3/09/2014

Ուկրաինայում ստեղծված անկայուն իրավիճակը պարարտ հող է Ադրբեջանի համար.Քաղաքագետ

Ուկրաինայի անկայուն  իրավիճակի,   Հայաստանի վրա դրա ազդեցության,  ստեղծված իրավիճակից Ադրբեջանի օգտվելու հնարավորությունների, դեպքերի հետագա զարգացման և  Ղարաբաղյան խնդրի վրա դրանց ազդեցության, Մաքսային միության ապագայի և այլ հարցերի շուրջ  զրուցել ենք  քաղաքագետ  Տիգրան Աբրահամյանի հետ:

Պրն. Աբրահամյան, Ձեր կարծիքով ուկրաինական դեպքերն ի՞նչ ազդեցություն կունենան Հայաստանի վրա:
Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները ուղղակի ու անուղղակի ձևով, անշուշտ, իրենց ազդեցությունն են ունենալու նաև Հայաստանի վրա: Դա առաջին հերթին կդրսևորվի երկկողմ հարաբերությունների հարթությունում: Հայաստանը դեռ պաշտոնական դիրքորոշում չի արտահայտել Ուկրաինայում տեղի ունեցածի ու ձևավորված նոր իշխանությունների վերաբերյալ: Այս հարցում պետք չէ շտապողականություն դրսևորել, իրավիճակը բավականին նուրբ է` դրանում մի կողմից անմիջականորեն ներգրավված է մեր ռազմակավարական դաշնակից Ռուսաստանը, մյուս կողմից` Եվրամիությունն ու ԱՄՆ-ն: Արևելք-Արևմուտք շահերի բախման խաչմերուկում Հայաստանն այնպիսի մոտեցում պետք է արտահայտի, ինչը միաժամանակ չի վնասի Հայաստանի ու գործընկեր երկրների հետ հարաբերություններին, և երկրորդ, հնարավորություն կտա Ուկրաինայի հետ պահպանել հարաբերությունները:
Երրորդ, Ուկրաինայում ստեղծված անկայուն իրավիճակը, որն իր վրա է կենտրոնացրել խոշոր տերությունների ուշադրությունը, պարարտ հող է ստեղծում Ադրբեջանի համար` առաջնագծում սադրանքներ իրականացնելու համատեքստում: Զինադադարի պայամանագրի ստորագրումից ի վեր, տարբեր իրավիճակներում, Ադրբեջանը ի ցույց է դրել իր իրական դեմքը` նման իրավիճակներում սադրանքներ հրահրելով առաջին գծում: Դա իհարկե չի նշանակում լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսում, սակայն ունակ է կտրուկ լարվածություն առաջացնել:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ուկրաինան ԱՊՀ տարածքում, տնտեսական առումով մեր հիմնական պարտնյոր երկրներից է, անշուշտ այնտեղ տեղի ունեցող պրոցեսները բացասական ազդեցություն կունենա երկկողմ առևտրա-տնտեսական հարաբերությունների վրա:
Կատարվող իրադարձությունները կարո՞ղ են ստվերել Մաքսային միության ապագան:
Ուկրաինան կարևոր դերակատարություն ուներ հատկապես ինտեգրացիոն գործընթացներում: Այն միաժամանակ կարևորություն էր ներկայացնում և Մաքսային միության և Եվրամիության համար` հատկապես Արևելյան գործընկերության ծրագրի համատեքստում: Ուկրաինան այն կետն էր, որի նկատմամբ ազդեցությունը հաջողություն էր բերելու այս կամ այն կողմին: Այն, որ Ուկրաինայում կուտակված խնդիրներ կային` ակնհայտ է, սակայն նկատելի է, որ արտաքին գործոնը մեծ դերակատարություն ուներ Ուկրաինայում նման իրավիճակի ստեղծման հարցում: Դեռ պարզ չէ, թե վերջնահաշվարկում Ուկրաինան ինչ ուղղություն կվերցնի, սակայն նրա դիրքորոշումը շատ կարևոր է ինչպես Մաքսային միության, այնպես էլ Արևելյան գործընկերության ծրագրի համար:
Դեպքերի հետագա զարգացումն ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ Ղարաբաղյան խնդրի վրա:
Ինչպես ասացի, այն կարող է առաջնագծում լարվածության առաջացման ռիսկեր ստեղծել: ԼՂ հարցով բանակցություններն ակտիվ փուլում չեն, իսկ հիմնական մոդերատորների ակտիվ ներգրավվածությունը ուկրաինական հարցում պրոցեսների առավել պասիվ ընթացք է խոստանում: Իհարկե, համանախագահները պարտաճանաչ կգան ու կգնան, սակայն առաջիկայում լուրջ ակնկալիքներ պետք չէ սպասել:
                                                                                                                                                                                    Անի Կարապետյան




http://asekose.am/hy_AM/news/9/153700-oukrainayoum-stexcvac-ankayoun-iravijake-parart-hox-e-adrbejani-hamarqaxaqaget.html

Комментариев нет:

Отправить комментарий