8/15/2016

Քարանձավներն ու Խնձորեսկի ճոճվող կամուրջը

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում է գտնվում Խնձորեսկ գյուղը:Ըստ ժողովրդական ստուգաբանության՝ «Խնձորեսկ» անվան արմատը «խնձոր» բառն է։ Մեկ այլ ստուգաբանությամբ՝ Խնձորեսկը նախկինում անվանվել է Խոր ձոր: Ի դեպ, այստեղ և՜ ձորերն են խոր, և՜ խնձորն է առատ։
Խնձորեսկի մասին ամենահին գրավոր հիշատակությունը պատկանում է 13-րդ դարի Սյունյաց պատմիչ Ստեփանոս Օրբելյանին։ Այդքան բնակչության գոյության փաստը վկայում է, որ Խնձորեսկը ամենախոշորներից էր ոչ միայն Սյունյաց աշխարհում, այլ նաև Արևելյան Հայաստանում: XIX դարին գյուղի բնակչությունը կազմել է 4200, իսկ XX դարի սկզբներին՝ 8300 մարդ։ 1913 թ. ունեցել է 27 խանութ, 3 ներկատուն, կաշվեգործական արհեստանոցներ և 7 դպրոց՝ երկուսը ծխական, մյուսները՝ մասնավոր-տնային։ Գյուղն ունեցել է 4 եկեղեցի. Սբ. Հռիփսիմե, Սբ. Թաղևոս, Անապատի և Հին։
Խնձորեսկը գործուն մասնակցություն է ունեցել ազատագրական այն պայքարին, որ Դավիթ Բեկի գլխավորությամբ ծավալվեց XVIII դարի 1-ին քառորդին Սյունիքում։ Գյուղի բերդը 1728-1730 թթ. եղել է Մխիթար Սպարապետի զորակայանը։ Ազատագրական շարժման պարտությունից օգտվելով՝ պարսիկ և օսմանցի բռնակալները սկսեցին հետապնդել ու հալածել հայերին։

Հին Խնձորեսկը եղել է Արևելյան Հայաստանի ամենամեծ գյուղը. 1913 թվականին ունեցել է 1800 տուն, ընդ որում դրանց մեջ կային բազմաթիվ գերդաստաններ, որոնք բաղկացած էին մի քանի տասնյակ մարդուց։ Խնձորեսկցիները զբաղվում էին դաշտավարությամբ, անասնապահությամբ, այգեգործությամբ, արհեստներով. Խնձորեսկի դարբինները, ներկարարները, որմնադիրները, գզրարները, դերձակները, հաղթուկները, պայտագործները, գորգագործները, զինագործները, հմուտ վարպետներ էին, որոնք հաճախ սպասարկում էին նաև հարևան գյուղերին։ Հռչակված էին Խնձորեսկի աշուղները, երգիչ-սազանդարները, որոնք երբեմն հասնում էին մինչև Թավրիզ, որպեսզի մասնակցեն պարսկերենով կատարվող ժողովրդական երգի մրցույթներին։ 1913 թվականին Խնձորեսկում կար զանազան տիպի 27 խանութ, մեծ մասը՝ մանրավաճառ։

Խնձորեսկ գյուղում՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղուց աջ, խոր ձորի զառիթափի լանջերին և սարահարթի վրա է գտնվում Խնձորեսկի ճոճվող կամուրջը, որը տանում է դեպի քարանձավներ, ուր նախկինում մարդիկ են բնակվել, ասում են՝ անգամ մինչև 1950-ական թվականները այնտեղ ապրող է եղել: Կամուրջը միմյանց հետ կապում է հին Խնձորեսկի երկու «ափերը»` Հին և Նոր Խնձորեսկները(Նոր Խնձորեսկը կառուցվել է 1950-ական թթ. սկսած, երբ 9 կմ հեռավորությունից անցկացվեց ջրատար դեպի Խնձորեսկի սարահարթը։ Նոր գյուղը կառուցապատվել է ըստ գլխավոր հատակագծի)։Կամուրջը կառուցվել է 2012 թվականին խնձորեսկցի գործարար Ժորա Ալեքսանյանի նախաձեռնությամբ ու հովանավորությամբ:

Комментариев нет:

Отправить комментарий