Ապրիլի 29-ը պարի միջազգային օրն է: Նշվում է 1982 թ.-ից՝ Թատրոնի միջազգային ինստիտուտի և Պարի միջազգային կոմիտեի նախաձեռնությամբ՝ ի հիշատակ այդ օրը ծնված ֆրանսիացի բալետմայստեր, բալետի տեսաբան Ժան-Ժորժ Նովերի:
1995 թվականից Պարի միջազգային օրը նշվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո:
Օրվա առթիվ ազգային պարի, խնդիրների մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեցին «Սասուն» ազգագրական համույթի գեղարվեստական ղեկավար Անդրանիկ սարկավագ Մանուկյանը և «Ակունք» ազգագրական համույթի գեղարվեստական ղեկավար Սարգիս Ալավերդյանը:
«Պարը կյանք է: Ցավոք ազգային պարը հետ է մնում, չի քարոզվում: Չգիտեմ, թե ժողովուրդն ինչու է այդպես տրամադրված: Ամեն ինչ ներկայացնում են՝ բացի ազգայինից: Միայն բիզնես է: Ինչո՞ւ պետք է մեզ հաճույքի ժամանակ հիշեն, որ կանչեն, գնանք, հետո էլ ստրուկի նման ասենք՝ վայ, շնորհակալություն: Հիմա ո՞վ է մեղավոր, ո՞վ է փչացնում: Հետո ո՞ւմ եք մեղադրելու, թուրքի՞ն, քրդի՞ն»,-դժգոհությունն այսպես արտահայտեց Անդրանիկ սարկավագ Մանուկյանը:
Նրա խոսքը լրացնելով «Ակունք» ազգագրական համույթի գեղարվեստական ղեկավար Սարգիս Ալավերդյանն ասաց, որ երբ որևէ շրջանում խաչքար է բացվում, անպայման լուսաբանվում է, իսկ կենդանի խաչքարերին, ովքեր ազգային երգ ու պարի փոխանցողներն են՝ ոչ հիշում են, ոչ օգնում:
ardarutyun.am-ի հարցին, թե ո՞րն է պատճառը, որ հայ հասարակությունը նախընտրում է լատինամերիկյան պարերը, կամ՝պորտապարը նախընտրելու պատճառը, «Սասուն» ազգագրական համույթի գեղարվեստական ղեկավարը պատասխանեց մեկ նախադասությամբ. «Ուզում են եվրոպացի երևալ»:
Комментариев нет:
Отправить комментарий