Սյունիքի մարզում, Որոտան գետի ձախակողմյան՝ Շաքի վտակի վրա է գտնվում Շաքիի ջրվեժը: Բարձրությունը 18 մետր է: Համաձայն ավանդույթի՝ թշնամիները Գեղարքունիք գավառից 93 կույս աղջիկ են ուղարկում Մուղանում(Մուղան, պատմական շրջան Արցախից արևելք մինչև Կասպից ծովի ափը) բանակ դրած իրենց առաջնորդին։ Երբ գերի աղջիկների քարավանը հասնում է այստեղ, դիմելով իրենց առևանգիչներին, նրանք ասում են՝
«Մենք երկար ճանապարհին շատ փոշոտվել ու կեղտոտվել ենք, թույլ տվեք գետում լողանանք, նոր ներկայանանք ձեր մեծին»։ Առևանգիչները համաձայնում են։ Աղջիկները մերկանալով նետվում են Որոտանի ալիքների մեջ և սուզվելով անհետանում։ Միայն Շաքե անունով մի կապուտաչյա աղջիկ Որոտանը թափվող գետակի միջով փախչելով, փորձում է ազատվել։ Թշնամիները հասնում են նրա ետևից, սակայն նույն վայրկյանին գետակի մեջ հրաշքով մի ժայռ է խոյանում, և ջուրը նրա վրայով գահավիժելով, իր ճերմակ փրփուրների տակ թաքցնում է Շաքեին։ Դրանից հետո այդ ջրվեժն ու նրա մոտ գտնվող գյուղը կոչվում են Շաքեի անունով:
Մեկ այլ ավանդույթի համաձայն էլ՝ մի զավթիչ, տեսնելով Շաքեի գեղեցկությունը, սիրահարվում է եւ հրամայում նրան բերել իր մոտ: Հայուհին, չկամենալով ենթարկվել զավթիչի բռնությանը, գցում է իրեն մի բարձր ժայռից: Անկման պահին գեղեցկուհու երկար զգեստը քամուց բացվում է եւ վերածվում ջրվեժի, որը եւ անվանեցին Շաքեի ջրվեժ:
Այսօր, ցավոք, ջրվեժի ամբողջ գեղեցկությունը տեսնելու համար պետք է զանգահարել հսկիչներին ու խնդրել, որպեսզի կարգավորեն ամենը, քանի որ հիմնական մասն օգտագործվում է Շաքիի հիդրոէլեկտրակայանում, ինչը ջրվեժից հսկայական ջուր է խլում և հնարավորություն չի տալիս նրան փայլել իր ողջ հմայքով:
Комментариев нет:
Отправить комментарий