12/03/2014

ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկը համալրվել է հայկական ևս մեկ մշակութային արժեքով

2014 թ. նոյեմբերի 24-28-ը Փարիզում կայացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի 9-րդ նիստը:

Օրակարգում ներառված էին անդամ պետությունների կողմից Կոնվենցիայի կիրարկման, ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում ներառված տարրերի կարգավիճակի մասին պարբերական զեկույցների, միջազգային աջակցության ծրագրերի ընդունման, անհապաղ պաշտպանության կարիք ունեցող տարրերի, և Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկերի համալրմանն առնչվող հարցեր:


Միջկառավարական կոմիտեի 9-րդ նիստին ներկայացվել էր Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկերի համալրման 46 հայտ, 27 պարբերական զեկույց, 8 անհապաղ պաշտպանության կարիք ունեցող տարր, 4 առաջարկ՝ լավագույն փորձի անվանացանկում գրանցման համար:

Կոմիտեի քննարկուների արդյունքում ընդունվել են Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկերի համալրման 34 հայտ, 27 պարբերական զեկույց, 3 անհապաղ պաշտպանության կարիք ունեցող տարր, 1 առաջարկ՝ լավագույն փորձի անվանացանկում գրանցման համար:

Հայաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում 2014 թ. ներառման նպատակով ներկայացրել է իր հերթական հայտը` «Լավաշ. ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը և մշակութային դրսևորումները Հայաստանում» հայտը: Նախորդ տարիներին ցանկում ներառվել էին «Դուդուկն ու իր երաժշտությունը» (2008 թ.), «Խաչքարի արվեստ. խորհուրդն ու խաչքարագործությունը» (2010 թ.), «Սասունցի Դավիթ կամ Սասնա ծռեր էպոսի կատարողական դրսևորումները» (2012 թ.) արժեքները:

2013 թ. ներկայացված հայտն անցել է կոնվենցիայով սահմանված ընթացակարգային փուլերը՝ ստանալով տարածաշրջանային բոլոր խմբերի ներկայացուցիչներից բաղկացած փորձագիտական մարմնի 6 փորձագետների դրական եզրակացությունն, առ այն, որ Հայաստանի ներկայացրած հայտը համապատասխանում է Կոնվենցիայի սահմանած 5 չափորոշիչներին և առաջարկվում է ընդգրկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում:

Ս. թ. նոյեմբերի 26-ին հայտերի քննարկման շրջանակում միաձայն հաստատվել է Հայաստանի կողմից ներկայացված և կոմիտեի փորձագիտական մարմնի հաստատած որոշումը՝ «Լավաշ. ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը և մշակութային դրսևորումները Հայաստանում» հայտի ընդունումը:

Այսպիսով, ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկը համալրվել է հայկական ևս մեկ` չորրորդ մշակութային արժեքով:
Հայտը պատրաստվել է ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի, ՀՀ մշակույթի նախարարության և Հայաստանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի կողմից։

Комментариев нет:

Отправить комментарий