Այս ուղևորությունը երկար կհիշվի: Մի քանի հոգի դիմել են խենթ քայլի՝ մեքենայով անցնելով Հիմալայների կիրճի երկայնքով:
Հիմալայներն աշխարհի ամենաբարձր լեռնաշղթան է: Հիմալայան լեռնաշղթան գտնվում է Տիբեթյան բարձրավանդակի (հյուսիսում) և Ինդոս-Գանգեսյան հարթավայրի միջև (հարավում)։ Հիմալայներում է գտնվում աշխարհի ամենաբարձր լեռը՝ Էվերեստը, 8848 մ։ Ռելիեֆի և երկրաբանական կառուցվածքի տեսակետից Հիմալայները բաժանվում են երեք երկայնակի աստիճանի։
Առաջինը հարավից հյուսիս Նախահիմալայ կամ Սիվալիկ լեռնաշղթան է։ Ունի մինչև 120 կմ լայնություն և 900-1200 մ բարձրություն։ Կազմված է ավազաքարերից և կոնգլոմերատներից՝ կտրտված բազմաթիվ գետերի խորը կիրճերով։ Հաջորդ աստիճանից բաժանվում է մեծ իջվածքով։ Լանջերը անտառապատ են։ Երկրորդ աստիճանը Փոքր (Ցածր) Հիմալայներն են, մոտ 4000 մ միջին բարձրությամբ և մինչև 6000 մ առանձին գագաթներով։ Կազմված են բյուրեղային և մետամորֆային ապարներից։ Ունեն 80-100 կմ լայնություն։ Լեռնազանգվածների և լեռնաշղթաների խիստ կտրտված համակարգ են։ Փոքր Հիմալայների հյուսիս-արևմտյան մասում բարձրանում է Պիր-Պանշալ լեռնաշղթան՝ 3500-4000 միջին, մինչև 6028 մ առավել բարձրություններով։ Ունի ատամնավոր նեղ լեռնակատար և բազմաթիվ լճեր։ Կենտրոնական մասին բնորոշ են բարձր լեռները (Դհաոլադհար, Մահաբհարատ) սրածայր կատարներով և խորը հովիտներով։
Տիստա տեկտոնական հովտից արևելյան Փոքր Հիմալայների լանջերը բաժանված են կախովի հովիտներով՝ «դոլարներով» (դռներ)։ Երկրորդ աստիճանը երրորդից բաժանվում է Կատմանդու, Արինագար և այլ ընդարձակ իջվածքային հովիտների շղթայով։ Երրորդ աստիճանը՝ Մեծ (Բարձր) Հիմալայները կամ Հիմալայան Գլխավոր լեռնաշղթան, սկսվում է Նանգապարբատ (8126 մ) լեռնազանգվածից, եզրերում բարձրանում է և իր մեջ ընդգրկում Դեոսայի, Ռուշպու և այլ բարձրավանդակներ։ Սաթլեջ գետից հարավ-արևելք Մեծ Հիմալայներն առաջացնում են սառցադաշտերով ծածկված հզոր լեռնակատարներ՝ բարձրադիր լեռնազանգվածներով ու պիկերով։ Տիստա գետից արևելք Մեծ Հիմալայները զգալի ցածրանում են, և ռելիեֆում տիրապետում են խորը գետահովիտները։ Ենթադրվում է, որ Հիմալայները պատկանում են Ալպյան գեոսինկլինալի (ծալքավորման) մարզին։ Օգտակար հանածոներից կան պղինձ, ոսկի, քրոմիտ, շափյուղա, նավթ, բնական գազ։Կլիման Հիմալայների արևմտյան սեկտորում բնութագրվում է ջերմաստիճանի մեծ տատանումներով և ուժեղ քամիներով։ Ձմեռը ցուրտ է, հունվարի միջին ջերմաստիճանը -10°C-ից – 18°C է, 2500 մ-ից բարձր վայրերում լինում են ձնաբքեր։
Ամառը տաք է, չոր։ Լեռների ստորին լանջերի անտառներում և տերաներում կան փղեր, ռնգեղջյուրներ, գոմեշներ, վայրի խոզեր, այծքաղներ, վագրեր, լուսաններ, կապիկների տարբեր տեսակներ, բազմաթիվ թռչուններ են։ Հիմալայների հյուսիսային լանջերին գերիշխում են լեռնաանապատային լանդշաֆտները՝ նոսր, չոր խոտերով ու թփուտներով։ Ծառային բուսականություն հանդիպում է գլխավորապես գետերի հովիտներում։ Կենդանիներից տարածված են Տիբեթի կենդանական աշխարհի ներկայացուցիչները՝ հիմալայան արջը, վայրի այծը, վայրի ոչխարը, յակը, բազմաթիվ կրծողներ։ Մինչև 2500 մ բարձրությունների լանջերը մշակվում են։ Գերակշռում են պլանտացիոն կուլտուրաները՝ թեյի թուփ, ցիտրուսայիններ, ոռոգելի դարավանդներում՝ բրինձ։
Комментариев нет:
Отправить комментарий