Մեր զրուցակիցը Գինեսի ռեկորդակիր, միակնանի հեծանիվ վարող, Երեւանի Կրկեսի դերասան, Լեոնիդ Ենգիբարյանի անվան կրկեսային ստուդիայի շրջանավարտ Մուշեղ Խաչատրյանն է, ով ծնվել է Երևանում, սովորել թիվ 107 միջնակարգ դպրոցում, 1997 թվականից Լեոնիդ Ենգիբարյանի անվան կրկեսային ստուդիայում է, 2000-2001 թվականներին արդեն ելույթներ է ունեցել Կրկեսում, 2003 թվականին զորակոչվել է բանակ, վերադարձել և կարճ ժամանակ անց սկսել է շրջագայությունները:
Մուշեղ, սկսենք դպրոցից, ունեի՞ք սիրելի առարկա:
-Լինելով ընդունակ` դպրոցում լավ չեմ սովորել: Չնայած, ունեցել եմ ոչ սիրելի առարկաներ` ֆիզիկա, քիմիա: Ի դեպ, գործի բնույթով գրեթե ամեն օր անհրաժեշտ է լինում ֆիզիկայի իմացությունը: Ճիշտ է, չեմ դժգոհում, բայց ավելի լավ և շատ բան կարող էի իմանալ: Ամենաշատը ցավում եմ հայոց պատմությունը լավ չսովորելու համար, քանի որ, շփվելով դրսի հայության հետ` հասկացել եմ, թե ինչքան կարևոր է քո ազգի պատմությունն իմանալը:
Նրանք ամեն ինչ շատ լավ գիտեն, յուրաքանչյուր մանրուք` կապված ազգագրության, ազգային արժեքների հետ:
Բացը չե՞ ք լրացնում:
-Իհարկե լրացնում եմ: Օգնում է և’ կարդալը և’ շփումը: Վերադառնանք թեկուզ ազգագրությանը: Մանկուց իմ ուշադրությունը գրավել է այն, ինչ-որ զվարճալի է, ասենք Վարդավառը: Բայց, ասենք Հայոց եկեղեցու տոներից Բարեկենդանը, Տեառնընդառաջը, Զատիկը Սփյուռքում այլ կերպ են նշում.պահպանվում է ամեն մի մանրուք: Նրանք ուշադիր են անգամ մայրենի լեզվի նկատմամբ:
Ի՞նչը նպաստեց, որ ուսումը Լեոնիդ Ենգիբարյանի անվան կրկեսային ստուդիայում շարունակեք: Ինչպե ՞ս սեր արթնացավ դեպի Կրկես:
-Հիմնականում Ջեքի Չանի ֆիլմերից եմ ոգեշնչվել (ծիծաղում է.Ա.Կ): Փորձերը մայրիկից և հայրիկից թաքուն էի անում: Հետո սկսեցի երգի ու պարի խմբակ հաճախել: Ապա Լ. Ենգիբարյանի անվան կրկեսային ստուդիայի գովազդը տեսա, ասացին, որ նոր է բացվել, տարիքային սահմանափակում չկա: Այդպես, 1997 թվականի օգոստոսի 7-ին մայրիկս ինձ տարավ ստուդիա: Ընդունվեցի: Փորձում էի բոլոր ժանրերը, մինչև կգտնեի այն, ինչ հոգեհարազատ է ինձ:
Օրերից մեկ օր Ուկրաինայից Հայաստան եկավ հեծանվորդ, ով գրավեց իմ ուշադրությունը: Հայրիկը հարցրեց, թե կուզե՞ս նրա հեծանիվից պատրաստեմ քեզ համար: Համաձայնեցի առանց հասկանալու, թե այն որքան բարդություններ է իր հետ բերելու: Երկու օր անց ես արդեն ունեի հեծանիվ, այն էլ` հայրիկի պատրաստած: Հիմնականում, կարելի է ասել, ինքնուրույն եմ սովորել:
Բայց, ինչո՞ ւ հենց միակնանի:
-Որովհետև այդ տղայի հեծանիվը միակնանի էր: Հետաքրքիրն այն էր, որ, երբ նա տեսավ իմ հեծանիվը, հարցրեց, թե որտեղի՞ց, պատասխանեցի, որ հայրիկս է պատրաստել: Ցանկություն հայտնեց ծանոթանալ նրա հետ: Իմանալով, որ հայրս արհեստավոր է, խնդրեց վերանորոգել իր հեծանիվը: Իսկ հայրս երկաթի հետ կապված ամեն ինչ կարող է անել: Իմ բոլոր հեծանիվները նա է սարքել. նոր, ոչ մի տեղ չհանդիպող միակնանի հեծանիվներ:
Հեծանիվները թվով քանի՞սն են:
-Երևի թե 10-ից շատ են, բայց ելույթների համար 4-ն են: Դրանցից բացի ունեմ առօրյայում կիրառվող հեծանիվներ:
Կարո՞ղ եմ ենթադրել, որ առավել շատ հեծանիվներից եք օգտվում, քան մեքենայից:
-Այո, ճիշտ եք ենթադրում: Հատկապես եղանակների լավանալու դեպքում գրեթե միշտ հեծանվով եմ: Սա և’ առողջ ապրելակերպ է, և’ խուսափում ես խցանումներից:
Իսկ ինչպե՞ս եք պատրաստվում ելույթներին: Գաղափարներն ամեն անգամ տարբեր են: Ինքներդ եք մտածում, թե՞ օգնում են:
-Այն շատ լուրջ և բարդ հարց է ինձ համար: Վերջերս Ուկրաինայում «Թաքնված տաղանդին» էի մասնակցում, ռեժիսորների հետ միասին մտածեցինք, որ պետք է հանդես գամ մատուցողի կարգավիճակով: Հիմա այլ կերպարով եմ ցանկանում հանդես գալ.ասենք բանկի աշխատողի կամ այլ: Սպասում եմ առաջարկների: Տարբեր բնագավառում աշխատող մարդկանց կարծիքներին ինձ շատ են հետաքրքրում: Միգուցե առաջարկները հենց իրենց տեսանկյունից ծիծաղելի լինեն, բայց ինձ համար շատ կարևոր են և գուցե ելույթի նոր համարի հիմք հադիսանան:
Ի դեպ, Կրկեսում կա՞ մեկը, ով գաղափարական առումով օգնում է:
-Այո, Սոս Պետրոսյանը: Նա շատ է օգնում: Բայց ես չեմ ցանկանում կրկնօրինակել հներին, առավել շատ նորի կողմնակից եմ: Ուզում եմ ունենալ այնպիսի ելույթներ, որոնք ոչ ոք երբեք չի կատարել: Նույնը նաև հագուստի առումով: Հանդես եմ գալիս հիմնականում սպորտային զգեստով, ոչ Կրկեսի ավանդական զգեստներով:
Հայաստանից բացի մասնակցել եք նաև Ուկրաինայի «Թաքնված տաղանդ» շոուին: Ինչո՞ւ հենց Ուկրաինան:
-Մասնակցել եմ նաև այլ երկրների «Թաքնված տաղանդ»-ներին: Հայաստանում երբ քասթինգի էի մասնակցում, ֆեյսբուքով ուկրաինացի մի տղա գրեց՝ առաջարկելով մասնակցել շոուին` ասելով, որ տեսանյութը տեսել է և, եթե ուղարկեմ և հավանեն պրոդյուսերները, ապա հնարավորություն կունենամ մասնակցել շոուին: Մի 4 ամիս անցավ, ես արդեն մոռացել էի այդ մասին: Անսպասելի զանգ ստացա դրսի համարից: Ասացին, որ Ուկրաինայի «Թաքնված տաղանդ» շոուից են զանգահարել և ցանկանում են, որ մասնակցեմ: Համաձայնեցի: Հասա մինչև կիսաեզրափակիչ ու դուրս մնացի: Մասնակցեցի նաև Չեխիայի, Սլովակիայի նույնանուն մրցույթներին: Այստեղ էլ բիզնես-վիզայի պատճառով դուրս մնացի: Նույնը նաև Բրիտանիայի դեպքում: Քանի որ, եթե հաղթեի՝ տուրիստին իրավունք չունեին որևէ բան տալու:
Իսկ Գերմանիայում շոուին մասնակցելս ուղեկցվեց Գինեսի ռեկորդով:
Այդքան մասնակցել ես շոուների, աշխատանքի առաջարկներ չե՞ ս ստացել:
-Իհարկե եղել են: Դիտում ունեցող տեսանյութերիցս մեկը Ուկրաինայի ելույթն է: Բազում հաղորդագրություններ կան, որտեղ ցանկություն են հայտնել ինչ-որ կերպ կապ հաստատել ինձ հետ` անելով բազում աշխատանքային առաջարկներ:
Եթե լինեն լուրջ աշխատանքային առաջարկներ` կընդունե՞ ս:
-Ես հենց այդկերպ էլ աշխատում եմ և’ Կրկեսներում և’ հյուրանոցներում: Վերջինի դեպքում հիմնականում հատուկ հյուրերի համար ենք համարներ ցուցադրում:
Մեր նախնական զրույցի ժամանակ ասացիք, որ մարդիկ չեն հետաքրքրվում Կրկեսով: Հիմնականում, ըստ Ձեզ, ինչն է պատճառը:
-Աշխատասիրութան և տեղեկացված չլինելու պակասը: Շատ հաճախ, երբ տեսնում են՝ հեծանիվ ես վարում, ասում են, թե դրա մեջ ինչ կա, մենք էլ կարող ենք: Փորձել են, ընկել և վերջ: Անգամ հեծանիվս եմ տվել՝ ասելով, որ կարող եք պարապել, փորձել, սակայն մեկ սայթաքում և հետևյալ արտահայտությունը.
-Օ, ոչ, սա իմը չէ:
Իսկ այսօր շատ կարևոր է աշխատասեր լինելը: Օրինակ Կրկեսը տարածք է տրամադրում և այդ տարածքում պետք է անես այն, ինչ կարողանում ես: Մենք լավ մարզիչների պակաս ունենք:
Ելույթների ժամանակ ինչի՞ մասին եք մտածում: Չե՞ք վախենում բարդ համարներ ներկայացնելիս:
-Չէ, եթե վախենամ՝ ոչինչ չի ստացվի: Մինչև ելույթի մակարդակին հասնելը երկար եմ պարապում: Տարիներով կարող է երկու րոպեանոց համարին պատրաստվեմ: Իսկ այդ ժամանակ, եթե մտածեմ՝ վա՛յ, այս ինչ մարդն է ինձ նայում, կամ վա՛յ, նկարում է, հաստատ ոչինչ չի ստացվի: Մտածում եմ միայն ամեն ինչ հաջող ավարտելու մասին:
Նշեցիք, որ առաջին ռեկորդը սահմանել եք Գերմանիայում: Ինչպե՞ս պատահեց:
-«Թաքնված տաղանդ»-ին էի մասնակցում, ասացին, որ պետք է անես այնպիսի բան, որը երբեք չես արել: Ես 2009 թվականից դիմել էի ռեկորդի համար, նրանք նշել էին պայմանները: Այսինքն, իրավունքն ունեի արդեն: Բայց անընդհատ չէր ստացվում: Հայաստանում չէի լինում, երբ վերադառնում էի, արդեն ձմեռ էր և այլն: Այնպես ստացվեց, որ Մեքսիկայից օգոստոսին գալու էի, ու մի քանի օրից գնալու էի Գերմանիա՝ շոուին մասնակցելու: Ասացի, որ իրավունքն ունեմ, հեծանիվն ունեմ և այս կամ այն համարները կարող եմ ցուցադրել: Համաձայնեցին: Ռեկորդը կատարվեց, սակայն շատ բաներ իմ սրտով չէր: Եկա Հայաստան, կազմակերպեցի ևս մեկ անգամ: Հրավիրեցի վկաների՝ Գինեսի ռեկորդների հայաստանյան գրասենյակից. «Արտասովոր շարժողական գործունեության գրանցման» հանձնաժողովի նախագահ և Հայաստանի մարզական և ոչ այնքան մարզական ռեկորդները գրանցող «Դյուցազնագրքի» հեղինակ Վարդան Թովմասյանին, Հայաստանի ալպինիզմի և լեռնային տուրիզմի ֆեդերացիայի փոխնախագահ Սուրեն Դանիելյանին և Երևանի պետական կրկեսի տնօրեն Սոս Պետրոսյանին, ինչպես նաև լրատվամիջոցների, որպեսզի փաստեն կատարվածը: Այդպիսով, 3 մետր 8 սանտիմետր և փոքր ակ ունեցող հեծանիվով անցել եմ 25 մետր: Գրանցվածը 8 մետր էր:
Գինեսի ռեկորդները գրանցող հանձնաժողովը ներկա չի եղել ելույթիդ ժամանակ, ուղարկվել է տեսաձայնագրությունը: Արդյոք սա բարդություններ չառաջացրե՞ց:
-Գինեսի ռեկորդները գրանցող հանձնաժողովին հրավիրելը մեծ գումարների հետ է կապված.տոմսը, հյուրանոցը, տրանսպորտը և չնախատեսված բոլոր ծախսերը հրավիրող կողմը պետք է լուծի:
Իսկ ի՞նչ է տալիս Գինեսի ռեկորդակիր լինելը: Սա նպատակ է, երազանք, թե՞...
-Ես չեմ կարծում, որ երազանք ունեմ: Նպատակս Գինեսի ռեկորդն էր: Այն ինձ ոչինչ չի տալիս, ուղղակի կենսագրությունում ևս մեկ կետ է ավելանում: Ձգտում եմ անել այնպիսի բան, որ ոչ ոք դեռևս չի արել:
Անունիցս բացի պատմության մեջ է մնալու նաև երկիրս: Իսկ դա ինձ համար շատ կարևոր է: Կցանկանայի, որ հեծանվային սպորտը զարգանար Հայաստանում և շատ հայերի ազգանուններ գրանցվեին Գինեսում: Իսկ ես ունենայի շատ մրցակիցներ ու ձգտեի ավելիին: Այդ ուղղաթյամբ անգամ քայլեր եմ կատարում.անվճար սովորեցնում եմ ցանկացողներին:
Ե՞րբ սպասենք երկրորդ ռեկորդին:
Այս կիրակի. մարտի 23-ին, ժամը 4-ին` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի ավտոկայանատեղիի մոտ: Սահմանվելու են նաև տարբեր ռեկորդներ Դյուցազնագրքի համար: Շատ էի ցանկանում ամսի 22-ին կազմակերպել, քանի որ երկու թիվը ինձ միշտ հաջողություն է բերել(ծնվել եմ մայիսի 22-ին, երևի դրա հետ է կապված), սակայն, քանի որ «Դեմ եմ»-ը երթ է անելու, իսկ դա ազգիս համար շատ կարևոր է, ես մեկ օրով հետաձգեցի ելույթս:
Ի դեպ, պարտադիր կուտակային կենսաթոշակի մասին: Որպես երիտասարդ, կողմ ես, թե ՞ դեմ:
-Ճիշտն ասած, կարելի է ասել՝ ես Հայաստանում չեմ աշխատում, բայց սա կապ չունի, ես դեմ եմ պարտադիրին: Ազատ, անկախ երկրում քաղաքացին իրավունք պետք է ունենա ընտրելու: Այլընտրանք պետք է լինի:
Անի Կարապետյան
Լուսանկարը`imyerevan.com-իhttp://asekose.am/hy_AM/news/9/154736-anounics-baci-patmoutyan-mej-kmna-nae-erkirsmousexe-patrastvoum-e-ir-erkrord-rekordin.html
Комментариев нет:
Отправить комментарий