10/03/2012

«Լուսավորիչները»՝ համերգասրահում

Գաղտնիք չէ, որ մեկնարկել են միանգամից մի քանի փառատոններ, որոնց գլխավոր և երկրորդական հովանավորները նույն մարդիկ են: Ողջունելի է այս գաղափարը, մանավանդ որ քարոզում է բարձրաճաշակ երաժշտություն: Երաժշտություն, որն ունկնդրելիս ակնթարթորեն գալիս ու գնում են մարդիկ, տեսարաններ, իսկ վերջում պատրաստ է լինում մի ողջ պատմություն:

Չնայած, շատերը կան, որոնք մտքերի գիրկը չեն ընկնում, երաժշտությունը լսում են ականջի ծայրով, փոխարենը զննելով շրջակայքը, մտնելով ու դուրս գալով իրար ականջի մեջ, երբեմն էլ, չգիտես ինչու քիթ քթի, դունչ դնչի են տալիս, քանզի նույն պահին երկուսն էլ նկատել են այն, ինչ անպայման կհետաքրքրի մյուսին և տեղեկատվությամբ անհապաղ կիսվել է պետք, քանի դեռ այն չի կորցրել օպերատիվությունը:

Ինչևէ, առաջնորդվենք «Կյանք է, ամեն ինչ էլ պատահում է» սկզբունքով ու առաջ անցնենք:
Կրկին համերգասրահում եմ, ինքնատիպ ստեղծագործությունները հաջորդում են մեկը մյուսին: Պատկերները գալիս են ու գնում, խոսում են ու լռում, նայում են ու անցնում: Բայց, այս ովքեր են, ինչո՞ւ չեն հեռանում, անծանոթ էլ են, տեսնես ինչո՞ւ են անշարժ կանգնել: Միայն աչքերն են գնում-գալիս: Ահա, ձեռքներին ինչ-որ բան կա, ի՞նչ են անում, հաաաաա, ուղղում են հանդիսատեսի, ավելի ճիշտ՝ նրա ուղղությամբ, ով համարձակվում է շարժվել, ավելի ճիշտ՝  համարձակվում է մարմնի մասերից մեկը շարժել. ասենք ոտքը, ձեռքը: «Լուսավորիչները» միանգամից լուսավորում են  «զոհին»: Գուցե այս համերգի խորագիրը եղել է «չշարժվել»-ը,-մտածեցի ես:

Իսկ երաժշտությունը հնչում է, հնչում…Կրկին հուշեր, արցունքներ ու ձեռքեր…ինչ-որ մեկին կանչող ձեռքեր…Ահա և նա…ԷԷԷԷԷԷ, տեսնես ինչու դահլիճի լույսերը վառեցին, ախր պատմությունը կրկին անավարտ մնաց: Իսկ մարդիկ, ո՞ւր են շտապում, ախր համաերգը դեռ չի ավարտվել, դեռ երկրորդ հատվածը կա: Հեյ, ո՞ւր եք գնում ամոթ է, չէ՞, մի՞թե էթիկայից այդքան զուրկ եք,-բղավեցի ես: «Զուրկին զուրկ չենք, բայց այսպես անհնար է»,-ասաց զայրացած կինը: Ինչո՞ւ,-հարցրեցի ես:

«Ո՞վ է տեսել բանտապահների պես դահլիճ հսկել: Ի՞նչ է, եկել էինք կատարում լսելու, թե «լուսավորվելու»: Ոչ կարողանում ես շարժվել, ոչ հանգիստ նստել…մեկ շրշյուն և սարսափազդու հայացքն ու լույսը՝ քո ուղղությամբ: Սա ի՞նչ է նշանակում: Այդքան վախենում են, թող նախքան ներս մտնելը ստուգեն բոլորին, ոչ թե հետո խանգարեն: Ո՞ւմ  է հետաքրքիր, թե այնտեղ՝ վերևներում ով է նստած: Մարդ է էլի, հիմա ինչ, կրակն ընկանք, որ վերևում է նստած»,-հավելեց զրուցակիցս ու հեռացավ:

Ծափեր, ծափեր, ծափեր…հանդիսատեսը ողջունում և շնորհակալություն է հայտնում երաժիշտներին: Պատկերները կրկին լքեցին ինձ, լավ է , որ պատմությունն ավարտվեց, բայց, այն կարծես թե իրականությանը շատ մոտ է: Երեկ զրույցներից մեկի ժամանակ մի կին նույնպես դժգոհում էր՝ կապված նման դեպքի  հետ: Փաստորեն սա լուրջ խնդիր է, եթե մտային պատկերներից վերածվել է իրական պատկերի ու պատմության:

Комментариев нет:

Отправить комментарий