Ուրարտական Ռուսա Բ թագավորի (Ք. ա. 685–645 թթ.) սեպագիր արձանագրությամբ կոթողը հայտնաբերվել է 1901-1907 թթ.՝ տաճարի տարածքում Խաչիկ վարդապետ Դադյանի նախաձեռնությամբ իրականացված պեղումների ժամանակ: Այն որձաքարի մի քառանիստ կոթող է՝ 2,7 մ բարձրությամբ, 0,63 մ լայնությամբ և 0,36 մ հաստությամբ, վերին մասը՝ կիսաշրջանաձև, ներքևի մասը՝ բարակացված, երկու կողմերից կտրված՝ խարսխի կամ պատվանդանի վրա կանգնեցնելու համար: Սեպագիր արձանագրությունը բաղկացած է 47 տողից: Թեև քարը մեջտեղից կոտրված է, դրանից արձանագրությունը չի վնասվել:
Սեպագիր արձանագրության մեջ Խալդի աստծուն ուղղած իր խոսքում Բիայնիլիի արքա, Տուշպա քաղաքի տեր, Արգիշտիի որդի Ռուսա Բ թագավորը նշում է Կուարլինի երկրի անմշակ հովտի, նրա դաշտերի մշակման՝ խաղողի այգիների, նոր ցանքադաշտերի, մրգատու այգիների հիմնման, Իլդարունիա գետից Ումեշինի անվամբ ջրանցք անցկացնելու, ինչպեսև Խալդի, Թեյշեբա, Շիվինի, Անիկու աստվածներին զոհաբերություններ մատուցելու և սեպագիրը փչացնելու դեպքում նզովքի արժանանալու մասին:
Комментариев нет:
Отправить комментарий