12/05/2015

Այս մեծանուն հայն աշխարհին տվել է միաբռնակ ծորակը


Միաբռնակ  ծորակը հայտնաբերել է հայ հասարակական գործիչ,  բարերար, ճարտարագետ, արդյունաբերող Ալեք Մանուկյանը և այն արտոնագրեց «Դելտա» անունով: Միաբռնակ ծորակի շնորհիվ հնարավոր էր խառնել տաք և սառը ջրերը, ինչպես նաև կառավարել ջրի հոսքի ծավալը: Ծորակը լայն տարածում գտնավ, իսկ Ալեք Մանուկյանի հիմնած «Նասկո» ընկերությունը ստացավ 1 մլն դոլարի շահույթ:

Նշենք, որ 1954 թվականին արդեն պատրաստի միաբռնակ ծորակն արժանացել է ամերիկացի ճարտարագետների հեգնանքին:  Նրանցից մեկն անգամ, նայելով հայտնագործության նախագծին՝ ասել է. «Կարծում եմ՝ մոռացել եք նկարել երկրորդ ծորակը»։ 

Նկատենք, որ ջրի առաջին ծորակը ստեղծվել է Հին Հռոմում:  Այն ընդամենը ոսկե կամ արծաթե խողովակ էր, որը միանում էր ընդհանուր ջրագծերին:  Ծորակի այս տեսակը ավելի քան 2 000 տարվա պատմություն ունի: Միջնադարյան ծորակները  նախատեսված էին գինու և գարեջրի տակառների համար: 1783-ին անգլիացի ինժեներ Ժոզեֆ Բրաման ստեղծեց պտուտակով ծորակ, որն անվանեց «անգլիական փական»:  19-րդ դարում ֆիզիկոս Վիլիամ Թոմսոնը ստեղծեց  փոխադրիչ սարքը, ինչն իրար միացրեց տաք և սառը ջրի ծորակները:

Աղբյուր՝ http://www.popmech.ru/history/12701-kto-izobryel-vodoprovodnyy-kran-s-sharovym-smesitelem/#full

12/01/2015

Մեծամորը՝ համաշխարհային մշակույթի յուրահատուկ հուշարձան

Մեծամոր հնագույն ամրոց-բնակատեղին համաշխարհային մշակույթի յուրահատուկ հուշարձաններից է: Այն գտնվում է Երևանից 35 կմ  հարավ-արևմուտք, Տարոնիկ գյուղից ոչ հեռու, Մեծամոր գետի ափին:
1965 թ. մինչև այժմ Մեծամորում պարբերաբար պեղումներ են կատարվում: Պեղված մշակութային շերտերը վերաբերում են բրոնզի և երկաթի պարբերաշրջաններին:
Պեղված նյութերը վկայում են, որ բրոնզի պարբերաշրջանում (մ.թ.ա. IV-II հազ.) Մեծամորը մշակույթի ծաղկուն կենտրոն էր: Լավ պահպանվել է պղնձաձուլարանի ամբողջ համակարգը` հալոցը և հնոցները, որոնք կառուցվել են ժայռերի մեջ: Գիտնականները պարզել են, որ Մեծամորը խոշոր բնակատեղի էր, որը զբաղեցնում էր 10,5 հա տարածք, ուներ կիկլոպյան պարսպով շրջապատված միջնաբերդ, զիկուրատ – «աստղադիտարան»:
Վաղ երկաթի շրջափուլում (մ.թ.ա. XI-IX դդ.) Մեծամորը քաղաք էր: Միջնաբերդը, «աստղադիտարանը» և բնակելի թաղամասերը զբաղեցնում էին մոտ 100 հա տարածք: Ամրոցում կենտրոնացվել են պալատական շինությունները, տաճարական համալիրը` յոթ սրբատեղիներով, և արտադրական համալիրները: Միջնաբերդից 0,5 կմ հյուսիս-արևելք տարածվող դամբարանադաշտում պեղվել են կարմիր տուֆակերտ կրոմլեխներով օղակված հսկայածավալ դամբարաններ: Այստեղ թաղվել են ցեղային առաջնորդները, նրանց պատվին զոհաբերվել և թաղվել են նաև բազմաթիվ նժույգներ, խոշոր և մանր եղջերավոր անասուններ, շներ և նույնիսկ` ծառաներ ու ստրուկներ: Դամբարաններում թաղված առարկաներից ուշագրավ են ջնարակված կավամանները, քանդականախշ փայտե զարդատուփերը, ոսկուց, արծաթից և կիսաթանկարժեք քարերից, մածուկից պատրաստված պերճանքի առարկաները:
Հայտնաբերված իրերի շարքում ամենանշանավորը բաբելոնյան թագավոր Ուլամ Բուրարիաշի ագաթից պատրաստված գորտ-կշռաքարն է (մ.թ.ա. XVI դ.) և բաբելոնյան մեկ այլ տիրակալ Կուրիգալզուին պատկանող եգիպտական հիերոգլիֆ տեքստով սարդոնիքսե կնիքը (մ.թ.ա. XV դ.): Այս գտածոները վկայում են, որ Մեծամորը հնագույն ժամանակներից ի վեր եղել է առևտրական ճանապարհների խաչմերուկ, որոնք անցել են Արարատյան դաշտով և կապել են իրար Առաջավոր Ասիան և Հյուսիսային Կովկասը:
Վաղ երկաթի դարաշրջանում Մեծամորն Արարատյան դաշտի արքունի քաղաքներից, կարևոր վարչաքաղաքական և մշակութային կենտրոններից մեկն էր:
Մ.թ.ա. VIII դ. Մեծամորը մտել է Վանի թագավորության (Ուրարտուի) մեջ: Կյանքն այստեղ շարունակվել է նաև միջնադարում` մինչև XVII դարը: Դրա լավագույն ապացույցներն են հայտնաբերված շինությունները, պարզ և ջնարակված խեցեղենը, պերճանքի առարկաները:
«Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանը բացվել է 1968թ.: Ներկայումս այն գործում է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի կազմում: Այստեղ հավաքվել և ցուցադրվել են հուշարձանից պեղված 27 000-ից ավել առարկաներ: Առաջին հարկում ցուցադրվում են ամրոցում և դամբարանադաշտում հայտնաբերված նյութերը, որոնք վերաբերում են վաղ բրոնզից մինչև ուշ միջնադարին: Երկրորդ հարկում ներկայացված են հնագույն Մեծամորի արհեստներն ու ծեսերը: Նկուղային հարկում գտնվում է հատուկ զետեղարանը, ուր ներկայացված են Վանի թագավորության շրջանի ոսկե, արծաթե, սաթե, կիսաթանկարժեք քարերից, մածուկից պատրաստված եզակի մշակութային արժեքներ:



http://hushardzan.am/671/

9/13/2015

Քաղքենիներն ու ցուցամոլներն արդեն «համը» հանում են

Քաղքենիներն ու ցուցամոլներն արդեն «համը» հանում են՝ առօյայում անգլերեն ու ռուսերեն  բառեր գործածելով ու հաճոյանալով օտարին: Վերջիններն էլ հոգու խորքում զարմանում, իսկ արտաքուստ հպարտանում են, քանի որ փոքրիկ Հայաստանում նախընտրում են օգտվել իրենց «ծառայություններից», որովհետև «փնտրել ու այդպես էլ չեն գտել» «привет»-ի, «пока»-ի, «Happy birthday»-ի համարժեք բառերը:

9/06/2015

Հայկական հեքիաթների առաջաբան Ժուկ ու ժամանակը հայ դիցաբանական կերպար է

Հայկական հեքիաթների առաջաբան Ժուկ ու ժամանակը հայ դիցաբանական կերպար է։
Ժուկը կամ Ժուկ ու ժամանակը, հայ դիցաբանության մեջ ժամանակի կարգավորողն է։ Ժուկ ու ժամանակը ալեհեր ծերունի է` նստած բարձր սարի գագաթին։ Նրա մի ձեռքին սպիտակ, իսկ մյուսին` սև կծիկ կա։ 

Ըստ ավանդության, երբ Ժուկը լեռան մի կողմից գլորում է սպիտակ կծիկը և հավաքում սևը, ծագում է արևը, գալիս է ցերեկը։ Երբ նա գլորում է սև կծիկը և հավաքում սպիտակը, արևը մայր է մտնում, գալիս է գիշերը։

8/24/2015

Խոսրովի արգելոց. «Հավուց Թառ»

Գեղամա լեռնաշղթայի հարավարևմտյան և Ուրծ, Երանոս, Դահնակ, Իրից լեռ, Խոսրովասար լեռնաբազուկների լանջերին  փռված է  «Խոսրովի անտառ» պետական արգելոցը, որը զբաղեցնում է 23213.5 հեկտար տարածք: Գտնվում է 1600-2300 մ բարձրությունների վրա:
Այն հիմնել է հայոց Խոսրով Բ Կոտակ թագավորը՝ մոտ 330թ.-ին: Այս մասին հիշատակում է հայ պատմիչ Մովսես Խորենացին, իսկ ահա, առավել մանրամասն նկարագրություն տալիս է Փավստոս Բուզանդը:

Ինչպե՞ս են դաստիարակում երեխաներին` ամբողջ աշխարհում

Հետաքրքիր է իմանալ, թե ինչպես են դաստիարակում երեխաներին ամբողջ աշխարհում։ Օրինակ ԱՄՆ-ում ծնողները անհրաժեշտ չեն համարում երեխաների բարձրագույն կրթության համար վճարել, իսկ Ճապոնիայում` ընդհակառակը,  ծնողները պատրաստ են իրենց երեխայի կրթության համար վճարել այնքան,  ինչքան անհրաժեշտ է։

Երբ գալիս է սեպտեմբերը

Հունաստանն առաջինն է, որտեղ որոշում է ընդունվել երեխաների կրթության, դաստիարակության վերաբերյալ: Դասավանդվում էր պար, երաժշտություն, ռազմագիտություն, ֆիզիկա, աստղագիտություն: Սա դեռևս մ.թ.ա 6-րդ դարում: Առաջին դպրոցներն  ունեին փիլիսոփայական ուղղվածություն, օրինակ Էպիկուրի (մ.թ.ա  341-271) «Այգիներ»-ը: Հետագայում  բացվեցին   նաև  բժշկական   դպրոցներ, իսկ  6-րդ  դարում Հուստիանոս կայսրը (483-565) փակել  է տալիս այն դպրոցները, որտեղ օտար  լեզուներ  էին  դասավանդումԿայսրը փակեց, բայց դարեր անց Հայաստանում վերանայեցին կայսեր այս որոշումն ու հունաստանի  «փորձը» ու եկան այն եզրակացության, որ նրա խորհրդատուները փոքր-ինչ շտապել են, սխալվել. «Եթե չլինի օտարալեզու դպրոց, բա մեր երեխաներն ի՞նչ պետք է անեն, ո՞նց կարելի է չտիրապետել օտար լեզվին»,-ոմանք ասացին վերևներում, ոմանք էլ համաձայնեցին ներքևներում:

8/02/2015

Գորգի ամենավաղ նմուշը ստեղծվել է Հայկական լեռնաշխարհում

Գիտնականները կարծում են, որ գորգի ամենավաղ նմուշը, որը գտնվել է Ալթայի Պազիրիկ կուրգանում և թվագրվում է Ք.ա. 5-րդ դար, ստեղծվել է Հայկական լեռնաշխարհում։
Գորգը բազմագույն զարդանախշերով, խավածածկ կամ առանց խավի քառանկյուն գեղարվեստական գործվածք է: Գորգ բառն առաջին անգամ հիշատակվում է Տավուշի Կապտավանք եկեղեցու պատին եղած արձանագրություններից մեկում (1242-1243 թթ)։ Արաբ ժամանակագիրները վկայում են, որ կալի, խալի համ հալի բառը ծագել է Կարին քաղաքի անվանումից, իսկ Կարինը ինքնին արհեստների, հատկապես գորգագործության խոշոր կենտրոն էր։ Արաբներն այն Կարնո քաղաք անվան հետ են կապել ու կոչել են Քալիքալա:

7/20/2015

Կիտրոնի օրենքը

Կիտրոնի օրենք, կամ կիտրոնի օրենքներ, կամ հրաժարման իրավունքի օրենքը հանդիսանում է Ամերիկայի Միացյալ Նահանգների օրենքը, որը տրամադրում է փոխհատուցում ավտոմեքենաների կամ այլ ապրանքների գնորդներին, երբ վերջիններս հրաժարվում են գնված անորակ ապրանքից և վերադարձնում այն օրենքով սահմանված կարգով։

7/14/2015

ԱՄՆ-ի Կոնգրեսի գրադարանում Ցեղասպանությունից փրկված հայերի աննախադեպ տեսանյութեր են հայտնաբերվել

Միացյալ Նահանգների Կոնգրեսի գրադարանում հայտնաբերվել են Հայոց ցեղասպանությունից փրկված հայերի բացառիկ տեսանյութեր, որոնց վրա պատկերված է, թե ինչպես են հայ փախստականներն ու որբ երեխաները տեղափոխվում, այնուհետեւ՝ նավակներով հեռանում Թուրքիայից:
Տեսանյութերը բացառիկ են, քանի որ նախկինում համարվում էր, որ ցեղասպանության տարիներին Եղեռնից փախուստի դիմած հայերը պատկերված են եղել միայն լուսանկարներում: Այսպիսով, Կոնգրեսի գրադարանում հայտնաբերված տեսանյութերը հայերին ցեղասպանության տարիներին պատկերող առաջին հայտնի տեսագրություններն են:

7/13/2015

Զվարճալի տեսանյութ՝ «Հիսուսի» մասնակցությամբ


Զվարճալի տեսանյութ՝ «Հիսուսի» մասնակցությամբ:

Մռթբի ձորի կիկլոպյան ամրոցը

Գիտե՞ս որ Մռթբի ձորի կիկլոպյան ամրոցը գտնվում է Գավառ քաղաքի Արծվաքար թաղամասում, Մարտունի տանող ճանապարհի ձախ կողմում, Կարմիր գյուղից 50 մ հյուսիս: Ամրոցը պատկանում է մ.թ.ա. III-I հազարամյակներին: Զբաղեցնում է կես հեկտարից քիչ ավելի տարածություն: Հարավային և արևելյան կողմերից ամրոցը պաշտպանված է ժայռերով, իսկ հյուսիսային և արևելյան կողմերից՝ կիկլոպյան պարիսպներով, որոնց վրա մնացել են չորս քարաբուրգերի մնացորդներ: Պարիսպների հիմքերի լայնությունը 3,5 մետր է, իսկ աշտարակների հիմքերը, որոնք շատ վատ են պահպանվել, հատակագծում ունեն 4×4 մետր չափեր: Ամրոցի հարավարևմտյան կողմում հայտնաբերվել է մեկ մետր լայնություն և ութ մետր երկարություն ունեցող ստորգետնյա գետնուղի, որը ժայռաքարերի միջով անցնում է դեպի դիմացի ձորը: Հուշարձանի հարավային և արևմտյան կողմերում նկատելի են բազմաթիվ կացարանների ու պաշտպանական շինությունների հետքեր:

6/18/2015

Կատաղի վարունգը

Բացի սովորական վարունգից կա նաև կատաղի վարունգ:
Կատաղի վարունգը կամ  իշավարունգը (լատ.՝ Ecballium elaterium), դդմազգիների ընտանիքի բազմամյա խոտաբույս է: Ծաղիկները բաց դեղնավուն են, ծաղկում է մայիս-հունիս ամիսներին։ Պտուղը սալորի մեծության հյութալի բազմասերմ դդմիկ է։

Երբ Նոր Տարվա գալուստն ազդարարում է ժամանակի գունդը

Նյու Յորքում ամեն տարի Նոր Տարվա գալուստն ազդարարում է ժամանակի՝ Times Square-ի ամանորյա գունդը, որը  տեղադրված է Նյու Յորքի Թայմս Սքվեր թաղամասի շենքերից մեկի վրա։ 

5/31/2015

Երկրի վրա ապրող ցանկացած երկու մարդ բաժանված է ծանոթների 5 մակարդակով

Վեց ձեռքսեղմումների տեսությունը պնդում է, որ Երկրագնդի վրա ապրող ցանկացած երկու մարդ միմյանցից բաժանված են ծանոթների 5 մակարդակով։

Տեսությունն առաջ է քաշվել 1969 թ.-ին ամերիկացի հոգեբաններ Սթենլի Միլգրեմի և Ջեֆրի Թրևերսի կողմից։ Նրանք պնդում էին, որ Երկիր մոլորակի վրա ապրող յուրաքանչյուր ոք միջնորդավորված կերպով ծանոթ է ցանկացած այլ մարդու հետ, ընդ որում՝ ծանոթների այդ շղթան կազմված է 6 հոգուց։

5/17/2015

Մեկնեցի Երևանի վարդերի բույրով, բայց վարդերը մնացին այնտեղ՝ Օպերայի հրապարակում

Մեկնեցի Երևանի վարդերի բույրով, բայց վարդերը մնացին այնտեղ՝ Օպերայի հրապարակում: Մարմինս վառվեց դրանց մարմնի՝ իմի վրա գաղտագողի ճզմումի մեջ: Զգացի նրանց կրծքերի պայթելն՝ ընդդեմ իմ մարմնի: Լայնածիր հող: Տեսա նրանց արցունքները, երբ նրանց աչքերը բարձրացան դեպի արևը: Լսեցի նրանց ծիծաղների փոթորիկը.աշնան առաջին ձյուն: Նրանց ճարպե մատները դեղին մանեցին: Երկար ու նուրբ մոմեր՝ սևերի մեջ եկեղեցիների:
Նայեցի Արարատին՝ ուղիղ աչքերի մեջ՝ աչքերի խորքը, և նա ինձ ողջունեց  իր խստաշունչ վեհության բարձունքից: Այդժամ զգացի հողի և նրա կարմիր, հույժ հնամենի բույրի դողն իմ քայլերի տակ, որոնք ջնջվում են գետնի հետ, որ թաքնվում է երազի սկզբում:
Սերժ Վենտուրինի
«Գրական տապան. ապրիլ» միջազգային փառատոնի շրջանակներում Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ  հանդիպում ֆրանսիացի բանաստեղծ, թարգմանիչ Սերժ Վենտուրինիի  հետ,ով ֆրանսերեն է թարգմանել  Եղիշե Չարենցի «Երկիր Նաիրի» -ն:
Իսկ, թե ինչո՞ւ «Երկիր Նաիրի»՝ Վենտուրինին նկատեց. «Այն Չարենցի կարևոր ստեղծագործություններից է, ունի կյանքի իմաստ:  Կհամեմատեի  Ջեյմս Ջոյսի «Ոդիսևս»-ի հետ»։
Թարգմանիչը հայտնեց, որ թարգմանել է նաև Սայաթ-Նովայի գործերը.
«Սայաթ-Նովայի գործերը թարգմանելու համար  7 տարի պահանջվեց,   «Դանթեկան առասպել»-ի համար՝  2-3 տարի, իսկ «Երկիր Նաիրի» շարքը թարգմանելու համար 10 տարի է պետք, դեռևս հատվածներ են թարգմանվել: Կարծում եմ, որ այս ստեղծագործությունը պետք է ճանաչում ստանա նաև Եվրոպայում: Արդեն սկսել ենք Քուչակի գործերը թարգմանել, չնայած  բոլոր ճանապարհները տանում են դեպի Չարենց: Պետք է նշել, որ Չարենցն ու Սայաթ-Նովան այն հեղինակներն են, որոնց ստեղծագործությունները շատ դժվար է թարգմանել»,-մեզ հետ զրույցում ասաց Վենտուրինին:
Վենտուրինին ծնվել է Փարիզում: Նրա մայրը զբաղվում է դերձակությամբ և տնային աշխատանքներով, իսկ հայրը Ազգային աշխարհագրական ինստիտուտում աշխատում է որպես քարտեզագիր: Բանաստեղծի մանկությունն անց է կացել Փարիզի 7-րդ թաղամասում՝ Ռոդենի թանգարանից ոչ հեռու:
Նա 25 տարի ապրել և աշխատել է Երևանում: Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում 3 տարի աշխատել է որպես գրականության և ֆրանսերենի դասախոս:
«Երկրաշարժի տարիներից էլ ուսումնասիրել եմ  հայ գրականությունը՝ հատկապես պոեզիան: Ինձ հետաքրքիր է հայերի կյանքը: Ինձ շատ է հետաքրքրում Հայոց ցեղասպանությունը, և ես բազում ուսումնասիրություններ եմ կատարում այդ առումով:  Շատ ստեղծագործություններ ունեմ Միսաք Մանուշյանի մասին»,-նշեց բանաստեղծը:
«Կան մարդիկ, որոնք ճանաչում են հայոց մշակույթը, բայց քչերն են, ովքեր բնակվում են այնտեղ: Իսկ Վենտուրինին այդ տարածությունը հասկանում է: Նա շատ բան է արել մեր գրականության համար: Դեռևս 80-ական թվականներին նա ապրել է Հայաստանում ու դասավանդել: Էլի մազերը երկար էին, բայց սպիտակ չէին(ծիծաղում է.Ա.Կ): Նրա աչքերի առջև Հայաստանը դժվար ճանապարհ է անցել. երկրաշարժ, արցախյան ազատամարտ… ու նա այդ տարիների վկան է»,-ասաց գրող, կինոգետ Դավիթ Մուրադյանը:



http://asekose.am/hy_AM/news/8/188396-nayeci-araratin-ouxix-acqeri-mej-acqeri-xorqe--e-na-inc-oxjounecserj-ventourini.html

5/03/2015

Բռնաբարել է, վրաերթի է ենթարկել, սպանել է, հրդեհել

Բացեցիր չէ՞ այս նյութը: Աչքերդ էլ արագ-արագ մեկ աջ ես տանում, մեկ ձախ, վերև-ներքև, ինչ է, թե իմանաս՝ ով, ում, ինչո՞ւ և ամենակարևորը, խոսելու թեմա կլինի: Քեզ տեղեկացվածի տեղ կդնես և ոչինչ չասող ու ոչինչ չփոխող զրույցդ կսկսես «Բա իմացա՞ր»-ով ու կավարտես  «Երկիրը երկրի չէ» արտահայտությամբ: Այնինչ, հինգ վայրկյան առաջ շատ լուրջ, ամեն ինչ ասող, վերոնշյալ բառերը չպարունակող ու սիրտ չկանգնեցնող, մտածելու, խորհելու առիթ հանդիսացող նյութին անգամ աչքի պոչով չնայեցիր: Հետո էլ ասում ես, թե  «Յախք, էլի այս ապուշ լուրերը, բան չունեք գրելու…»:
 Բա այդ դեպքում գրված  «բաները» ինչո՞ւ չես կարդում: Չէ՞ որ այդ «բաներն» են հարստացնում, ուղղորդում, օգնում: Բա չէ, ով ում հետ քնեց, քանի ժամ քնեց, անկողինը բուրդ էր, բամբակ, թե մետաքս, կամ, թե ադամանդներից ով որ ամսագրի շապիկին է հայտնվել, ինչպես են դզել-փչել և այլն: Տեսնո՞ւմ ես ընթերցո՛ղ, թե որքան մեծ է քո մեղքի բաժինը:





http://asekose.am/hy_AM/news/11/142278-brnabarel-e--vraerti-e-entarkel--spanel-e--hrdehel.html

4/23/2015

Կոմիտասն ու Հայոց ցեղասպանությունը

Հայ ժողովրդի պատմության ողբերգական էջերից է 1915 թվականի ապրիլի 24-ը, երբ թուրքական կառավարությունն իրականացրեց հայերի բնաջնջման իր հրեշավոր ծրագիրը՝ արյունալի գործողություններ ձեռնարկելով թե՛ հասարակ ժողովրդի, թե՛ մտավորականության դեմ։ Կազմելով մտավորականների 2 խումբ՝ թուրք ոճրագործներն աքսորեցին նրանց Այաշ եւ Չանգր։ Առաջին ցուցակում ընդգրկվածներն անմիջապես սպանվեցին, իսկ երկրորդ ցուցակի մտավորականությունը (այդ թվում՝ Կոմիտասը) բռնեց աքսորի 7-շաբաթյա երկար ու դաժան ճանապարհը՝ գիտակցելով իր ողբերգական վախճանը։ 
Ֆիզիկական և հոգեկան ցնցումներ, ճնշվածություն. այսպիսին էր տիրող վիճակն աքսորավայրում։

Առաջին հարվածը Կոմիտասը ստացավ այն ժամանակ, երբ իր երգով ուզում էր ընկերներին հասկացնել գալիք արհավիրքի մասին։ Հանկարծ ոստիկանի սահմռկեցուցիչ հարվածն ընդհատեց նրա երգը։ Անսպասելի հարվածի ուժգնությունից Կոմիտասը սփրթնեց և չկարողացավ շարժվել...

Մեկ ուրիշ անգամ, անցնելով դիակների և մահացող մարդկանց միջով՝ կոմպոզիտորն ականատես եղավ մի աղեկեզ տեսարանի. թուրք ոստիկանն աննկարագրելի դաժանությամբ ու հաճույքով պատռեց երկունքի ցավով տառապող կնոջ փորը, իսկ նորածնի ճիչը խեղդեց իր ուժգին հարվածով։ Մոր և որդու դժոխային տառապանքն ու դաժան մահը մինչև հոգու խորքը ցնցեցին Կոմիտասին. այդ պահին նա ի վիճակի չէր նույնիսկ խոսել...

...Չանգրի ճանապարհին տեղի ունեցած դեպքը նույնպես անջնջելի հետք թողեց կոմպոզիտորի հիշողության մեջ։ Այն աքսորյալները, որոնց մեջ դեռ մի փոքր ուժ կար, գնացել էին խմելու ջուր հայթայթելու։ Բաժակ չլինելու պատճառով պետք է խմեին դույլից։ Տեղյակ լինելով Կոմիտասի նրբանկատությանն ու խիստ մաքրասիրությանը՝ նրա ընկերները՝ Սիամանթոն եւ Դանիել Վարուժանը, խմելու հնարավորությունն առաջինն ընձեռեցին նրան։ Սակայն, Կոմիտասը դեռ չէր հասցրել մի կում անել, երբ անգութ ոստիկանը խլեց նրա ձեռքից ջրով լի դույլն ու շպրտեց այն...Կոմպոզիտորն անկենդան հայացքով մտավ իր վրանը. նրա գունատությունը վախեցրեց այնտեղ եղած բժիշկներին։ Մեկ ժամ անց Կոմիտասը դուրս եկավ, միացավ ընկերներին։ Վերջիններս նրան ջուր առաջարկեցին, սակայն, թախծոտ ժպիտը դեմքին՝ նա հրաժարվեց։ Կոմպոզիտորը սկսեց խոսել ինքն իր հետ՝ արտասանելով ինչ-որ անհասկանալի բառեր։ Գիշերը շատ անհանգիստ անցկացրեց...

Հաջորդ օրը, շարունակելով Չանգր տանող ճանապարհը, Կոմիտասը մի զառամյալ, կեղտոտ էշ տեսավ բլրի լանջին։ Հավաքելով իր փարաջայի փեշերը՝ նա հարգանքով խոնարհվեց, ողջունեց էշին և բացականչեց. «Մի՛ շտապեք, ընկերնե՛ր, թույլ տվեք, որ ոստիկանն անցնի»։

Շատերն այս խոսքերը որպես հումոր ընդունեցին, սակայն բժիշկներ Թորգոմյանն ու Սեւակը, լավ իմանալով Կոմիտասին, հոգեկան խանգարվածության տարրեր նկատեցին։ 

Վերջիններիս առկայության մասին է վկայում նաև հետևյալ դեպքը։ Աքսորավայրում, զգալով իրենց ողբերգական վախճանը, հայ մտավորականության ներկայացուցիչները խնդրեցին Կոմիտասին երգել «Տեր, ողորմեա»-ն։ Վերջացնելով երգը և լսելով ընկերների հեծկլտոցն ու հառաչանքը՝ կոմպոզիտորն հանկարծ համակվեց հիստերիկ ծիծաղով։ Սարսափահար եղած ընկերների՝ Կոմիտասին հանգստացնելու ջանքերն ապարդյուն անցան...

Երեք ամսվա տանջանքներից հետո հրաման եկավ կոմպոզիտորին վերադարձնել աքսորավայրից, և ազդեցիկ անձանց միջնորդությամբ հրաշքով փրկված իր երկու ընկերների՝ բժիշկ Թորգոմյանի և խմբագիր Քեչյանի հետ Կոմիտասին բերեցին Կոստանդնուպոլիս։

Նրա թողած վերջին գրության մեջ, երբ բորբոքված ուղեղում դեռ չէին մարել գիտակցության վերջին կայծերը, հնչում է անելանելիությունն ու խոր հուսահատությունը. «Հոտն անհովիվ՝ մոլոր ու շփոթ աներևույթ և անզուսպ ալիքներ հախուրն կհուզեն ի խորս մեր հալածական եւ ողբեգալի կենաց ծովու։ Անմիտ որսորդներ բոլորած, միամիտ ձկներ ցանցած։ Մթնոլորտը թույն կտեղա, բուժիչ ուժ չկա։ Ավերած, սարսափ ու սանձարձակ կեղեքում մեկ կողմեն, անտարբերություն, օտարամոլություն ու ցեխոտ սրտեր մյուս կողմեն...Ու՞ր է մեր խոհական Խորենացին, թող ելլե արյունաքամ հողու տակեն և ողբա մեր խակերու սիրտն ու հոգին, միտքն ու գործը...

Սիրտս փլած է...»։

Կոմիտասի հետ կայացած հանդիպումից հետո այսպես է հիշում կոմպոզիտորին նրա աշակերտուհի Աղավնի Մեսրոպյանը. «Մենք Քեչյանների տանն էինք, երբ ականատես եղանք մի սրտաճմլիկ տեսարանի։ Կոմիտասը, չխնամված տեսքով, կանգնած էր մուտքի մոտ և շրջապատված էր աքսորվածների ընտանիքների անդամներով, որոնք ցանկանում էին իրենց հարազատներից տեղեկություններ իմանալ։

«Նրանք էլ կվերադառնան։ Մի՛ հապաղեք, նամակներ ու հեռագրեր գրեք նրանց, եղեք սրտակից կանայք ու մայրեր...»։
Ապա նետվելով Քեչյանի մահճակալի վրա ու խեղդվելով արցունքների մեջ՝ ավելացրեց. «Ա՜խ, ինչպե՞ս չստեմ, ինչպե՞ս չխաբեմ մեր այրիացած քույրերին։ Ոչ ոք չի տեսել մեր ազգային ողբերգության վերքերը... Այդ ապրումները մեզ կխելագարեցնեն»։ 
Ճակատագրի բերումով այդպես էլ եղավ։ Կոմիտասը դարձավ 1915 թվականի Մեծ եղեռնի ականատեսն ու հրաշքով փրկված «զոհը»։ 

Հայ ժողովրդի ողբերգությունը կանխորոշեց երաժշտության հանճարի դաժան կյանքի հետագա 20 տարիների ընթացքը...

3/28/2015

«Հայոց մայր» հուշարձանը կտարվի Վատիկան

Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված Ֆլորենցիայում տեղադրված Հայոց մայր հուշարձանը այս տարի ցուցադրվելու է եվրոպական մի շարք քաղաքներում, իսկ ապրիլ ամսին բերվելու է Վատիկան, որտեղ Հռոմի պապը պատարագ պետք է մատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 100-րդ տարելիցին։

«Հայոց մայր» հուշարձանը (իտալ.՝ La Madre del'Armenia) բրոնզաձույլ հուշակոթող է, որը տեղադրվել է Ֆլորենցիայի Գթասրտության եկեղեցական կազմակերպության մուտքի մոտ: «Հայոց մայր» հուշարձանը նվիրված է հայոց ցեղասպանության 100-ամյակին։ 

«Հայոց մայր» հուշարձանում քանդակագործը ստեղծել է մոր կերպարը, որը պաշտպանում և ուղղություն է ցույց տալիս իր չորս զավակներին։ Մոր թիկնոցը խորհրդանշում է Արևմտյան Հայաստանը՝ իր եկեղեցիներով։ Մոր ուսերը նման են Արարատ լեռանը։

Նշենք, որ հուշարձանը կառուցվել է 2014 թվականին, իսկ քանդակագործը Վիգեն Ավետիսյանն է:

3/16/2015

Նայելով զգեստին՝ասում էին կին է, օրիորդ, թե՝ այրի

Հայոց հինավուրց մայրաքաղաք Արմավիրի մերձակայքում̀՝ Արարատյան դաշտի գեղատեսիլ բլուրներից մեկի վրա է գտնվում  հայ ժողովրդի պատմության հոյակապ դրվագներից մեկը՝ Սարդարապատի հերոսամարտը խորհրդանշող տուֆակերտ հուշահամալիրը, որի մուտքը «պահպանում»  են Սարդարապատի կենդանի մասնակիցներին մարմնավորող վիթխարի, թևավոր ցուլերը,  որոնք  կոչված են  հսկելու փոքր-ինչ հեռվում վեր խոյացող 35 մետր  բարձրությամբ զանգակատուն-աշտարակը:
Զանգաշտարակից դեպի փառքի ու հաղթանակի հուշապատ ձգվող ծառուղու աջ կողմում հայ քաջորդիների ոգին խորհրդանշող քարե արծիվներն են: Կամարից ճանապարհը ձգվում է դեպի հուշահամալիրի զարդը̀  Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան: Ճարտարապետը Ռաֆայել Իսրայելյանն է, կառուցվել է տասը տարում (1968-1978) և իր հորինվածքով հիշեցնում է միջնադարյան բերդ-ամրոց: Թանգարանի մուտքի մոտ է գտնվում թանգարանն ու հուշահամալիրը անցյալին ու հավերժին շաղկապող պահապան-թալիսմանը՝ Գեղամա լեռներից բերված  «Վիշապ» քարակոթողը:
2012թ-ի հունվարի 1-ից Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանը համարվում է Թանգարանների միջազգային խորհրդի(ICOM) հիմնական անդամ: Թանգարանում պահպանվում են շուրջ 70000 մշակութային արժեքներ: 6500 քառակուսի մետր ցուցադրական մակերեսի վրա ներկայացվում է Հայոց նյութական, սոցիալական ու հոգևոր մշակույթը̀ հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը:
Թանգարանում է գտնվում, օրինակ 5000 տարվա պատմություն ունեցող օջախը: Ասում են՝ հնում միշտ պետք է վառ լիներ օջախի կրակը, քանի որ դրա հանգչելը վատ նշան էր: Ավելին, երբ նոր ընտանիք էր ստեղծվում, հին օջախի կրակով վառում էին նոր օջախը: Ըստ հին հայկական ավանդույթի՝ օջախում ապրում էին պապերի հոգիները:
Ներկայացված է նաև ձիթհանը. Հայաստանում չի եղել գյուղ, որը ձիթհան չի ունեցել: Ձեթ ստանում էին կտավատից, քնջութից, կանեփից: Սերմերը բովում էին, մանրացնում և այդ զանգվածը դրվում էր անկյունում գտնվող մամլիչի տակ: Պտտում էին, ձեթն առնաձնանում էր:
Որքան էլ որ զարմանալի թվա՝ թանգարանում շատերի ուշադրությունը գրավում են զգեստները, որոնք կրել են մեր նախնիները: Ուղեկցորդի խոսքով՝ այն ժամանակ նայելով զգեստին՝ կարող էին ասել՝ կին է, օրիորդ, թե այրի: Ասել է, թե հեռվից հեռու հագուստը խոսում էր:
Նշաձև զարդերը, զգեստի վրա  դրանց առկայությունը վկայել է կնոջ ամուսնացած լինելու փաստը:
Ինչ վերաբերում է հայկական ավանդական հարսանիքին, ապա այդ ժամանակ հարսը հիմնականում կրել է կարմիր գույնի զգեստ: Իսկ ընդհանուր առմամբ՝  առանձնացված հարսանեկան զգեստ չի եղել:
-Հաճախ կարմի գույնի էր լինում նաև ներքնազգեստը, դրա համար տատիկները, երբ զայրացել են տղա թոռնիկների վրա՝ ասել են «Կարմիր չտեսնես»,-նկատում է թանգարանի աշխատակիցը:
Թանգարանում ներկայացված են նաև ազգային ուտեստները, ավելին, նրանք ովքեր ցանկություն են հայտնում՝ կարող են անձամբ մասնակցել դրա պատրաստանն ու համտեսել:
Այժմ Հայոց ազգագրության թանգարանը Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես է պատրաստում, աշխատանքները դեռ ընթացքի մեջ են: 

http://asekose.am/hy_AM/news/8/184358-nayelov-zgestinasoum-ein-kin-e--oriord--te-ayri.html

3/08/2015

Կոլումբիայի քաղաքներից մեկը կոչվել է Արմենիա՝ ի հիշատակ 1915 թ. Հայոց Մեծ Եղեռնի զոհերի

Արմենիան քաղաք է Կոլումբիայի Քինդիո դեպարտամենտում։ Անվանումը ստացել է 1880 թվականին, իսկ սեփականատերերը եղել են Հարավային ամերիկայից եկած հայերը: Քաղաքի կարգավիճակ է ստացել հիմնադրվելուց 9 տարի անց: Բնակիչների թիվն արագ աճել է, ինչն էլ  իշխանություններին ստիպել է 1889 թվականի հոկտեմբերի 14-ին ճանաչել Արմենիան որպես քաղաք: 1999 թվականի հունվարի 25-ին քաղաքի զգալի մասը ավերել է Ռիխտերի սանդղակով 6,2 բալանոց երկրաշարժը։ Քաղաքը Արմենիա է կոչվել՝ ի հիշատակ 1915 թվականի Հայոց Եղեռնի զոհերի:
Ինչպես Կոլումբիայի շատ քաղաքները, այնպես էլ Արմենիան 2 անուն ունի: Այն անվանում են նաև Հրաշքների քաղաք: Իսկ այս անունը ստացել է արտասովոր կերպով արագ զարգանալու համար: Այնտեղ գրեթե աղքատներ չկան: Արմենիայում են աճում ամենահամեղ էլիտար սուրճերի տեսակները, ուստի այն անվանում են նաև Կոլումբիայի  սուրճի մայրաքաղաք:

3/07/2015

Արգենտինայում լուրերի թողարկման ժամանակ կադրում ՉԹՕ է հայտնվել

Արգենտինայում լուրերի թողարկման ժամանակ կադրում` հաղորդավարների հետևի ֆոնին, նկատվել է անհայտ թռչող օբյեկտ: Շատերը կարծիք են հայտնել, թե դա այլմոլորակայինների թռչող ափսե է եղել: