Պարոն Միրիջանյան, սովորել եք Երևանի գեղարվեստի ակադեմիայում. Ինչպե՞ս և ինչո՞ւ որոշում կայացրեցիք ընդունվել տվյալ հաստատություն: Քանդակագործ դառնալը մանկության երազա՞նք էր:
-1932 թվականին Բուլղարիայի Բուրգաս քաղաքից երբ եկանք Հայաստան ես մենակ էի, ոչ ընկեր ունեի, ոչ հարազատ: Քույրերս չդիմանալով ծանր վիճակին՝ մահացել էին: Ձանձրույթից չգիտեի՝ ինչ անել: Անկախ ինձանից զբաղվում էի ծառի ճյուղերը դանակով տաշելով: Ամբողջ ուշադրությունս նկարչության և քանդակի վրա էր: Երրորդ դասարանում արդեն ճանաչվել էի որպես նկարիչ: Սակայն, չորրորդ դասարանում դպրոցից դուրս եկա, քանի որ պետք էի աշխատեի՝ հիվանդ ծնողներիս պահելու համար:
Ընթացքում ինձ բախտ վիճակվեց ծանոթանալ հրաշք դասախոսի՝ Թերեզա Միրզոյանի հետ: Ճիշտ է, նկարչությունն էր իմ հոբբին, բայց, երբ առաջին անգամ տեսա այդ կնոջը, հմայվեցի գեղեցկությամբ, անցա քանդակի ասպարեզ: Նա շատ ընդառաջեց, ոգեշնչեց ինձ:
Որքանո՞վ եք կարևորում կրթության դերը մարդու կյանքում:
-Եթե մարդու ներսում կա՝ բոլոր պայմաններում էլ նա կարող է դրանից օգտվել: Եթե ձայն ունես՝ չպետք է սպասես, որ քեզ լսեն: Կան մարդիկ, որոնք շատ շնորհքով են, սակայն նվիրված չլինելու հետևանքով հետ են մնում:
-Ամենածանր պահերին անգամ իմ արվեստից չեմ հրաժարվում: Պահ եմ գտնում, որ մի բան ստեղծագործեմ, դա իմ հոգու պահանջն է: Երջանիկ է նա, ում տաղանդը համընկնում է նախասիրությանը:
Ո՞վ է Ձեր աշխատանքների քննադատը:
-Ես: Գիտեք, կան մարդիկ, ովքեր իրենց արածից միշտ գոհ են լինում: Իմ դեպքում այդպես չէ: Ես հաշվի եմ առնում յուրաքանչյուրի կարծիքը: «Մի նկարիչ աշխատանքն ավարտելուց հետո նստում և նայում էիր գործը, ընկերը գալիս և հարցնում է՝ «Հիացե՞լ ես», ասում է, որ ոչ, տխուր է: Ընկերն հարցնում է, թե ինչո՞ւ:
Նկարիչը պատասխանում է. «Նրա համար, որ ես հավանում եմ իմ գործը, իսկ դա նշանակում է, որ առաջադիմելու շանս չունեմ»:
Հիմա վախենում եմ, որ հավանեմ գործս, ես իմ ուզածը դեռ չեմ ստեղծել, սպասում եմ դրան:
-Կոնկրետ ի՞նչ եք ուզում ստեղծել:
-Այն, որ վերջին անգամ ես էլ հիանամ: Չնայած չեմ կարծում, որ կհիանամ, քանի որ անընդհատ պահանջը կա: Շատ կուշտ լինելն էլ մի բան չէ, պետք է սպասելիք ունենալ:
Ձեր բանաստեղծություններից մեկում նշում եք, որ եթե չլինեին վիշտն ու սերը, պոետը չէր կարողանա ստեղծագործել: Ձեր լավագույն գործերը վշտի, թե՞ սիրո արդյունք են:
-Փոթորկից հետո միշտ արև է լինում, ամեն ինչումպետք է դրականը տեսնել: Հիասթափությունը կարող է խորտակել մարդուն: Միշտ էլ կհանդիպեն մարդիկ, ովքեր կնեղացնեն քեզ, բայց ինչո՞ւ նեղանալ: Դա նրա էությունն է:
Ես կարո՞ղ եմ ոչխարին ասել, թե ինչո՞ւ ես խոտ ուտում, կամ գայլին, թե ինչո՞ւ ես միս ուտում: Դա նրանց պահանջն է: Ես այն երջանիկներից եմ, որ վշտի մեջ լույս է տեսնում:
Երբևէ պատկերե՞լ եք ձեզ նեղացնող մարդկանց:
-Այո:
Եվ նվիրե՞լ եք:
-Չէ, դա արդեն մեղք է:
Պարոն, Միրիջանյան, Ձեր կարծիքով արվեստը, հատկապես քանդակագործությունն ու նկարչությունն այսօր ի՞նչ վիճակում են:
-Հիմա մարդիկ հոգսերով են տարված: Առաջ շատ-շատ էին գալիս, չէի հասցնում: Օրը 4-5 մեքենա մեր դռան մոտ էր: Հիմա ընկել են օրվա սննդի հայթայթման հետևից: Եթե բախտ ունեցար ճարպիկ մենեջեր ունենալ՝ կգոյատևես: Մեր շատ շնորհքով արվեստագետներ ներկի, կտավի գումար չունեն:
Գրում եք նաև բանաստեղծություններ. դրանք թղթին եք հանձնում յուրաքանչյուր աշխատանքից առաջ, թե՞ հետո:
-Ավելի շատ քանդակից է ծնվում բանաստեղծություն, քան հակառակը:
Ի՞նչ կարող եք ներկայացնել քանդակի, նկարի միջոցով, որը չէիք ասի գրչի միջոցով:
-Մեկը մյուսին լրացնում են: Օրինակ, երբ հոգնում եմ քանդակելուց՝ գրում եմ:
Քանդակել եք քաղաքական գործիչների, մտավորականների, շարքային քաղաքացիների, կենդանիների: Նախընտրում եք մարդկային, թե կենդանական աշխարհը:
-Սիրում եմ կենդանական աշխարհը: Խելոք մարդկանցից մեկն ասել է. «Ինչքան մարդկանց ճանաչեցի, այնքան սիրեցի կենդանիներին»:
Նմանություն կամ տարբերություն տեսնո՞ւմ եք մարդկային և կենդանական աշխարհների միջև:
-Իհարկե: Երկուսն էլ եսասեր են, ունեն ուտելու պահանջ, զգուշավոր են, հոշոտում են, սակայն, եթե կենդանիները քաղցի ժամանակ են հոշոտում, մարդիկ՝ կուշտ: Մարդիկ ավելի խորամանկ են: Կենդանիները բնության, մարդիկ՝ ուղեղի հրամանով են գործում.
Կաթնասուն, գազան բարեկամացել,
Մինչդեռ մարդիկ են թշնամի դարձել….
Տեսնում եմ՝ քանդակները շատ են արվեստանոցում, տարածքի խնդիր ունեք կարծես թե :
-Մեկ-մեկ ասում են՝ երբ անճարանաս, հանճար կդառնաս, իսկ այդ դեպքում փորձում ես ինչ-որ միջոցներ գտնել:
Առաջիկայում ցուցահանդես նախատեսո՞ւմ եք:
-Ցանկանում եմ փայտե քանդակների ցուցահանդես կազմակերպել: Մոտ 80 աշխատանք կա: Հիմա աշխատանքներիս ճակատագիրն է ինձ հուզում, չէ՞ որ ամեն մեկի մեջ իմ հիշողությունն է ամփոփված: