12/20/2012

Երբ անծինն ծնանի,կլինի աշխարհի վերջը.Տոմարագետ


Ասում են, թե համաձայն մայաների օրացույցի դեկտեմբերի 21-23-ն  ընկած ժամանակահատվածում կլինի աշխարհի վերջը։ Ասում են… Ոմանք հավատում են ասածներին, ոմանք` ոչ։ Որոշ երկրներում մարդիկ բարձրանում են լեռը, որտեղից իրենց կարծիքով այլմոլորակայինները նրանց «կփրկեն», ոմանք տարբեր ուտելիքներ են գնում և այլն։
Նույնը չի կարելի ասել թերևս հայերի մասին։ Ճիշտ է, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ Արեգ Միքայելյանը և տոմարագետ Լիլիթ Սիմոնյանը նշեցին, որ Նոր տարվա առևտուրը կարծես թե համեմատած նախորդ տարվա` պասիվ է, բայց դե, մենք էլ, դուք էլ գիտենք, որ պասիվությունը բացարձակ կապ չունի աշխարհի վերջի հետ։
Այստեղ, գուցե հարցը վերաբերում է ամեն ինչի նկատմամբ հավատի կորստին  կամ բարձր գիտելիքներ ունենալուն։ Սակայն, մի պահ հայացք նետելով, կարծես թե հասկանալի է, որ գերակշռում է առաջին տարբերակը. չկա հավատ ոչնչի նկատմամբ. մարդկանց մեծ մասը փոքրոգի է, անտարբեր, սառը, դաժան։ Միգուցե սա՞ է աշխարհի վերջը։
Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ Արեգ Միքայելյանը  այս խոսակցությունները համարեց դրական. «Եթե մարդն ապրում է «արխային», լավ գործեր չի անում»։ Նույն կարծիիքի էր նաև տոմարագետ Լիլիթ Սիմոնյանը, ով ասաց, որ, եթե մարդն իմանար, որ անմահ է, ավելի փոքրոգի կլիներ։
Իսկ, ինչ վերաբերում է աշխարհի վերջին` ապա նրան մի սպասեք. Ինչպես նշեց աստղագետը, այս օրերին Տիեզերքում ոչինչ չի լինելու։  Ավելին, առասպելի համաձայն, երբ այլևս չեն լինի հայերը, այդ դեպքում նոր կլինի աշխարհի վերջը։ «Կա ևս մի առասպել. Երբ տեղի է ունենում ադամամութը, սատանան ասում է, թե երբ անծինն(ջորի) ծնանի, կլինի աշխարհի վերջը»,-մեջբերեց  Լիլիթ Սիմոնյանը։
Վերջում լրագրողներն ու բանախոսները քաղցրավենիքով և մեկ գավաթ շամպայնով նշեցին աշխարհի վերջը, որը, եթե օրերից մեկ օր լինի, ապա այդտեղ մեծ դեր կխաղա մարդը, քանի որ նա է աշխարհը տանում կործանման` պատերազմի, էկոլոգիական աղետների միջոցով. «Տանում է կործանման նաև մտածող ռոբոտների ստեղծմամբ։ Պատկերացրեք, ռոբոտներն անեն այն, ինչ իրենք են ուզում։ Մարդը կստրկանա։ Հիմա ամեն ինչում մարդն է իշխում։ Ոչնչացնում է օրինակ գայլերին, բայց արդյո՞ք գայլն ուզում է»,-եզրափակեց Արեգ Միքայելյանը։

12/09/2012

Նախագահի նոր թեկնածուն խոսել է առաջադրման, ծրագրերի մասին


Առաջիկա նախագահական ընտրությունները թերևս կառանձնանան իրենց ինքնատիպությամբ. Չէ, չէ, խոսքը բնավ էլ ծեծկռտուքին, կաշառքին կամ էլ լցոնումներին չի վերաբերում, այլ նախագահի թեկնածուներին:
Էպոսագետի, ազատամարտիկի հետ միասին արդեն կարծրացած քաղաքագետի, բանասերի, տնտեսագետի, բիզնեսմենի համար ևս մեկ մրցակից է ի հայտ եկել:
Նախագահի նոր թեկնածում անկուսակցական Հայաստան Արմենակյանն է: Այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ինչպես ինքն է նշում, «կյանքի դպրոցն անցած» թեկանծուն խոսեց առաջադրման և ծրագրերի մասին:
«Առաջադրվել եմ պարզ պատճառով. ցանկանում եմ երկիրս դարձնել հզոր, կարևորում եմ բանիմաց, հայրենասեր մարդկանց առկայությունը կառավարությունում, Աժ-ում: Վզի հաստությունն ու մարմնի լայնությունը կարևոր չեն: Ոչ թե նրա համար, որ, գուցե, այլ պաշտոն է զբաղեցրել ու լավ շորթել, այլ, քանի որ լավատես եմ, կհամարեմ դա զուտ ժառանգական գործոնի ազդեցություն»,-ասաց նախագահի թեկնածուն՝ հավելելով, որ կընտրի բանիմաց խորհրդականների, տվյալ բնագավառից գաղափար ունեցող նախարարների:
«Պետք է պահպանել մեր մշակութային ժառանգությունը, ոչինչ անուշադրության մատնել պետք չէ, մեկ էլ տեսար թշնամին ագռավ դարձած գա՝ «թռցնի»,-նշեց բանախոսը:
Նա առանձնացրեց նաև գյուղատնտեսության ոլորտը. «Գյուղացուն կհատկացվի համապատասխան տեխնիկա, դեղորայք, բնականաբար ոչ անվճար, պետք է մտածել նաև պետության բյուջեի մասին: Պետության այս նախաձեռնությունից կօգտվեն բոլորը»,-ասաց Հայաստան Արմենակյանը:
Հարցին, թե մի՞թե չի տարանջատի գյուղերը, և տեխնկան, ասենք բաժին ընկնի իր ծննդավայրին, կամ այն գյուղին, ուր բարեկամներ ունի, բանախոսն ասսաց. «Ո՛չ, նման բան չի կարող լինել, ես երկրագնդի քաղաքացի եմ, բայց, լինելով հայ, իմ նպատակը հասարակությանը առողջ, ուրախ ու աշխատելիս տեսնելն է, թե չէ սերիալի, ֆիլմերի հողի վրա այդ մարդիկ լրիվ կգժվեն, իսկ պետությունը՝ ուժեղ և հզոր»:
Նախագահի թեկնածուն իր խոսքում նշեց, որ ոչ արևմտամետ է, ոչ՝ ռուսամետ:
«Կարևորում եմ ճկուն քաղաքականություն վարելը և դիվանագիտական ճատրակում մատ անելը»,-ասաց բանախոսը:
Հայաստան Արմենակյանը չբացառեց նաև իր և կառավարության անդամների կողմից ժողովրդի «գրպանից» մի փոքր թռցնելը. «Բնական է, ես չեմ բացառում, ով իշխանություն ստացավ՝ այդպես կանի, բայց, եթե երկրում աշխատատեղեր շատ լինեն, մարդիկ էլ մարդավարի ապրեն, կարծում եմ, շատ չեն նեղվի, մարդն այդպիսին է, ագահ է, իսկ ես կաշխատեմ դա մինիմալի հասցնել»,-ասաց բանախոսը:
Նախագահի թեկնածուն բացառեց սպանելը. «Երբեք դա թույլ չեմ տա, մարդ ենք, ծնվել ենք, որ ապրենք: Եթե խանգարում է այդ մարդը, առաջին հերթին ինքը պետք է տարրական մտածելակերպ ունենա, մի կողմ գնա,  մի քանի տարի անց մեկ էլ տեսար՝ բախտը բերեց: Կամ կնստի, կամ կնստեցնեն:

Տոնդ շնորհավոր ուսանո’ղ


Մի կերպ ընդունվե՞լ ես, ապրես, լավ ես արել. չմտածես, թե հարցնելու եմ, թե ինչպես, վաղուց դա գաղտնիք չէ: Ինչևէ, շնորհավորում եմ ուսանողի տոնի կապակցությամբ, ցանկանում  ամուր նյարդեր, լի գրպան , երկար լեզու, սուր ականջներ ու հայի աչքեր, քանզի միայն հայի աչքերը կարող են տեսնել ամեն ինչ ու չապշել:
Հայի բնորոշ հատկանիշներից մեկը ուսում ստանալն է: Ուսման ձգտում են բոլորը, ընդունվում և ուսումը շարունակում են նրանք, ովքեր .
1.վճարունակ են,
2.ունեն լավ ծանոթ
3.հարուստի ճուտիկ են
4.ունեն Քաջ նազարի բախտ
Մի խոսքով, երբ գալիս է ընդունելության քննության օրը, այս մի քանի տեսակները հավաքվում, առավոտյան 7 ։35 արթնանում են, արագ հագնվում, մի մասը(աղջիկների դեպքում) շպարվում է, մի մասն էլ` անխնամ տեսքով գնամ, թե տեսեք` այնքան եմ պարապել, անգամ քնած ժամանակ ու առավոտյան, որ չհասցրեցի ինձ կարգի բերել: Հա, սրա նվնվոցի վրա երկար ժամանակ չվատնենք ու գնանք քննասենյակ:
Ինչպես քաղաքում է բաժանում դրած` էս շենքը իմն է, էս փողոցն իմն է, այնպես էլ` քննասենյակում.այս գծից այն կողմ, այն գծից այս կողմ: Հերիք չէ առանձին են նստում, մի հատ էլ սրանց ականջից կախվում է քննասենյակում գտնվող դասախոսներից մեկը։ Ամեն ինչ գրում, ջնջում, ապացուցում են ու իրենցից գոհ դուրս գալիս: Իսկ բանավոր քննության ժամանակ ինչ ուզում, խոսում են ու անվան դիմաց կետ տեսած, ականջին փսփսոց լսած կամ մյուս քննողի աչքի բացել-փակելը տեսած դասախոսն ասում է` ապրե’ս աղջիկս կամ` տղաս: Անգամ, եթե երեք սեղան է, հասկանալի է, որ սեղաններից մեկի մոտ նստած է «չար գայլը» ու բոլորին վառում-թափում է: Կտրող բրիգադից ժամանած գայլը:
Ինչևէ, կյանքի կամ թանկ գնով ընդունվում են ու այստեղ գալիս է ֆիլմի հիմնական մասը: Դասավանդում են տարբեր մակարդակի, ճաշակի մարդիկ: Լինում են ինքնավստահ, վախկոտ դասախոսներ. «Վու’յ հանկարծ չգան տեսնեն, որ բացակա չեմ դրել, վու’յ կտեսնեն, դուրս մի եկեք,վույ, վույ , վույ», կան և այսպիսիք. «ուր ուզում եք, գնացեք, ինչ ուզում եք` արեք»:
Ահա, իսկական հայ ազգի պատկեր. ծայրահեղությունից, ծայրահեղություն: Կան միայն իրենց հոտառությանը վստահող դասխոսներ. Մարդ ես, Աստված չանի հոտդ դուրը չգա. Այդ դեպքում վիճակդ նախանձելի չէ: Ամեն ինչ կանի, որ մի լաաավ տանջվես: Կան «բրենդ» դասախոսներ: Չփորձե’ք նրանց հասարակ միջանկյալի ժամանկ առաջարկել 10.000 դրամ. բա քո համար 10.000-ի դասխոս է այ մարդ, իիիիիիիիի: Կան մի կետի նայող ու ութսուն րոպե  խոսող լարովի դասախոսներ: Չփորձեք շեղել, կամ խոսել. Կմոռանա ու ամեն ինչ կսկսվի նորից…
Մի խոսքով` բազմազան տեսականի` առանց ընտրության հնարավորության: Ուսանողների լայն տեսականի էլ կա: Լինում են դասի ժամանկ խեղճ դասախոսին ընդհատող, անիմաստ, երբեմն էլ` իմաստով խոսող ուսանողներ: Խոսեն, մենակ թե իրենց կերպարը մնա դասխոսի աչքերում, չեն էլ մտածում, բա որ թարթի` կկորչենք:  Չէէէ, մտածում են, դրա համար էլ` անընդհատ ընդհատում են ու խոսում: Կան քննությանը չմասնակցող, առողջ, պարզապես չներկայացած, բժշկի ձևական թղթի համար էլ անգամ գումար չվճարած ուսանողներ, որ հաջորդ դասին հանձնում են քննություն «վերևում ասել եմ» կարգախոսով:
Չհաշված դա` արտոնյալ ուսանողը աղմուկից խուսափելու համար կարող է գնալ այլ լսարան. «Տետրս վերցնեմ` գնամ ուրիշ լսարան, այստեղ աղմուկ է»: «Հա, աղջիկ ջան կամ տղա ջան, գնա»,- ասում է  «միամիտ» դասխոսը: Կան անվճարի համար մրցող ուսանողներ, բայց վերջում ո՞վ է հաղթում, իհարկե, նա, ով ծանոթ ունի: Բայց այդ հաղթողը, եթե խիղճ է ունենում, «պարտված»-ին ասում է, թե կներես, որ այսպես ստացվեց:
Սա դեռ ինչ է` անձեռնմխելի անվճարների դեպքում: Այո, նման բան էլ կա, չգիտեի՞ք: Ասում են` այս  բաժինն անվճար չունի, բայց մեկ օր իմանում ես, որ լավ էլ ունի, տեղերն էլ զբաղված են: Իսկ անձեռնմխելիությունը կայանում է նրանում, որ, եթե անգամ գերազանց չսովորի` էլի անվճար է: Կան նաև «առնետ» ուսանողներ.այնպես անեն, որ դասախոսը տեսնի արտագրողին, դիտավորյալ պատճեն չտան և այլն: Կան, կլինեն ու դեռ կշատանան տեսակներն այս, մնացածը կախված է ձեր ճաշակից ու ընտրությունից:

Մենք ենք աշխարհի աղը. Ժայռապատկերաբան


 Ժայռապատկերը, կամ իծագիրպետրոգլիֆ (petros - քար և glyphe - փորագրություն) — քարանձավների պատերին, առաստաղներին, ժայռերի և քարերի մակերեսներին արված հնագույն պատկերներ ու տեսարաններ են։ Հնագույն ժայռապատկերները վերաբերվում են հին քարե դարին, վերջինները՝ միջնադարին։ Կատարման տեխնիկայով բազմազան են՝ հանքային ներկերով արված բազմագույն նկարներից մինչև տարբեր որակի ուրվագծային պատկերներ ու հարթաքանդակներ։ Հայաստանում կան աշխարհագրական 5 տարածքներ, որոնցից են՝ Արագած, Գեղամա լեռներ, Սյունիք՝ Ուղտասարի լանջերը։ Ժայռապատկերները թվագրվում են մ.թ.ա. 7000- ամյակով և ավելի հին ժամանակներով: 

Ժայռապատկերները արտահայտում են համապատասխան դարաշրջանի մարդու նյութական և հոգևոր կյանքը։ Դրանք հարուստ նյութ են տալիս Հայկական լեռնաշխարհի բնակիչների կենցաղը, պաշտամունքը, սովորություններն ու արվեստը ուսումնասիրելու համար և կարևոր նշանակություն ունեն որպես պատմական սկզբնաղբյուրներ։ Սակայն, չգիտես թե ինչու այս ամենը անուշադրության է մատնված և պետության հույսը կարծես թե հայրենասեր մարդիկ են, հա, մեկ էլ օտարերկրացիները, որոնց տեսնելիս հիշողությանը զարկ տալով հիշում են նաև ժայռապատկերների մասին: Օտարն էլ տեսնում է (Վերջին թարմ այցելությունը Սաքսոնիա-Անհալթ երկրամասի պրոֆեսոր Հարալդ Մելլերինն էր, ով ՀՀ մշակույթի նախարարի հետ հանդիպման ժամանակ նրա ուշադրությունը հրավիրել է պատմական այս աղբյուրներին` հիշեցնելով, որ գործ ունեն ՀՀ մշակութային ժառանգության անգնահատելի արժեքների հետ) ու զարմանում բացահայտ անտարբերության վրա: Հայկական ժայռապատկերների ուսումնասիրություններ է կատարում պատմաբան-աստղագետ Կարեն Թոխաթյանը, ով էլ հրավիրված գիտաժողովի ժամանակ  ժայռապատկերների միջոցով  ներկայացրեց մի ողջ պատմություն: 

 «Մեր ժայռապատկերներում գիտության մակարդակը շատ բարձր է:  Ժայռապատկերները շատ հին են, իսկ հին ժամանակվա գիտությունը, կարելի է ասել, ամփոփված էր աստղագիտության, ավելի ճիշտ՝ բնագիտության շուրջ: Տարածության ու ժամանակի մեջ կողմնորոշվելը վաղ անցյալում է ծագել: Դիտողականության, վերլուծողականության  ժամանակ ծագում են ընկալման և չափման մի շարք ձևեր, որոնք հիմնված են երկնային, երկրային, կենսական երևույթների բնութագրերի վրա»,-ասաց Կարեն Թոխաթյանը՝ հավելելով, որ հնադարի որսորդը, հովիվն ու հողագործը դարձան առաջին ուսումնասիրողները: Ժայռապատկերները ճանաչողական մեծ նշանակություն ունեն, խոսում են մտքերի, հաղթանակների, հավատալիքների, գիտելիքի մակարդակի մասին: Ժայռապատկերները հիմնականում գետնատարած փռվածք ունի, ամենամեծը՝ 1 մետր:

 «Մեր ժայռապատկերներն  առանձնանում են ողջ աշխարհում: Հին աշխարհում մերոնք առանձնանում են հետաքրքիր, առանձնահատուկ, իմաստալից ժայռապատկերներով: Մեր ժայռապատկերները ոճով շատ հին են: Ոճ, որը լեռնաշխարհից գաղթողների հետ տարածվել է, ասենք, Իտալիա, Գերմանիա, Պոլինեզիա և այլն: Վերցրել են ընտանիքը ու գնացել այլ երկիր, սովորեցրել՝ ոնց որ հիմա են անում: Ինչպես ասում են՝ «Մենք ենք աշխարհի աղը»,-խոսքում նշեց ՀՀ գլխավոր ժայռապատկերաբանը: Ժայռապատկերներում պատկերված են գրեթե բոլոր ոլորտները: Մարդ, որը կարծես ոտնաման ունի, 2 հոգի, ովքեր այծ են բռնում, սա նշանակում է, որ նոր ժամանակների ժայռապատկեր է, քանի որ երկուսով աշխատելու համար պետք էր ծրագրավորել, թե ով որ կողմից մոտենա: Ըստ Կարեն Թոխաթյանի՝ ժայռապատկերների տասը տոկոսն է, որ էսքիզներ են:  «Կան անասնապահական, երկրագործական, ծիսական տեսարաններ,  ծառ ու ծաղկի, պտուղների, առասպելական վիշապների, կմախքի, ջրամբարների պատկերներ»,-նշեց Կարեն Թոխաթյանը՝ հավելեով, որ Հայաստանը նկարագրվում է որպես ձկնառատ ու գետառատ երկիր, ինչպիսին հիմա է: «Փայլուն է մեր ժառանգության մեջ երկրագիտական շերտը: Ուղտասարում գեղարվեստական է, գիտական ոչինչ չկա, նույնը չենք կարող ասել Գեղամա լեռների մասին, որտեղ ավելի շատ գիտական է,-ասաց ժայռապատկերաբանը՝ օրինակ բերելով թռչունն ու շուրջը կետեր, որը կապված է Արծիվ համաստեղության հետ: