«Բացի լավ ու ճիշտ աշխատելուց իրական հաջողությունների ոչ մի բան էլ չի բերի»: Այս կարծիքին է ռոք երգիչ Վահագ Ռաշը, ով հանդիսատեսին ներկայացավ «Աշնան քամի» տեսահոլովակով՝ միանգամից գրավելով շատերի ուշադրությունը: Նրա՝ երգարվեստ մուտքի, հաղթահարած խոչընդոտների, շոու բիզնեսի ներկայացուցիչների վերաբերմունքի, X Factor-ի մասնակցության, սիրելիին հանդիպելու և այլ հարցերի վերաբերյալ զրույցը՝ ստորև:
Վահագ, սովորել ես ՀՊՃՀ-ի ցանցային կառավարում բաժնում: Ինչպե՞ս կատարվեց անցում դեպի երգարվեստ:
-Երաժշտությունն ինձ դեռ մանկուց է գրավել: Երրորդ դասարանից հաճախել եմ երաժշտական դպրոց՝ կիթառի դասընթացների: Ուսանողական տարիներին հաճախ էի նվագում: Ինչ վերաբերում է երգելուն, ապա կարելի է ասել, երգել սկսել եմ բանակային տարիներին: Միացնում էինք համակարգիչն ու կարաոկե երգում:
Հետո, Ռուսաստանում մի մրցույթ կար՝ հաղթողի երգը գործիքավորում էին: Մասնակցեցի, առաջին անգամ կատարեցի «Համբույրի մ'ը մեջ» երգը և հաղթեցի: Նրանք կատարեցին գործիքավորումը և այդտեղից էլ ամեն ինչ սկսվեց:
Նշեցիր, որ հաճախել ես կիթառի դասընթացների. քո ցանկությամբ, թե՞ ծնողների:
-Իմ ցանկությամբ: Բայց ստիպված 6 տարի հաճախել եմ դաշնամուրի դասընթացների: Լավ էի նվագում, սակայն հաճույքով չէի գնում:
Ի՞նչ ես կարծում, կոնկրետ այս դեպքում, ուսուցիչը կա՞պ ունի այս կամ այն երաժշտական գործիքը սիրելու կամ չսիրելու գործում:
-Բնականաբար կապ ունի: Առաջին հերթին պետք է լավ մանկավարժ լինեն, չէ՞ որ երեխաների հետ են աշխատում: Ուսուցչի փոխանցած էներգիան շատ կարևոր է: Դպրոցում էլ, օրինակ, եթե մի առարկա չեն սիրում, ասում են, որ ուսուցիչը վատն է եղել:
Մոտ 4 տարի է՝ երգարվեստում ես. Որո՞նք էին և են, քո առջև ծառացած խոչընդոտները:
-Սկզբում շատ դժվար էր: Նախ չէին ճանաչում, հետո էլ դասական էլեմենտների վրա ռոքային երաժշտությունը նորություն էր: Ճիշտ է, որպես նորություն գրավեց, ասենք մեկ-երկու ռադիոհաղորդման հրավիրեցին, սակայն երգն այդպես էլ չէր հնչում որևէ ռադիոյի կամ հեռուստաընկերության եթերում:
Իսկ, երբ նկարահանեցի առաջին տեսահոլովակը, ռեժիսորը տվեց ձեռքս ու ասաց՝ գնա: Թե ուր պետք է գնայի ու ինչ անեի՝ գաղափար չունեի: Որոշեցի տեղադրել համացանցում: Մի քանի օրից հեռուստանընկերություններից առաջարկ ստացա և տեսահոլովակը հայտնվեց էկրաններին:
Հիմա իրավիճակն այլ է: Ամեն օր տարբեր ռադիո և հեռուստաալիքներով գոնե մեկ անգամ հնչում է երգերից որևէ մեկը:
Ինչպե՞ս ընդունեցին քեզ «մեծ ընտանիք»:
Շոու բիզնեսի ներկայացուցիչներին էլ դժվար ընդունեցին: Կարծում եմ, յուրաքանչյուր բնագավառում էլ այդպես է: Երբ նոր մարդ է հայտնվում՝ դժվարությամբ են ընդունում: Ուստի, դու պետք է քո գործով՝ երաժշտությամբ, երգի բառերով ապացուցես, որ արժանի ես և կարող ես քո ուրույն տեղը զբաղեցնել երգարվեստում, ինչու չէ, ունենաս նաև քո ներդրումը:
Ըստ քեզ, ինչպիսի՞ն է հայկական երգարվեստը: Ի՞նչ թերություններ կան:
-Թերություն չեմ կարող անվանել, բայց, ավելի շատ աշխատում են կոմերցիայի համար: Քավորի, սանիկի, հարսնաքրոջ մասին երգ են գրում ու գնում երգելու:
Այսօր, գովելի է, որ եթերով քիչ է պրոպագանդվում հայկական երգարվեստի թերություններից մեկը՝ ռաբիսը: Հիմնականում, եթե հնչում էլ է նման երաժշտություն, ապա կոմերցիոն նպատակով:
Վերջերս մասնակցեցիր հեռուստաընկերություններից մեկում հեռարձակվող մրցութային ծրագրի: Խոսքը X Factor-ի մասին է: Ինչո՞ւ որոշեցիր մասնակցել և, մրցույթից դուրս մնալու պատճառն, ըստ քեզ, ի՞նչն էր:
-Ճիշտն ասած մրցույթին մասնակցելն իմ գաղափարը չէր, ես մրցույթներ չեմ սիրում: Կողքից անընդհատ հարցնում էին, թե ինչո՞ւ չես գնում, ուստի որոշեցի գնալ: Իսկ մրցույթից դուրս մնալու պատճառն երգի սխալ ընտրությունն էր: Չեմ ժխտի, որ մեծ դեր խաղաց նաև վատառողջ լինելս: Ուկրաինայից նոր էի վերադարձել, մեքենայով(ինքնաթիռ այդքան էլ չեմ սիրում) հազարավոր կիլոմետրեր էի կտրել-անցել, դրա համար էլ ձայնի հետ կապված խնդիրներ առաջացան:
Փոխարենը չես մասնակցում շոու ծրարգրերի: Հրավեր չկա՞, թե՞…
-Կային, պարզապես աշխատանքի առումով հաճախ եմ Հայաստանից բացակայում և, ամենայն հավանականությամբ, այժմ դրանց չլինելու պատճառն այն է, որ կարծում են, թե հայրենիքում չեմ:
Վերջերս ֆեյսբուքյան քո էջում հարցում էիր կազմել` առաջարկելով ընտրել ներկայացված հայ գրողնեից մեկին և նշել կոնկրետ ստեղծագործություն` խոստանալով ստեղծագործության բառերով երգ ներկայացնել: Ո՞ր ստեղծագործությունների միջև էր «պայքարն» ընթանում, ո՞րը հաղթեց և երգը պատրա՞ստ է, թե՞ ոչ:
-Տերյան, Թումանյան…շատ էին: Հաղթեց Պարույր Սևակի «Նամակ» ստեղծագործութունը: Ճիշտն ասած, շատ զարմացա, որ Սևակ ընտրեցին, քանի որ նրա ստեղծագործությունները բարդ են, հանգավորում չկա, ինչն էլ դժվարացնում է աշխատանքը: Ուստի երգ կձայնագրենք, բայց տեսահոլովակ չենք նկարահանի, որովհետև շատ երկար է ստեղծագործությունը:
Հիմնականում երգի ես վերածում հայ լավագույն բանաստեղծների տողերը.Կապուտիկյան, Մեծարենց, Շիրազ, Տերյան…Երբևէ փորձե՞լ ես ժամանակակից պոեզիայի ներկայացուցիչների բանաստեղծությունները կատարել:
-Ճիշտն ասած, ժամանակակից բանաստեղծների չեմ էլ ճանաչում: Բայց, կոնկրետ ընկերներ ունեմ, ովքեր ստեղծագործում են: «Ես կգամ» երգը օրինակ, նրանցից մեկի՝ Տաթևի կողմից է գրվել:
Տեղյակ եմ, որ ինքդ նույնպես ստեղծագործում ես և առաջին գործդ, որքան գիտեմ՝ օրորոցային է եղել: Կպատմե՞ս ինչպես ստացվեց:
-Այո, ճիշտ գիտեք: Իմ և քույրիկիս միջև տարբերությունը գրեթե 10 տարի է: Մայրիկս ուսուցչուհի է, երբ գնում էր դպրոց՝ քրոջս քնեցնելը դառնում էր իմ կարևոր պարտականությւոններից մեկը: Չէր քնում, ստիպված որոշեցի երգել և այդպես ստեղծվեց երգը:
Որևէ տող կարո՞ղ ես հիշել:
-Օ՜յ, փորձեմ մտաբերել: Մոտավորապես այս տողերն էին.
Քնիր, քնիր իմ քաղցրիկ,
Քնիր, քնիր իմ անուշ քույրիկ,
Լուսինն է վերից շողում,
Աստղերն են մեղմիկ փայլում…
Առաջին տեսահոլովակը, որ հանձնեցիր հեռուստադիտողի դատին՝ կոչվում էր «Աշնան քամի», ի՞նչ բերեց կամ կուզես, որ քեզ բերի աշնան քամին:
-Արդեն բերել է: Աշնան քամու նման եկավ նա՝ իմ սիրելի կինը՝ մարդ, ով ինձ համար մի ուրիշ աշխարհ է:
Ինչպե՞ս հանդիպեցիր նրան:
-Համերգի ժամանակ: Երբ տեսա՝ թվաց թե վաղուց ծանոթ ենք: Նա ինձ այնքան հարազատ թվաց: Երևի թե հենց սա է սերը:
Նա նույնպես երաժի՞շտ է:
-Ոչ, կենսաբան է, ավելի կոնկրետ՝ կենսաքիմիայի բաժնում է սովորել: Իսկ քիմիան իմ չսիրած առարկան էր…
Ֆեյսբուքյան գրառումներում հաճախ ես անդրադառնում շատերին հուզող խնդիրներին. կարմիր գծեր, տեսախցիկներ, արտագաղթ...Երբևէ երկիը լքելու ցանկություն ունեցե՞լ ես:
-Շատ եմ որոշել գնալ և մնալ, բայց, երևի բնավորության գիծ է, չեմ կարողանում: Հայաստանն իմ տունն է: Հողը, հարազատները, ընկերները..սա լրիվ այլ աշխարհ է: Ուրիշ երկրում ասենք գործդ վերջացնում ես, տուն ես գալիս, ոչինչ չկա անելու: Ո՞ւմ զանգես, ասես՝ արի գնանք ճաշելու:
Վերջերս նոր ֆիլմ է նկարահանվել, որի երաժշտության հեղինակը դու ես: Ինչպե՞ս ստացվեց համագործակցությունը:
-Պարզապես առաջարկեցին երաժշտություն գրել, և որոշակիորեն տեղեկանալով սցենարին, հասկացա, որ ֆիլմին բնորոշ է Միսաք Մեծարենցի «Համբույրի մ'ը մեջ» ստեղծագործությունը: Ֆիլմը նկարահանվել է բարեգործական հիմունքներով: «Ժամանակ» ֆիլմի սաունդթրեքի շնորհանդեսը տեղի կունենա մարտի 10-ին՝ ին Առնո Բաբաջանյան համերգասրահում: Ելույթ են ունենալու նաեւ հայ ճանաչված երգիչ-երգչուհիներ՝ Ռուբեն Հախվերդյանը, Դավիթ Ամալյանը, Սոնա Շահգելդյանը, Վախթանգ Հարությունյանը եւ ուրիշներ: Ամբողջ հասույթը տրամադրվելու է Խարբերդի մանկատանը:
Որո՞նք են այն աշխատանքները, որոնք պլանավորել ես կատարել առաջիկայում:
Խմբիս 5 տղաներից երկուսը աշխատանքի բերումով Քաթարում են, սակայն ապրիլին մենահամերգով հանդես գալու շատ մեծ ցանկություն ունեմ: Պատրաստվում եմ նաև մի շարք երգեր գործիքավորել, որտեղից էլ պարզ կդառնա, թե որի հիման վրա տեսահոլովակ կնկարահանեմ:
Անի Կարապետյան
http://asekose.am/hy_AM/news/9/153921-na-ekav-asnan-qamou-nman-vahag-ras.html
Комментариев нет:
Отправить комментарий