10/06/2024

Կետադրական նշանների ստեղծման պատմությունը

Լեզուներում կետադրական համակարգը ձևավորվել է շատ ավելի ուշ, քան գրերը։ Հնում անգամ բառերի միջև բացատներ չեն եղել, ավելին՝ տարածք խնայելու համար շատ բառեր գրվել են կրճատ։

Սակայն առանց կետադրական նշանների դժվար էր գրավոր խոսքում ասելիքը ճշգրիտ, բոլոր իմաստային երանգներով արտահայտելը, բացի այդ՝ հարկավոր էր հեշտացնել տեքստի ընթերցումը։ Եվ հին հույները ստեղծեցին կետի կիրառության համակարգը․ տողի ներքևի հատվածում դրվող մեկ կետը միմյանցից բաժանում էր փոքրիկ ինքնուրույն շարահյուսական միավորները, տողի միջնամասում դրված կետը` բարդ նախադասության բաղադրիչ նախադասությունները, իսկ տողի վերջում կետը ցույց էր տալիս նախադասության ավարտը, մեկ այլ կետ` նոր պարբերության սկիզբը։ Հռոմեացիները, փոխ առնելով հույների
ստեղծած համակարգը, դրանում ավելացրին ևս մեկ նշան` ստորակետը։

Կետադրական համակարգը կտրուկ զարգացում ապրեց քրիստոնեության տարածման ժամանակահատվածում։ Գրիչները արտագրելով բազմացնում էին Աստվածաշունչը, որը պետք է բարձրաձայն ընթերցվեր քարոզների ու ծիսական արարողությունների ժամանակ։ Ուստի նրանք սկսեցին պայմանական նշաններ ավելացնել, որոնք կօգնեին ճիշտ ու անսայթաք կարդալ և ժողովրդին հասցնել տեքստում արտահայտված միտքը։

Ք․ հ․ 7-8-րդ դարերում իռլանդացիները փոխառեցին լատինական այբուբենն ու կետադրական համակարգը՝ հավելելով նաև այսօր արդեն աշխարհի գրեթե բոլոր լեզուներում կիրառվող հարցական նշանը (?):

Միջնադարում ֆրանսերենում կատարվեց ևս մեկ նորամուծություն՝ ստեղծվեցին չակերտները՝ երկխոսություններում առանձնացնելու տարբեր անձանց ուղղակի խոսքը։

Որոշ տարբերություններով՝ բազմաթիվ լեզուների համար այսօր ընդհանուր է այսպես քանիցս լրամշակված հիշյալ կետադրական համակարգը։ Թեպետ կան լեզուներ, որոնք մեր օրերում էլ չունեն կետադրական նշաններ․․․ և չեն էլ կարող ունենալ, քանի որ դրանցում գրավոր խոսքն արտահայտվում է հիերոգլիֆներով։

Հայերենի կետադրական համակարգում առոգանության նշանները՝ շեշտը, հարցական և բացականչության նշանները, տարբերվում են ոչ միայն իրենց ձևով, այլև կիրառությամբ․ դրանք դրվում են անմիջապես շեշտվող բառի շեշտակիր ձայնավորի վրա։ Միայն մեր լեզվին հատուկ նշաններից է նաև բութը․ հայերենում առանձնացված են բութի և ստորակետի կիրառության շատ դեպքեր, որոնց համար մյուս լեզուներում օգտագործում են միայն ստորակետը։

Комментариев нет:

Отправить комментарий