3/13/2014

Ոչ թե մեր գրողներն են փոքր, այլ այն պատվանդանը, որը կոչվում է հայ, Հայաստան, հայություն.Գրականագետ

«Այսօր, բացի այն, որ Եղիշե Չարենցի ծննդյան օրն է, լրանում է նաև Չարենցի առաջին՝ «Երեք երգ տխրադալուկ աղջկան» ժողովածուի 100 ամյակը»,-այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց գրականագետ, չարենցագետ Դավիթ Գասպարյանը հավելելով, որ այսօր պոեզիայի և գրականության մեծ տոն է:
«Չարենցը վառ կերպար էր: Սկսեց որպես խորհրդապաշտ, ապա խորհրդային տարիներին` սեր, քնարեգության, իսկ 35-37 թվականներին դիվային տարիների նրա ստեղծագործությունը ստացավ նոր ձև, բովանդակություն և ուղղվածություն»,-ասաց գրականագետը` հավելելով, որ մարդիկ կառչած են մնում Չարենցի մի կերպարին, ուստի ժամանակն է նրան ամբողջովին ճանաչել: Այս առումով, գրականագետի խոսքով,  շատ կարևոր են նրա կյանքի և ստեղծագործության, հատկապես վերջին տարիների հրապարակումները, որոնք գալիս են ամբողջացնելու կերպարը:
«Երբ մարդկանց ասես, թե այսօր Չարենցի ծննդյան օրն է, և հարցնես, թե ի՞նչ ես հիշում, լավագույն դեպքում «Տաղարան»-ից մի բան կարող է հիշել: Իսկ չարենցագիտությունը քնած չէ, բազում ուսումնասիրություններ են կատարվում: 
Գրականագետը նշեց, որ իր համար շատ թանկ են հատկապես Չարենցի վերջին շրջանի սիրային բանաստեղծությունները։
«Չարենցի տաճար մեկնող մարդիկ շատ են.ուսանողները սիրում են, աշակերտները նույպես: Կարևոր են լավ ուսուցիչն ու դասախոսը: Այդ դեպքում աշակերտը գնում է հեղինակի հետևից»,-ասաց Դավիթ Գասպարյանը:
Բանախոսի փաստմամբ` երբ Չարենցին ազատեցին աշխատանքից (Հայպետհրատ-ում է աշխատել), դրանք 35-37թվականներն էին, նա այս 3 տարիներին ավելի շատ է գրել և իմաստաբանությամբ, և' կշռով, և' ծավալով:
Հարցին, թե կա՞ մի դրվագ, որը բնորոշում է Չարենցին, գրականագետը հիշեց դրանցից մեկը.
«36 թվականին երբ ձերբակալեցին նրան, մի դաժան հարցաքննություն էր տեղի ունենում: Ահա այստեղ ասում էին` սա քո մասին այս է ասել: Նա ոչ ոքի չէր մեղադրում, ասում էր` սուտ է, դա դուք եք հորինել»:
Անդրադառնալով հարցին, թե ինչու Չարենցը լինելով այդքան խորը, աշխարհում տարածված չէ, Դավիթ Գասպարյանը պատասխանեց.
«Գրողը համաշխարհային փառքի է արժանանում միայն այն ժամանակ, երբ տվյալ պետությունը ինչ-որ մի արժեք է ներկայացնում համաշխարհային քաղաքակրթության մեջ: Ինչու Նարեկացին Դանթեից պակա՞ս էր: Ոչ թե մեր գրողներն են փոքր, այլ այն պատվանդանը, որը կոչվում է հայ, Հայաստան, հայություն»:
Անի Կարապետյան

http://asekose.am/hy_AM/news/8/154405-oc-te-mer-groxnern-en-poqr--ayl-ayn-patvandane--ore-kocvoum-e-hay--hayastan--hayoutyoungrakanaget.html

Комментариев нет:

Отправить комментарий