Հայկ Նահապետի հայրը Թորգոմն էր՝ Նոյ նահապետի որդի Հաբեթի սերնդից: Հենց նա էլ՝ Հաբեթը, կոչվում է հայոց ապուպապ:Մի անգամ Հաբեթը, թավուտ անտառով անցնելիս, սկսում է ինքն իրեն խոսել: Եվ զարմանում է, որ ծառերից ոչ մեկը չի պատասխանում իրեն: Ուստի ձայնը բարձրացնում է, գոչում ամբողջ ուժով, ապա կանգ է առնում՝ ականջն արձագանքի: Եվ Հաբեթին թվում է, թե ծառերից մեկն արձագանքեց իրեն: Նա մոտենում է վիթխարահասակ մի ծառի՝ բունը մուգ դարչնագույն, ճաքճքած կեղևով, իսկ թաթաձև տերևներն այնպես էին սվսվում, ասես շշնջային ցածրաձայն: Հենց այդ պահին էլ Հաբեթը ծառը կնքում է սոսի անունով, որ նշանակում է բարձրահասակ, պերճագեղ, սեգ, վեհ: Հետո իր տոհմանդամներին ասում է.
– Խոսել գիտե միայն սոսին, մնացածները կա՛մ համր են, կա՛մ հայերեն չգիտեն:
Այդ ժամանակներից էլ սոսին դարձավ հայոց ծառերի նահապետը:
Комментариев нет:
Отправить комментарий