1/04/2012

Ամանորյա զեղչ

Պարտքերն արված են, գնումները կատարված են, տոկոսները կուտակված են, սեղանները մաքրազարդված են և բարության ու ժպիտի շրջանը քիչ-քիչ մոտենում է իր ավարտին:
Բազում զեղչված ապրանքների թվում  էին  բարությունն ու ժպիտը և շատերն օգտվեցին ընձեռված հնարավորությունից` գնելով երեք օրվա համար նախատեսված ապրանքի այդ տեսակից:
Գնեցին, պահեցին սառնարանում և հունվարի մեկի առավոտյան հանեցին ու սոսնձեցին դեմքներին` մոռանալով մի փոքր էլ սրտին բաժին  հասցնել, չէ որ ժպիտն ու բարությունը սրտից են բխում և ոչ թե քթից:
 Ինչևէ, գործն արդեն արված էր և զեղչերն ավարտված էին: Մնում է երեք օրում հյուրերին ընդունել ու որպեսզի երթը դադարի, հայտարարել. <<Այս տարի առևտուր քիչ ենք կատարել, ում ա պետք>>:
Թե չէ ով է գնում ուտելու համար, կամ դրան ժամանակ մնում է: Հազիվ  տասը րոպե բնակարանը ուումնասիրեն, տասը րոպե էլ սեղանի եղած-չեղածը, բամբասեն նվազագույնը երեսուն րոպե ու հեռանան:
 Բայց այստեղ մեկ նրբություն կա. հյուր էլ կա, հյուր էլ, նրան դիմավորելու ձև էլ : Ամեն մեկին իրեն հասանելիք չափով:  Լինում են արժանի և անարժան հյուրեր:
Արժանի են այն հյուրերը, որոնցից օգուտ կա, ովքեր նույնպես օգտվել են վերոհիշյալ զեղչից:
 Անարժան են այն հյուրերը, որոնք որևէ զեղչից չեն օգտվել և ,ամենակարևորը, նրանցից օգուտ չկա: Եվ, որպեսզի անարժաններն իրենց ուզած ժամին չգան, զանգում ու հարցնում են, թե երբ են գալու: Հիմա կասեք, թե թող ասեն ընդհանրապես մի' եկեք: Ախր, չէ որ նրանք գնել էին այդ գրողի տարած բարությունից ու իր նպատակին կյանքի գնով պիտի ծառայեցնեին:
Իսկ արժանիներին սպասվում է թագավորական ընդունելություն, սեղանի խղճուկ վիճակի վերափոխում, միմյանց երջանկության, սիրո ու հաջողության մաղթանք, քանի դեռ ինչ կա... դե, իհարկե` օգուտ: Իսկ երբ այն չքանում է, անարժանների թիվը շատանում և ամեն ինչ սկսվում է նորից:




Комментариев нет:

Отправить комментарий