Հակոբ Պարոնյանին նամակը
Երկինքեն Պարոնյանը նամակ մըն է ուղղեր ինծի, որը սակայն 18 տարվա գիր է։ Ինչպես կերեւի յոթներորդ երկինքեն եկած նամակները վարի վեց երկինքներու մեջ խստիվ քննության կառնվին։ Իրավ է 18 տարի առաջ երկինքին ու երկրին միջեւ ուղիղ գծով հարաբերություն չկար, այդ գիծը բացվեցավ Սուեզի ջրանցքին բացվելեն քիչ առաջ խումբ մը հոգեւորական-կապիտալիստներու ձեռամբ։ Հիմա կարելի է արդեն նամակ ստանալ ուղիղ գծով։ Նամակը Վերին Երուսաղեմեն ձգվելով` կիյնա Վարի Երուսաղեմ` իրենց տերերուն։
Պարոնյանին նամակը թեեւ հին, բայց անանկ նյութի մը մասին է գրված, որը միշտ նոր է հայ ազգին համար ու բնավ չի հիննար. այդ պատճառով բարձր կարդամ, դուք ալ լսեցեք։
Մեծապատիվ պարոն (անունս ազգանունս)…
Կենդանի բարեկամս.
Հայտնի է, կարծեմ Ձեզ, որ ես տարիներ առաջ մեռա… անոթի. սակայն ինծմե հետո մեռնողներուն պատմելուն նայելով, ես բոլորովին զուր տեղն եմ մեռեր եւ մահս եղեր է Ազգին ցանկության հակառակ բան մը։
Կպատմեն օրինակ, թե Ազգը սկսեր է կշտամբել ինքզինքը շատ ծանր խոսքերով, որ ինծի օգնության չէ փութացեր ու թողեր որ մեռնիմ անոթի։ Եղեր են բուռն հարձակումներ ինծի պաշտոնե զրկողներուն դեմ եւ դագաղիս վրա թովիչ խոսքեր մըն են ըսեր ( որպես թե ես հանճար մըն եմ), եղեր է լաց ու ավաղանք։ Չեմ գիտեր… եկողները անանկ կպատմեն, որ եթե ես չմեռնեի ու շաբաթ մըն ալ դիմանայի, Ազգը որոշեր էր արդեն եւ օգնության պիտի փութար ինծի։ Ասիկա այն ցավալի հանգամանքը կցուցադրե, որ ես զուր տեղ, թյուրիմացությամբ եմ մեռեր, զոհ անհամերությանս։ Ու դարձյալ նույն պատմողներուն նայելով` եթե շաբաթ մըն ալ տոկայի, օ~, անկե ետքը Ազգը ամեն կողմե այնքան ուտելիք պիտի թափեր, որու սպառման համար պետք պիտի ըլլար գեթ 200 տարի ապրիլ։ Ուրեմն եթե ես երկու օր մըն ալ զսպեի ինծի, առտուներ հացի հետ պանիր ալ պիտի ուտեի ու ճաշին լուբիա։ Ի~նչ երջանկություն։ Չգիտեմ,գուցե երեւակայությունս քիչ մը սանձարձակ է, սակայն եթե նույնիսկ ատոր կեսը ենթադրենք, դարձյալ ահագին բան է։ Ափսոսանքս ու զղջումս մանավանդ անոր համար կայրե ինծի, որ, ախր, ես շաբաթվա մը հաց ունեի ու չկերա անոր համար, որ ընտանիքս ինծմե ետք քանի մը օր ալ ավելի ապրի։ Եթե գիտնայի, որ Ազգը այդքան սրտացավ է հանդեպ ինձ եւ պատրաստ է… մեռնելես ետքը օգնության փութալ ինծի, իհարկե, կուտեի։ Բայց զարմանալի բան. ինչպե՞ս Ազգը դեպի ինձ ունեցած այդ բուռն սերը կրցած էր թաքցնել անտարբերության քողով, ինչպե՞ս իր շարժումները չէին դավաճաներ իրեն, չնայած որ ես միշտ կխուզարկեի անոր սրտին ծալքերը,թե արդյոք իմ մասին որեւէ համակրանք չունի՞ թաքցուցած։ Կկրկնեմ. որո՞ւ միտքեն կացներ, որ այդքան անտարբեր երեւացող Ազգը, այսքան սիրեր է ինծի… Օ~հ, Ազգ իմ, ներողություն, հազար ներողություն, սիրելիդ իմ, ներե՛ ինծի իմ այն մեկ քանի դառն խոսքերուն համար, որ ըրի քեզի, ներե՛…
Ինչեւէ, մենք զիրար չհասկցանք, բայց սխալն անուղղելի չէ. թողունք զգացմունքի խոսքերն ու անցնինք սույն նամակ գրելուս պատճառին։
Հիմա, ես տեսնելով որ սխալմամբ եմ մեռեր, կուզեմ վերադառնալ երկիր ու նորեն ապրիլ։ Միայն թե այս բանի համար հարկավոր է գործը որոշ հաստատության տակ դնել։ Այս առթիվ Ձեզմե խոնարհաբար կխնդրեմ նամակս ստանալուդ պես անգամ մը գնա Ազգին մոտ եւ հարցուր. ըսե Հակոբ Պարոնյանը կըսե` եթե նորեն երկիր գամ, պիտի սիրես ինծի. ըսե շուտափույթ պատասխանի կսպասե։ Եթե ըսավ «այո», ան ատեն, խնդրեմ, վազեվազ մեռիր ու ինծի լուր մը բեր։ Անհամբեր կսպասեմ։
Մնամ` քո Հակոբ Պարոնյան։
Հ. Գ. Նամակս արդեն վերջացուցեր էի, երբ քանի մը ննջեցյալներ, որոնց դագաղին վրա նույնպես աղու խոսքեր մըն են եղած, իմանալով, որ երկիր նամակ կգրեմ, խնդրեցին իրենց մասին ալ հարցնել Ազգին, բայց դուն գործիդ նայե, եթե ամեն գովված մեռել ուզենա վերապրիլ, ո՞ւր կհասնի. անոնք դագաղին վրա ըսված քաղցր խոսքերուն կնային, մինչդեռ եթե այդպես ըլլա, երկնքի բնակիչները բոլորն ալ պիտի իջնեն կյանք. վասնզի ան ո՞ր մեռելն է, որուն դագաղին վրա գնահատական խոսքեր չեն եղեր…
Նույնը
Իմ կողմանե.- Ես եթե մեռնելու ըլլամ, շատ-շատ երկու ամիսեն հազիվ (վասնզի հուլիս եւ օգոստոս ամիսներու նպաստը ստացված է)։ Անանկ որ, անկե առաջ լուր տալ անկարող եմ ինծմե անկախ սույն պատճառով։ Իսկ գալով նամակին պատասխանին, իմ կարծիքով սա բանին մեջ մեղավորը ինքը` Պարոնյանն է։ Անիկա ինքնագլուխ մեռնելեն առաջ պարտավոր էր բաց նամակ մը ուղղել Ազգին թե` Ա՛զգ, ահավասիկ ես անոթի եմ ու կմեռնիմ. կամք կուտա՞ք այս բանին, թե ոչ։ Բնական է, Ազգ մը չի կրնար մարգարե ըլլալ իր մեկ գործչին կարոտ վիճակը հասկնալու համար. հեռու չերթանք. դեռ անցյալներ Բաքուեն Ռ. Հովհանջանյանը տիար Ավետիս Ահարոնյանին օգնության ճիչը բարձրացուց «Արեւին» մեջ, բայց տեսա՞ք ինտոր վերջինս ձեռքը անոր բերնին դրավ, որ չպոռա, առարկելով, որ իրեն չի վայելեր կուշտ ըլլալ, երբ Ազգը անոթի է։ Այս տեսնելով, իհարկե, այսուհետեւ Ազգն ալ պիտի քաշվի օգնության ձեռք երկարել իր մեկ կարեւոր անդամին` մերժումեն վախնալով։
Մինչ մեր մեջ սովորություն մը դարձեր է ցավալի կերպով, որ կարեւոր ազգային մը մեռնելուն պես իսկույն ազգին օձիքը կճանկենք, թե ինչո՞ւ թողիր որ մեռներ, օգնեիր թող, սանկևնանկ…
Մինչեւ այսօր գեթ ես տեսած չեմ, որ գործիչ մը Ազգեն հաց ուզած ըլլա, ան քար տա, կամ ձուկ ուզած ըլլա, ան օձ տա. ինչ որ ճշմարիտն է ան ըսենք։
Եթե երկինք հանդիպեցա, այսպես ալ կըսեմ Պարոնյանին։
Դուք ի՞նչ կարծիքի եք… այսպես ալ ըսեմ, չէ՞։
Լեռ Կամսար 1917թ.
Ակամա ոճրագործությունս ինչպե՞ս հաշտեցնեմ խղճիս հետ
Ես չգիտեմ, երբեւէ կբացվե՞ն ՊԱԿ-ի արխիվները, արդյո՞ք լույս աշխարհ դուրս կելնեն բոլոր մութ ու զազիր գործերը։
Չգիտեմ նաեւ ո՞վ է կրում կամ ո՞վ պիտի քավի Սիմեոն Կյուլոյի անմեղ արյան մեղքը։ Ամեն դեպքում ես իմ բարոյական պարտքն եմ համարում հասարակության դատին հանձնել այս նյութերը, որով գուցե կմեղմեմ մեղքի զգացումի իմ բաժինը, քանի որ այս ոճրագործությունը կատարվել է ակամայից մի ազնիվ մարդու պատճառով, ում ժառանգորդն եմ ես։
…Սփյուռքը մեծ հետաքրքրություն եւ շահագրգռվածություն էր ցուցաբերում Լեռ Կամսարի գրական ժառանգության նկատմամբ։ Սիմոն Վրացյանը տարիներ շարունակ համոզում էր երգիծաբանին գրական արխիվը արտասահման անցկացնել։ Այդ նպատկով բանակցում էին նաեւ ռամկավարներ Արտակ Դարբինյանը եւ Հարություն Վարդապետյանը։
Երկար տարիներ հեղինակը չէր համաձայնվում Հայաստանից դուրս հանել ձեռագրերը։ Արխիվը արդեն երկու անգամ բռնագրավվել էր ՊԱԿ-ի կողմից, եւ նա վախենում էր, որ կարող է լրիվ զրկվել գրական վաստակից։ Բացի դրանից, կվտանգվեր նաեւ իր ժառանգների ապահովությունը։
Սակայն հալոցքի տարիներին, երբ թվում էր, թե կա որոշ ազատություն, եւ տեսնելով որ, որ հայրենիքում ոչ մի կերպ չի կարողանում լույս ընծայել իր քաղաքական սատիրան, նա վերջապես տեղի է տալիս եւ 1961թ. որոշում է որոշ նյութեր տրամադրել բոստոնաբնակ լրագրող, «Ծիրանի գոտի» հանդեսի գլխավոր խմբագիր Սիմեոն Կյուլոյին։
Այդ աղետալի մտահղացման պատճառով տաղանդաշատ լրագրողը վճարում է իր կյանքով, իսկ արդեն հանձնված նյութերը անհետանում են…
Թող այս էջը տուրք լինի Սիմեոն Կյուլոյի լուսավոր հիշատակին եւ որոշ չափով ինչ-որ տեղ թեթեւացնի Լեռ Կամսարի հոգու տառապանքը…
Վանուհի Թովմասյան
Հ.Գ. Բռնադատված գրողների եւ մտավորականների արխիվային նյութերը ՊԱԿ-ը հանձնել է Պետական արխիվ ի պահպանության, բացի Լեռ Կամսարի արխիվից։
Տեսնես, ինչո՞ւ…
… Ասենք, գլխի եմ ընկնում…
Սիմեոն Կյուլո
Պոստոն,1960թ.
Ինձի համար շահեկան դարձավ Լեռ Կամսարի ինքնությունը ճշտելու հարցը` մասնավորաբար վերջին հնգեն վեց տարիներու ընթացքին, երբ իմ հարց ու փորձիս մեջ` նկատեցի զիրար հակասող տեղեկություններ, տրված ինձի` պատասխանատու անձերու կողմե։
Պեյրութեն, շատ կարեւոր անձ մը, /Վահե Վահյան/, որ երկու անգամ Հայաստան գացած էր, կը գրեր ինձի թե Լեռ Կամսարը մեռած էր 1938-ին տարագրության ճամբին, շատ հառաջացած տարիքին մեջ։ Ամիսներ վերջ, երբ օր մը կարդացի Սիմոնյանի մեկ հոդվածը, որուն մեջ կը հիշեր, թե Լեռ Կամսարը Երեւանի մեջ էր, եւ «Ոզնի» շաբաթաթերթը կը խմբագրեր, վերոհիշյալ անձին ուշադրության հանձնեցի այս պարագան, ստուգության համար։ Շատ քաղաքավարի նամակ մը ստացա իրմեն, ըսելով` թե նորեն Հայաստան հրավիրված է ինք, եւ այս անգամ «ամեն ինչ կը ստուգեմ եւ կը գրեմ քեզի»։ Մինչեւ այս տողերս գրելը դեռ ստացած չեմ որեւէ լուր իրմե։
Դիպվածով հանդիպեցա բանաստեղծ Կ. Սիտալին, որ Պոստոն եկած էր խոսելու Ավ. Իսահակյանի 80 ամյակին առթիվ։ Երբ վերստին հարցուցի Լեռ Կամսարի մասին, եւ վերոհիշյալ տեղեկությունը հիշեցի, ան սրբագրեց զայն, ըսելով.
- «Ոզնի» թերթին խմբագիրը Լեռ Կամսարը չէ, այլ Էդ. Խոճիկը։ Մեղվաբուծություն կընե Լեռ Կամսարը։
- Դուն զինքը տեսա՞ր։
- Ոչ։ Գրական ժողով ունեինք, բայց եկած չէր։ Եվ երեք ամիս կեցա, սակայն առիթ չեղավ զինքը տեսնելու։
- Ըսել է, թե մեր հանճարեղ երգիծաբա՞նը… գրիչը լքած` մեղուներու հետ կանցունե իր ժամանակը… Ողբալի կացություն է այս…
Հարցուցի իր մասին ` Հայաստանեն նոր վերադարձած բանաստեղծ Հակոբ Գույումճյանին։ Ան ալ կը կարծեր, թե Լեռ Կամսարը մեռած էր։
Կիպրոսեն ուսուցիչ մը /Ն. Հովհաննէսյան/ կը թղթակցեր հետս։ Երբ գրեցի իրեն այս մասին, պատացխանեց, թե ինքը շատ մտերիմ կերպով կը ճանչնար Լեռ Կամսարը, որը մեռած էր 1938-ի տարագրության ճամբին։ «Ուրիշ բանի չի հավատաս»։
Ամենեն վերջ, Մարտիրոս Ճավյանի հուղարկավորության օրը` Նյու Յորքեն քաղաքս ժամանած Օգսեն Սարյանին դիմեցի նույն հարցումով։ Նոր էր Հայաստանեն վերադարձել։
Ես տեսա զինքը, պատասխանեց։ Ուզեց «Լրաբերին» աշխատակցել…
Մինչեւ հիմա ստացածս տեղեկություններուն մեջ` ամենեն ցնցիչը այս էր։ Անհավատալի թվալու աստիճան։ Հետս կատա՞կ կըներ արդյոք։ Սկեպտիկի մը տոնով հարցուցի դարձյալ.
- Վստա՞հ ես, թե հետդ խոսողը Լեռ Կամսարն էր… Դուն զինքը կը ճանչնա՞ս, եթե դեմդ ելնե։
- Եղբայր, մարդը ինձի ուսուցիչ էր Վանի մեջ. ինպե՞ս չճանչնամ… Ո՞ր մեկ գրագետի մասին կուզես` հարցուր, բոլորն ալ կը ճանչնամ…
Դժբախտաբար, առանձին չէինք Օգսենին հետ. հուղարկավորներով շրջապատված էինք։ Շուրջինները տպավորելու համար այդպես կըսեր, չհասկցա։
Ճարահատ` նստեցա նամակ մը գրեցի Արտասահմանյան երկրների հետ բարեկամության եւ մշակութային կապի հայկական ընկերության նախագահ Բերսաբե Գրիգորյանին, թե Լեռ Կամսարի մասին ուսումնասիրություն մը կուզեմ գրել, անհրաժեշտ է հետեւյալ երեք հարցերու ճշտումը։ 1. Ո՞վ է Լեռ Կամսարը։ 2. Կապրի՞ ներկայիս, ո՞ղջ է։ 3. Ի՞նչ է իր հասցեն։
Բերսաբե Գրիգորյանը փոխանակ նամակիս պատասխանելու, պատշաճ տեսած էր նամակս ուղղակի հանձնել… Լեռ Կամսարին։
Շուտով իրմեն ստացա հետեւյալ նամակը, որ գերագույն հաճույք պատճառեց ինձի, վերջ դնելով փնտրտուքիս։
Հարգելի ընկեր Սիմեոն Կյուլո
30 մայիսի,1960թ.
Դուք Բոստոնից գրած ձեր նամակով Հայաստանի ԱՕՔՍ-ից ուզում եք իմանալ երեք բան իմ մասին.
Ի՞նչ է իսկական «կնքված» անունս։
Ներկայիս ապրո՞ւմ եմ, թե մահացած եմ։
Եթե ողջ եմ` իմ հասցեն։
Երեք շատ բարդ եւ դժվարին հարցեր, որոնց ես ինքս անգամ դժվարանում եմ պատասխանել։
Բայց փորձենք։
Սկսում եմ իմ իսկական անունից։
Ես 1888 թվին աշխարհ գալուց ի վեր կոչվել եմ Արամ Թովմաղյան։ 1921 թվին երբ փաստաթղթերս ներկայացրի վարչություն անձնագիր ստանալու` այնտեղ սխալմամբ Թովմասյան էին նշանակել, եւ ես այս քառասուն տարի է ապրում եմ որպես «վրիպակ» անձ։
Հետագային, տեսնելով, որ սխալ անունով էլ կարելի է շիտակ ապրել, հետեւյալ հարցը ծագեց գլխումս։
Արդյո՞ք ճիշտ պետք է համարել այն, որ մարդիկ իրենց ողջ կյանքում մի անունով ապրեն։ Եթե անունը նրա համար է դրվում մարդկանց վրա, որ մեկը մյուսից զանազանենք` չէ՞ որ անհատ մարդն էլ իր կյանքի ընթացքին տարբեր սկզբունքներ է դավանում եւ որպես բարոյական դեմք տարբեր անուններ էլ պիտի կրի։
Քրիստոսի առաքյալներից Պողոսը, օրինակ, քանի քրիստոնեությունը հալածում էր` Սողոս էր կոչվում։ Իսկ երբ ինքն էլ հավատացյալ դարձավ` իր Սողոս անունը Պողոսի փոխեց ամենայն իրավամբ։
Հավատացյալն ու անհավատը ինչպե՞ս կարող են միեւնույն անունը կրել։
Ես ինքս մինչեւ 1935 թիվը երբ գրում էի` Լեռ Կամսար էի, բայց դրանից հետո, երբ դադարեցի գրելուց` դարձա Լուռ Կամսար։
Բնական է։ Անունը պետք է համապատասխանի կրողի բովանդակությանը, այլապես կասեն` «անունը կա, ամանում չկա»…
Մշտական անուն պետք է դնել մարդու վրա նրա մեռնելուց հետո միայն, եւ այդ պրակտիկան արդեն կիրառվում է մեզանում։
Առաջները մեր պետական գործիչներին անմահացնելու համար կենդանյոք նրանց անունները դրվում էին քաղաների, գյուղերի եւ կոլխոզ խանութների վրա։ Բայց երբ հանկարծ փոխվում էին նրանց քաղաքական համոզմունքները` փոխվում էին նաեւ նրանց անուններով կոչվող քաղաքների անունները` առաջացնելով մեծ տեխնիկական անհարմարություններ։ Այդ պատճառով էլ մեր կառավարությունը ընդունեց մի որոշում, ըստ որի մարդիկ անմահանալ կարող են իրենց մահվանից հետո միայն…
Ընկեր Սիմեոն, համոզվեցի՞ք, որ իմ իսկական անվան մասին Հայաստանի ԱՕԿՍ-ը ձեզ ոչինչ ասել չեր կարող։
Հիմա գանք իմ կենդանի կամ մեռած լինելու հարցին։
Մեռա՞ծ եմ ես, թե կենդանի։ Ահա ձեզ մի հարց, որին դժվարանում եմ պատասխանել։
Եվ այդ գրողը չի իմանա, եւ ինչ էլ ասեն` նրանց խոսքին մի’ հավատացեք։
Շատ գրողներ ինքզինքնին կենդանի են հայտարարում, բայց իրապես մեռած են… ընթերցող չունենալու պատճառով։
Այդ մասին հասարակությունը պիտի դատի` գրողն ի՞նչ իմանա։
Մոսկվայում ձմեռ ժամանակ անցորդը չի զգում թե իր ականջները սառել են, դեմից եկող անցորդն է զգուշացնում.
- Է~յ, ընկեր, ականջներդ սառել են…
Գալով ձեր երրորդ հարցին` հասցես, դա էլ շատ սերտ կապված է իմ կենդանի կամ մեռած լինելուս հետ։
Եթե մեռած եմ` հասցես կլինի Երեւանի գերեզմանատուն, իսկ եթե կենդանի եմ` Երեւան, Լենինի պողոտա, համար 15։
Այս երկուսից ընտրեք, որը կուզեք։
Ընկեր Սիմեոն, եթե որոշել եք ուսումնասիրություն գրել իմ մասին, ցանկալի էր, որ ինձ մեռած համարեիք. որովհետեւ կենդանի հեղինակները երբեք չեն արժանանում այն փառքին, ինչի արժանանում են մեռածները։
Խորին հարգանքներով` Լեռ Կամսար Երևան
Սիմեոն Կյուլոյին` Բոստոն
1960թ., Երևան
Հարգելի Սիմեոն Կյուլո, իմ բոստոնաբնակ բարեկամ։
Դուք ձեր նամակում գրում եք` «Կիպրոսից, Սիրիայից հասնող լուրերը ասում են, որ դուք մեռած եք։ Հայաստան այցելող էքսկուրսանտներն էլ հակասական տեղեկություններ են տալիս ձեր մասին. մեկն ասում է մեռած է, մյուսը` կենդանի։ Սրանով խնդրում եմ անկեղծությամբ ինձ հայտնել. «Դուք մեռա՞ծ եք, թե կենդանի` ինչո՞ւ չեք երեւում մամուլում»։
Դրան ի պատասխան գրում եմ։
Ես կենդանի եմ, բայց այդ ապացուցելու համար ոչ մի «իրեղեն ապացույց» չունեմ։ Իմանալով, որ կյանքումս սուտ խոսած չունեմ` պիտի հավատաք իմ բանավոր հավաստիացումներին։
Ես մամուլում երեւալ չեմ կարող, որովհետեւ մամուլի տեսուչ Գեւորգ Հայրյանը չի թողնում։ Որսկանի նման ետեւիցս ման է գալիս, որ թերթում երեւամ` իսկույն խփում է։ Մի անգամ ինձ «Գրական թերթում» բռնեց, ականջիցս քաշելով տարավ կենտրոնական օրաթերթ «Սովետական Հայաստան», այնեղ ինձ բոլորի առջեւ «գռեհիկ» անվանեց ու խփեց։ Գրողների միությանն էլ հրամայեց ծունկի գալ ու ներեղություն խնդրել, իրենց օրգանում իմ ֆելիետոնը տպագրած լինելու համար։
Որ թերթին մոտենում եմ, խմբագիրները սարսափով իրենց թերթի դուռը փակում են երեսիս եւ բանալու ծակից իմ հեռանալուն են սպասում։
Միայն «Ոզնի» երգիծական հանդեսը իր դռան տակից մի անցք է թողել, երբ Գեւորգ Հայրյանը ուրիշ կողմ է նայում` գաղտագողի այդ անցքից ներս եմ սողում, մի ֆելիետոն տպում ու դուրս գալիս փախչում։ Որ տեսավ, սեւս կտա։
Այստեղ ես հանդես եմ գալիս ծպտված, Արա Մասյան անվան տակ։ Ընթերցողներս կարդում եւ ասում են.
- Սա Արա Մասյանը որքա~ն նման է Լեռ Կամսարին, կարծես նա լինի։ Եվ ես չեմ կարող դուրս գալ իմ թաքստոցից, փաթաթվել իմ ընթերցողին եւ ասել.
- Գրկի’ր ինձ, հենց ես Լեռ Կամսարն եմ…
Այսպիսի զուլում մարդ է այդ Գեւորգ Հայրյանը։
Դուք երեւի տեսած կլինեք նրան. այս ամառ նա Ամերիկա եկավ պտույտի։
Վերադարձին թերթում գրեց իր ճամփորդական տպավորրությունները, որոնք ջրիկ լինելու համար ոչ ոք չկարդաց։
Այս «հաջողությունից» խրախուսված նա առանձին գրքով հրատարակեց այն, որ էլ ավելի չկարդան։
Ամբողջ Հայաստանի գրողների բախտը այդ մարդն է տնօրինում։ Հիսուն տարվա սիրված գրողին կարող է փոշիացնել, իսկ փոշուց հիսուն տարվա սիրված հեղինակ ստեղծել։
Հարգելի Սիմեոն, ինչո՞ւ մի անգամ Հայաստան չեք գալիս պտույտի։ Եթե գաք` կտեսնեք, մեռա՞ծ եմ, թե կենդանի։
Գրում եք` թե ուզում եմ ձեր մասին մի ուսումնասիրություն գրել։ Շնորհակալ եմ։ Եթե նոր բնակարան ստացած լինեի, այնպե~ս կուզենայի ձեզ իմ տանը հյուրասիրել։ Կենտկոմի առաջին քարտուղարը սա չորս տարի է խոստանում է, բայց ոչ բնակարան է տալիս, ոչ էլ իմ դիմումին է պատասխանում։ Նրանից պատասխան ստանալու համար ուզում եմ դիմել Մոսկվա։
Եթե Մոսկվան էլ չպատասխանեց` ուզեմ-չուզեմ ձեր միջոցով պիտի դիմեմ ՄԱԿ-ին։ Իմ հարցը շատ նման է այնտեղ նստած Չան Կայ Շիին, երկուսս էլ կորցրել ենք մեր ոտների տակի հողը։
Նա Չինաստան չունի ես` բնակարան։
Հարգանքներով` Լեռ Կամսար
Սիրելի Սիմեոն Կյուլո,
24. 12. 1960թ.
Իմ բոստոնաբնակ բարեկամ.
Իր ժամանակին ստացել եմ նոյ. 1-ի նամակը եւ պատասխանել եմ իր ժամանակին։ Այսօր գրում եմ մի երկրորդ նամակ այնպես, ինչպես որսորդը որսին նշան բռնելիս կրակում է միաժամանակ երկու գնդակ` մեկնումեկը նպատակին հասցնելու համար։
Բայց քանի որ որոշել ես մայիսին անպայման այցելել ինձ անձամբ` նամակներս նպատակին չհասնեն էլ, շատ չեմ մտահոգվի` ինչու որ մի քանի ամսից «որսը» իր ոտովը կգա իմ դուռը…
Իմ նամակները շատ նման են Նոյի բաց թողած թռչուններին. ոմանք դուրս են գալիս «աղավնիներ» եւ պատասխան են բերում, ոմանք էլ «ագռավների» նման ինձ թողնում են անպատասխան։
Այնուհետեւ կուզենայի շնորհավորել ձեր Նոր տարին, եթե հաստատ իմանայի, թե Ամերիկայում Նոր տարի գոյություն ունի, եւ մարդիկ առհասարակ ուրախանալու սովորություն ունեն։ Մեզ սովորեցրել են, որ կապիտալիստական երկրներում մարդիկ միայն դժբախտ են։
Քո գալու լուրն առնելով, անմիջապես ԱՕՔՍ-ի նախագահ Բերսաբեին գնացի եւ խնդրեցի միջամտել ուր որ հարկն է` ինձ մի ներկայանալի բնակարան տրամադրելու համար։ Ներկա բնակարանում ամաչում եմ քեզ ընդունել։ Դա ոչ թե բնակարան, այլ կավաշեն, կավածեփ, կավածածակ մի որջ է, որին առընթեր նախապատմական մարդու քարայրն անգամ կարող է պալատ համարվել։ Իմ բնակարանային պայմաններով թեպետեւ չեմ հասել տակավին «քարի դարին», բայց դժգոհ չեմ։ Դիոգենեսն ապրում էր մի տակառի մեջ շատ երջանիկ։
Մեր երկուսիս դժվարությունը սկսվում է միայն մեռնելիս։ Օրինակի համար, Դիոգենեսն ինչպե՞ս պարզի իր ոտքը մի նեղ տակառի մեջ։ Իսկ պպզած մեռնելը հնարավոր չէ։
Գալով ինձ, իմ ցավն էլ այն է, որ վախճանվելիս ես ոչ մի կերպ չպիտի կարողանամ համոզել ինձ, որ ես իրոք մեռել եմ, քանի որ բնակարանիս եւ գերեզմանիս մեջ ոչ մի էական տարբերություն չկա։ Երկուսն էլ կառուցված են միեւնույն հողից։
Սիրելի Սիմեոն, դու իմ աչքին մի շատ խստապահանջ մարդ կերեւիս։ Այդ պատճառով քեզ նամակ գրելիս վախիցս տասն անգամ մտքերս չափում, ձեւում, նոր միայն գրում եմ։ Պատահում էլ է, որ չափում, ձեւում ու չեմ գրում։ Ու չգրած մտքերս ավելի շատ են լինում քան գրածներս։ Այդ է ահավասիկ պատճառը, որ քեզ նամակ գրելիս ավելի շատ կչկչում եմ, քան «ձու» ածում։1
Կարոտում եմ քեզ շատ։ Երբեմն ուզում եմ երազումս տեսնել քեզ, բայց ավա~ղ, դա հնարավոր չի` երկու տարբեր կիսագնդերում ապրած լինելու համար։ Միաժամանակ չենք պառկում ու միաժամանակ վեր չենք կենում։ Երբ ես քնած եմ` դու արթուն ես, եւ ընդհակառակը, երբ ես արթուն եմ` դու քնած։
Ձայն ունե՞ս, Սիմեոն, երգո՞ւմ ես։ Ես երկու տող երգեմ, եթե այն քեզ դուր գա` գրիր շարունակեմ։
«Ա~խ, իմ ճամփեն մոլոր գնաց,
Անտակ ծովին դեմ առավ…»1
Գրիր գաղութահայ կյանքից։ Դու «հառաջադիմակա՞ն» կուսակցությանն ես պատկանում, թե՞ «հետադիմական»։ Այդտեղ կուսակցության պատկանելը կամավո՞ր է լինում` թե՞ բռնի։ Եթե կամավոր` ինչո՞ւ պատահում են մարդիկ, որոնք «հառաջադիմականը» թողած, «հետադիմականին» են պատկանում։
Ինձ որ հարցնես` ես «ետեւի» եւ «առաջի» միջեւ խտրություն չեմ դնում։ «Ետեւը”` դա մարդու անցյալն է, պատմությունը, իսկ «առջեւը”` ապագան, գալիքը։ Արժե՞ ստույգ, արդեն պատահած անցյալը զոհել անստույգ գալիքին։ Մանավանդ հիմա, որ աշխարհն ապրում է ատոմային պատերազմի սարսափներն ու երկրագունդը վիճակախաղի է դրված։
Ոչ` երկուսից, ես «ետեւը» կնախընտրեմ «առջեւից»։
Ետեւում եմ թողել իմ ոսկե մանկությունը, իմ կորուսյալ հայրենիքը, որոնց մասին ունեցած իմ հուշերի մի մասնիկը չեմ փոխի հազար անորոշ գալիքի հետ։
Իսկ եթե խոսենք «մարդակազմության» լեզվով, պիտի ասենք, որ մարդուն իր «ետեւը» նույնքան անհրաժեշտ է, ինչքան «առջեւը», ու մեկն առանց մյուսի գոյություն ունենալ չի կարող։
Ճակատամարտում նահանջելն էլ հարձակման չափ հմտություն է պահանջում։1
Համաձա~յն ես։ Եթե այո` ց տեսություն։
Քո` Լեռ Կամսար
«Կարմիր օրեր» անտիպ օրագրից
Շաբաթ 23, հունիս, 1961թ.
Ստալինը իր ղեկավարության ժամանակ ամենայն անկեղծությամբ հայտարարում էր.
- Ես արյունարբու գազան են ու մարդ եմ սպանում։ Ինձ համար մարդն ու ճանճը միեւնույն արժեքն ունեն։
Եվ մարդը ժողովրդից համակրանք չէր սպասում։
Բայց Խրուշչովը ներկայիս կամենում է երկու ձմերուկ բռնել իր մեկ ձեռքով։ Ուզում է եւ’ ժողովրդի համակրանքը վաստակի, եւ’ մարդ սպանի։
Այսպես` նա ցերեկը մարդասեր է, գիշերը` մարդասպան։
Օ~հ, լեզուս չի զորում պատմել այն ոճիրը, որ կատարվեց հենց այսօր աչքիս առջեւ։
Բայց պատմեմ ամեն ինչ սկզբից։
Ամերիկայի Բոստոն քաղաքում ապրում էր մի ժուռնալիստ` Սիմեոն Կյուլո անունով։ Նա մտադրված է լինում մի ուսումնասիրություն գրել իմ գրական գործունեության մասին։ /Սեւ լիներ այն օրը, երբ մտադրվեց։/
Բայց չի իմացել ո՞ղջ եմ, թե մեռած։ Դիմել է Հայաստան եկող տուրիստներին, դիմել է Սիրիա, Կիպրոս եւ աշխարհի այն բոլոր տեղանքը, ուր հայություն կա` իմանալու տեղեկություն իմ ողջության մասին, բայց չի հաջողվել։ Մեծ մասամբ պատասխանել են, թե ես, իբր թե, մեռել եմ աքսորի ճանապարհին, 1938թվին։ /Տեսեք «երկաթյա վարագույրի» թանձրությունը…/
Հա, վերջում այդ մարդը դիմում է Հայաստանի արտասահմանի հետ կուլտուրական կապի միության վարչությանը, աղերսելով պատասխանել` ո՞ղջ եմ ես, թե՞ մեռած։
Վարչությունը նամակը հանձնեց ինձ` անձամբ պատասխանելու համար։
Մեծ դժվարությամբ պատասխանեցի այդ նամակին, որովհետեւ ես էլ ստույգ չգիտեի` ողջ եմ, թե՞ մեռած։
Ճարահատ, այդ բանն ստուգելու համար, մեծ ծախսեր կատարելով, ինքը` Սիմեոն Կյուլոն է վեր կենում Հայաստան գալիս։
Մենք պատահում ենք իրար «Արմենիա» հյուրանոցում, եւ ես սկսում եմ պատմել իմ գլխին եկած դժբախտությունները մեկ առ մեկ, քսան տարվա աքսորս, անպատմելի խոշտանգումներս եւ այլն, եւ ալյն։
Դու մի ասի, Չեկան, մագնիտոֆոնը միացրած, մեզ լսում է իր թաքստոցից…
Մտածելով, որ Ամերիկա վերադարձին Կյուլոն կարող է այս բոլորը պատմել աշխարհի հայությանը, եւ գաղտնիքը բացվի, նույն գիշերը խեղդում է հյուրանոցում իր «հյուրին» եւ հայտարարում «հանկարծամահ»…
Ու ես հիմա այսքան արտասուք չեմ ճարում ողբալու այդ անմեղ մարդու կորուստը, որ մեռավ իմ պատճատով։
Մազերս փետտելով ման եմ գալիս հիմա ու նզովում եմ ինձ էլ, իմ «տաղանդն» էլ միաժամանակ, որ պատճառ դարձավ այս ահավոր, տմարդի ոճիրին։
Օ~հ, օդ տվեք ինձ, խեղդվում եմ…
Չորեքշաբթի 6, հուլիս, 1961թ.
Թաղեցի իմ անմոռանալի ընկեր Սիմեոն Կյուլոյին եւ հիմա իմ կյանքի մասին եմ մտածում։ Ինչպե՞ս պիտի վարվի ինձ հետ կառավարությունը, չէ՞ որ ես էլ նրա գործած հանցանքի մասնակիցն եմ։
Արդյո՞ք ինձ էլ խեղդամահ կանի մի գիշեր։ Բայս ես հյուրանոցում չեմ քնում։ Տանն էլ հարեւաններս կիմանան։
Ոչ, ինձ կկանչի Չեկա, կհարցաքննի, թե ինչո՞ւ ես ասել եմ նրան, որ քսան տարով աքսորվել եմ եւ ինչո՞ւ չեմ ասել, որ քսան տարով չեմ աքսորվել եւ ընդհակառակը, շատ երջանիկ եմ զգացել ինքզինքս` այն էլ ոչ թե քսան, այլ երեսուն տարով։
Արդարացում չունեմ, պարզում եմ վիզս եւ «խեղդիր» ասում եմ։ Չեկան խեղդում է, ու, որպեսզի թաքցնի իր ոճիրը, տանում է մի հեռավոր փոցոց ու դիակս ավտոյի տակ գցելով տափակացնում է եւ ասում.
- Հիմար մարդ, ինչո՞ւ փողոցում զգույշ չես քայլում… /Ինչպես Կյուլոյին մեղադրեցին դեպքից մի շաբաթ առաջ խմած մի բաժակ կոնյակի մեջ/ ։
Բայց ինչո՞ւ եմ զուր տեղը գլուխս պայթեցնում` իմանալու համար, թե ինչ մահով պիտի մեռցնի ինձ կառավարությունը։ Հա’մ մտածեմ, հա’մ մեռնե՞մ…
Իրենք գիտեն, ինչ մահով կուզեն, թող մեռցնեն։
Բայց, այնուամենայնիվ, խեղդվել կուզեմ ես, ինչպես իմ ըկներ Սիմեոնը, որպեսզի հանդերձյալ կյանքում, որպես միատեսակ մահով մահացածներ` միասին լինենք։
Ի՞նչ իմանամ, միգուցե այն աշխարհում մարդիկ տեսակագրվում են ըստ իրենց մեռելաձեւի` մանավանդ Սովետական իշխանությունից հետո։
Առաջները բոլոր մարդիկ մեռնում էին բնական մահով, բայց բոլշեւիկները մահվան այնպիսի ձեւեր բերին աշխարհը, որ մարդ չի իմանում, թե որով մեռնի։ Ի՞նչ կլիներ, եթե մահվան այսպիսի բազմաթիվ ձեւերի հետ գեթ մի ձեւ էլ կյանքի մասին մտածեին։
Չէ՞ որ մեռնելու համար պետք է, որ մարդ մի քանի տոկոսով ապրած լինի…
Հինգշաբթի 14, հուլիս, 1961թ.
Որովհետեւ այս տարի դեղատները ճանճասպան թուղթ չեն ստացել, այդ պատճառով մարդիկ սպանում են ճանճերին պարտիզանական հարձակումներով։ Իսկ դա գազանակերպ է լինում։
Բարեկամներիցս մեկը սեղանի մեջտեղը քաղցրություն էր դրել եւ հատուկ դրա համար պատրաստված մի ռետինե թերթիկով խփում եւ ջարդում էր այն բոլոր ճանճերին, որոնք, թառած քաղցրության վրա, ծծում էին այն։
Այս տեսնելիս, մի նմանություն ընկավ միտքս, եւ դրանից սարսռած ողջ էությունս։
- Ուլան,- ասում եմ ինքս ինձ,- այս նույն եղանակով մեր կառավարությունն է սպանում արտասահմանյան հյուրերին, այն էլ իմ միջոցով։
Ինձ որպես քաղցրություն դրել է մեջտեղ եւ արտասահմանից հյուր է ընդունում։ Այս հյուրերից էլ ինձ մոտ գալիս են նրանք միայն, որոնք դեմ են սոցիալիզմին, եւ եկել են միայն նրա վատ կողմերը տեսնելու։
Եվ ահա շըրը’փ, խփում է ու սպանում նրանաց։
Այսպես սպանեց Սիմեոն Կյուլոյին, այսպես պիտի սպանի նրա կնոջը, որ մտադիր է Հայաստան գալ իր ամուսնու գերեզմանին այցելության, պիտի սպանի «Ծիրանի գոտու» խմբագրին,2 որ ուզում է գալ ինձ այցելության։
Ուրեմն, ես այն խայծն եմ սովետների ձեռքում, որով ձուկ են բռնում։ Ուրեմն իմ պատճառով այսուհետեւ էլ բազմաթիվ արտասահմանյան հյուրեր պիտի մեռնեն, ուրեմն ես խաղում եմ կին ու երեխա ունեցող մարդկանց կյանքի հետ։
Բայց ի՞նչ կարող եմ անել։ Կարո՞ղ եմ գրել նրանց` մի գաք Հայաստան, որովհետեւ ձեզ կսպանեն։ Եթե գրեմ էլ, փոստը վայր կդնի իմ նամակը եւ չի ուղարկի։
Ի՞նչ անեմ, ասեք, ի՞նչ անեմ։
Հազար անգամ կուզեի «տաղանդավոր երգիծաբան» չլինել, որ մարդիկ չգային եւ իմ պատճառով չզոհվեին։
Այս ակամա ոճրագործությունս ես ինչպես հաշտեցնեմ խղճիս հետ։ Ես կմեռնեմ, իհարկե, եթե իմանամ` այս անգամ էլ չեն գա շիրիմիս այցելության…
Ո Ղ Բ Ե Ր Գ
ՍԻՄԵՈՆ ԿՅՈւԼՈ,
Իմ սիրելի հայրենակից,
Իմ թանկագին բարեկամ,
Իմ մտերիմ ընկեր,
Դու այդ ի՞նչ արիր…
Հեռվից հեռու, օվկիանոսի այն ափից սիրեցիր ինձ։
Ամբողջ վեց տարի ելար ինձ փնտրելու կենդանիների եւ մեռածների մեջ։ Ու երբ հայտնաբերեցիր կենդանի` գրեցիր ինձ Բոստոնից.
- Գալիս եմ քեզ հյուր, պատրաստ կաց։
Ու ես իմ տան դուռը բաց թողած պառկեցի գիշերները, որ դու, եթե գիշերով անգամ գաս, դուռս բաց գտնես առջեւդ։
Ու ելար արեւմտյան կիսագնդից արեւելյան կիսագունդ եկար ինձ տեսնելու։
Տեսանք իրար ու ողջագուրվեցինք։
Բայց ինչո՞ւ այդքան կարճ։
Ինչո՞ւ դեռ ասելիքդ չվերջացրած հիշեցիր, որ մահկանացու ես, հանկարծ հեռացար աշխարհից։
Այնպես շտապեցիր մահվան կարավանին հասնել, որպես թե շատ էիր ետ մնացել…
Բայց ես չեմ կարող հաշտվել այդ դառն իրականության հետ, չեմ վավերացնում կատարվածը, չեմ փակում իմ դուռը եւ առաջվա նման անքուն կսպասեմ, իմ ընկե’ր։
Մենք ծնվել ենք միեւնույն երկրում, մեր մանկությունը լուսավորել է այն արեւը, որ Վարագա սարի ետեւից դուրս է եկել ու սուզվել Վանա ծովում։ Մենք շնչել ենք նույն օդը, խմել նույն աղբյուրից։
Ու այսօր կորցրել ենք մեր մանկության օրրանը, մեր անմոռաց ծննդավայրը անդարձ։ Նրա անհուն կարոտի մի ծայրը իր անհուն ծանրությամբ իմ սիրտն է ճմլում, մյուս ծայրը քոնը, եւ այդ կարոտի քուլայում մեր սրտերը իրար ձուլվեցին։
Գաղթից շատ առաջ, մի անշառ ու բարի օր, չար թուրքը քո հոր կարմիր արյունով ներկեց Տոնյա Գյալեի կակաչները, որ առանց այդ էլ շատ կարմիր էին…
Ու դու մանուկ հասակում փախար օտար աշխարհ այն զուլում երկրից, որի հողը բարի է, իսկ մարդիկ` չար։
Երկար դեգերումներիդ դատարկեցիր դառնության բաժակներ իրար ետեւից։ Կամեցար գրաշար դառնալ մի հայ տպարանատիրոջ մոտ, որ քեզ վռնդեց միայն նրա համար, որ նրան դիմելիս փոխանակ «էֆենդի» ասելու` «պարան» ասացիր։
Մի հայ, որ կամենում է թուրքերեն մեծարվել։
Մի մարդ, որ տանը հայ է, դուրսը` թուրք…
Մի թուրք, որ մարդ է մորթում ոչ թե սրով, այլ իր ոսկու քսակով։
Եվ դա աչքովդ տեսար, թե ինչպես բոլոր դրամատերերը մի-մի «թուրք» են իրենց տպարաններում որպես գրաշար աշխատող հայերի համար…
Իմ անմոռանալի Սիմեոն։
Դու իմ ունեցած առավելությունների վրա իմ չունեցածը ավելացնելով, մեծարեցիր ինձ մամուլում։
Բայց այդ մեծարումը ես չեմ նկատում անձնական։
Դու տարիներ շարունակ ապրելով հայրենիքից հեռու, անձամբ տեսնելով, թե սփյուռքի հայերը ինչպես են կամաց-կամաց ձուլվում օտարներին, հեռանում իրենց ազգությունից, քո արծվի հայացքով փնտրեցիր եւ գտար հայ մշակույթի ակնառու գործոններ, տնկեցիր որպես պղնձե օձ Սինա անապատում, որպեսզի գեթ մեկ ժամով ուշացնես հայ ազգի ջլատումը, նրա մի մասի օտարացումը։
Այդ իմաստով դու մեծարել ես ոչ միայն ինձ այլ շատ-շատերին նրանցից, որոնք իրենց ուժի չափով մի-մի քար են դրել հայ մշակույթի բարձրացող պատերին։
Եվ այդ կատարել ես դու քո վարպետ գրչով, դու` մեռնող հայության կանթեղին ձեթ լցնող լուսարար։
Հայրենիքից դուրս, հեռավոր Բոստոնում, Հրանտ Ավետիսյանը հայ մշակույթի մի փոքրիկ օջախ կպցրեց «Ծիրանի գոտի» անվանելով այն, ու դու ողջ եռանդով փուքս դարձար, փչեցիր, այդ մխացող օջախից բոց ստանալու, դրանով ջերմացնելու հայությունից սառող հոգիներին եւ հաջողեցիր` շնորհիվ քո ճարտար գրչի։
Բայց ինչո՞ւ եմ ասում այս բոլորը, երբ դու չկաս այլեւս, իմ Սիմեոն։
Իբրեւ վերջին խոսք, Սիմեոն, քեզ պիտի ասեմ հետեւյալը։
Դու աշխարհի մի ծայրից մյուսը ճամփա կտրեցիր, որ ինձ հյուր լինես։
Հյուր եկար կարճ ու ընդմիշտ հեռացար։
Հիմա էլ որպես փոխայցելություն, ես եմ ճամփա ընկել քեզ մոտ հյուր գալու։ Դուռը բաց թող։ Ու ես հյուր եմ գալիս քեզ մոտ ոչ թե ժամանակավոր, այլ հավիտյանս չհեռանալու համար։ Տեսնո՞ւմ ես, թե ես որքան ավելի եմ սիրում քեզ, քան դու սիրեցիր ինձ։
Յոթանասուն տարի նավելով կյանքիս օվկիանոսում, արդեն մոտ եմ ափերին ու պատրաստվում եմ նավիս առագաստն իջեցնել։
Մոտ եմ քեզ շատ, իմ սիրելի ընկեր, համարյա ստորակետով ենք բաժանվում մենք իրարից։ Գուցե եւ բութ պիտի լինի դնել…
Ու որովհետեւ այսքան մոտ ենք իրար, Սիմեոն, չեմ ասում քեզ «մնաս բարով», այլ քեզ կասեմ` ց տեսություն…
Մնամ
մեր տեսակցությանն սպասող`
ԼԵՌ ԿԱՄՍԱՐ
1961թ. հուլիս
1. Միամիտ երգիծաբանը փորձում է տողատակով մի բան հասկացնի, որ փոստի «Հատուկ բաժնի» աշխատակիցները իբր թե չհասկանան։
2. Նկատի ունի «Ծիրանի գոտի» հանդեսի հիմնադիր-տնօրեն Հրանտ Ավետիսյանին։
«Տաղանդավոր զրպարտողը»
70-ականների վերջին եւ 80-ականների սկզբին անօգուտ ու ապարդյուն շրջում էի խմբագրությունից խմբագրություն՝ փորձ անելով, բառիս բուն իմաստով, Լեռ Կամսարից որեւէ ֆիլիետոն մամուլ խցկելու, որ նրա անունը մոռացության չմատնվի։ Այդպիսի դեգերումներից մեկում հայտնվեցի «Սովետական գրականություն» հանդեսի խմբագրատանը։
Երբ վիզս ծռած, աղաչական համոզում էի խմբագրության աշխատակիցներին` եթե չտպել, գեթ վերցնել եւ կարդալ նյութը, հանկարծ օտիսկները ձեռքին՝ շտապ ընդհանուր բաժին մտավ փոքրամարմին, արդեն տարիքն առած մի մարդ։ Լսելով, որ Լեռ Կամսարի թոռնուհին եմ, մոռացավ, թե ինչու էր շտապում, մեխվեց տեղում։
- Իրա՞վ թոռնուհին ես,- հարցրեց նա շատ անհանգստացած,- անտիպների՞ց ես բերել, կտպագրեմ, անպայման կտպագրեմ. նա անառարկելի մեծություն է։ Խնդրում եմ գնանք իմ առանձնասենյակը։
Հասկացա, որ խմբագրապետ Ստեփան Կուրտիկյանն էր։ Այդ թվերին առաջին անգամ լսելով ասպիսի խոստովանություն՝ ուրախ հետեւեցի նրան։
Իմ հետեւից մտնելով առանձնասեյակը՝ նա բանալիով ներսից կողպեց դուռը եւ առաջարկեց բազկաթոռը։ Վատ բան կանխազգալով՝ ոտքի վրա մնացի։
- Լեռ Կամսարը հրաշք երգիծաբան է, ես շատ բարձր եմ գնահատում նրան, բայց ես շատ ստոր գտնվեցի նրա հանդեպ` վախից, ուղղակի վախից, դե՜, գիտես՝ ի՜նչ ժամանակներ էին։ Նոր էի հայրենադարձվել, մի երիտասարդ տղեկ էի, ում, առանց աչքը թարթելու, կվերացնեին։ Բա՜, այսպիսի գարշանքի մեջ էինք ապրում, աղջի՛կս։ Ես մասնակիցն եմ եղել երգիծաբանի ամոթալի, սարքովի «զտում»-դատավարությանը։ Հիմա սրանով ո՛չ ապրել եմ կարողանում, ո՛չ մեռնել։
Չարենցը չէր կարողանում ներել պապիդ գրած մեկ ֆելիետոնը իր մասին։ Հավաքելով գրողներին եւ մեզ`երիտասարդ աշխատակիցներիս՝ ասաց.
- Շատ է լեզուն երկարացրել էդ … խեղկատակը, չափը չի ճանաչում, դասեր է տալիս ողորմելի գրչակը, էն էլ ո՞ւմ, ինձ, պատկերացնո՞ւմ եք, ինձ` Չարենցիս, ես դրա… Կջնջեմ, փոշի կսարքեմ քեզ, ընկե՛ր Լեռ Կամսար…Էնպես ոչնչացնեմ քեզ, որ հետքդ անգամ չմնա աշխարհիս երեսին։ Չարենցի վրա կկոտրվի քո օձի ատամը, несщастныи клоун, խաղ ես անում ինձ հետ, վիժվածք։
Հաջորդ օրը կայացավ մի եղկելի դատավարություն, որի լուռ մասնակիցն էի ես։
Ես փլվեցի բազկաթոռին.
- Իսկ ես մինչեւ հիմա կարծել եմ, թե գաղափարի կռիվ էր, եւ պապս դատվել է որպես այլախոհ։ Դուրս է գալիս ուղղակի հրաշալի ժամանակներ էին՝ մարդկային ճղճիմ հաշվեհարդարների համար։ Բայց ինչո՞ւ Չարենցն ընտրեց վրեժխնդրության այդ անարգ ճանապարհը։ Կամսարը մեկն էր գրել, թող նա տասնմեկը, հարյուր մեկը գրեր. չէ՞ որ էպիգրամի հանճարեղ վարպետ էր։ Թող լիներ նույնիսկ պասկվիլ, ինչ անենք, արդարացում կլիներ։ Եվ վերջապես տղամարդավարի տար իրեն նեղացնողի մռութը ջարդեր։ Ինչո՞ւ այսքան անազնիվ։
- Ի՞նչ իմանամ, աղջի՛կս, հանճարները անիմանալի են։
Չգիտեմ այս խոստովանությունից հետո այդ պատվարժան մարդը հաշտվեց իր խղճի հետ, եւ արդյո՞ք նա խաղաղ է հանգչում հիմա։ Բայց տեսնես նա զգաց, թե ինչ բեռ դրեց իմ ուսերին, որի ծանրությունից ճկռում եմ մինչեւ այժմ։
Կշեռքի մի թաթին իմ պաշտելի հանճարեղ քնարերգուն է, իսկ մյուս թաթին ավելի քան պաշտելի` արդարապաշտ, անկաշառ խոսքի մեծն վարպետը։ Իսկ լծակը այն զազրելի ժամանակի ձեռքում է, որի անուն է բոլշևիկյան բռնատիրություն։
Դե՞, ո՞վ մի բան կասի…
Հը՛...ո՞վ, ո՛վ, ո՜վ կհաշտեցնի ինձ կատարվածի հետ…
Վանուհի Թովմասյան
ՀՍՍՌ հանրապետական դատախազության քննիչին` 1935 թվի իմ բանտարկության առթիվ ինձ առաջադրված մեղադրանքների մասին (հատված)
Իմ զտումը Չարենցի իմ դեմ պատրաստած մեքենայությունների արդյունք էր։
Ես ու Չարենցը երկար տարիներ մտերիմ ընկերներ էինք եւ իբրեւ գրողներ փոխադարձաբար գնահատում էինք իրար ու հարգում։
Այդ այնքան ժամանակ, երբ դեռ չէր սկսել իր այլանդակ սեռական սանձարձակությունները։ Իսկ այն օրվանից, երբ սեռական կյանքում այլասերվեց, խտրություն չդնելով մարդկային երկու սեռերի միջեւ, օրիորդների հետ սկսեց ատրճանակի լեզվով խոսել եւ սրա-նրա վրա կրակել, հետո բանտարկվել` ես թողի նրա բարեկամությունը եւ մի ֆելիետոն գրեցի նրա մասին, որի պատճառով թշնամացանք, եւ նա ձեռքի տակի բոլոր միջոցներով աշխատեց իր վրեժը լուծել ինձանից։
Իմ զտումը կազմակերպեց եւ ինքը անձամբ դուրս գալով բազմամարդ դահլիճում, փրփուրը բերանին ինձ վրա հարձակվեց, անվանելով ինձ «դաշնակցական», «ողորմելի գրչակ» եւ այլն, ու դրա հետ մեկտեղ հայհոյանքի այնպիսի տարափ, որ ոչ մի պատվավոր հավաքույթի պատիվ բերել չէր կարող, եւ վերջում էլ նախագահողին հրամայեց զրկել ինձ վերջին խոսքից, պաշտպանվելու իմ անկապտելի իրավունքից։
Ահա ձեզ մի տաղանդավոր բանաստեղծ, որ իմ նկատմամբ դարձավ տաղանդավոր զրպարտող։
Լեռ Կամսար
02.05. 1955թ.
(Բնագիրը կգտնեք ՊԱԿ-ի արխիվում)
Լեռ Կամսար
«Իշաբար շարված ողորմի»1
(Որ Չարենցը «թքի» վրան)
Ընդհանուր.- Չարենցը պրիզմա մըն է, կախված հայ գրականության վրա։ Արևելյան կողմեն դիտես` «հանճար» կերևա քեզի, արևմտյան կողմեն նայես` «բանջար» կտեսնես, հյուսիսեն` «ծիածան», «վարդ», «կույս», հարավեն՝ «թուք», «խլինք», «մեզ»։
Մակինցյանի ըսելով, իր սկզբնական լույսը ըստացեր է Տերյանե, իր ըսելով` Մայակովսկիյե։ Տերյանը վառված լուցկիի մը նման դեն է նետել արդեն, գալով Մայակովսկիին… Թեև ստիպում չկա, բայց… կրնա և չվառվել… իրմե հետո։
Ինքը Հոկտեմբերի երրգիչ է, այդ պատճառով «թքեր է» բոլոր սեպտեմբերի գրածներու վրա։
Վայլուտա.- Ինչպես պետություն մը իրավունք չունի իր ունեցած ոսկիեն ավելի թղթադրամ բաց թողնելու` անանկ ալ անհատ մը չի կրնար ուզածին չափ անիմաստ խոսքեր շռայլել` առանց դիմացը իրական արժեք մը դրած ըլլալու։ Շեքսպիրը, որ 42 տարի իմաստուն բաներ է գրեր, իրավուք ուներ նույնքան տարի ալ հիմար բաներ գրելու։ (Ուրիշ բան է, որ չէ ուզեցեր իր հիմարության իրավունքեն օգտվելու)։ Չարենցը անցելույն մեջ 7 պրակ շնորհալի բաներ է գրեր, դիմացն ունի 5 անշնորհք պրակներ։ Դեռ երկու պրակ մը գրելու տեղ ունի։
Հայհոյանքը կանխիկ.- Խիստ սաղլամ գործ է բռնել Չարենցը։ Ուրիշ հեղինակներու նման օրերով-շաբաթներով չի բերեր տաներ իր քննադատներուն` պզտիկ հայհոյանք մը տալու համար։
Անիկա նախ քննադատին կհայհոյե` նոր կուտա գիրքը քննադատելու։
Շատ վաճառատանց դռան կարդացեր եմ «ապառիկ ոչ ոքի», բայց քիչ վաճառական տեսեր եմ Չարենցի նման գրած սկզբունքին հետևող։ Ըստ Չարենցի այն մարդը, որ իր գրածները չի հավներ` «էշ» է, իսկ այն էշը, որ իր պոեմները կմեծարե «մարդ» է։ Փառք տանք ամենակալին, որ տակավին էշերը գլխի չեն ինկեր, ապա թե ոչ աշխարհիս բոլոր ավանակները, պահանջված հարգանքի տուրքը ձգելով Չարենցի փառասիրության գանձարկղը` մարդոց շարքերը պիտի լցվեին։
Կբացականչեմ` ինչո՞ւ ջանըմ, բանաստեղծություն մը հավնելու կամ չհավնելու պատճառով ինչո՞ւ կենդանական ազնիվ ցեղ մը վերանա երկրիս երեսեն։
Հարցապնդում.- Չարենցի հայ գրականության մեջ բերած նորություններեն գլխավորներն են` «թուք», «խլինք», «մեզ», «ոջիլ», «կակուղ միս» և «կոնք»` բաներ մը ,. որ Երևանի որ ետ ընկած փողոցին մեջ ալ լեցված ըլլան, սանիտարական վարչությունը սայլակները կղրկե դուրս թափելու համար։ Ինչո՞ւ կհապաղե վարչությունը, ու իր սայլակները տակավին չեն երևցած հայ գրականության դռներուն առաջ, ուր այս բաները տպված են ցերեկով։
Եղիա և Եղիսե.- «Երեքեն» «երկուսը»` Չարենցն ու Վշտունին` Պառնասի զույգ մարգարեները, կշրջեին Հայաստանին մեջ ու «պրոլետարական» գրականություն կքարոզեին հեթանոս պոետներուն։
Ուր մտնեին` «մենք եկանք» կըսեին, ուրկե ելնեին` «մենք գացինք» կձայնեին։ Մեկ խոսքով` մենք, մենք, մենք…
Երբ անցյալ ամառ Չարենցը Մոսկվա համբարձավ` կես ճամփին խղճալով մենակ մնացող Վշտունուն` իր «գրական պրեստիժը» վար նետեց առ ի գործածություն։
Այսօր, Հայաստան վար գալով, կխլե իր նվիրած «պրեստիժը» հեգ Վշտունիեն ու «վեռլենի քամուն» կուտա իր զինակիցը։
Կեդանիներու մեջ ալ ցեղ մը կա` որ կծնե ու ձագերը որոշ տարիքի հասնելե զկնի` կսկսե ուտել։
Տերտերներ.-
Չարենց.- Երեկ երեկո պոեմ մը ծնա։
Բարեկամ մը.- Տերտերյա՞նը կկանչես քննադատելու։
Չարենց.- Ո՛չ, ես Տիգրան Հախումյանի ծուխն եմ։
Կտակ.- «Ռոմանս Անսերը» Մոսկվային մեջ տպված էր ու ոչ միայն Հայաստան չէր ուզեր գալ, այլ կվախնար տպարանի դռնեն դուրս նայել։
- Դուրս եկուր,- կհրե ետևեն հեղինակը։
- Կվախնամ քննադատութենե։
- Քալե, ես քեզի հետ եմ։
Ու ձեռքեն բռնած Հայաստան կբերե Չարենցը։
- Իսկ եթե դու մեռար, ո՞վ պիտի պաշտպանե զիս,- կհարցնե պոեմը։
- Կկտակեմ, որ ոչ ոք չքննադատե քեզի։
Ամուրին ու պսակվածը.- Տերյանին ուրվականը Չարենցին գալով այսպես խոսեցավ. «Ինչո՞ւ կթքնես իմ գրքերի վրա», «Ցնորք» երգելը այդքան գե՞շ բան է եղեր։ Դուն «կակուղ միս» ու «կոնք» կերգես վասնզի ամուսնացած ես։ Չէ՞ որ ամուրի ատենդ ինձի նման ես երգեր։ Դուն կըսես պետք է գրել`
«Ցնորք» է։
Կգամ։
Մկանոտ
Եվ
Երբ նա հանվի
Գիտեմ
Կզգամ ձկան հոտ։
Այդ շատ լավ կխոսիս, բայց բանն այն էր, որ այն աղջիկը, որուն ես կսիրեի, երբ «հանվեր» դուռը կկողպեր ու չէր թողուր, որ երթայի «ձկան հոտ» առնեի իրմե։ Ես ալ ստիպված դռան վրա «ցնորք» կերգեի։ Հասակիս հետ կապված թերություն մը չե՞ս ներեր ինձի, ապերա՛խտ։
Դաժան անգթություն.- Գարնան առավոտ էր։ Փողոցեն անցածս ատեն նկատեցի շարան մը «մեշչաններ» «մռութները» թաշկինակով կապած կերթային։ Իմ հարցիս, թե ի՞նչ է պատահեր` պատասխանեցին ցավալի տնքալով։
- Անմեղ կերթայինք, Չարենցը մեզի կանչեց թե`
«Ուզո՞ւմ եք կամպոտ կամ չիր։
Կամպոտի փոխարեն
Էսօր ձեր
Կակուղ ծնոտին մոտիկ
Թող շաչե երգերիս ղամշին»՝ ու սկսեց հարվածել։
- Վա~յ, անգութ մարդ։ Հայտնեցի՞ք ոստիկանատուն։
- Այո։ Բանաստեղծները արտոնված են եղեր ուզածնին ընելու։
- Իրա՞վ։ Անանկ է նե` փախե~ք։ Աղեկ որ չէ սպաներ ձեզի։
Սեպտեմբեր և հոկտեմբեր .-
- Երանի~ քեզ,- դարձավ սեպտեմբերը հոկտեմբերին նախանձով լի,- դայակի նման Չարենցը գրկած, կգգվե քեզի։
- Մի նախանձեր, դրացի, եթե հնար ունենամ գիշեր մը կփախչեմ անոր երգերեն։
- Ինչո՞ւ։
- Ծո ի՞նչ կհարցնես, օրը ցերեկով ալ «ուռած շոգ կոնք», «կակուղ միս», «կիրք», «արնահամ բուրմունք»… ամոթես գետին կմտնեմ։
- Վա՛յ քոռանամ քույրիկ, ինչո՞ւ այդքան տկլոր։
- Տերյանի հակառակն ըրած ըլլալու համար…
«Հին» ու «նոր» Չարենցը.- Երբ Չարենցը, «նոր ուղղության» հետ նստած խրախճանք կըներ, իր հին պոեմները սևեր հագած ներս մտան ու այսպես ըսին,
- Ե՛տ տուր մեզի «Չարենց» անունը, այդ անունը մեզմով առիր, մեզի կպատկանի։ Մեզի դեն ես «թքեր», մենք ի՞նչպես ապրինք անանուն։
Եթե մեկը հարցնե թե «որո՞ւ պոեմներն եք»` ինչ պատասխանենք…
1923թ.
1. Չակերտներում գրվածները բոլորը Չարենցին են պատկանում։
Մի զտման պատմություն
ՀՍԽՀ Բանգյուղտեսչությանը կից հանրապետական հանձնաժողովին
Պատճեն` Կենտկոմին
Պատճեն` Պատմությանը
Գեղեցիկ սովորություն
Դատարաններում մեղադրյալին բեմ հանելիս հարցնում են սովորաբար.
- Դատարանի կազմի դեմ առարկություն ունե՞ս։
Գեղեցիկ սովորություն է սա, որը սակայն չկիրառվեց դատավարությանը այնքան նմանող իմ զտման ժամանակ։ Այս սովորությունը կիրառվում է բոլոր ժամանակների օրենքներում, այն պատճառով, որովհետև Քրիստոսի ծննդյան թվականից այս կողմը ընդունված չէ առհասարակ, որ իր աչքի մեջ գերան ունեցող դատավորն ուրիշի աչքից շյուղ հանելու իրավունք ունենա։
Այժմ երկու խոսք դատավորներիս մասին։
Ս Ի Մ Ա Կ
Կարո՞ղ է նախագահ լինել մի մարդ, երբ չգիտե թե ժողովի մեջ բոլորը հավասար իրավունքներ են վայելում, երբ խնդիրը անհատական վիրավորանքին է գալիս, և չի կարելի Ակսել Բակունցին գլխի վրա դնել, իսկ Լեռ Կամսարին ոտքի տակ։
Ինչպե՞ս կարող եմ ես` 43 տարու «մանուկս», ինձ «դաստիարակ» ընդունել մի մարդու, որը կյանքում ծնրադրել է բոլոր աստվածներին և դեռ զառամած չլինելով, մի երկու աստված երկրպագելու էլ ժամանակ ունի։
Չասե՞մ իրեն հապա, որ մահվան դատապարտված հանցավորին անգամ, պարանը վիզը անցկացնելիս, չեն հայհոյում։
Որտեղի՞ց վերցրեց նախագահ Սիմակը իր ապլոմբը, գուցե նրանից, որ նա կուսակցական է, մանկագիր ու դասագրքերում սոցիալիզմ է շինում մանուկների համար։
Եթե այստեղ տեղը լիներ ու շեղումից շվախենայի, ես ցույց կտայի, որ մանկագիր Սիմակի տիկնիկային մոտեցումը դեպի սոցիալիզմի կառուցումը ոչ թե սոցիալիստական շինարարություն , այլ սոցիալիստական քանդարարություն է։
Ես ցույց կտայի, որ նրա թխածո, մտացածին հերոսներից ոչ մեկը չի ծնվում արգանդից, որ նրա նյութերը դասագրքերում անբեղուն ձվեր են ինկուբատորում շարված, որ նա սոցիալիզմը կառուցելու դժվարությունները հոգեբանորեն մանկացնելու կարողությունից իսպառ զուրկ լինելով, մոլորեցնում է լոկ մանկան, այդ շինարարությունը գզած բամբակի մեջ գլորվելու չափ հեշտ պատկերացնելով նրան։
Չ Ա Ր Ե Ն Ց
Իմ երկրորդ դատավոր Չարենցն այսպես սկսեց.
- Նոր գալով, թեև ես չլսեցի, թե ինչ խոսեց Լեռ Կամսարը, բայց հայտնի է, թե ինչ պիտի խոսած լինի…
Հետո էլ վերջացնելով «իր խոսքն» ասաց.
- Ես առաջարկում եմ զրկել Լեռ Կամսարին վերջին խոսքից, որովհետև հայտնի է, թե ինչ պիտի խոսի…
Եվ հարգվեց առաջարկը։ Նախագահ Սիմակը ինձ զրկելով վերջին ձայնից, փրկեց Չարենցին, և նրա հարձակման ստոր շարժառիթները ծածկված մնացին հասարակությունից, որը սակայն երկու խոսքով կուզեմ պարզել այստեղ։
Առաջին անգամ ես Չարենցին պատահեցի 19-ը թվին փողոցում։ Նա շատ հարգալից մոտեցավ ինձ և խնդրեց ծանոթանալ։ Ծանոթացա։ Երկուսս էլ հայ գրողների ընկերության անդամ էինք, ու հետզհետե այնքան մտերմացանք, որ նա իր կոմունիստ լինելու գաղտնիքը չթաքցրեց ինձանից, և այդ այն ժամանակ, երբ դաշնակները որսկանի հոտառությամբ բոլշևիկ էին որոնում։ Այդ թվականին նա ընկերաբար խորհուրդ էր տալիս վերջ տալ մանր լրագրական ֆելիետոններտիս և սկսել «Դոն Քիշոտի» նման մի խոշոր երկ գրել դաշնակցական խմբապետների կյանքից։
Այստեղ էլ կտրում եմ պատմությանս թելը` մի երկու հարցում տալու Չարենցին։
- Այդ ինչպե՞ս պատահեց, որ 12 տարի առաջ ինձ Սերվանտեսի տաղանդ էր վերագրում ( Սերվանտես, որի կոշիկի փոկերն իսկ արձակելու արժանի չէի ես ), իսկ հիմա ի զարմանս իմ, հանկարծ «վարձու գրչակ» է համարում։
Երկրորդ` կարելի՞ է վարձու կամ ծախու գրչակ անվանել ինձ, առանց անբաստանած լինելու խորհրդային կառավարությանը, չէ՞ որ 21 թվից սկսած ես բացառապես գրել եմ խորհրդային մամուլում։ Գրիչ գնելը ավելի պակաս հանցանք է, քան գրիչ վաճառելը։
Երրորդ` եթե զտմանս ժամանակ բեմ դուրս եկա «որոշ կազմակերպված դաշնակցական իդեոլոգիայով», ինչո՞ւ էր դաշնակցական իշխանության ժամանակ առաջարկում ինձ «Դոն Քիշոտ» գրել դաշնակցականների մասին։ Իսկ այն, որ պատասխանատուի աշխատավարձ ստացող և դասագրքային ու զանազան այլ ձեռնտու կապալներից կլորիկ գումարներ վաստակող Չարենցը միցած Սիմակի հետ, ինձ մեղադրում էին «գռփողականության» մեջ, այդ արդեն տանելու բան չէ ու ես չեմ կարող չպոռալ.
- Ի՞նչ է սա, այսօր բոլոր ուղտ կլանողները մժղուկ քամելու են հավաքվել։
Բայց ինչո՛ւ, այս բոլորն ինչո՛ւ։
- Որովհետև գրավոր պարսավել եմ նրան, որպես «թուքի»1, «խլինքի»1 և «մեզի»1 երգիչ և բանավոր վռնդել «դեն եմ թքել» նրա անձնական ծանոթությունը, որպես բարոյապես անարժեք մարդու։
1. Չակերտներում գրված բոլոր բառերը Չարենցինն են, ֆուտուրիզմին հարելու ժամանակահատվածում։
Ա Կ Ս Ե Լ
Միակն իմ մեղադրողներից, որ քիչ թե շատ կոռեկտ պահեց իրեն` Ակսել Բակունցն էր։ Բայց սա էլ օձիքես պինդ բռնած ուզում էր, որ ես անպայման մի աշխարհայացք ունենամ։ Ինչքան ասացի, թե չունեմ այդպիսին` ձեռքից չազատվեցի։ Ես էլ ստիպված, ինքզինքս անհատապաշտ հայտարարեցի։ Հայտարարեցի և մտածեցի` ծո անհատն ինչ է, որ մարդ նրան պաշտի։ Չէ որ ամառ ժամանակ երեք օրվա մեռած անհատին մոտենալիս, պետք է թաշկինակը սեղմել քթին։ Եվ միթե գրողին այդքան հարկավոր է այդ «աշխարհայացք» կոչված բանը։ Կամ կարելի՞ է աշխարհայացք ունենալ, առանց ճանաչելու, թե ինչ է «աշխարհը»։ Ճիշտ է, այս բոլոր պրոլետ գրողները, լցված ատրճանակի նման «աշխարհայացքը» պատրաստ-կապած ման կուգան, բայց չտեսա մի օր, որ այդ աշխարհայացքը իրենց գրվածքների մեջ կրակեին։
Օրինակ, ինչ աշխարհայացք կա Ակսելի այն գրվածքների մեջ, ուր Մթնաձորի արջերը «թոնթորալով» ման կուգան օրնիբուն։
Չարենցն աշխարհայացք ունի՞։ Ոչ, իհարկե։ Նրա գլուխգործոցը «Ամբոխները խելագարվածն» է։ Եվ ինչ։ Նա 12 տարի առաջ ինչ հաջողությամբ, որ ամբոխները խելագարացրեց, նույն հաջողությամբ չկարողացավ հետագայում խելքի բերել նրանց և սոցիալիստական շինարարությանը լծել, ու բոլորը կատարվեցին իր գրվածքներից դուրս։
Արարողությունը
«Զտումը», սակայն, սաստիկ նմանեցավ Հիսուսի դատավարությանը։
Նախագահ Սիմակը 100 տոկոսով Կայիափա քահանայապետն էր։ «Խաչ հան զդա» պոռացող փարիսեցիներն իրենց տեղերում կազմ պատրաստ։ Մեկը դրանցից մինչևիսկ պոռաց. «Պետք է ոչնչացնել նրան» (այսինքն` ինձ) և գրավել նրա ունեցվածքը («Ի վերա պատմուճանաս վիճակս արկանեին»)։
Քրիստոսի Կայիափան ուզեցավ անպայման նրան «թագավոր» դուրս բերել, իմ Կայիափան ինձ «աղա» դուրս բերավ, Թովմաղյան կանչելու տեղ Թովամա- աղայան կանչելով։
Միայն ես իսկական Քրիստոսը չէի, ճիշտ է, իմ «թագավորությունն» էլ նրա պես այս աշխարհից չէր, բայց ես նրա պես հեզ և անհիշաչար չէի։
Երբ բեմ ելնելուս, դեռ բերանս չբացած, իմ «դաստիարակի» կոպիտ վերաբերմունքից ես հասկացա, որ դատավճիռս արված է արդեն նախապես, և ինձ կանչել են, որ համապատասխան «հանցանքներ» գործեմ միայն։ Այս տմարդի, միջնադարին միայն հատուկ տեսարանի հանդեպ կծկվեցի, տնկեցի փշերս ցասումով, այնպես ինչպես ոզնին է դիրքավորվում իժի հանդիման։ Այդ րոպեին իմ գերագույն նպատակն էր երևալ Սիմակին այնպես, ինչպես չէր ուզենար տեսնել ինձ, ասել այն` ինչ չէր կամենա լսել ինձանից, որպեսզի ցույց տամ դրանով, թե նա դեռ որքան փոքր է դաստիարակ լինելու համար։ Այնտեղ, բեմ հանելով ինձ, ընթացիկ բոլոր հակահեղափոխական դավանանքներով զարդարեցին։ Միայն լոմինտ ձևականության մեջ, կարծեմ մոռացան մեղադրել։ Սակայն մի փոքր հմուտ դերձակը կնկատեր անմիջապես, որ այս «գատովի» մեղադրանքներից ոչ մեկը վրաս չէր «նստում»։ Որովհետև ես սովորություն չունեմ ոչ «գատովի» հանցանք գործելու, ոչ էլ «գատովի» գաղափար դավանելու։ Գաղափարներս սովորաբար մարմնիս վրա եմ կարել տալիս, և որպես այդպիսին, ոչ միայն «խորհրդային բեմը չեմ օգտագործում այդ քարոզելու» այլ այդ սկզբունքները մի օրով իսկ փոխ չեմ տալիս ուրիշին դավանելու համար։
Այնտեղ մեկը մինչևիսկ «ուռճացած տնտեսատեր» հայտարարեց ինձ, ի նկատի ունենալով, որ խորհրդային կարգերին կատարելապես «թշնամի» լինելու համար անհրաժեշտ է նաև այդ հանցանքը, ու չնայած նրան, որ հայտարարեցի, թե այո, ճիշտ է, ունեի 40 փեթակից մի մեղվանոց, որը միայն վնաս էր տալիս, որի կեսը այս տարի անտերությունից փչացավ, որը սա երկրորդ տարին է հանձնել եմ Էջմիածնի որբ եղբորս որդուն, որ տարեկան տալիս է միայն 2 փութ մեղր, որի դիմաց անցյալ տարի 200 ռուբլի հարկ վճարեցի ու թե այս տարի ինչքան պիտի տամ, այն էլ Աստված գիտե, մի մեղվանոց, որից սաստիկ ցանկացել եմ ազատվել, բայց ոչ ոք չի մոտեցել` արկղերի փտած ու ծակծկված լինելու պատճառով, մեղվանոց, որ միայն գլխացավանք է բերել ինձ և ոչ շահ` չեղավ։ Չնայած նրան, որ հայտարարեցի, թե խարխուլ տունս ըստ ձևի է միայն իմս, որ Գավգործկոմին է ըստ էության, և կանգուն մնալու համար դեռ իմ սուղ միջոցներից է խլում, փոխանակ օգուտ տալու` չեղավ։ Էլի շարունակեցին ինձ տնտեսատեր համարել ու չիմացա ինչ լեզվով խոսել, որ նրանց հասկացնեի, թե մենք 6 անձ ընտանիք, բացառապես ապրում ենք իմ ստացած 190 ռուբլի ռոճիկով։
Եվ վերջապես, տնտեսությունս ստուգելը խոմ մետաֆիզիկական մի բարդ խնդիր չէ, չէ որ երկու հոգուց բաղկացած մի բրիգադ տեղն ու տեղը կպարզի հարցը, եթե, իհարկե, ցանկալի է ընդհանրապես, որ ես այդ խնդրում իրավացի լինեմ։
ՈՎ ԵՄ ԵՍ
Առանց դավանանքի մի մարդ։
Դավանանք կամ աշխարհայացք չեն ունենում մեկ նրանք, ովքեր բնավ չեն փնտրում, մեկ էլ նրանք, որոնք շատ են փնտրում։
Երկրորդ տեսակի դավանազուրկներից եմ ես։ Իմ ողջ կյանքում փնտրել եմ մի բան արժանի դավանելու ու չեմ գտել։ Գիտեմ, սա մեծ դժբախտություն է, գիտեմ, հավատ, կրոն, դավանանք, աշխարհայացք, իդեալ` սրանք ձեռնափայտեր են, որոնց մարդիկ բռնում են սովորաբար մոր արգանդից գերեզման գնալու ճանապարհին, սրանք բլուզի ծոպ կամ քահանայի մորուք են, որոնց հետ խաղում են գերեզմանի դռանը հերթի կանգնած մարդիկ։
Գաղափարն, իբրև երևույթ, գեղեցիկ է ինձ համար` քանի նա ֆարտուկ հագած չի մտել առտնին տնտեսության մեջ։
Քրիստոնեությունը բարձր էր քանի հալածական` իր գաղափարական փուլում էր ապրում։ Իսկ այն ժամանակ, երբ հաղթանակեց և մարմնավորվեց որպես եկեղեցի, ունեցավ իր «սպասավորները», բյուջեն և այլն, դարձավ կռապաշտություն, և այլևս դժվար է որոշել, թե իր հետևորդներից որն է «աստծուն» ծառայում, որը «մամոնային»։ Էլ չեմ խոսում ծեսի մասին, որը բոլոր գաղափարների կրծող որդն է։
Դաշնակցությունը կորցրեց իր վերջին համարումն իմ աչքում, երբ կառավարություն դարձավ, որի ժամանակ ցույց տվեց իր անծայրածիր ապիկարությունը միայն։
Ինձ հիշատակելի էին կոմունիստները այն ժամանակ, երբ նրանք մի բուռ մարդկանցով հալածվում էին ու Սևան աքսորվում, մինիստրի օգնական Վահագն Քրմոյանի ժամանակ։ Այն ժամանակ զոհ էր ու զոհողություն` գաղափար էր, չկար աթոռ, բյուջե, դիրք ու պաշտոն, նորածին մի բույս, որ չուներ «թեքում»։
Տոլստոյն ասել է. «Իդեալը երկար ձողին կապած մի լապտեր է, որն անմերձանալի հեռավորությամբ ընթանալով մարդու առջևից, լուսավորում է միայն նրա ճանապարհը»։ Ես էլ նույն բառերը չկրկնելու համար ասում եմ` իդեալը մի փայտե հրացան է, որը շինված է չկրակելու համար։
Գաղափարները լինեն երկնային, թե երկրային, երբ հաստատություն են դառնում, միշտ ստանդարտ ձևով են քայլում գետնի վրա։ Մի քայլ չեն փոխում առանց ծեսի, որը մեծ մասամբ անհետացող կրոնը թողնում է իր հետնորդներին` փոխելով անունը միայն։
Մարդն ինձ համար դեռ մնում է նախկին մարդակերը։ Վայրենի մարդը մորթում էր իր գերուն և ուտում էր նրա միսը, որը 5 փութ կարող էր կշռել։ Արդի ընտանի մարդը հավաքում է 10000 մարդ իր գործարանում և նրանց աշխատանքը շահագործելով, գնում է մեկ հոտ ոչխար, որն ունի ոչ թե հինգ, այլ հինգ հազար փութ միս։
Ձևերը փոխվել են, էությունը մնացել է նույնը։
Իմ կոդեքսի մեջ գերագույն պատժի արժանի են ու գնդակահարում են միայն այն մարդկանց, որոնք կեղծում են ու թաքցնում իրենց դավանանքը։
Ես «ցինիկ անկեղծությամբ» (ինչպես որակեց Չարենցը) բաց կանեմ ամեն անցորդին իմ ներսը։ Ամոթալի է` ինձ ինչ, գովելի է` ինձ ինչ։ Խոմ ես չեմ ստեղծել։ Խնձորենին կարող է մտածել դերասանի իրավունքով մի տարի էլ խնձորի փոխարեն սերկևիլ տալ։
Մարդիկ սովորաբար 40-ից դենը գաղափարի պատվաստ չեն բռնում։
Ամեն անգամ, երբ փողոցում տեսնում եմ Քաջազնունուն, Ղազարյանին կամ այդ «ականավորներից» մեկն ու մեկին, որոնք Հայաստան եկած սոցիալիզմին են հարել, «պերեդելկա» արված շրջազգեստի եմ նմանեցնում մտովի, որոնց, սակայն, դաշնակցությունը 40 տարի հագավ ու որոնց հին կարի տեղերը դերձակի աշակերտն անգամ կարող է նկատել հիմա։ Այդ մետամորֆոզը կատարվելու էր առնվազն 12 տարի առաջ, երբ կումունիստները հալածվում էին իրենց իսկ ձեռքով։ Այն ժամանկ գործը գաղափարի հետ կլիներ միայն և ես, գլխարկս հանած, ծունկի կգայի այդ գաղափարի մարդոց առաջ։ Իսկ հիմա գործի մեջ խառնվել է պաշտոն, ռոճիկ, սենյակ իր հարմարություններով և, վերջապես, Հայաստան (թեկուզ խորհրդային)։ Դե արի ու ջոկիր, թե ուր է սկսվում գաղափարականը և ուր վերջանում անհատական-նյութականը այս մարդկանց։
Ինչպես Շվեյցարիան գեղեցիկ է, որովհետև այլազան կեղև ունի, այնպես էլ մարդկություն է գեղեցիկ, երբ ունի գաղափարի, համոզումի, կարծիքի և ճաշակի այլազանություն։
Քաղաքական կյանքով ապրող բոլոր մարկանց մի կուսակցություն` չափազանց քիչ է, բնական չէ ու չի կարող լինել։ Կոմկուսակցության պրակտիկան հենց ապացուցում է այդ։
Ո՞ւր է կուսակցության «հին գվարդիան»։ Չկա։ Նրանք «թեքվեցին», նրանց հաջորդներն էլ են թեքված, հաջորդների հաջորդներն էլ, ու ոչ մի երաշխիք, որ թեքումների այս պրոցեսը կանգ կառնի մի օր։ Իսկ այդ թեքումները ոչ այլ ինչ են, եթե ոչ կուսակցություններ, այո, սոցիալիստական, սակայն տարբեր կուսակցություններ։ Կոմունիստներից զատ կան և այլ սոցիալիստական կուսակցություններ, մինչևիսկ դաշնակցությունն էլ իր «կովկասյան նախագծում» ուներ սոցիալիստական մաս, որը, սակայն, 6-րդ անզարգացած մատի նման կպած էր նրանց «ծրագրին» անգործածելի։
Բերում եմ հետևյալ օրինակը, ցույց տալու, որ ինչ որ բնական է` դժվար է թեքել։
Միջնադարյան մի կրոնավոր իր նորածին զավակը սեռական կյանքից` աշխարհի այդ ամենագայթակղիչ զգացմունքից, զերծ պահելու համար, լեռ բարձացրեց ճգնական կյանքով ապրեցնելու։ Տղան մինչև 17 տարեկան կին չտեսավ ու չգիտեր ինչ բան է կինը։ Մի օր, սակայն, հեռու սարի գլխից տեսավ կանացի մի բազմություն, մոտակա վանքը ուխտի կերթար։
- Պապա~, պապա~ ինչ բան են սրանք,- պոռաց տղան։
- Սրա՞նք, սրանք… ը~ըը… սրանք սագեր են, զավակս… այո, մի տեսակ սագեր…
- Սագե՞ր։ Օհ, ինչ լավ սագեր են, պապա, մի հատ առ ինձ համար,- աղերսում էր որդին…
Սրանով կամենում եմ ասել, անունը կուզեք «թեքում» դրեք, կուզեք «կուսակցություն»` տարակարծությունը բնական է ու անհեղելի։
Թեև չմոռանամ ասել նաև այն, որ այս կամ այն կուսակցության պատկանելու համար միշտ խելք, համոզմունք և նման բնական գործոններ դեր չեն խաղում` մանավանդ անչափահասների մեջ։ Շատերի կանայք կուսակցական են միայն նրա համար, որովհետև ամուսինները կուսակցական են։
1904 թվի Սասունի կռիվներին, ես ճեմարանում փոքրիկ աշակերտ էի։ Էջմիածնից, լազի շորեր հագած զինվորներ, գնում էին Սասուն Անդրանիկին օգնելու։ Նրանք վանքի անտառում հաղորդվում էին, մի բաժակ գինի խմում, լեգզինկա պարում և ճամփա էին ընկնում։ Ինձ վրա մեծ տպավորություն էր թողնում նրանց հագի վարը նեղ, հետույքն ուռած լազի շալվարները։ Իմ կարծիքով, այդպիսի հետույք ունեցող զինվորը անպարտելի մի բան էր, և եթե մի փոքր էլ մեծ լինեին շալվարի այդ ուռուցքները` չեմ կարող երաշխավորել, որ ես այժմ դաշնակցական չէի։
Հետագայում, իհարկե, հայ-թուրքական ընդհարմանը, շատ էլ չափսոսացի, որ դաշնակցական չէի դարձել։
Ճեմարանում գիշերելու եկավ 17 հոգուց բաղկացած հնչակյան մի խումբ, որոնց սպիտակ չուլ փափախները և ձեռների միատեսակ սվինավոր մոսինները նախկին «համուզումները» միանգամից սրբեցին-տարան…
Ես վերջացրի իմ աշխարհայացքի մասին։
Չգիտեմ հետադիմական են մտքերս, թե առաջադիմական, սակայն գիտեմ, որ իմ մտքերն են։
Համապատասխանում են որևէ գիտական վարդապետության, ունե՞ն ստանդարտ կառուցվածք, մտնում են որևէ քաղաքացիություն ստացած «իզմի» մեջ` չգիտեմ։ Իմ մտքերով «թշնամի» եմ խորհրդային կառավարությանը, բարիկադի «այս» կողմն եմ արդյոք, թե «այն», դարձյալ չգիտեմ ու հարցնում եմ։
Ի՞նչ է նշանակում «թշնամի»։
Ամբողջ տասը տարի երեք ոխերիմների` աստծո, դաշնակցության և ապարատի բյուրոկրատիզմի դեմ կռվող մի մարդ, եթե կարող է ձեզ թշնամի լինել` ուրեմն ճի՛շտ որ ես ձեզ թշնամի եմ։
Եթե ես` հեթանոս «անբանդերոլ» գրողս, ընդհանուր հաշվում ավելի օգտակար չեմ եղել ձեր կուսակցությանը, քան այլ մի կարգ «բանդերոլավորներ», որոնք անբեղուն հավի նման միայն կչկչում են բեմերում, միայն աղմկում ու թափահարում թևերը, անկարող մի ձու դնելու մեր գրական պնակում` թշնամի եմ։
Եվ դատողություն։
Մի՞թե թշնամին կարող է «ցինիկորեն անկեղծ» լինել իրենից ֆիզիկապես ուժեղ թշնամու առաջ։
Ո՛չ, չի կարող։
«Ցինիկորեն անկեղծ» լինում են միմիայն բարեկամի, միմիայն մտերիմների հետ։
Հին ժամանակ «ցինիկորեն անկեղծ» էին հավատացյալներն իրենց խոստովանահոր առաջ չոքած, եկեղեցու մեջ։
Ճիշտ է, շնորհիվ իմ անդիսցիպլին մտածելակերպի, անկարող եմ ձեր կուսակցության շարքերում սոցիալիզմ կառուցել, բայց շատ հաջող և շատ վարպետ կարող եմ հրապարակը մաքրել, պատրաստել այն շինարարության, պեղել հիմքի տեղերը թշնամի խութերից և, վերջապես, քանդել հինը։ Քանդելը հեշտ բան չիմանաք։ Գավգործկոմը Երևանի Ռուսաց եկեղեցին քանդելու վրա 40 հազար ծախսեց և ինչքան նեղությամբ։ Բոլոր շարադրողները գիտեն, որ գտնել գրվածքի ավելորդաբանություններն և իմաստուն ձևով սղելը նույնքան արժեքավոր է, ինչքան նորը գրելը։
1921 թվին, արձագանքելով «Խորհրդային Հայաստանի» կոչին, իմ ոտքով Թավրիզից Հայաստան եկա, համաձայնվեցինք ժամանակի ղեկավարության հետ և աշխատակցության անցա։ Եթե ղեկավարությունն այն օրն ասեր ինձ, թե 10 տարի հետո բարիկադի վրա պիտի բարձրանաս` ես եկած ճամփովս ետ կերթայի։
Ես ի՞նչ բարիկադի մարդ եմ։ Ո՞ւմ դեմ կռվեմ, կամ կռվելիս եթե հանկարծ հաղթեցի` ինձ հարկավոր է 2 սենյակ, մի խոհանոց և 40 մետր պարտեզ, որ արդեն Քաղխորհուրդը խոստացել է տալ ինձ առանց կռվի։
Սրանից դուրս, եթե մի օր վիճակվեր ինձ հաջող պարել Հերովդեսի առաջ և նա ասեր «խնդրիր, ինչ որ կուզես»-ը` ինչիս է պետք «Հովհաննես Մկրտչի գլուխը այս սկուտեղի վրա»։ Ես կուզեմ իմ գլուխն իմ ուսերի վրա։ Մի գլուխ, որով ինչ ուզեմ` այն մտածեմ, ինչ ցանկամ` այն դավանեմ։
Ահա իմ ողջ «իմպերիալիզմը»։ Մի իմպերիալիզմ, որի համար իսպառ ավելորդ է սուրը հանել պատյանից։ Ինչքան էլ անհավասար բաժանվի, ամեն մարդու 2 սենյակ, մի խոհանոց և մի գլուխ միշտ կհասնի կարծում եմ։
Ուղղում` մինչև սխալվելը
Խոսելով իմ մասին, ասացի, որ դավանանք չունեմ։ Բայց մի՞թե հնարավոր է այդ։ Ոչ, իհարկե։
Անկուսակցական, անդավանաք եղողի գլխում տորիչելյան դատարկություն պիտի լինի անպատճառ։
Ինձ թվում է` նա, ով ասում է` ոչ մի դավանաք չունեմ, ուզում է ասել, որ բոլոր դավանանքները միասին ունեմ։ Անկուսակցականին ամենայն իրավամբ պան-կուսակցական կարելի է անվանել։
Մեկ կուսակցության պատկանողը, կամ մի դավանանք ունեցողը նման է այն ամուսնացող երիտասարդին, որը քահանայի առաջ խոստանում է իր դավանանքի հետ «մեկ բարձի ծերանալ», քոռ լինի, քաչալ լինի` տեր լինել։
Անկուսակցականը ոչ մի կողակցի հետ ուխտ չունի կապած։ «Աչքը դուրս» տղամարդու նման ման է ածում իր ախորժակը բոլոր գաղափարների վրա։
Ես այդ կողմից կատարյալ Դոն Ժուան եմ։ Գեղեցիկ գաղափար տեսնելուն պես` «անմիջապես նրա ձեռքը կխնդրեմ»։
Եթե այս այսպես է, ըստ իմ տեսության, ուրեմն, իմ դեգերումներում ունեցել եմ նաև կոմունիստական թեքո՞ւմ։
Այո, ճարտարապետության հարցում ես մոտեցա կոմկուսակցությանը իր ժամանակին։ Արամայիս Երզնկյանը ծաղրեց ինձ Ջիվանի բառերով ու «աքլոր» անվանեց։ Ես պատասխան գրեցի` թերթը չտպեց։ Մտածեցի, եթե թերթը մոնոպոլ է մի մարդուն միայն, չարժե զբաղվել այդ խնդրով։
Երզնկյանն իր այդ գրվածքում ուզում էր ասել` տեսեք, բանն ո՞ւր է հասել, որ Լեռ Կամսարն անգամ սոցիալիստ է դարձել։ Մի մարդ, որ իրավունք չունի այդ անելու։
«Զտմանս» ժամանակ Չարենցն էլ անդրադարձավ ճարտարապետության մասին գրված իմ ֆելիետոնին և հայտարարեց, որ կեղծ է` մոռանալով սակայն, որ ես «ցինիկորեն անկեղծ» եմ։
Պատժի էվոլյուցիան
Ահա այն բոլորն, ինչ կարող եմ ասել իմ մասին։
Այժմ ես ու Սիմակը կանգնած ենք հանձնաժողովի առաջ։ Մեր մեջ վեճ կա։ Ըստ իմ այս տասը տարվա խորհրդային մամուլին մատուցածս ծառայության համար ես արժանի եմ ոչ թե պատժի, այլ վարձատրության։ Ըստ նրա` գործազրկության, հետևաբար` սովամահության։
Բայց դուք սա նայեցեք, թե օրենքները որքան են փոխվել Ադամի ժամանակներից։
Աստված իբրև գերագույն պատիժ Ադամին տվեց իր ճակատի քրտինքով աշխատելու և ապրելու պատիժը, այսօր այդ պատիժը պարգև է արդեն, որից զրկում է ինձ Սիմակը, չասելով սակայն, ինչո՞վ պիտի ապրեմ, դուրս գալով դրախտից։
Եթե խնդիրը ինձ, կնոջս և 90-ամյա մորս վերաբերվեր` ոչինչ, ես կօգտվեի «Սոկրատեսի բաժակից» առանց ամենայն ափսոսանքի։ Մահը «գերագույն պատիժ» է միայն նրանց համար, որոնց կյանքը «գերագույն հաճույք» է եղել։ Ծերունի մորս կհրամայեի արագացնել քայլերը, մի բան էլ կինս կաներ։ Բայց բանը նրանում է, որ ես միակ կերակրողն եմ երեք փոքրիկների, որոնցից մեծը միայն վեց տարեկան է, և որոնք տանը նստած ողջ օրը «Լենին պապի» են մեծարում և «Տրակտոր ջան» երգում։ Մեկը նրանցից մինչևիսկ ասում է. «Տրակտորը գյուղ մտավ` փայտե արորը կորավ»։
Սրա՞նց հետ ինչ պիտի անել։
Արագիլի իրավունքով
«Անսուրբ» թռչուններից անգղն ու արագիլը տրադիցիոն կարգով առանձին իրավունքներ են վայելում, և մարդը հանդուրժում է նրանց գոյությունը։ Այդ թռչունները կարծես օտար հյուպատոսներ լինեն մարդկանց երկրում։ Արագիլին սպանելն անգամ մեղք է համարվում, և այդ անճոռնի թռչունը, որը ոչ համեղ միս ունի, ոչ անուշ ձայն, շինում է իր բույնը մարդկանց տան կտուրին կամ նրանց բակի բարդու ծայրին արձակ համարձակ, անգամ մտերմաբար։ Ինչո՞ւ։
Որովհետև արագիլը ոչնչացնում է մարդկանց թշնամիներին` կռկռան գորտին, օձին և այլ թունավոր մորեխների։
Բան է, եթե Հանրապետական հանձնաժողովը գտնի, որ ես իրավունք ունեմ ապրել, թող գրի, որ թույլատրվում է ինձ ապրել այս երկրում արագիլի իրավունքով, իբրև մեկը, որը տասը տարի կտցահարել է խորհրդային կարգերի երեք թշնամիներին։
Այո, ոչ ավել, ոչ պակաս։
Արագիլի իրավունքով…
Խորին հարգանքով մնամ`
Պետհրատի վարչության 1931թ. հոկտեմբերի 15-ի
նո. 189 հրամանով պաշտոնից արձակված
«առաջին կարգով զտված» սրբագրիչ`
ԱՐԱՄ ԹՈՎՄԱՂՅԱՆ
կամ ինչպես թերթում հայտարարված էր փակագծի մեջ
(ԼԵՌ ԿԱՄՍԱՐ)
27-ը հոկտեմբերի, 1931թ.
Երևան
«Յառաջ» Մարտի 8, 2009, Փարիզ
Վանուհի Թովմասյան
ԿՅԱՆՔՆ ԱՆՑՈՂԻԿ Է, ԻՍԿ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՎԵՐԺԱԿԱՆ
Վերջին տարիներին պարբերաբար տպագրվում էին խորհրդային մի շարք պաշտոնյաններին ուղղված Լեռ Կամսարի դիմումները և նամակները։ Բայց թող ընթերցողների մոտ տպավորություն չստեղծվի, որ երգիծաբանի նամականին միայն իշխանաքննադատական միտում ունի։ Ոչ էլ թող թույր կարծիք ստեղծվի, որ այլևս սպառվել են Կոմկուսի փառապանծ առաջնորդներին հասցեգրված ասելիքները։ Առջևում դեռ կծանոթանաք Լուկաշինին, Միկոյանին, Բուլգանինին, Մալենկովին ուղարկված գեղարվեստական դիմումները։
Երգիծաբանը նամակներ է հղել նաև իր ժամանակի մտավորականներին։ Ասեմ ավելին, նույնիսկ ժամանակիցներն են նամակ գրել նրան, քանի դեռ բռնադատված և օրենքից դուրս հայտարարված չէր։
Ուղղակի տատամսում եմ արժե՞, թե չարժե դրանք տպագրել։
Գիտեք, այսօր պաշտոնյային քննադատելը սուրբ գործ է, այս օրերին նույնիսկ ամոթ է դա չանելը։ Այսօր պետք է հերոս լինես, որ հանկարծ կարծիք հայտնես, թե հավանում ես նրանցից որևէ մեկին։ Հպատա՞կն էլ կսիրի իր իշխանավորին, բա պատկառանքն ո՞ւր է։ Ժողովուրդը, եթե չի զազրախոսում կամ «ձանձրախուսում» իր կառավարությանը, ուրեմն, ձեռք քաշիր նրանից ՝ անհույս մեռած է։ Եթե մինչև յոթը պորտը չհայհոյես և չանարգես քեզ իշխողին՝ էլ ի՞նչ ժողովուրդ։
Իսկ երբ հարցը առնչվում է մտավորականներին, այստեղ արդեն պետք է գլուխդ քորես և մի լավ մտածես, արժե՞ արդյոք մեղադրականը կարդաս։ Մտավորականը իշխանավորի պես դաբախանի կաշի չունի՝ ազդվել գիտի, վիրավորվել գիտի։ Առանց այն էլ Աստված պատժել է նրան մտավորական ստեղծելով՝ եկ դրա վրա էլ երգիծաբանի որակումներ հագցրու։ Մինչև 50-ականների սկիզբը Լեռ Կամսարը ստեղծում էր իր գրական դիմանկարներն անվանական, բայց հետո որոշեց այլևս անուններ չտալ, որ «չընկնեն իր գրվածքների մեջ և չանմահանան»։ Հիմնականում չի խնայել և գրչի տակ է առել նրանց, ովքեր գովերգում և դիֆերամբներ էին նվիրում Լենինին, Ստալինին և «Պարտիային»։ Իսկ ով դա չի արել՝ առաջինը կարող է նա «քար նետել» և հանգիստ լինել, որ հետագայում ինչ-որ պամֆլետ կսպրդի իր հասցեին։
Իմ կարծիքով, Լեռ Կամսարն այդ իրավունքը չուներ։ Ինքը, որ Արամ Մանուկյան էր սիրում, ո՞վ բան ասաց։ Ճաշակի հարց է՝ մարդ կա Լենին, Ստալին է պաշտում, մարդ էլ կա նզովում է՝ ի՞նչ կա որ, ում ի՞նչ գործ։ Արժե՞ր, որ իր ժամանակակիցներից շատերին թշնամացրեց իր դեմ, որոնք 1931 թվին հենա-հենա գլուխն ուտում էին և ջուրն էլ վրայից կխմեին, եթե, ո՜վ քեզ զարմանք, վրա չհասներ բարեխնամ բոլշևիկյան իշխանությունը Լուկաշինի ու Խանջյանի գլխավորությամբ։
Վերը ասվածը, իհարկե ոչ մի կապ չունի ներկայացվող նամակի հետ։ Ուղղակի ասվում է, որ գրականագետները հուշեն և խորհուրդ տան՝ արժե՞ սասանել կուռքերը, թե կոծկել և կեղծել պատմությունը։ Բարդել ժամանակի ամբողջ կեղտը մի երկուսի վրա և «գործը անուշի կապել»։
Ստեփան Զորյանն այն քչերից էր, որ կարողացավ անխարան անցնել անհատի պաշտանմունքի տարիները։ Դրա համար էլ նա միշտ Չեկայի կողմից կասկածվողների շարքերում էր։ Հայրենական պատերազմի սկզբներին աքսորական Լեռ Կամսարին Չեկան հրամայում է.
- Եթե ուզում ես ազատվել և անցնել նորմալ գրողների շարքը, պետք է պարբերաբար հանդիպես Իսահակյանին, Զորյանին և Լևոնյանին և մեզ տեղեկագրեր ներկայացնես նրանց քաղաքական կողնորոշման մասին, եթե ոչ՝ աքսորը կփախարինվի բանտարկությամբ։
Երգիծաբանն ընտրում է բանտը, ասելով.
- Այդ պաշտոնը ես չունեմ և չեմ անի քանի որ այդ դեպքում ես դուրս կընկնեմ նորմալ մարդու շարքերից։
- Ինչպե՞ս երևում է, դեռ չես ուղղվել, պատժաժամանակը պետքէ երկարացնել։ Բայց մինչև աքսորատեղի վերադառնալը, դու պարտավոր ես հանդիպել նրանց և պարզել, թե պատերազմի մասին ի՞նչ են մտածում։ Բացի դրանից կգրես մի նամակ դաշնակցական լիդերներին, որ իմանանք, թե ի՞նչ կլինի մեր վիճակը, եթե Գերմանիան հաղթի և երբ նրանք նորից վերադառնան Հայաստան։
Լեռ Կամսարը նամակը գրում և հանձնում է չեկիստներին, իսկ ինքն ուղևորվում է գրչակից ընկերների մոտ և անկեղծորեն պատմում իր գլխին եկածը։
Լավ է, որ Զորյանն իր օրագրում անդրադարձել է այդ փաստին։ Իսկ Ավետիք Իսահակյանն այլևս շատ զգուշավոր է դառնում, իմանալով, որ հսկման տակ է։
Իսկ Լեռ Կամսարը զգուշավոր էր նույնսկ 1955 թ. համաներումից և աքսորից վերադառնալուց հետո։ Ոչ մեկին չէր վստահում, առավել ևս գրչակից ընկերներին։
Երջանիկ բացառիկների շարքում էր Ստեփան Զորյանը։
Լեռ Կամսարի նամակը Ստեփան Զորյանին
Սիրելի Ստեփան, ես մեծ հաճույքով կարդում եմ քո պատմվածքները։ Նրանցում միտք կա և յուրաքանչյուրը նրանցից երկար խարհրդածելու նյութ է տալիս ինձ, հակառակ այն սովետական վեպերի, որոնք կարդալուց հետո ընկնում ես նրանց հեղինակների ետևից, հարցնելու, թե դրանով ի՞նչ են կամեցել ասել։ Իսկ եթե հեղինակները մեռած են լինում, այդպես էլ մնում ես անպատասխան։
Դու զուսպ ես և չափավոր ոչ միայն քո գրվածքներում, այլև քո առօրյա կյանքում։
Մինչ այն կողմ սովետական գրողները ամբողջ երեսուն տարի ոճրագործ Ստալինը երգեցին, դու հասցրիր լռել և չարատավորեցիր քո պատիվը։
Մի լռություն, որ այն ժամանակները մեծագույն հանցագործություն էր համարվում։
Դու որպես իսկական գրող, ճիշտ է որոշ տուրք տվիր սրանց արտառոց սոցիալիզմին, գրելով քո «Գրադարանի աղջիկը», «Սպիտակ քաղաքը» և «Վարդաձորի կոմունան», բայց ով քեզ անձամբ ճանաչում է՝ գիտի դրանք ոսկորներ էին, որոնք գցեցիր «շան» առաջ, որպեսզի թույլ տա քեզ զբաղվել իսկական արվեստով։
Ստեփա՛ն, դու շատ լավ գրող ես, ապրե՛ս, ավելի Զորյան դառնաս։ Բայց...
Բայց դու մի մեծ մեղք ունես։ Դու սքանչելի պատկերացնում ես անցյալը, զանց առնելով քո ապրած դարաշրջանը։
Կարելի՞ է քառասունհինգ տարի ապրել սովետական կարգերում և չանմահացնել կոմունիզմի ոճրագործ բնույթը։
Դու հասակով, փառք Աստծու, բավականին երկար ես։ Բայց մարդս որքան էլ երկար լինի, որքան էլ քայլի քիթը բարձր պահած, ինչպե՞ս կարող է Ստալինի թափած անմեղ զոհերի լերդացած արյան հոտը չառնել ու գեթ մի անգամ չտեսնել երկրով մեկ հոսող արյան հեղեղը...
Ինչպե՞ս կարելի է տեսնել, թե ինչպես չեկիստները մութն ընկնելուն պես մտնում են բոլորի տները, նրանց տան միակ ճրագը մարում, նրանց կերակրող ձեռքերը հավաքում տանում գնդակահարում և լռել, և չգրել այդ մասին, որ ապագա մարդկությունը կարդա այդ և հեռու մնա այդ արյունաթաթախ սոցիալիզմից։
... Մարել տան ճրագը, կանանց պատիվը վաճառքի հանել, երեխաներին որբացնել...
«Հավասարություն, եղբայրություն, ազատությո՞ւն», թե անհավասարություն, թշնամություն և բռնակալություն։
Ստեփա՛ն, ինչպես կարելի է քթի տակ կատարված այս բաների մասին չգրել և գնալ պատմության խորքը, գրել Պապ թագավորի ու Արշակ Երկրորդի մասին։
Մի՞թե ճշմարտությունն ասելն այնքան սարսափելի է, որ դու այն թողած, փախչում մտնում ես հայոց պատմության խորքը չերևնալու համար։
Ճիշտ է, ճշմարտությունը հոնորար չի բերում հեղինակին, բայց գրողը մի՞թե միայն հոնորարի պետք ունի։
Իբրև հեղինակ, ինքնագովություն չլինի, ես քեզանից բարձր եմ։
Հավատաքննության ատյանում երբ ինձ հարցրին՝
- Հավանո՞ւմ ես Սովետական կառավարությանը։
Պատասխանեցի.
-Ո՛չ, ինձ համար թուրք կառավարությունը գերադասելի է ձեր կառավարությունից։ Որովհետև երբ բոլշևիկները Հայաստան մտան, հայերը Տաճկաստան կամեցան փախչել նրանց կացնահարությունից սարսափած։
Ասացի ու քսան տարով բանտի ու աքսորի դատապարտվեցի։
Եվ չեմ զղջում դրա համար, որովհետև ճշմարտությունը բարձր եմ գնահատում կյանքից։ Որովհետև կյանքն անցողիկ է, իսկ ճշմարտությունը հավիտենական։
Այն կոմունիզմը, որ մարդկության գլխին կատարյալ չարիք դարձած շատ շուտով ողջ աշխարհի կործանման պատճառը պիտի դառնա՝ կարելի՞է անտեսել։
Հարգանքներով՝ քո Լեռ Կամսար
1965թ.
Հատված Ստեփան Զորյանի օրագրությունից
Նոյեմբեր 30. Մեռավ1 դժբախտ Լեռ Կամսարը։ Ծանոթ էի 20 թվից։ Ես նրան համարում էի ազնիվ, լոյալ մարդ. բայց 30-ական թվերին հանկարծ, չգիտես ինչու, բանտեցին նրան։ Խոսում էին, թե Չարենցն ու Բակունցն են եղել պատճառ։ Նա իբրև թե ծաղրել է սրանց, աննպաստ բաներ ասել, և ահա... վրեժխնդիր են եղել։ Թե որքա՞ն ճշմարիտ էր դա՝ չպարզվեց մինչև այժմ։
Բայց մի քանի տարի հետո ազատեցին, և մի օր էլ նրան տեսա իմ բնակարանում։ Պատերազմի առաջին ամիսն էր, կարծեմ։ Ընդունեցի սիրով և, բազմոցին նստեցնելով, հետաքրքրվեցի նրա վիճակով, մտածելով, որ անշուշտ կարիքի մեջ է, պետք է օգնել։
Նա, սակայն, հարցերիս կցկտուր պատասխանելով, նայում էր սենյակիս պատերին, նրա անկյուններին, նայում էր լուրջ, զննաբար։ Եվ երբ բավական նայեց-վերջացրեց, դարձավ ինձ.
- Էս ինչո՞ւ քո սենյակում Ստալին չկա։
- Այդ ինչո՞ւ համար եք հարցնում։
- Չգիտե՞ս միթե, որ սովետական յուրաքանչյուր քաղաքացի նրա պատկերը պետք է ունենա իր տանը։
- Այդ ես առաջին անգամ եմ լսում։
- Քո բացատրությունը արդարացում չէ։ Ամեն քաղաքացի այդ պետք է հասկանա, և պատկերի բացակայությունից կարելի է լուրջ եզրակացություն անել, կապելով դա այն փաստի հետ, որ հայ գրականության տասնօրյակի վերջում «Правда-ում» տպված քո շնորհակալության մեջ Ստալինի անունը չէիր տվել։ Ավ. Իսահակյանը տվել էր, իսկ դու՝ ոչ։
Ես ժպտացի, մտածելով, որ նա կատակ է անում։
- Մի ծիծաղիր, սիրելիս։ Քո ապահովությունը պահանջում է, որ պատիդ լինի նրա նկարը։
- Ես այդ ամենը համարեցի փորձված մարդու դիտողություն և կամեցա հասկանալ նրա այցելության բուն նպատակը։
Եվ նա չթաքցրեց. պարզ ասաց, որ կարևոր հիմնարկը իրեն հանձնարարել է – պարզել, թե ի՞նչ են մտածում պատերազմի մասին Ավ. Իսահակյանը, Գ. Լևոնյանը և Զորյանը։
- Ու ահա եկել եմ պարզելու...
Քանի որ նա իր կատակները և սրախոսությունները միշտ անում էր լուրջ դեմքով, ես դարձյալ չէի հավատում, թե այդ ամենն ասում է լուրջ։ Թվում էր՝ մի այդպիսի հանձնարարություն անկարելի էր ասել այդքան պարզ։ Բայց նա ասաց։ Եվ ես, մտնելով նրա դրության մեջ, հասկացա նրան. բանտից նոր դուրս եկած մարդ՝ նա չէր կարող մերժել այդ հանձնարարությունը և, և մյուս կողմից, չէր կարող կատարել այդպիսի մի դեր... Ու ամենը ասաց բացահայտ, որ ես իմանամ և զգույշ լինեմ...
Ես նրան ասացի, որ զգուշանալու կարիք չկա։ Եթե խնդիրը վերաբերում է պատերազմին, ես սրտանց ցանկանում եմ, որ հաղթի Սովետ Միությունը, այլապես հայ ժողովուրդը նորից կենթարկվի ծանր աղետի... Թուրքիան ատամները սրած այդպիսի բանի է սպասում...
Լեռ Կամսարն իրեն թեթևացած զգաց.
- Ես շատ ուրախ եմ, որ դու այդ կարծիքի ես...
Հետո իմացա, որ նա եղել է Իսահակյանի և Լևոնյանի մոտ՝ նույն նպատակով։
1965թ.
1.Լեռ Կամսարը վախճանվել է 1965թ. նոյեմբերի 22-ին։ Անճշտությունը Զորյանինն է։
http://www.lerkamsar.com/others/others.html
Комментариев нет:
Отправить комментарий