10/03/2012

Ո՞ւր է հայերեն ցուցատախտակը, մի՞թե հորթերը կերան


Թալին` քաղաք Հայաստանի Արագածոտնի մարզում։Նախկինում եղել է Թալինի շրջանի վարչական կենտրոնը: Նախկինում ունեցել է Թալինա, Թալին Մեծ, Թալին Վերին, Թալնո ոտն, Հայի Թալին, Տալին անվանումները: Թալին է վերանվանվել 1978 թ-ին: 1964 թ-ից դարձել է քաղաքատիպ ավան, իսկ 1995 թ-ի վարչատարածքային ռեֆորմից հետո դարձել է քաղաք: Երևան քաղաքից գտնվում է 70 կմ հեռավորության վրա, մարզկենտրոնից` 48կմ: Այստեղով է անցնում Երևան-Գյումրի միջպետական նշանակության ավտոմայրուղին: Հնում մտել է Այրարատ աշխարհի Արագածոտն գավառի մեջ:
Հնագիտական պեղումներից պարզվում է, որ Թալինը բնակելի է եղել մ.թ.ա. 2-րդ հազարամյակում, իսկ ըստ Թովմա Արծրունու «Պատմության»,  Թալինը հիմնադրել է Անանիոս Բագրատունի իշխանի կողմից 9-10-րդ դդ: Այն Թալինա անունով հիշատակվում է Պտղոմեոսի կողմից` 2-րդ դար: Սկսած 7-րդ դարից հաճախ հիշատակվում է երբեմն որպես գյուղ, երբեմն էլ որպես ավան կամ քաղաք: Քաղաքում կառուցված է ս. Աստվածածին կամ Փոքր եկեղեցին, որը կառուցվել է 689 թ.-ին Ներսեհ պատրիկ Կամսարական իշխանի կողմից:
Քաղաքից հարավ գտնվում է միջնադարյան քարավանատունը, բերդը: Ըստ ուսումնասիրությունների, բերդը կառուցվել է 7-րդ դարում կամսարական նախարարական տոհմի ներկայացուցիչների կողմից: Բերդի նշանակությունը մեծ է եղել 16-րդ դարից սկսած, երբ թուրք-պարսկական պատերազմների ժամանակ այն արևմուտքից պաշտպանել է Երևանի մատույցները:
Օգոստոսի 5-ին վերոնշյալ քաղաքում  քաղաքապետի և ավագանու ընտրություններն էին։ Ավագանու 11 տեղերի համար պայքարում էին  31 թեկնածուներ:
Իսկ քաղաքապետի պաշտոնի համար պայքարում էին 5 թեկնածուներ` ԲՀԿ կողմից առաջադրված ԲՀԿ անդամ Վազգեն Խաչատրյանը, ինքնաառաջադրված, ՀՀԿ անդամ Սարգիս  Արամյանը, անկուսակցական Գագիկ Կարապետյանը, Էդվարդ Գրիգորյանը, Վորոշ Խաչատրյանը։
Շուրջ 5250 ընտրող ունեցող Թալինում քվեարկությունն իրականացվում էր 3 ընտրատեղամասերում։
Մի խոսքով, այս ընտրությունները հիմք հանդիսացան, որ ես հայտնվեմ այս քաղաքում, որ իմ աչքերը տեսնեն այն, ինչ թաքցվում է, կոշիկներիս նոր սարքած կրունկները մի քանի ժամում «հալից ընկնեին» ու ականջներս էլ լսեին այն, ինչ խոսում էին «համր» մարդիկ։
Շատ կարճ ժամանակահատվածում հասա Թալին և, թվում էր, թե մարդիկ այսօր հատկապես  շատ կլինեն փողոցում, խառնաշփոթ-իրարանցում, բայց հույսերս չարդարացան։ Միայն մեքենաներ, մեքենաներ, մեքենաներ…
Հա, քաղաքացիների հավաստմամբ` պայքարն ընթանում էր ԲՀԿ և ՀՀԿ անդամների միջև։ Ու, թվում էր, թե կհավելեին, որ սպասում են քվեարկության ավարտին` իմանալու, թե որ թեկնածուն անցավ, եղավ հակառակը։ Բոլորը կարծես ձայն-ձայնի տված ասեին. «Մենք ոչ ոքի հետ հույս չենք կապում»։ Իսկ, թե ինչու էին ընտրության գնացել հարցին պատասխանում էին` «եսիմ» ու արագ քայլերով շարունակում ճանապարհը։
Ստեղծվեց տպավորություն, որ բոլորը վախեցած են։
Իմ այդ կասկածը հաստատեց քաղաքի բնակիչներից մեկը` 80-ամյա ծերունին(նա չցանկացավ անունը նշել)։ Նրա խոսքերով` մարդիկ վախեցած են, եթե մի բան այն չասեն, կամ անեն` անպայման պատասխան կտան։ Իրենք չտվեցին` կտան իրենց զավակները։ «Ես որ խոսամ` մի քիչ լավ բան չի սպասվում։ Անտանելի վիճակ ա»,-ասաց նա։
Պապը ասաց, որ ոչ մի հույս չի կապում ընտրությունների հետ, ով էլ լինի` ոչինչ չի փոխելու։ Պաշտոնդ ստացար` խոստումդ կմոռանաս։ «Խելքս չի կտրում, որ մի բան կփոխվի»,-հավելեց պապը։
Փորձեցի հարցնել նաև թալինցուն հուզող խնդիրների մասին։ Առաջինը աշխատեղերի  բացակայությունն է։ «Մեծահասակները մեկնում են արտերկիր, երիտասարդներն էլ` աննպատակ  ման են գալիս»,-ասաց իմ զրուցակիցը։
Երկրորդ խնդիրը գյուղատնտեսության վատ վիճակն է։ Չկա համապատասխան տեխնիկա։ «Թալինցին օր ու գիշեր ջրամբար փորեց, իսկ հիմա դրանից օգտվում են հարուստները։  Իրենց այգիներն են ջրում, իսկ մյուսները «բարիքից» օգտվելու համար ստիպված են վճարել»,-ասաց բնակիչներից մեկը։
Հանդիպեցի նաև երեխաների, ովքեր սիրում են ֆուտբոլ խաղալ հրապարակում, կարդալ Թումանյանի գրքերը և շատ էին ցանկանում, որ նորանշանակ քաղաքապետը լուծի խաղահրապարակի, ճանապարհների հարցը։
Թերևս կարևոր հարցեր են սրանք, քանի որ քաղաքը կարծես թե երկուսից էլ զրկված էր։ Չմոռանամ նաև դպրոցը, որն այդ օրը ծառայում էր որպես ընտրատարածք։ Եթե չասեին, որ այն դպրոց է` իմ տպավորությունն այլ էր, ասենք երկհարկանի գոմ` կենդանիների համար։
Եղա նաև Թալինի ս. Աստվածածին կամ Փոքր եկեղեցում, որը կառուցվել է 689 թ-ին` Ներսեհ պատրիկ Կամսարական իշխանի կողմից։ Եկեղեցին խոնարհաբար հսկում էին հորթերը։ Ասում են, որ ամեն օր, հատկապես երեկոյան այստեղ մեծ թվով զբոսաշրջիկներ  են գալիս, ուստի նրանց համար անգլերեն լեզվով գրված է տեղեկատվություն` եկեղեցու մասին։
Ինչ խոսք, սա անպայման պետք է լինի, բայց մեկ հարց..Եթե օրերից մեկ օր Թալինից կամ մոտակա գյուղից աշակերտ գա ու ցանկանա մանրամասն տեղեկանալ պատմությանը, ի՞նչ է անելու…ժամերով կարդալու է անգլերենը, թե՞ մտքում մեղադրելու է հորթերին, որոնք գուցե կերել են ողջ հայերեն ինֆորմացիան։

Комментариев нет:

Отправить комментарий