1928 թվականին ավարտել է Լենինգրադի (Սանկտ Պետերբուրգի) համալսարանը, ապա սովորել է ԽՍՀՄ ԳԱ Գլխավոր (Պուլկովոյի) աստղադիտարանի ասպիրանտուրայում: Եղել է ԽՍՀՄ-ում առաջին աստղաֆիզիկայի ամբիոնի հիմնադիր վարիչը,  Լենինգրադի համալսարանի աստղադիտարանի տնօրենը:
Համբարձումյանը մեծ ներդրում ունի տեսական աստղաֆիզիկայի, աստղերի ու միգամածությունների ֆիզիկայի, աստղաբաշխության ու աստղային դինամիկայի, արտագալակտիկական աստղագիտության և գալակտիկաների էվոլյուցիայի բնագավառում:
1946-1988թթ  եղել է ԳԱ Բյուրականի աստղադիտարանի հիմնադիր տնօրենը: 
Աստղադիտարանի ներկայիս տնօրեն Հայկ Հարությունյանը, ով գիտնականի հետ աշխատել է մոտ 23 տարի, հիշում է`
«Համբարձումյանը որևէ կրոնի հանդեպ հակում չուներ, բայց, ինքը ասում էր, որ երբ ինձ հարցնում են, թե ով ես, ասում էի` ես հայ քրիստոնյա եմ: Նա ոչ թե ասում էր հայ է, կամ քրիստոնյա, այլ հայ քրիստոնյա, որովհետև այս բառակապակցության մեջ խոր իմաստ էր տեսնում` սկսած Գրիգոր Լուսավորչից, մինչև մեր օրերը, թե ինչպես են հայ քրիտոնյաները վերաբերվել և' սեփական մշակույթին, և' գիր ու գրականությանը, և' ազգային ավանդույթներին»:
Իսկ սովորությունը, որը Համբարձումյանի օրոք եղել և  մինչ օրս պահպանվել է Բյուրականի աստղադիտարանում`  երեկոյան ժամերին աշխատանքի տեղում լինելն է.
«Ինքը Գիտությունների ազգային ակադեմիայից երբ վերադառնում էր Բյուրական, արդեն երեկո էր, բայց միշտ աշխատավայր էր գալիս: Գնում էր` «Ժամանակ» հաղորդումը լսում ու վերադառնում: Այդ ժամանակ բոլոր աշխատակիցները աշխատում էին լինել իրենց աշխատասենյակում: Եղել է դեպք, որ չնայած առավոտյան ժամը 7-ին Մոսկվա պետք է մեկներ, բայց մենք մինչև գիշերը ժամը մեկը նստել ենք նրա աշխատասենյակում ու ինչ-որ բան քննարկել: Այսօր որոշ մարդկանց մոտ սա պահպանվել է»,-ասում է Բյուրականի աստղադիտարանի տնօրենը:
http://asekose.am/hy_AM/news/8/169023-es-hay-qristonya-eminc-nkati-ouner-gitnakane.html

Комментариев нет:

Отправить комментарий