10/06/2024

Ակնոցի գյուտը


 Մեր օրերում տեսողության խանգարումները բավական տարածված երևույթ են։

Համարյա յուրաքանչյուր մարդ վաղ թե ուշ ակնոց կրելու կարիք է զգում։ Անխոս, ակնոցի գյուտը մարդկության մեծագույն և կարևորագույն բացահայտումներից է։

Պատկերացնո՞ւմ եք՝ որքան լուրջ դժվարություններ էր պատճառում սովորական կարճատեսությունը կամ հեռատեսությունը, երբ դեռ չկար օպտիկական ակնոցը։ Միջին կարճատեսություն ունեցող մարդը, կարելի է ասել, պարզապես զրկված էր սոցիալական կյանքի հնարավորությունից։

Առաջին ակնոցներն ի հայտ են եկել միայն միջնադարում, երբ փորձառու վարպետները սովորեցին ստեղծել բարձրորակ թափանցիկ ապակիներ։

Որոշ պատմաբանների կարծիքով՝ ակնոցը հնարել են չինացիները՝ 7-9-րդ դարերում։ Սակայն ակնոցի գոյության առաջին գրավոր վկայությունը թվագրվում է 1289 թ․, իսկ նրա առաջին պատկերը հանդիպում է Իտալիայի Տրևիզո քաղաքի եկեղեցու մի որմնանկարում՝ ստեղծված 1352 թ․։ Բանն այն է, որ այդ ժամանակ Իտալիայում էին ապրում ապակու մշակման և ապակե իրերի պատրաստման ամենահայտնի և ամենահմուտ վարպետները։ Հատկապես հռչակված էր վենետիկցի արհեստավորների անունը։ Մշտապես գործ ունենալով ապակու հետ՝ նրանք նկատեցի վերջինիսի օպտիկական հատկանիշները։

Լույսի զուգահեռ ճառագայթները, անցնելով երկու կողմից ուռուցիկ ապակիով, սկսում են մոտենալ իրար և ապակու հետևում հավաքվում մեկ կետում՝ կիզակետում։ Այդպիսի տեսապակին անվանում են հավաքող և նշանակում դրական (+) նշանով։ Դրանից պատրաստում են ակնոցներ հեռատեսների համար։

Իսկ անցնելով երկու կողմից գոգավոր տեսապակիով՝ լույսի զուգահեռ ճառագայթներն  այնուհետև շարժվում են տարամետ ուղղությամբ և ձևավորում կեղծ կիզակետ։ Երկգոգավոր տեսապակին անվանում են ցրող և նշանակում բացասական (-) նշանով։ Այս ապակուց ակնոցներ են պատրաստում կարճատեսների համար։

Տեսապակու կենտրոնից մինչև կիզակետ եղած հեռավորությունը կոչվում է կիզակետային։ Որքան այն փոքր է, այնքան մեծ է նրա բեկման ուժը, որի չափման միավորն է դիօպտրը։

Դարերի ընթացքում ակնոցներն աստիճանաբար կատարելագործվել են թե՛ որակի և թե՛ ձևի ու հարմարավետության առումով, սակայն մարդկությունը մինչ օրս պարտական է միջնադարյան այն հանճարեղ վարպետներին, որոնք իրենց աշխատասիրության շնորհիվ նախ կարողացան այդքան մշակել ու թափանցիկ դարձնել ապակին, ապա բացահայտեցին նաև «աղավաղված» պատկերները շտկելու նրա հատկանիշներըը՝ լույսի ճառագայթների ուղղորդման միջոցով։

Комментариев нет:

Отправить комментарий