3/29/2014

Միկի Մաուսը` Յուպիտերի վրա

Արեգակնային համակարգի ամենամեծ մոլորակի` Յուպիտերի վրա, աստղագետ Պիչը նկատել է Ուոլթ Դիսնեյի հերոս Միկի Մաուսին: Գիտնականների խոսքով Մաուսի ականջները` դրանք անտիցիկլոնն են`  մթնոլորտային բարձր ճնշման մարզը, իսկ մռութիկը մթնոլորտային ցածր ճնշումն է


Յուպիտերը (լատ.՝ Jupiter) կամ ԼուսնթագըԱրեգակից հեռավորությամբ հինգերորդ և արեգակնային համակարգի ամենամեծ մոլորակն է։ Զանգվածը կազմում է Արեգակի զանգվածի ընդամենը մեկ հազարերորդը (0,1%), միևնույն ժամանակ այն երկուսուկես անգամ մեծ է արեգակնային համակարգի բոլոր մնացած մոլորակների ընդհանուր զանգվածից։ ՍատուրնիՈւրանի և Նեպտունի հետ միասին դասվում է գազային հսկաների դասին։ Այս չորս մոլորակները երբեմն միասին նաև անվանվում են յուպիտերյաններ կամարտաքին մոլորակներ։

3/20/2014

Անունիցս բացի պատմության մեջ կմնա նաև երկիրս.Մուշեղը պատրաստվում է իր երկրորդ ռեկորդին



Մեր զրուցակիցը Գինեսի ռեկորդակիր, միակնանի հեծանիվ վարող, Երեւանի Կրկեսի դերասան, Լեոնիդ Ենգիբարյանի անվան կրկեսային ստուդիայի շրջանավարտ  Մուշեղ Խաչատրյանն  է, ով ծնվել է Երևանում, սովորել թիվ 107 միջնակարգ դպրոցում, 1997 թվականից Լեոնիդ Ենգիբարյանի անվան կրկեսային ստուդիայում է, 2000-2001 թվականներին արդեն ելույթներ է ունեցել Կրկեսում, 2003 թվականին զորակոչվել է բանակ, վերադարձել և կարճ ժամանակ անց սկսել է շրջագայությունները:
 
Մուշեղ, սկսենք դպրոցից, ունեի՞ք սիրելի առարկա:

-Լինելով ընդունակ` դպրոցում լավ չեմ սովորել: Չնայած, ունեցել եմ ոչ սիրելի առարկաներ` ֆիզիկա, քիմիա: Ի դեպ, գործի բնույթով գրեթե ամեն օր անհրաժեշտ է լինում ֆիզիկայի իմացությունը: Ճիշտ է, չեմ դժգոհում, բայց ավելի լավ և շատ բան կարող էի իմանալ: Ամենաշատը ցավում եմ հայոց պատմությունը լավ չսովորելու համար, քանի որ, շփվելով դրսի հայության հետ` հասկացել եմ, թե ինչքան կարևոր է քո ազգի պատմությունն իմանալը:
Նրանք ամեն ինչ շատ լավ գիտեն, յուրաքանչյուր մանրուք` կապված ազգագրության, ազգային արժեքների հետ:

Բացը չե՞ ք լրացնում:

-Իհարկե լրացնում եմ: Օգնում է և’ կարդալը և’ շփումը: Վերադառնանք թեկուզ ազգագրությանը: Մանկուց  իմ ուշադրությունը գրավել է այն, ինչ-որ զվարճալի է, ասենք Վարդավառը: Բայց, ասենք Հայոց եկեղեցու տոներից Բարեկենդանը, Տեառնընդառաջը, Զատիկը Սփյուռքում այլ կերպ են նշում.պահպանվում է ամեն մի մանրուք:  Նրանք ուշադիր են անգամ մայրենի լեզվի նկատմամբ:

Ի՞նչը նպաստեց, որ ուսումը Լեոնիդ Ենգիբարյանի անվան կրկեսային ստուդիայում շարունակեք: Ինչպե ՞ս սեր արթնացավ դեպի Կրկես:

-Հիմնականում Ջեքի  Չանի ֆիլմերից եմ ոգեշնչվել (ծիծաղում է.Ա.Կ): Փորձերը մայրիկից և հայրիկից թաքուն էի անում: Հետո սկսեցի երգի ու պարի խմբակ հաճախել: Ապա Լ. Ենգիբարյանի անվան կրկեսային ստուդիայի գովազդը տեսա, ասացին, որ նոր է բացվել, տարիքային սահմանափակում չկա: Այդպես, 1997 թվականի օգոստոսի 7-ին մայրիկս ինձ տարավ  ստուդիա: Ընդունվեցի: Փորձում  էի բոլոր ժանրերը, մինչև կգտնեի այն, ինչ հոգեհարազատ է ինձ:

Օրերից մեկ օր Ուկրաինայից Հայաստան  եկավ հեծանվորդ, ով գրավեց իմ ուշադրությունը: Հայրիկը հարցրեց, թե կուզե՞ս նրա հեծանիվից պատրաստեմ քեզ համար:  Համաձայնեցի առանց հասկանալու, թե այն որքան բարդություններ է իր հետ բերելու: Երկու օր անց ես արդեն ունեի հեծանիվ, այն էլ` հայրիկի պատրաստած: Հիմնականում, կարելի է ասել, ինքնուրույն եմ սովորել:

Բայց, ինչո՞ ւ հենց միակնանի:

-Որովհետև այդ տղայի հեծանիվը միակնանի էր: Հետաքրքիրն այն էր, որ,  երբ նա տեսավ  իմ հեծանիվը, հարցրեց, թե որտեղի՞ց, պատասխանեցի, որ հայրիկս է պատրաստել: Ցանկություն հայտնեց ծանոթանալ նրա հետ: Իմանալով, որ հայրս արհեստավոր է, խնդրեց վերանորոգել իր հեծանիվը: Իսկ հայրս երկաթի հետ կապված ամեն ինչ կարող է անել: Իմ բոլոր հեծանիվները նա է սարքել. նոր, ոչ մի տեղ չհանդիպող միակնանի հեծանիվներ:

Հեծանիվները թվով քանի՞սն են: 

-Երևի թե 10-ից շատ են, բայց ելույթների համար 4-ն են: Դրանցից  բացի ունեմ առօրյայում կիրառվող հեծանիվներ:

Կարո՞ղ եմ ենթադրել, որ առավել շատ հեծանիվներից եք օգտվում, քան մեքենայից:

-Այո, ճիշտ եք ենթադրում: Հատկապես եղանակների լավանալու դեպքում գրեթե միշտ հեծանվով եմ: Սա և’ առողջ ապրելակերպ է, և’ խուսափում ես խցանումներից:

Իսկ ինչպե՞ս եք պատրաստվում ելույթներին: Գաղափարներն ամեն անգամ տարբեր են: Ինքներդ եք մտածում, թե՞  օգնում են:

-Այն շատ լուրջ և բարդ հարց է ինձ համար: Վերջերս Ուկրաինայում «Թաքնված տաղանդին» էի մասնակցում, ռեժիսորների հետ միասին մտածեցինք, որ պետք է հանդես գամ մատուցողի կարգավիճակով: Հիմա այլ կերպարով եմ ցանկանում հանդես գալ.ասենք բանկի աշխատողի կամ այլ: Սպասում եմ առաջարկների: Տարբեր բնագավառում աշխատող մարդկանց կարծիքներին ինձ շատ են հետաքրքրում: Միգուցե առաջարկները հենց իրենց տեսանկյունից ծիծաղելի լինեն, բայց ինձ համար շատ կարևոր են և գուցե ելույթի նոր համարի հիմք հադիսանան:

Ի դեպ, Կրկեսում կա՞ մեկը, ով գաղափարական առումով օգնում է:

-Այո, Սոս  Պետրոսյանը: Նա  շատ է օգնում: Բայց ես չեմ ցանկանում կրկնօրինակել հներին, առավել շատ նորի կողմնակից եմ: Ուզում եմ ունենալ այնպիսի ելույթներ, որոնք ոչ ոք երբեք չի կատարել: Նույնը նաև հագուստի առումով: Հանդես եմ գալիս հիմնականում սպորտային զգեստով, ոչ Կրկեսի ավանդական զգեստներով:

Հայաստանից բացի մասնակցել եք նաև Ուկրաինայի  «Թաքնված տաղանդ» շոուին: Ինչո՞ւ հենց Ուկրաինան: 

-Մասնակցել եմ նաև այլ երկրների «Թաքնված տաղանդ»-ներին:  Հայաստանում երբ քասթինգի էի մասնակցում,  ֆեյսբուքով ուկրաինացի մի տղա գրեց՝ առաջարկելով մասնակցել շոուին` ասելով, որ տեսանյութը տեսել է և, եթե ուղարկեմ և  հավանեն պրոդյուսերները, ապա հնարավորություն կունենամ մասնակցել շոուին: Մի 4 ամիս անցավ, ես արդեն մոռացել էի այդ մասին: Անսպասելի զանգ ստացա դրսի համարից: Ասացին, որ Ուկրաինայի  «Թաքնված տաղանդ» շոուից են զանգահարել և ցանկանում են, որ մասնակցեմ: Համաձայնեցի: Հասա մինչև կիսաեզրափակիչ  ու դուրս մնացի: Մասնակցեցի նաև Չեխիայի, Սլովակիայի նույնանուն մրցույթներին: Այստեղ էլ բիզնես-վիզայի պատճառով դուրս մնացի: Նույնը նաև Բրիտանիայի դեպքում: Քանի որ, եթե հաղթեի՝ տուրիստին իրավունք չունեին որևէ բան տալու:
 Իսկ Գերմանիայում շոուին մասնակցելս ուղեկցվեց Գինեսի ռեկորդով:

Այդքան մասնակցել ես շոուների, աշխատանքի առաջարկներ չե՞ ս ստացել:

-Իհարկե եղել են:  Դիտում ունեցող տեսանյութերիցս մեկը Ուկրաինայի ելույթն է: Բազում հաղորդագրություններ կան, որտեղ ցանկություն են հայտնել ինչ-որ կերպ կապ հաստատել ինձ հետ` անելով բազում աշխատանքային առաջարկներ:

Եթե լինեն լուրջ աշխատանքային առաջարկներ` կընդունե՞ ս:

-Ես հենց այդկերպ էլ աշխատում եմ և’ Կրկեսներում և’ հյուրանոցներում: Վերջինի դեպքում հիմնականում հատուկ հյուրերի համար ենք համարներ ցուցադրում:

Մեր նախնական զրույցի ժամանակ ասացիք, որ մարդիկ չեն հետաքրքրվում Կրկեսով: Հիմնականում, ըստ Ձեզ, ինչն է պատճառը:

-Աշխատասիրութան և տեղեկացված չլինելու պակասը: Շատ հաճախ, երբ տեսնում են՝ հեծանիվ ես վարում, ասում են, թե դրա մեջ ինչ կա, մենք էլ կարող ենք: Փորձել են, ընկել և վերջ: Անգամ հեծանիվս եմ տվել՝ ասելով, որ կարող եք պարապել, փորձել, սակայն մեկ սայթաքում և հետևյալ արտահայտությունը.
-Օ, ոչ, սա իմը չէ:
Իսկ այսօր շատ կարևոր է աշխատասեր լինելը:  Օրինակ Կրկեսը տարածք է տրամադրում և այդ տարածքում պետք է անես այն, ինչ կարողանում ես: Մենք լավ մարզիչների պակաս ունենք:

Ելույթների ժամանակ ինչի՞ մասին եք մտածում: Չե՞ք վախենում բարդ համարներ ներկայացնելիս:

-Չէ, եթե վախենամ՝ ոչինչ չի ստացվի: Մինչև ելույթի մակարդակին հասնելը երկար եմ պարապում:  Տարիներով կարող է երկու րոպեանոց համարին պատրաստվեմ: Իսկ այդ ժամանակ, եթե մտածեմ՝ վա՛յ, այս ինչ մարդն է ինձ նայում, կամ վա՛յ, նկարում է, հաստատ ոչինչ չի ստացվի: Մտածում եմ միայն ամեն ինչ հաջող ավարտելու մասին:

Նշեցիք, որ առաջին ռեկորդը սահմանել եք Գերմանիայում:  Ինչպե՞ս պատահեց:

-«Թաքնված տաղանդ»-ին էի մասնակցում, ասացին, որ պետք է անես այնպիսի բան, որը երբեք չես արել: Ես 2009 թվականից դիմել էի ռեկորդի համար, նրանք նշել էին պայմանները: Այսինքն, իրավունքն ունեի արդեն: Բայց անընդհատ չէր ստացվում: Հայաստանում չէի լինում, երբ վերադառնում էի, արդեն ձմեռ էր և այլն: Այնպես ստացվեց, որ Մեքսիկայից օգոստոսին գալու էի, ու մի քանի օրից գնալու էի Գերմանիա՝ շոուին մասնակցելու: Ասացի, որ իրավունքն ունեմ, հեծանիվն ունեմ և այս կամ այն համարները կարող եմ ցուցադրել: Համաձայնեցին: Ռեկորդը կատարվեց, սակայն  շատ բաներ իմ սրտով չէր: Եկա Հայաստան, կազմակերպեցի ևս մեկ անգամ: Հրավիրեցի վկաների՝ Գինեսի ռեկորդների հայաստանյան գրասենյակից. «Արտասովոր շարժողական գործունեության գրանցման» հանձնաժողովի նախագահ և Հայաստանի մարզական և ոչ այնքան մարզական ռեկորդները գրանցող «Դյուցազնագրքի» հեղինակ Վարդան Թովմասյանին, Հայաստանի ալպինիզմի և լեռնային տուրիզմի ֆեդերացիայի փոխնախագահ Սուրեն Դանիելյանին և Երևանի պետական կրկեսի տնօրեն Սոս Պետրոսյանին, ինչպես նաև լրատվամիջոցների, որպեսզի փաստեն կատարվածը:  Այդպիսով, 3 մետր 8 սանտիմետր և փոքր ակ ունեցող հեծանիվով անցել եմ 25 մետր: Գրանցվածը 8 մետր էր:

Գինեսի ռեկորդները գրանցող հանձնաժողովը ներկա չի եղել ելույթիդ ժամանակ, ուղարկվել է տեսաձայնագրությունը: Արդյոք սա բարդություններ չառաջացրե՞ց: 

-Գինեսի ռեկորդները գրանցող հանձնաժողովին հրավիրելը մեծ գումարների հետ է կապված.տոմսը, հյուրանոցը, տրանսպորտը և չնախատեսված բոլոր ծախսերը հրավիրող կողմը պետք է լուծի:

Իսկ ի՞նչ է տալիս Գինեսի ռեկորդակիր լինելը: Սա նպատակ է, երազանք, թե՞...

-Ես չեմ կարծում, որ երազանք ունեմ: Նպատակս Գինեսի ռեկորդն էր: Այն ինձ ոչինչ չի տալիս, ուղղակի կենսագրությունում ևս մեկ կետ է ավելանում: Ձգտում եմ անել այնպիսի բան, որ ոչ ոք դեռևս չի արել:
Անունիցս բացի պատմության մեջ է մնալու նաև երկիրս: Իսկ դա ինձ համար շատ կարևոր է: Կցանկանայի, որ հեծանվային սպորտը զարգանար Հայաստանում և շատ հայերի ազգանուններ գրանցվեին Գինեսում: Իսկ ես ունենայի շատ մրցակիցներ ու ձգտեի ավելիին: Այդ ուղղաթյամբ անգամ քայլեր եմ կատարում.անվճար սովորեցնում եմ ցանկացողներին:

Ե՞րբ  սպասենք  երկրորդ  ռեկորդին:

Այս կիրակի.  մարտի 23-ին, ժամը 4-ին`  Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի ավտոկայանատեղիի մոտ: Սահմանվելու են նաև տարբեր ռեկորդներ Դյուցազնագրքի համար: Շատ էի ցանկանում ամսի 22-ին կազմակերպել, քանի որ երկու թիվը ինձ միշտ հաջողություն է բերել(ծնվել եմ մայիսի 22-ին, երևի դրա հետ է կապված), սակայն, քանի որ «Դեմ եմ»-ը երթ է անելու, իսկ դա ազգիս համար շատ կարևոր է, ես մեկ օրով հետաձգեցի ելույթս:

Ի դեպ, պարտադիր կուտակային կենսաթոշակի մասին: Որպես երիտասարդ, կողմ ես, թե ՞ դեմ:
-Ճիշտն ասած, կարելի է ասել՝ ես Հայաստանում չեմ աշխատում, բայց սա կապ չունի, ես դեմ եմ պարտադիրին: Ազատ, անկախ երկրում քաղաքացին իրավունք պետք է ունենա ընտրելու: Այլընտրանք պետք է լինի:
Անի Կարապետյան
Լուսանկարը`imyerevan.com



http://asekose.am/hy_AM/news/9/154736-anounics-baci-patmoutyan-mej-kmna-nae-erkirsmousexe-patrastvoum-e-ir-erkrord-rekordin.html

3/13/2014

Անի...Քանդողիդ տունը ավերվի

Անին միջնադարյան Հայաստանի ամենանշանավոր քաղաքն էր. V–IX դարերում եղել է ամրոց, X–XI դարերում` Հայաստանի մայրաքաղաքը, IX–XIV դարերում` տնտեսական և մշակութային կենտրոն: Ունեցել է շուրջ 100 000 բնակիչ: Քաղաքն անունն ստացել է Դարանաղի (Կամախ) գավառի Անի բերդաքաղաքից, որը հեթանոս հայերի կրոնական կենտրոնն էր: Առաջին անգամ հիշատակվել է V դարում:

Անին կառուցվել է Մեծ Հայքի Այրարատ նահանգի Շիրակ գավառում` Ախուրյան և Անի (Ալաջա) գետերի միախառնման վայրում: Ներկայումս անբնակ է, գտնըվում է Թուրքիայի Կարսի նահանգում` հայ-թուրքական սահմանի մոտ` Գյումրիից 30 կմ հարավ-արևմուտք:

Մատենագրության մեջ Անին առաջին անգամ հիշատակվում է V դարում (Եղիշե, Ղազար Փարպեցի): IX դարի սկզբին Հայոց իշխան Աշոտ Բագրատունի Մսակերը Կամսարականներից գնել է Արշարունիք և Շիրակ գավառները՝ Անի ամրոցով: Դարավերջին Անին արդեն գյուղաքաղաք էր: 961 թ-ին Աշոտ Գ Ողորմած Բագրատունին արքունիքը Կարսից փոխադրել է Անի և այն հռչակել Հայաստանի նոր մայրաքաղաք:

Անին աննախադեպ զարգացման է հասել Գագիկ Ա թագավորի օրոք (989–1020 թթ.): Քաղաքն առևտրական կապերի մեջ է եղել Բյուզանդիայի, Պարսկաստանի, Չինաստանի, արաբական երկրների, Հարավային Ռուսաստանի, Միջին Ասիայի հետ: Գագիկ Ա-ի մահից հետո նրա որդիների՝ Հովհաննես-Սմբատի և Աշոտ Դ-ի միջև սկսված գահակալական պայքարի ու ներքին երկպառակությունների հետևանքով Բագրատունիների թագավորությունը թուլացել է: Երկյուղելով բյուզանդական բանակի ներխուժումից՝ թուլակամ և անժառանգ Հովհաննես-Սմբատը 1023 թ-ին Անին մերձակայքով կտակել է Բյուզանդիային:

Աշոտ Դ-ի (1040 թ.) և Հովհաննես-Սմբատի (1041 թ.) մահից հետո, երբ Պետրոս Ա Գետադարձ կաթողիկոսն ու Վեստ Սարգիս իշխանը բյուզանդական արքունիքի հարկադրանքով փորձել են հանձնել Անին, հանդիպել են հայրենասեր ուժերի հուժկու դիմադրությանը: Սպարապետ Վահրամ Պահլավունու ջանքերով 1043 թ-ին Հայոց թագավոր է հռչակվել Աշոտ Դ-ի որդին՝ Գագիկ Բ-ն: 1043–44 թթ-ին բյուզանդական զորքերը քանիցս պաշարել են Անին, սակայն հայկական զորքերի և աշխարհազորի դիմադրության շնորհիվ Անին մնացել է անառիկ: Գագիկ Բ-ի ձերբակալումից և Վահրամ Պավլավունու զոհվելուց հետո բյուզանդացիները 1045 թ-ին նվաճել են քաղաքը: 1064 թ-ին Անին գրավել են սելջուկյան թուրքերը: 1072–1199 թթ-ին Շադդադյան ամիրայության տիրապետության (ընդմիջումներով) օրոք քաղաքը կորցրել է արհեստների ու առևտրի կենտրոնի նշանակությունը:

1119 թ-ին Անին ազատագրել են Զաքարյանները և դարձրել իրենց իշխանապետության կենտրոնը: Պատմիչներն այդ ժամանակաշրջանի Անին հիշատակում են «մեծ», «տիեզերական», «քաղաքամայր» և այլ անուններով: Քաղաքը կառավարել է ավագների խորհուրդը՝ քաղաքապետի գլխավորությամբ: Անին արհեստագործության խոշոր կենտրոն էր, որտեղ աննախադեպ զարգացման են հասել մետաղագործությունը, զինագործությունը, ոսկերչությունը, պղնձագործությունը, մանածագործությունը, որմնադրությունը, քարգործությունը և այլ արհեստներ:

1236 թ-ին մոնղոլները գրավեցին Անին: Անեցիների 1249 և 1260 թթ-ի ապստամբությունները դաժանորեն ճնշվել են: XIII–XIV դարերում` մոնղոլների, հետագայում թուրքական ցեղերի ճնշման և ծանր հարկերի հետևանքով անեցիներն ստիպված էին մեծ խմբերով գաղթել Վրաստան, Հարավային Ռուսաստան (Աստրախան, Ղրիմի քաղաքներ), ավելի ուշ՝ Ղրիմից Կոստանդնուպոլիս, Գալիցիա ու Լեհաստան, Դոն գետի ափին հիմնել են Նոր Նախիջևան քաղաքը (այժմ՝ Դոնի Ռոստով քաղաքի շրջագծում): XIV դարի 60-ական թվականներին Անին ավերել են մոնղոլ-թաթարական ցեղերը, XVI–XVIII դարերում ամբողջովին ամայացել է: 1878 թ-ին Անին անցել է Ռուսաստանին, 1920 թ-ին՝ հանձնվել Թուրքիային:

Տարբերակում են Անիի քաղաքաշինության պատմության Կամսարականների (IV–VII դարեր), Բագրատունիների (X–XI դարեր), Շադդադյանների (1072–1199 թթ.՝ ընդհատումներով) և Զաքարյանների (XIII դարի 1-ին կես) շրջաններ: Կամսարականների շրջանից պահպանվել են V դարի ամրոցի որձաքարերով կառուցված պարսպի մնացորդները, VII դարի թաղածածկ «պալատական» եկեղեցին և կրկնահարկ մատուռ-տապանատունը: Աշոտ Գ Ողորմածի կառուցած Աշոտաշեն  պարիսպներն ամփոփել են ներքնաբերդը և քաղաքը: Սմբատ Բ-ն 989 թ-ին կառուցել է քաղաքի Սմբատաշեն պարիսպները, որոնք տեղ-տեղ զարդարված են բարձրաքանդակներով, խաչքարերով ու արձանագրություններով:

Անիի մատույցներում եղել են պաշտպանական ամրոցներ (Տիգնիս, Մաղասաբերդ), կառուցվել մեծաթռիչք քարե կամուրջներ, որոնք բացառիկ էին միջնադարում: Միջնաբերդի բարձրադիր մասում տեղադրված էր արքունի պալատը, որի  դահլիճներից պահպանվել է երկար միջանցքը (50 մ): X դարի վերջին Կամսարականների ամրոցը համալրվել է պալատական շենքերով, դարձել նորակառույց Անիի միջնաբերդը:

Անին եղել է քաղաքային ճարտարապետության զարգացման նշանավոր կենտրոն: Անիի ճարտարապետության դպրոցը, ձևավորվելով X դարում, որոշակի հետք է թողել նաև եվրոպական և այլ երկրների ճարտարապետության վրա: X դարի վերջին – XI դարի սկզբին ճարտարապետ Տրդատը կառուցել է Մայր տաճարը և Գագկաշենը, որտեղ նրա մշակած սկզբունքները պահպանվել և կիրառվել են նաև XII–XIV դարերում: Անիում կառուցվել են նաև Պարոնի, Սարգսի պալատները, Բախտաղեկի, Տիգրան Հոնենցի, Աղջկաբերդի  Փրկչի, Հովվի, Սբ Առաքելոց, Աբուղամրենց Սբ Գրիգոր և այլ եկեղեցիներ:

IX–XIII դարերում Անին նաև գիտության կենտրոն էր՝ բազմաթիվ դպրոցներով, գրչատներով: Անիի հռչակավոր բարձրագույն դպրոցում (XI–XIII դարեր) տարբեր ժամանակներում դասավանդել են Գրիգոր Մագիստրոս Պահլավունին, Հովհաննես Սարկավագը, Մխիթար Անեցին և ուրիշներ: Անիի մանրանկարչության դպրոցը գործել է մշակութային աշխույժ միջավայրում. այստեղ գրվել և ընդօրինակվել են ձեռագիր մատյաններ: Մանրանկարչությունն Անիում վերելք է ապրել XIII դարի 1-ին տասնամյակներին: Մեզ են հասել Հովհաննեսի 3 ձեռագրերը, Մարգարեի նկարազարդած «Հաղպատի Ավետարանը» (1211 թ.), գրիչ և մանրանկարիչ Իգնատիոս Հոռոմոսցու «Բագնայրի Ավետարանը» (1232 թ.) և այլն:

Անիի մանրանկարչության դպրոցի նշանավոր ձեռագրերից է Աբաս նկարչի հայտնի մատյանը, որի խորանների հեղինակը Իգնատիոսն է: 1298 թ-ին ձեռագիր է ընդօրինակել և ծաղկել Եղբայրիկը, տերունական և ավետարանիչների պատկերները նկարել է Խաչատուրը: Անիից մեզ հասած վերջին ձեռագիրը XV դարի սկզբին գրել է քաղաքի եպիսկոպոս Հովհաննես Ոսկեփորիկը: Անիի հաճախակի ավերումների և անեցիների արտագաղթի հետևանքով բազմաթիվ ձեռագրեր կորել են, սակայն պահպանված փոքրաթիվ մատյաններն անգամ վկայում են բարձր զարգացման հասած մանրանկարչության դպրոցի և մշակույթի մասին:



Նյութի աղբյուրը՝encyclopedia.am

Սեփականատիրոջ պարտքերի պատճառով հազարավոր զուգարանների են «ձերբակալել»

Իրկուտսկում կարգադրիչները ձերբակալել են հազարավոր զուգարանների` սեփականատիրոջ պարտքերի պատճառով.տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը` մանրամասնելով, որ սեփականտերը զբաղվում է սանիտարական կերամիկայի վաճառքով: Գոյացած պարտքերի պատճառը մատակարարին չվճարելն է և ձերբակալության որոշումն ընդունվել է պարտքերը մարելու որևէ քայլ չձեռնարկելու հետևանքով:
Ուստի, ընդհանուր առմամբ, ձերբակալվել են հազարավոր զուգարաններ, մինչ կտրվի փոխհատուցում:

Ոչ թե մեր գրողներն են փոքր, այլ այն պատվանդանը, որը կոչվում է հայ, Հայաստան, հայություն.Գրականագետ

«Այսօր, բացի այն, որ Եղիշե Չարենցի ծննդյան օրն է, լրանում է նաև Չարենցի առաջին՝ «Երեք երգ տխրադալուկ աղջկան» ժողովածուի 100 ամյակը»,-այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց գրականագետ, չարենցագետ Դավիթ Գասպարյանը հավելելով, որ այսօր պոեզիայի և գրականության մեծ տոն է:
«Չարենցը վառ կերպար էր: Սկսեց որպես խորհրդապաշտ, ապա խորհրդային տարիներին` սեր, քնարեգության, իսկ 35-37 թվականներին դիվային տարիների նրա ստեղծագործությունը ստացավ նոր ձև, բովանդակություն և ուղղվածություն»,-ասաց գրականագետը` հավելելով, որ մարդիկ կառչած են մնում Չարենցի մի կերպարին, ուստի ժամանակն է նրան ամբողջովին ճանաչել: Այս առումով, գրականագետի խոսքով,  շատ կարևոր են նրա կյանքի և ստեղծագործության, հատկապես վերջին տարիների հրապարակումները, որոնք գալիս են ամբողջացնելու կերպարը:
«Երբ մարդկանց ասես, թե այսօր Չարենցի ծննդյան օրն է, և հարցնես, թե ի՞նչ ես հիշում, լավագույն դեպքում «Տաղարան»-ից մի բան կարող է հիշել: Իսկ չարենցագիտությունը քնած չէ, բազում ուսումնասիրություններ են կատարվում: 
Գրականագետը նշեց, որ իր համար շատ թանկ են հատկապես Չարենցի վերջին շրջանի սիրային բանաստեղծությունները։
«Չարենցի տաճար մեկնող մարդիկ շատ են.ուսանողները սիրում են, աշակերտները նույպես: Կարևոր են լավ ուսուցիչն ու դասախոսը: Այդ դեպքում աշակերտը գնում է հեղինակի հետևից»,-ասաց Դավիթ Գասպարյանը:
Բանախոսի փաստմամբ` երբ Չարենցին ազատեցին աշխատանքից (Հայպետհրատ-ում է աշխատել), դրանք 35-37թվականներն էին, նա այս 3 տարիներին ավելի շատ է գրել և իմաստաբանությամբ, և' կշռով, և' ծավալով:
Հարցին, թե կա՞ մի դրվագ, որը բնորոշում է Չարենցին, գրականագետը հիշեց դրանցից մեկը.
«36 թվականին երբ ձերբակալեցին նրան, մի դաժան հարցաքննություն էր տեղի ունենում: Ահա այստեղ ասում էին` սա քո մասին այս է ասել: Նա ոչ ոքի չէր մեղադրում, ասում էր` սուտ է, դա դուք եք հորինել»:
Անդրադառնալով հարցին, թե ինչու Չարենցը լինելով այդքան խորը, աշխարհում տարածված չէ, Դավիթ Գասպարյանը պատասխանեց.
«Գրողը համաշխարհային փառքի է արժանանում միայն այն ժամանակ, երբ տվյալ պետությունը ինչ-որ մի արժեք է ներկայացնում համաշխարհային քաղաքակրթության մեջ: Ինչու Նարեկացին Դանթեից պակա՞ս էր: Ոչ թե մեր գրողներն են փոքր, այլ այն պատվանդանը, որը կոչվում է հայ, Հայաստան, հայություն»:
Անի Կարապետյան

http://asekose.am/hy_AM/news/8/154405-oc-te-mer-groxnern-en-poqr--ayl-ayn-patvandane--ore-kocvoum-e-hay--hayastan--hayoutyoungrakanaget.html

3/09/2014

Մարդիկ կարծում են, որ այն, ինչ օգտագործում ենք` անորակ է

Բնական գազի կալորիականության և որակական հատկանիշների վերաբերյալ քննարկման, սպառողների ինֆորմացված լինելու, պետական լիազոր մարմինների արձագանքի և այլ հարցերի շուրջ զրուցել ենք  «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանի հետ: 

Պարոն  Պիպոյան, ի՞նչ տվեց Ձեզ բնական գազի կալորիականության և որակական հատկանիշների վերաբերյալ քննարկումը:
-Ես այնտեղ հստակ հարցեր եմ բարձրացրել,  որոնց պատասխանները հրապարակային հնչել են: Իսկ, թե տրված պատասխանները որքանով  են ինձ բավարարել` դա էլ էր տեսանելի:
Հրաժարվեցիք մասնակցել համատեղ շրջայցին, որի ընթացքում նախատեսվում էր  պարզել, թե բնակարաններում որքան է կազմում գազի կալորիկանությունը, և, արդյոք առկա է կարմիր բոց: Ինչպե՞ս կմեկնաբանեք:
-Ինձ համար փաստեր արձանագրելը պաշտպանություն չէ, պոպուլիզմ է: Քաղաքական խնդիր է, որով պետք է զբաղվեն քաղաքական ուժերը: Սա այն է, ինչ կար անցյալում:
Ես կարևորում եմ խնդիրն ուշադրության կենտրոնում պահելու հանգամանքը, որով բարձրացնում ենք «ՀայՌուսգազարդի» զգոնությունը: Իսկ ինչու չեմ գնում: Որովհետև, երբ գնում ենք շրջայցերի, հարթում ենք այսօրվա, ոչ թե երեկվա վիճակը:
Դուք երբևէ ստացե՞լ եք քաղաքացիների դժգոհությունները` կապված այս խնդրի հետ:
-Մենք ահազանգեր չենք ստացել, և բոլոր նրանք, ովքեր ասում են, թե կան դիմում-բողոքներ, կխնդրեի  ուղղակի հենց հիմա ցույց տային, ոչ թե մեկ-երկու օր ժամանակ խնդրեն և իրենց ձեռքով գրեին:  Ինչ վերաբերում է խնդրին, ապա մենք ինքներս ենք զանգահարել քաղաքացիներին, ովքեր էլ հայտնել են իրենց դժգոհությունները:
Սպառողներն ավելի հաճախ ինչի՞ց են դժգոհում:
-Առաջին հերթին թանկացումներից: Շատ են նաև ապրանքի, սննդամթերքի որակի նկատմամբ դժգոհությունները: Մարդիկ կարծում են, որ այն, ինչ օգտագործում ենք` անորակ է:
Ի՞նչ ասել է որակ:
-Որակը շատ բարդ հասկացություն է:  Այն նույնականացումն է, ակնկալվող արդյունքի բավարարումը: Օրինակ, եթե մենք գնում ենք 800 դրամ արժողությամբ ինչ-որ մթերք, որի վրա հստակ նշված է, որ այն ենթադրենք կարտոֆիլի և 20 տոկոս մսի խառնուրդ է, և, եթե մենք այն օգտագործենք որպես երշիկ, ապա մեզ մոտ դա կառաջացնի դժգոհություն: Բայց, եթե իմանանք, որ  օգտագործում ենք էժան մթերք, որի համը մեզ դուր է գալիս, այն մեզ համար կդառնա որակյալ:
Հետաքրքիր դեպք պատմեմ` կապված դժգոհությունների հետ: Երբ քաղաքացիներից մեկին հարցրեցինք, թե ինչից է դժգոհ` պատասխանեց, թե ոչ մի բանից` բացատրելով.
«Ամեն ինչից դժգոհ եմ, իսկ դա նշանակում է, որ կոնկրետ ոչ մի բան չեմ կարող ասել, թե ինչից եմ դժգոհ: Հիմա, եթե ոչինչ կոնկրետ չեմ կարող ասել, թե ինչից եմ դժգոհ, ուրեմն ոչ մի բանից դժգոհ չեմ»:
Մենք ռիսկերը տարանջատել ենք հետևյալով. Ըստ սննդամթերքի ռիսկերի. դա կաթնամթերքն է, մսամթերքը, ինչպես նաև կենդանական ծագման մթերքները, ինչպես նաև այս տարի մեծ ուշադրություն  ենք դարձնելու մանկական սննդամթերքին, ոչ պարենային ապրանքներին:
Լինում է, որ ասենք հագուստից գոհ ենք, բայց, երբ ուսումնասիրություններն ավարտենք` կտեսնենք, թե որքան մարդ դժգոհ կլինի: Այսօր մարդը վճարում է 10-12.000  դրամ, ինչը, առաջին հայացքից իր համար բավականին ցածր է, բայց, եթե նա իմանար, թե որքան պետք է լիներ` արդեն կլինեն դժգոհություններ: Շատ հաճախ գոհունակությունն ու դժգոհությունը կապված է իրազեկման մակարդակից:
Խնդիր, որը Ձեր ուշադրության կենտրոնում է:
-Ցանկանում ենք այս տարի լուծել ապրանքների վերադարձի, փոխանակման խնդիրը: Հուսամ, կկարողանանք կարգավորել արդեն քիչ-քիչ բոլոր երկրներում կարգավորվող մարքեթինգաին էֆեկտով խաբկանքը, քանի որ ուղղակի հայտարարվում են զեղչեր և խանութներից մեկը նույն ապրանքը վաճառում է ասենք 60 դոլարով, իսկ կողքի խանութը`  200 դոլարով, բայց  70 տոկոս զեղչով: Արդյունքում 200 դոլար արժողությամբ ապրանքը վաճառվում է, 60-ը` ոչ:
Հասարակությունն առավել շատ ինֆորմացված է, թե՞...
-Որոշ չափով կա ինֆորմացիայի պակաս: Մեծ է նաև անվստահության հարցը: Եթե սպառողը զանգահարում է սպառողական կազմակերպություն կամ պետական լիազոր մարմին և տեսնում է, որ իր խնդրին լուծում է տրվում, շղթան սկսում է աշխատել:
Այսինքն, ստանում ես ահազանգ, որքանով կարողանում ես` կարգավորում ես, փոխանցում ես լիազոր մարմնին: Այսինքն կա լուծման մեխանիզմը, մնում է կամքը:
Երբ գործը հասնում է պետական լիազոր մարմնին` անում է, թե՞ ոչ:
Ժամանակ առ ժամանակ փոխվում է: Տարբեր պետական մարմիններ տարբեր ձև են աշխատում: Այս պահին պետական մարմիններին չեմ ուզում գնահատական տալ, քանի որ տարին նոր է սկսվել և, երբ համընդհանուր քննադատության է արժանանում պետական համակարգը, շատ քչերն են, որ դրանից ուրախանում են: Նրանք ասում են` մեկ է,  քննադատում են, ավելի լավ է չանենք: Գոնե հիմա չքննադատենք, որ գործ անեն:



http://asekose.am/hy_AM/news/9/152564-asoum-en-mek-e--qnnadatoum-en--aveli-lav-e-canenq-babken-pipoyan.html

Մտքերն ու զգացմունքներն արտահայտելիս հարկադրված ես միշտ դիմել քո մայրենի լեզվի օգնությանը

Հայ հայտնի աստղագետ և աստղաֆիզիկոս, տեսական աստղաֆիզիկայի հիմնադիրներից մեկի` Վիկտոր Համբարձումյանի հարցազրույցը` լեզվի, իր թոռնիկին Ուլունք անվանելու և այլ հարցերի շուրջ:
-Ինչպե՞ս եք գնահատում լեզվի դերն ու նշանակությունը, նրա զարգացման ընթացքը ներկա փուլում՝ հասարակական կյանքում և գիտության բնագավառում։
 Լեզուն շատ մեծ նշանակություն ունի մեր կյանքում։ Դա լավ գիտակցում են բոլոր բնագավառների, ինչպես և գիտության աշխատողները։ Մասնավորապես ճշգրիտ գիտությունների ներկայացուցիչների համար լեզուն ոչ միայն հաղորդակցության, այլև մտածելու, հայտնագործելու շատ կարևոր միջոց է։ Որպես այդպիսին, լեզուն հասարակության մեջ էլ բոլոր հաղորդակցության միջոցներից ամենակարևորն է։ Ասում ենք ամենակարևորը, որովհետև առաջացել ու մշակվել է բնական ճանապարհով։ Եթե դա այդպես է, ուրեմն պետք է շատ մեծ ուշադրություն դարձնել լեզվի վրա։ Լեզուն պետք է միշտ գործածվի լավ, կատարյալ ձևով, այսինքն՝ տեղին և նպատակասլաց, հետևաբար անհրաժեշտ է, որ նա շարունակ կատարելագործվի, զտվի և դառնա հաղորդակցման, պայքարի սուր զենք։
Չէ որ մենք ուզում ենք, որ մեր երկրի տարբեր մասերի միջև լինի սերտ և ամուր կապ, բացվեն նոր ուղիներ, և ահա մենք հարկադրված ենք միշտ կատարելագործել մեր հաղորդակցության միջոցները, առաջին հերթին լեզուն։ Եվ բավական չէ միայն ասել, որ պետք է հատուկ ուշադրություն դարձնել լեզվի կատարելության վրա։ Անհրաժեշտ է հետևողական և ջանասեր աշխատանք, և դա պետք է կատարվի շատ խնամքով, մտածված, որովհետև, ի տարբերություն մյուս հաղորդակցության միջոցների, լեզուն զարգանալով իր բնական հունով, արդեն ունի իր զարգացում գտած, կատարելագործված օրինաչափությունները։ Հենց այստեղ է, որ մենք պետք է շատ զգույշ լինենք և խուսափենք լեզվի մեջ մուտք գործող արհեստական և չմտածված լեզվական միջոցներից, դիպուկ ու հստակ հաղորդակցումը արատավորող շինծու ձևերից։
Ինչ վերաբերում է հայոց լեզվին, ապա պետք է համոզված և վստահորեն ասել, որ հայոց լեզուն աշխարհի ամենահարուստ, զարգացած և կատարելագործված լեզուներից մեկն է։ Մենք գիտենք, որ, օրինակ, բնական գիտությունների բնագավառում հայոց լեզուն որպես լավ մշակված, ճոխ լեզու, հաջողությամբ ծառայում է իր նպատակին, դառնալով կատարյալ հաղորդակցության միջոց նաև գիտության բնագավառում։ Հենց այս հանգամանքն է, որ մեզ ավելի մեծ չափով է պարտավորեցնում, մեզանից՝ գիտության մշակներիցս, պահանջվում է մշտապես հետևել նրա ընթացքին, ճիշտ զարգացմանը, խստորեն հսկել նրա ճիշտ կիրառմանը ո՛չ միայն գիտության, այլև բոլոր բնագավառներում։
Հետաքրքիր է, որ լեզուն ունի իր որոշակի տրամաբանությունը։ Նա արտացոլում է մարդու մտածողությունը, այլ կերպ ասած՝ մտածելակերպը։ Եթե այսպես է, ուրեմն, լեզվի կատարելագործման վիճակից շատ մեծ չափով կախված է այն, թե ինչպես է մարդը մտածում և գործում։ Ես պետք է ասեմ, որ լեզվի, հատկապես մայրենի լեզվի, ինչպես և նրա առանձին դրսևորումների՝ խոսքի, լավ տիրապետումն ու կատարելագործումը էական նշանակություն ունեն սերունդների դաստիարակության, նրանց մտածողության զարգացման համար։ Այնպես որ, դա ունի նաև գործնական մեծ նշանակություն։ Հենց այս տեսակետից էլ մենք պետք է միշտ հոգատար լինենք լեզվի ճիշտ զարգացման նկատմամբ և ավելի ու ավելի ձգտենք նրա կատարելագործմանը։ Այժմ մեզանից պահանջվում է, որ մենք իրար հետ խոսենք, գրենք, այսինքն հաղորդակցության մեջ մտնենք միայն ու միայն լավ լեզվով։ Իսկ ի՞նչ ենք հասկանում լավ լեզու ասելով։ Լավ լեզու ես հասկանում եմ բնական, ժողովրդի ստեղծած և գրականության կողմից մշակված լեզվով խոսելու և գրելու կարողություն։ Սա վերաբերում է հայոց լեզվի դրսևորման բոլոր բնագավառներին, հատկապես այժմ, երբ հայոց լեզուն մեր հանրապետության պետական լեզուն է։ Մենք կհասնենք ցանկացած արդյունքի, եթե լեզվի մշակույթի գործնական հարցերը լուծենք միայն այդ սկզբունքով։ Այս պատվավոր գործում խիստ անհրաժեշտ է հետևողական աշխատանք։
Ես ուզում եմ այստեղ նորից անդրադառնալ գիտության բնագավառին, որովհետև լեզվի ճշգրտության, դիպուկության, խորության և այլ առանձնահատկությունները բացառիկ դեր են կատարում գիտական աշխարհում։ Պետք է նկատի ունենալ, անշուշտ, որ գիտությունը այսօր մարդկային գործունեության ամենաարագ աճող, փոփոխվող բնագավառն է, որի հետ միաժամանակ շատ արագ փոփոխվում է նաև գիտական լեզուն։ Ես ավելի քան կես դար աշխատում եմ գիտության բնագավառում և նկատել եմ, որ այսօրվա գիտությունը և այն գիտությունը, որ եղել է կես դար առաջ, հսկայական չափերով իրարից տարբերվում են։ Շատ են տարբերվում իրարից, ինչ որ այն ժամանակ էինք սովորում և այն, ինչ որ այսօր ենք սովորում։ Այսօրվա երիտասարդ գիտական աշխատողը շատ բանով է տարբերվում անցյալի գիտաշխատողից։ Նրա վրա մեծ պարտականություն է դրված։ Նա այսօր ոչ միայն պետք է լարված հետևի գիտական գաղափարների զարգացմանն ու տարածմանը, այլև պարտավոր է ապահովել համապատասխան լեզվական մակարդակ, այլ կերպ գիտական աշխատանքը ցանկացած արդյունքը չի տա։ Ուրեմն գիտությունը կարելի է դիտել այս տեսակետից, որպես լեզվի զարգացման հետ կապված մարդկային գործունեության ամենակենսունակ ուղղություններից մեկը։ Երբ խոսում ենք զարգացած գիտությանը համապատասխան լեզվական մակարդակի մասին, այդ նշանակում է, որ մենք՝ գիտության մշակներս, պետք է ստեղծենք հայոց գիտական լեզուն և հասցնենք կատարելության։ Հենց այդ գիտական լեզուն էլ մեծապես նպաստելու է համաժողովրդական լեզվի զարգացմանը։
-Հայոց լեզվի դրսևորման բնագավառները շատ են, բոլորի մասին անկարելի է խոսել։ Մեզ հետաքրքրում է Ձեր կարծիքը դպրոցի, այդ բնագավառի լեզվի մասին։
Լավ ասացիք, վերցնենք թեկուզ հենց այդ բնագավառը, ժողովրդական կրթության բնագավառը, դպրոցը։ Այստեղ անչափ կարևոր է հայոց լեզվի ճիշտ կիրառման հարցը։ Կիրառելով մայրենի լեզուն դպրոցներում ճիշտ, կատարյալ ձևով սովորեցնելով խոսել, գրել և կարդալ ընտիր հայերենով, դրանով մենք հետապնդում ենք երկու նպատակ։ Առաջին նպատակն այն է, որ դրանով մենք օգնում ենք աճող սերնդին, զարգացնում նրա ճիշտ մտածողությունն ու տրամաբանությունը։ Լեզուն ինքնին մտածողություն է։ Մենք գիտենք, որ մարդը աշխատում է խոսել այնպես, ինչպես մտածում է, բայց չպետք է մոռանալ, որ մտածելու ժամանակ, մտածողության ընթացքում նա զգալի չափով օգտագործում է իր մայրենի լեզուն։ Ուրեմն այստեղ՝ դպրոցում, մայրենի լեզվի լավ ուսուցումը, լեզվի կատարյալ ձևերի տիրապետումը լայն ճանապարհ են բացում սովորողների առջև։ Ես ուզում եմ իմ միտքը ձևակերպել այսպես։ Կատարյալ լեզուն ծնում է կատարյալ մտածող, մարդու մտածելակերպը ձևավորվում է լեզվի միջոցով։ Լեզվական օրինաչափություններին լավ տիրապետողը հեշտությամբ է ձեռք բերում կուռ տրամաբանություն և ճկուն մտածողություն, որոնցով էլ պայմանավորված են նրա մտածելակերպն ու գործելակերպը։
Երկրորդ կարևոր հանգամանքը, որ կապված է այդ բնագավառի՝ դպրոցի հետ, լեզվի կատարելագործումն ու պահպանումն է։ Միաժամանակ ես ուզում եմ ասել, որ այն լեզուն, որից մենք օգտվում ենք, մի մեծ գանձ է։ Կարծում եմ, որ մեր հին սերունդներից ստացած հոգևոր գանձերից ամենամեծերից մեկն է, եթե ոչ ամենամեծը։ Մեր նախնիներից ժառանգելով այդ գանձը, մենք պարտավոր ենք սրբությամբ պահպանել, մշակել ու կաւոարելագործել այն, հարստացնել և դրանով ավելի հարստանալ։ Այս գործում մեր դպրոցը շատ անելիք ունի։ Մյուս կողմից, եթե դպրոցը անտարբեր լինի, պատշաճ մակարդակի վրա չդնի մայրենի լեզվի դասավանդման գործը, շռայլի այդ գանձը, ապա վնաս կհասցնի մեր մշակույթին։ Դպրոցը պարտավոր է ճիշտ օգտագործել լեզուն և միայն ամենժամյա, ամենօրյա հոգատարությունը կարող է լավ օգտագործման, կատարելագործման ուղիներ գտնել։
-Շատերին է հետաքրքրում, թե Դուք ինչպե՞ս եք սովորել մայրենի լեզուն, ովքե՞ր են եղել Ձեր սիրելի ուսուցիչները և այժմ ինչպե՞ս եք կատարելագործում ձեր իմացածը։Հայրս այն մարդկանցից էր, որ ուղղակի սիրահարված էր իր լեզվին։ Սա շատ մեծ ազդեցություն թողեց մեր ընտանիքի, մեզ վրա, որպեսզի մենք Էլ սիրենք մեր լեզուն։ Հայրս միաժամանակ ինտերնացիոնալիստ Էր, պահանջում Էր, որ մենք սովորենք նաև այլ լեզուներ, բայց ամենից լավ տիրապետենք մեր մայրենի լեզվին։ Ես հայերենը սովորել եմ իմ հորից, նա Է իմ մեջ առաջացրել սեր և հետաքրքրություն մեր լեզվի բարձր արժանիքների նկատմամբ։ Բացի դա, ես ունեցել եմ հայոց լեզվի շատ լավ ուսուցիչ, որին միշտ հիշում եմ, իմ այդ սիրելի ուսուցիչն Էր Հայկ Հովակիմյանը։ Նա ինձ վրա շատ մեծ տպավորություն Է թողել, խոսում Էր անաղարտ հայերենով, նա, կարելի Է ասել, լեզվի սիրահարներից Էր, իր մայրենի լեզուն սիրող, պաշտողներից մեկը։ Շատ լավ բան Է, երբ մարդ լեզվի սիրահար Է կամ լեզվասեր, ինչպես Դուք եք անվանել ձեր ակումբը։ Ես Էլ եմ շատ սիրում իմ մայրենի լեզուն, հետևաբար ես Էլ եմ լեզվասեր, ուրեմն ձեր ակումբի անդամը։
Կան մարդիկ, որոնք շատ լավ հասկանում են, թե ինչ նշանակություն ունի իրենց ժողովրդի համար մայրենի լեզուն։ Նրանք հասկանում են նաև, որ մայրենի լեզվին լավ տիրապետելը հիմք Է նաև ուրիշ լեզուների ոաումնասիրության, լավ սովորելու համար։ Ես միշտ Էլ սիրել եմ կարդալ հայ գրականություն։ Դա մեծ դեր Է խաղացել մայրենի լեզվի իմացությունս կատարելագործելու համար, երբ կարդում ես գեղարվեստական գրականություն, ապա անխուսափելիորեն կատարելագործում ես իմացածդ մայրենի լեզուն։ Այժմ Էլ հիմնականում այդ ճանապարհով եմ հարստացնում իմ իմացած հայերենը, կարդում եմ հայ գրականություն, իհարկե, հատուկ ուշադրություն դարձնելով լեզվական կողմի վրա։
Ինձ համար մայրենի լեզուն առաջին հերթին մեր ժողովրդի խոսելու, մտածելու լեզուն Է։ Ես այդ ժողովրդի զավակն եմ, հետևաբար չեմ կարող չսիրել, չփայփայել դարերի խորքից մեզ հասած այդ հոգևոր գանձը։ Բացի այդ, կա մի ուրիշ բան Էլ։ Այսպես, երբ ուզում ես մտերմական ձևով արտահայտել քո մտքերն ու զգացմունքները, որոնք վերաբերում են քո անձնական կյանքին, ընտանեկան կյանքին, ապա այդ մտքերն ու զգացմունքներն արտահայտելիս հարկադրված ես միշտ դիմել քո մայրենի լեզվի օգնությանը։ Ինչպես չսիրեմ իմ մայրենի լեզուն, երբ կյանքիս դեպքերից խորապես համոզվել եմ, որ մայրենի լեզուն ավելի շատ Է կապված զգացմունքների աշխարհի հետ։ Մայրենի լեզուն հարազատ հույզերի հարազատ աշխարհ Է։ Մարդու հոգեկան աշխարհը այնքան սերտորեն Է կապված մայրենի լեզվի հետ, որ այդ լեզվով սովորածը, զգացածը մոր կաթի նման ներծծվում Է նրա Էության մեջ։
-Աշխարհի անվանի մարդկանցից ոմանք, հայ թե օտար, հայերենը համարել են կատարելագործված, հարուստ և ճկան լեզու։ Դուք ի՞նչ կարծիքի եք, ինչպե՞ս եք բացատրամ լեզվի հարստությունը, ճկունությունը։
Ընդհանրապես լեզուն համարում ենք հարուստ, ճկուն այն դեպքում, երբ նրա միջոցով կարողանում ենք ազատորեն արտահայտել ցանկացած գաղափարները, մտքերը, մանավանդ ժամանակակից կյանքի, որը շատ հարուստ Է գիտության և տեխնիկայի բազմազան երևույթներով ու հասկացություններով։ Մեր լեզուն հենց այդպիսին Է։ Հայոց լեզվի հարստության հիմնական պայմանը նաև այն Է, որ կարողանում Է լավ արտահայտել մարդկային զգացմունքները, դրանց նրբությունները։ Հենց հայերեն լեզուն ունի գաղափարներն ու զգացմունքները ճշտությամբ ու խորությամբ արտահայտելու համապատասխան ու նուրբ ձևեր, նույնիսկ բազմաթիվ ձևեր։ Սա մեր լեզվի հարստությունն Է։ Այլ բան Է լեզվի ճկունությունը։ Դա այն Է, թե տվյալ լեզուն ինչպես Է հարմարվում նոր պայմաններին։ Մեր լեզուն ոչ միայն շատ ճկուն Է, այլև խիստ տրամաբանական Է։ Օրինակ, մեր թվերի անվանումները, դրանք այնքան պարզ ու հեշտ են կազմված, որ շատ ավելի մատչելի են, քան շատ ու շատ լեզուներում։ Օրինակ, տասնմեկ, տասներկու, տասներեք և այլն այնպես են կազմված, որ շատ հեշտ են թվերի գումարման համար։ Գերմաներենը, որ նույնպես ճկուն լեզու Է, թվականների անունները կազմում Է այլ կարգով, քսանից հետո արդեն ուրիշ Է, իսկ հայերենում ինչպես տասնմեկ, տասներկու, տասներեքն Է, այնպես Էլ շարունակվում Է. քսանմեկ, քսաներկու, քսաներեք և այլն։ Ես իմ մասնագիտությունից ելնելով եմ հարցին մոտենում, մենք գործ ունենք ճշգրիտ սահմանված գաղափարների հետ։
Ես ուզում եմ նորից վերադառնալ մեր լեզվի հարստությանը վերաբերող հարցին։ Ի դեպ, պետք Է ասել, որ մեր լեզուն այնքանով Է հարուստ, որ հեշտությամբ կարողանամ Է զանազան գիտությունների բնագավառների հասկացությունների համար գտնել համապատասխան ձևեր, բառեր ու արտահայտություններ։ Գիտական աշխատանքի ընթացքում համոզվել եմ, որ հայերենը շատ ավելի հարուստ լեզու է, քան բազմաթիվ եվրոպական լեզուներ։ Կարող եմ օրինակ բերել հենց աստղագիտությունից։ Եվրոպական բոլոր լեզուները ասում են էկլիպտիկա, իսկ հայերը ունեն իրենց սեփական բառը՝ խավարածիր, որը արտահայտիչ ու հասկանալի է, մատչելի, քան օտար բառը։ Կամ մի ուրիշ օրինակ, կա էկվատոր, հունարեն բառ է, որը տարածված է բոլոր եվրոպական լեզուներում, իսկ մեր գիտական լեզվում ունենք հասարակած։ Տեսնո՞ւմ եք, մենք ինչքան հարուստ ենք։ Եթե որևէ նրբություն արտահայտելու համար անհրաժեշտ է մի ուրիշ բառ հնարել, մենք արդեն պատրաստ ենք։ Լեզվի հարստությունը գիտության բնագավառի, ինչպես նաև այլ բնագավառների համար շատ մեծ նշանակություն ունի, որովհետև այս բարեմասնությանը հնարավորություն է տալիս մեզ արտահայտելու մտքի և զգացմունքի նրբությունները, միևնույն ժամանակ պահպանելով մեր լեզվին հատուկ ոգին։
-Մեզ հետաքրքրում է այսպիսի մի հարց. Դուք շատ եք եղել արտասահմանում, հանդիպումներ եք ունեցել սփյուռքի հայերի հետ։ Որպես հաղորդակցման միջոց ո՞ր լեզուն եք ընտրել։
Այո, ես շատ եմ եղել սփյուռքահայության շրջանում, և բոլոր տեղերում էլ բնականաբար խոսել ենք հայերենով։ Ոչ միայն ես, այլև արտասահման գործուղված աստղագետները, օրինակ, ընկեր Լյուդվիգ Միրզոյանը, հանդիպումների ժամանակ, ժողովներում միշտ էլ Հայաստանի գիտությունների ակադեմիայի գիտական գործունեության, Բյուրականի աստղադիտարանի հաջողությունների մասին հանդես ենք եկել միայն հայերեն լեզվով։ Երբ գիտական հարցերը շարադրել ենք հայերեն լեզվով, մենք բնավ որևէ պակասություն չենք զգացել, խոսել վստահ, համարձակ, նույնիսկ այդ հանգամանքը մեզ որոշ չափով ոգևորել, ուժ է տվել։
-Ընկեր Համբարձումյան, ասացեք խնդրեմ, ի՞նչ է պահանջվում լեզվի նկատմամբ հոգատար լինելու համար։
Լեզվի նկատմամբ հոգատար լինելու, լեզվական ունակություններ ձեռք բերելու համար առաջին հերթին անհրաժեշտ է, որ մարդ կաւոարելագործի իր գիտելիքները։ Դրա համար հարկավոր է ոչ միայն խոսելու և գրելու ժամանակ լավ ընտրություն կատարել, հոգատարությամբ օգտագործել մայրենի լեզուն, այլև այդ լեզվով շատ կարդալ, կարդալ հայ գրականություն, ընտրել լավ լեզվով գրված գործեր և կարդալ լեզվական ճաշակը բարձրացնելու համար։ Ուրեմն այսպես, ես գտնում եմ, որ մեր կողմից գործածվող լեզվի կատարելագործման ամենակարևոր պայմանը գեղարվեստական գրականություն կարդալն է։
Լեզվի նկատմամբ հոգատար լինելու կարևոր պայմաններից մեկն էլ այն է, որ մարդիկ պետք է իրար սովորեցնեն, օգնեն, զգուշացնեն, թե ինչպես պետք է ճիշտ խոսել։ Ես էլ խոսելիս թերություններ ունեմ, վրիպումներ եմ թույլ տալիս իմ շարադրանքի մեջ, գուցե և դուք էլ ունեք, բայց երբ ունենք շատ սխալներ և լեզվի համար վտանգավոր սխալներ, ապա այդ դեպքում կարելի է և պետք է միջամտել, ուղղել և վերացնել։ Ես հիշում եմ, թե ինչպես էր հայրս միջամտում, կանխում լեզվական սխալները և դրանով լեզվի նկատմամբ հոգատար լինելու լավ օրինակ էր ցույց տալիս։ Նա միշտ, երբ լսում էր, որ մեզանից որևէ մեկը լեզվական սխալ է անում, իսկույն միջամտում էր, ուղղում, բացատրում և երբեմն էլ զայրանում էր։ Ուղղելուց հետո նա ջանում էր համոզել փաստերով, ցույց էր տալիս, որ իր ուղղումը նրա համար է, որ միտքը ճիշտ արտահայտվի և մայրենի լեզուն չաղավաղվի։ Ես այդ ժամանակ սովորեցի, թե ինչպիսի ուժեղ և միևնույն ժամանակ նուրբ կապ կա մտքի և նրա արտահայտության միջև։ Երբ այս կամ այն բառը, արտահայտությունը ճիշտ, տեղին չի գործածվում, տուժում է և՛ լեզուն, և՛ միտքը։ Ուրեմն լեզվի նկատմամբ հոգատար լինելու համար շատ կարևոր է նաև մտքի և արտահայտության կապի ներդաշնակումը, պահպանումը։
-Մեզ հայտնի է, որ Դուք այս կամ այն առիթով կատարում եք լեզվական ուղղումներ, դիտողություններ եք անում ուրիշներին թույլ տված սխալների համար։ Կարո՞ղ եք մի քանիսը հիշել և բացատրել Ձեր նկատառումները։
Օրինակները շատ են, բայց ես կցանկանայի խոսել միայն մեկի մասին։ Ասում են՝ գիտական քարտուղար և գիտնական քարտուղար։ Ես միշտ դեմ եմ եղել երկրորդին։ Շատ է տարածված այս ձևը։ Այո, մենք լեզվական կոպիտ սխալ ենք թույլ տալիս, երբ գիտական քարտուղարին ասում ենք գիտնական քարտուղար։ Ինչո՞ւ ենք այդպես ասում, որովհետև չենք թափանցում արտահայտության, դարձվածքի էության մեջ, բառացի թարգմանում ենք և չենք նայում խնդրի էությանը։ Գիտական քարտուղարը այն մարդն է, որը զբաղվում է հիմնարկի գիտական գործերով, գիտական հարցերի քարտուղարությամբ։ Ուրեմն նա գիտական քարտուղար է, իսկ թե նա միաժամանակ պետք է լինի գիտական աշխատող, դա արդեն ինքնըստինքյան հասկանալի է։ Գիտական քարտուղարը տարբերվում է մյուս քարտուղարներից նրանով, որ նա գիտական հարցերով է քարտուղար և ոչ թե քարտուղար՝ գործուղումներ ստորագրելու կամ, ասենք, այցելուներ գրանցելու, պետին զեկուցելու համար։ Պետք է այստեղ նկատել նաև այն, որ հենց գիտնական բառն ենք հաճախ շռայլում, տեղին չենք գործածում, ես կասեի նույնիսկ սխալ ենք գործածում։ «Մենք՝ գիտնականներս…», «գիտնականների ժողով», «երիտասարդ գիտնականները…» և այլն, այսպես շռայլորեն ենք գործածում այդ բառը, առանց խորանալու նրա բուն էության, իմաստի մեջ։ Գիտնականների թիվը կարելի է մատների վրա հաշվել, մինչդեռ գիտության բնագավառի ամեն մի աշխատող իրեն գիտնական է կարծում։ Դիսերտացիան պաշտպանելուց անմիջապես հետո երիտասարդն արդեն իրեն անվանում է գիտնական։ Ես շատ եմ խոսել գիտնական բառի նման գործածությունների մասին և դիտողություն շատ եմ արել, սակայն արդյունքը չեմ տեսնում։
-Ինչպիսի՞ լեզվական աղավաղումներ են Ձեզ ավելի մտահոգում, գուցե և զայրացնում։ Ի՞նչ տպավորություն են թողնում այն անձինք, որոնք լավ չտիրապեւոելով մայրենի լեզվին և ոչ էլ այլ լեզուների, խոսում, գրում են խառնուրդով։ Ինչպե՞ս կարելի է պայքարել լեզվախառնուրդով խոսողների ու մտածողների լեզվամշակույթը բարձրացնելու համար։
Ինձ թվում է, որ բոլոր լեզվական աղավաղումներն էլ պետք է մեզ՝ բոլորիս, մտահոգեն։ Այո, կարելի է նույնիսկ զայրանալ։ Լեզվական խառնուրդով խոսողները մեզ ոչ միայն զայրացնում, այլև ծիծաղեցնում են։ Ես հաճախ եմ հանդիպել նման դեպքերի։ Լեզվական այս տիպի աղավաղումը ինձ այնքանով է մտահոգել, որ տեղն ու տեղը ուղղել եմ։ Խոսակցության մեջ տարբեր լեզուների բառեր, արտահայտություններ գործածելը մայրենի լեզվին վնասում է։ Բացի այդ, լեզվական խառնուրդը փաստորեն զրկում է մեր խոսքը տրամաբանական հստակությունից։ Հետևաբար այն մարդը, որը խոսում է երկու լեզուները խառնելով, մտածում է ինչ-որ ձևով ինֆորմացիա հաղորդելու մասին, իսկ թե իր հաղորդածն ինչ տրամաբանական ձև է ստանում, նրան չի հետաքրքրում։ Ինձ համար սկզբունքային տարբերություն չկա բանավոր խոսքի և գրավորի միջև։ Ես շատ եմ հանդիպել խառնուրդով խոսող և գրող մարդկանց, որոնք խախտում են երկու լեզվի ներքին տրամաբանությունը և երբեմն էլ այն աստիճանի են աղավաղում, որ թուլացնում են այդ լեզուների կառուցվածքային դրվածքը, իրենց խոսքը զրկելով ամբողջականությունից ու ներքին ներդաշնակությունից։
-Մեզ հետաքրքրում է, թե Դուք ի՞նչ նկատառումով եք ձեր թոռնիկի համար ընտրել Ուլունք անունը։
Ուլունք անունը ես գտա Խաչիկ Դաշտենցի «Խոդեդան» վեպում։ Երբ կարդացի վեպը, գեղջկուհու այդ անունը ինձ դուր եկավ։ Ցանկություն առաջացավ իմ մեջ ստուգել, թե որտեղից է առնված այդ անունը։ Հանդիպեցի հեղինակի հետ։ Հետաքրքրվեցի՝ ի՞նքն է հնարել Ուլունք անունը, թե կյանքից է առնված։ Դաշտենցը բացատրեց, որ այդ անունն ամենևին էլ հնարովի չէ, այլ շատ է տարածված եղել Մշո դաշտում, զուտ հայկական է։ Ես ուրախացա, որ ճիշտ է եղել իմ զգացումը։
Արտատպված է` «Գարուն», 1985թ, թիվ 2




Ռուսաստանի` Սևաստոպոլից ուժերի դուրսբերումն օգուտ է Թուրքիային, վնաս` Հայաստանին.Թուրքագետ

Ղրիմում ստեղծված իրավիճակի, Թուրքիայի ակտիվության,  ռուս-թուրքական հնարավոր պատերազմի և այլ հարցերի շուրջ   զրուցել ենք թուրքագետ  Գևորգ  Պետրոսյանի հետ:

Գևորգ, վերջերս «Հյուրիեթ» թերթը հոդված էր տպագրել, համաձայն որի` եթե Ղրիմի Ինքնավար Հանրապետությունը հայտարարի իր անկախության մասին, ապա կհայտնվի թուրքական  ենթակայության  ներքո: Եվ, եթե Ղրիմը ցանկանա  միանալ Ռուսաստանին, անհրաժեշտ կլինի փաստացի անկախանալ Կիևից: Եվ հենց այդ պահին, միջազգային իրավունքի նորմերին համապատասխան, ինչպես նշված է հոդվածում, Թուրքիան կարո՞ղ  է Ղրիմը վերցնել իր հսկողության ներքո:
-Թուրքիան Ղրիմի հարցում փորձում է ակտիվություն ցուցաբերել՝ պաշտոնական մակարդակով օգտագործելով Ղրիմի թաթարների խաղաքարտը, իսկ հասարակական մակարդակով ` նախկին պայմանագրերի մասին հիշատակումները, ինչպես նաև Թուրքիայում գործող Ղրիմի թաթարների կազմակերպություններին։
Ակնհայտ է, որ Անկարան այժմ փորձում է իրավիճակն օգտագործել Ղրիմում ամրապնդվելու համար՝ միևնույն ժամանակ հստակ ցույց տալով, որ սկզբունքորեն դեմ է Ղրիմի՝ Ռուսաստանի կազմում հայտնվելուն։
Ղրիմի ռազմավարական կարևոր դիրքը չի կարող անտարբեր թողել Թուրքիային, չէ՞ որ մոտ 3 դար այն եղել է Օսմանյան կայսրության կազմում, ռուսների դեմ դարերով արյունալի պատերազմներ են մղվել այդ տարածքի համար, իսկ 1783 թվականին Ռուսաստանի կայսրության կազմում ընդգրկվելուց հետո էլ Ղրիմի թաթարներն աչքի են ընկել թուրքամետությամբ, ինչն էլ պահպանվել է մինչ օրերս։
Արդեն մի քանի դար է, ինչ Ղրիմի համար պայքարը շարունակվում է, իսկ Սև ծովում այժմ Ռուսաստանի գլխավոր մրցակիցն իր ներուժով, իհարկե, Թուրքիան է։
Այն պայմանագիրը, որը փորձում են հիշել թուրքերը, կնքվել է դեռևս 18-րդ դարի վերջին, այն թուրքերն իրենք են խախտել կնքումից հետո, ինչի հետևանքով էլ այն կորցրել է ուժը, բացի այդ, դրա վրայով երկար «ջրեր են հոսել»։ Ներկա իրավիճակում դրա մասին լրջորեն խոսելը, կարծում եմ, իրատեսական էլ չէ, սակայն, ամեն դեպքում, թուրքական մեդիադաշտը հիշում և հիշեցնում է այդ մասին։
Ներկայում պայմանագրերից առավել թուրքերի համար Ղրիմի թաթարներն են կարևորություն ստանում, որոնց միջոցով էլ Անկարան փորձում է լուծել իր խնդիրները, որոնցից ներկա փուլում կարևորագույնը Ղրիմի՝ Ռուսաստանի կազմում չընդգրկելու գործընթացն է, որը չի բխում Թուրքիայի շահերից, իսկ ահա Ռուսաստանի ուժերի դուրսբերումը Սևաստոպոլից  միայն և միայն թուրքերի օգտին է, քանի որ այն զգալի գերակայություն կստանա Սև ծովում, ինչը չի բխում նաև Հայաստանի շահերից՝ հաշվի առնելով, որ Սև ծովով են կատարվում մեր բեռնափոխադրումների զգալի հատվածը։
Նշեցիք, որ պայմանագիրը թուրքերն իրենք են խախտել կնքումից հետո: Ինչպե՞ս  է  այն կորցրել իր ուժը:
Ռուս-թուրքական հերթական պատերազմից հետո 1774 թվականին կնքվեց Քյուչյուք Քայնարջիի պայմանագիրը, որով էլ Ղրիմի խանությունը, որը շուրջ 3 դար Օսմանյան կայսրության վասալն էր, համարվում էր անկախ, իսկ այն գրավելու դեպքում Ղրիմը պետք է անցներ օսմանների ենթակայության տակ: Այս պայմանագրից հետո օսմանյան զորքերը ներխուժեցին Ղրիմ, ինչն արգելված էր պայմանագրով, որից հետո այն ուժը կորցրած համարվեց, իսկ 1783 թվականից Ղրիմն արդեն ամբողջովին անցավ Ռուսաստանի կայսրության ենթակայության տակ, որից հետո նոր պայմանագիր կնքվեց:
Իրատեսական համարո՞ւմ եք ռուս-թուրքական պատերազմը:
Թուրք-ռուսական պատերազմը ներկա փուլում իրատեսական չեմ համարում: Ամեն դեպքում, նավատորմի տեսանկյունից կարծում եմ` ներկայում Թուրքիան որոշակի առավելություն ունի, նախ սուզանավերի թվով, ապա ավելի ժամանակակից  նավերի  թվով: Իսկ որ կարևորն է` այն տիրում է Բոսֆորին և Դարդանելին, բացի այդ` Սև ծով կարող է հասցնել Էգեյան և Միջերկրական ծովի ռազմանավերը, իսկ Ռուսաստանը նման արագ արձագանքելու հնարավորություն չունի, սակայն պաշտպանական տեսանկյունից ռուսական կողմը բավական ուժեղ է, ինչպես նաև ունի մեծ ջրատարողության ավելի մեծ թվով նավեր:
Ճիշտ է, այս տարբերակն իրատեսական չեմ համարում,  բայց,  ընդհանրապես, բացառել պետք չէ: Օրինակ, ո՞վ կարող էր 3-4 ամիս առաջ ասել, թե Ուկրաինայի տարածք ռուսական զորքեր մուտք կգործեն:
Որքա՞ն  թաթար է ապրում Ղրիմում:
Ղրիմում վերջին տվյալներով բնակվում է մոտ 250 հազար Ղրիմի թաթար, որը թերակղզու ընդհանուր բնակչության շուրջ 12-15 տոկոսն է: Թուրքիայում նրանց թիվը հաշվվում է մոտ 100-150 հազար մարդ:
Անի Կարապետյան

http://asekose.am/hy_AM/news/9/153800-rousastani-seastopolic-oujeri-doursberoumn-ogout-e-tourqiayin--vnas-hayastanintourqaget.html



Ուկրաինայում ստեղծված անկայուն իրավիճակը պարարտ հող է Ադրբեջանի համար.Քաղաքագետ

Ուկրաինայի անկայուն  իրավիճակի,   Հայաստանի վրա դրա ազդեցության,  ստեղծված իրավիճակից Ադրբեջանի օգտվելու հնարավորությունների, դեպքերի հետագա զարգացման և  Ղարաբաղյան խնդրի վրա դրանց ազդեցության, Մաքսային միության ապագայի և այլ հարցերի շուրջ  զրուցել ենք  քաղաքագետ  Տիգրան Աբրահամյանի հետ:

Պրն. Աբրահամյան, Ձեր կարծիքով ուկրաինական դեպքերն ի՞նչ ազդեցություն կունենան Հայաստանի վրա:
Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները ուղղակի ու անուղղակի ձևով, անշուշտ, իրենց ազդեցությունն են ունենալու նաև Հայաստանի վրա: Դա առաջին հերթին կդրսևորվի երկկողմ հարաբերությունների հարթությունում: Հայաստանը դեռ պաշտոնական դիրքորոշում չի արտահայտել Ուկրաինայում տեղի ունեցածի ու ձևավորված նոր իշխանությունների վերաբերյալ: Այս հարցում պետք չէ շտապողականություն դրսևորել, իրավիճակը բավականին նուրբ է` դրանում մի կողմից անմիջականորեն ներգրավված է մեր ռազմակավարական դաշնակից Ռուսաստանը, մյուս կողմից` Եվրամիությունն ու ԱՄՆ-ն: Արևելք-Արևմուտք շահերի բախման խաչմերուկում Հայաստանն այնպիսի մոտեցում պետք է արտահայտի, ինչը միաժամանակ չի վնասի Հայաստանի ու գործընկեր երկրների հետ հարաբերություններին, և երկրորդ, հնարավորություն կտա Ուկրաինայի հետ պահպանել հարաբերությունները:
Երրորդ, Ուկրաինայում ստեղծված անկայուն իրավիճակը, որն իր վրա է կենտրոնացրել խոշոր տերությունների ուշադրությունը, պարարտ հող է ստեղծում Ադրբեջանի համար` առաջնագծում սադրանքներ իրականացնելու համատեքստում: Զինադադարի պայամանագրի ստորագրումից ի վեր, տարբեր իրավիճակներում, Ադրբեջանը ի ցույց է դրել իր իրական դեմքը` նման իրավիճակներում սադրանքներ հրահրելով առաջին գծում: Դա իհարկե չի նշանակում լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսում, սակայն ունակ է կտրուկ լարվածություն առաջացնել:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ուկրաինան ԱՊՀ տարածքում, տնտեսական առումով մեր հիմնական պարտնյոր երկրներից է, անշուշտ այնտեղ տեղի ունեցող պրոցեսները բացասական ազդեցություն կունենա երկկողմ առևտրա-տնտեսական հարաբերությունների վրա:
Կատարվող իրադարձությունները կարո՞ղ են ստվերել Մաքսային միության ապագան:
Ուկրաինան կարևոր դերակատարություն ուներ հատկապես ինտեգրացիոն գործընթացներում: Այն միաժամանակ կարևորություն էր ներկայացնում և Մաքսային միության և Եվրամիության համար` հատկապես Արևելյան գործընկերության ծրագրի համատեքստում: Ուկրաինան այն կետն էր, որի նկատմամբ ազդեցությունը հաջողություն էր բերելու այս կամ այն կողմին: Այն, որ Ուկրաինայում կուտակված խնդիրներ կային` ակնհայտ է, սակայն նկատելի է, որ արտաքին գործոնը մեծ դերակատարություն ուներ Ուկրաինայում նման իրավիճակի ստեղծման հարցում: Դեռ պարզ չէ, թե վերջնահաշվարկում Ուկրաինան ինչ ուղղություն կվերցնի, սակայն նրա դիրքորոշումը շատ կարևոր է ինչպես Մաքսային միության, այնպես էլ Արևելյան գործընկերության ծրագրի համար:
Դեպքերի հետագա զարգացումն ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ Ղարաբաղյան խնդրի վրա:
Ինչպես ասացի, այն կարող է առաջնագծում լարվածության առաջացման ռիսկեր ստեղծել: ԼՂ հարցով բանակցություններն ակտիվ փուլում չեն, իսկ հիմնական մոդերատորների ակտիվ ներգրավվածությունը ուկրաինական հարցում պրոցեսների առավել պասիվ ընթացք է խոստանում: Իհարկե, համանախագահները պարտաճանաչ կգան ու կգնան, սակայն առաջիկայում լուրջ ակնկալիքներ պետք չէ սպասել:
                                                                                                                                                                                    Անի Կարապետյան




http://asekose.am/hy_AM/news/9/153700-oukrainayoum-stexcvac-ankayoun-iravijake-parart-hox-e-adrbejani-hamarqaxaqaget.html

Նա եկավ աշնան քամու նման. Վահագ Ռաշ

«Բացի լավ ու ճիշտ աշխատելուց իրական հաջողությունների ոչ մի բան էլ չի բերի»: Այս կարծիքին է ռոք երգիչ Վահագ Ռաշը, ով հանդիսատեսին ներկայացավ «Աշնան քամի» տեսահոլովակով՝  միանգամից գրավելով շատերի ուշադրությունը: Նրա՝ երգարվեստ մուտքի, հաղթահարած խոչընդոտների, շոու բիզնեսի ներկայացուցիչների վերաբերմունքի, X Factor-ի մասնակցության, սիրելիին հանդիպելու և այլ հարցերի վերաբերյալ զրույցը՝ ստորև:
Վահագ, սովորել ես  ՀՊՃՀ-ի ցանցային կառավարում բաժնում:  Ինչպե՞ս կատարվեց անցում դեպի երգարվեստ:
-Երաժշտությունն ինձ դեռ մանկուց է գրավել: Երրորդ դասարանից հաճախել եմ երաժշտական դպրոց՝ կիթառի դասընթացների: Ուսանողական տարիներին հաճախ էի նվագում: Ինչ վերաբերում է երգելուն, ապա  կարելի է ասել, երգել սկսել եմ բանակային տարիներին: Միացնում էինք համակարգիչն ու կարաոկե երգում:
Հետո, Ռուսաստանում մի մրցույթ կար՝ հաղթողի երգը գործիքավորում էին: Մասնակցեցի,  առաջին անգամ կատարեցի «Համբույրի մ'ը մեջ» երգը և հաղթեցի: Նրանք կատարեցին գործիքավորումը և այդտեղից էլ ամեն ինչ սկսվեց:
Նշեցիր, որ հաճախել ես կիթառի դասընթացների. քո ցանկությամբ, թե՞  ծնողների:
-Իմ ցանկությամբ: Բայց ստիպված 6 տարի հաճախել եմ դաշնամուրի դասընթացների: Լավ էի նվագում, սակայն  հաճույքով չէի գնում:
Ի՞նչ ես կարծում, կոնկրետ այս դեպքում, ուսուցիչը կա՞պ ունի այս կամ այն երաժշտական գործիքը սիրելու կամ չսիրելու գործում:
-Բնականաբար կապ ունի: Առաջին հերթին պետք է լավ մանկավարժ լինեն, չէ՞ որ երեխաների հետ են աշխատում: Ուսուցչի փոխանցած էներգիան շատ կարևոր է: Դպրոցում էլ, օրինակ, եթե մի առարկա չեն սիրում, ասում են, որ ուսուցիչը վատն է եղել:
Մոտ 4 տարի է՝ երգարվեստում  ես. Որո՞նք էին և են, քո առջև ծառացած խոչընդոտները:
-Սկզբում շատ դժվար էր: Նախ չէին ճանաչում, հետո էլ դասական էլեմենտների վրա ռոքային երաժշտությունը նորություն էր: Ճիշտ է, որպես նորություն գրավեց, ասենք մեկ-երկու ռադիոհաղորդման հրավիրեցին, սակայն երգն այդպես էլ չէր հնչում որևէ  ռադիոյի կամ հեռուստաընկերության եթերում:
Իսկ, երբ նկարահանեցի առաջին տեսահոլովակը, ռեժիսորը տվեց ձեռքս ու ասաց՝ գնա: Թե ուր պետք է գնայի ու ինչ անեի՝ գաղափար չունեի: Որոշեցի տեղադրել համացանցում: Մի քանի օրից հեռուստանընկերություններից առաջարկ ստացա և տեսահոլովակը հայտնվեց էկրաններին:
Հիմա իրավիճակն այլ է: Ամեն օր տարբեր ռադիո և հեռուստաալիքներով գոնե մեկ անգամ հնչում է երգերից որևէ մեկը:
Ինչպե՞ս ընդունեցին  քեզ «մեծ ընտանիք»:
Շոու բիզնեսի ներկայացուցիչներին էլ  դժվար ընդունեցին: Կարծում եմ, յուրաքանչյուր բնագավառում էլ այդպես է: Երբ նոր մարդ է հայտնվում՝ դժվարությամբ են ընդունում: Ուստի, դու պետք է քո գործով՝ երաժշտությամբ, երգի բառերով ապացուցես, որ արժանի ես և կարող ես քո ուրույն տեղը զբաղեցնել երգարվեստում, ինչու չէ, ունենաս նաև քո ներդրումը:
Ըստ քեզ, ինչպիսի՞ն է հայկական երգարվեստը: Ի՞նչ թերություններ կան:
-Թերություն չեմ կարող անվանել, բայց, ավելի շատ աշխատում են կոմերցիայի համար: Քավորի, սանիկի, հարսնաքրոջ մասին երգ են գրում ու գնում երգելու:
Այսօր, գովելի է, որ եթերով քիչ է պրոպագանդվում հայկական երգարվեստի թերություններից մեկը՝ ռաբիսը: Հիմնականում, եթե հնչում էլ է նման երաժշտություն, ապա կոմերցիոն նպատակով:
Վերջերս մասնակցեցիր հեռուստաընկերություններից մեկում  հեռարձակվող մրցութային ծրագրի: Խոսքը  X Factor-ի մասին է: Ինչո՞ւ որոշեցիր մասնակցել և, մրցույթից դուրս մնալու պատճառն, ըստ քեզ, ի՞նչն էր:
-Ճիշտն ասած մրցույթին մասնակցելն իմ գաղափարը չէր, ես մրցույթներ չեմ սիրում: Կողքից անընդհատ հարցնում  էին, թե ինչո՞ւ չես գնում, ուստի որոշեցի գնալ: Իսկ մրցույթից դուրս մնալու պատճառն երգի սխալ ընտրությունն էր: Չեմ ժխտի, որ մեծ դեր խաղաց նաև վատառողջ լինելս: Ուկրաինայից նոր էի վերադարձել, մեքենայով(ինքնաթիռ այդքան էլ չեմ սիրում) հազարավոր կիլոմետրեր էի կտրել-անցել, դրա համար էլ ձայնի հետ կապված խնդիրներ առաջացան:
Փոխարենը չես մասնակցում շոու ծրարգրերի: Հրավեր չկա՞, թե՞…
-Կային, պարզապես աշխատանքի առումով հաճախ եմ Հայաստանից բացակայում և, ամենայն հավանականությամբ, այժմ դրանց չլինելու պատճառն այն է, որ կարծում են, թե հայրենիքում չեմ:
Վերջերս ֆեյսբուքյան քո  էջում հարցում էիր կազմել` առաջարկելով ընտրել ներկայացված հայ գրողնեից մեկին և նշել կոնկրետ ստեղծագործություն` խոստանալով ստեղծագործության բառերով երգ ներկայացնել: Ո՞ր ստեղծագործությունների միջև էր  «պայքարն» ընթանում, ո՞րը  հաղթեց և երգը պատրա՞ստ է,  թե՞ ոչ:
-Տերյան, Թումանյան…շատ էին: Հաղթեց Պարույր Սևակի «Նամակ» ստեղծագործութունը: Ճիշտն ասած, շատ զարմացա, որ Սևակ ընտրեցին, քանի որ նրա ստեղծագործությունները բարդ են, հանգավորում չկա, ինչն էլ դժվարացնում է աշխատանքը: Ուստի երգ կձայնագրենք, բայց տեսահոլովակ չենք նկարահանի, որովհետև շատ երկար է ստեղծագործությունը:
Հիմնականում երգի ես վերածում  հայ լավագույն բանաստեղծների տողերը.Կապուտիկյան, Մեծարենց, Շիրազ, ՏերյանԵրբևէ փորձե՞լ ես ժամանակակից պոեզիայի ներկայացուցիչների բանաստեղծությունները կատարել:
-Ճիշտն ասած, ժամանակակից բանաստեղծների չեմ էլ ճանաչում: Բայց,  կոնկրետ ընկերներ ունեմ, ովքեր ստեղծագործում են: «Ես կգամ»  երգը օրինակ, նրանցից մեկի՝ Տաթևի կողմից է գրվել:
Տեղյակ եմ, որ ինքդ նույնպես ստեղծագործում  ես և առաջին գործդ, որքան գիտեմ՝ օրորոցային է եղել: Կպատմե՞ս ինչպես ստացվեց:
-Այո, ճիշտ գիտեք: Իմ և քույրիկիս միջև տարբերությունը գրեթե 10 տարի է: Մայրիկս ուսուցչուհի է,  երբ գնում էր դպրոց՝ քրոջս քնեցնելը դառնում էր իմ կարևոր պարտականությւոններից մեկը: Չէր քնում, ստիպված որոշեցի երգել և այդպես ստեղծվեց երգը:
Որևէ տող կարո՞ղ ես հիշել:
-Օ՜յ, փորձեմ մտաբերել: Մոտավորապես այս տողերն էին.
Քնիր, քնիր իմ քաղցրիկ,
Քնիր,  քնիր իմ անուշ քույրիկ,
Լուսինն է վերից շողում,
Աստղերն են մեղմիկ փայլում…
Առաջին տեսահոլովակը, որ հանձնեցիր հեռուստադիտողի դատին՝ կոչվում էր «Աշնան քամի», ի՞նչ բերեց կամ կուզես, որ քեզ  բերի աշնան քամին:
-Արդեն բերել է: Աշնան քամու նման եկավ նա՝ իմ սիրելի կինը՝ մարդ, ով ինձ համար մի ուրիշ աշխարհ է:
Ինչպե՞ս հանդիպեցիր նրան:
-Համերգի ժամանակ: Երբ տեսա՝ թվաց թե վաղուց ծանոթ ենք: Նա ինձ այնքան հարազատ թվաց: Երևի թե հենց սա է սերը:
Նա նույնպես երաժի՞շտ է:
-Ոչ, կենսաբան է, ավելի կոնկրետ՝ կենսաքիմիայի բաժնում է սովորել: Իսկ քիմիան իմ չսիրած առարկան էր…
Ֆեյսբուքյան գրառումներում հաճախ ես անդրադառնում շատերին հուզող խնդիրներին. կարմիր գծեր, տեսախցիկներ, արտագաղթ...Երբևէ երկիը լքելու ցանկություն ունեցե՞լ ես:
-Շատ եմ որոշել գնալ և մնալ, բայց, երևի բնավորության գիծ է, չեմ կարողանում: Հայաստանն իմ տունն է: Հողը, հարազատները, ընկերները..սա լրիվ այլ աշխարհ է: Ուրիշ երկրում ասենք գործդ վերջացնում ես, տուն ես գալիս, ոչինչ չկա  անելու: Ո՞ւմ զանգես, ասես՝ արի գնանք ճաշելու:
Վերջերս նոր ֆիլմ է նկարահանվել, որի երաժշտության հեղինակը դու ես: Ինչպե՞ս ստացվեց համագործակցությունը:
-Պարզապես առաջարկեցին երաժշտություն գրել, և որոշակիորեն տեղեկանալով սցենարին, հասկացա, որ ֆիլմին բնորոշ է Միսաք Մեծարենցի «Համբույրի մ'ը մեջ» ստեղծագործությունը: Ֆիլմը նկարահանվել է բարեգործական հիմունքներով: «Ժամանակ» ֆիլմի սաունդթրեքի շնորհանդեսը տեղի կունենա մարտի 10-ին՝ ին Առնո Բաբաջանյան համերգասրահում: Ելույթ են ունենալու նաեւ հայ ճանաչված երգիչ-երգչուհիներ՝ Ռուբեն Հախվերդյանը, Դավիթ Ամալյանը, Սոնա Շահգելդյանը, Վախթանգ Հարությունյանը եւ ուրիշներ: Ամբողջ հասույթը տրամադրվելու է Խարբերդի մանկատանը:
Որո՞նք են այն աշխատանքները, որոնք պլանավորել ես կատարել առաջիկայում:
Խմբիս 5 տղաներից երկուսը աշխատանքի բերումով Քաթարում են, սակայն ապրիլին մենահամերգով հանդես գալու շատ մեծ ցանկություն ունեմ: Պատրաստվում եմ նաև մի շարք երգեր գործիքավորել, որտեղից էլ պարզ կդառնա, թե որի հիման վրա տեսահոլովակ կնկարահանեմ:
Անի Կարապետյան






http://asekose.am/hy_AM/news/9/153921-na-ekav-asnan-qamou-nman-vahag-ras.html