Աշխարհում ամենատարածված խաղերից մեկը շախմատը կամ ճատրակն է: Այն երկու խաղացողի համար նախատեսված սեղանի խաղ է, որը խաղում են հաջորդաբար բաց և մուգ գույնի 64 դաշտ ունեցող (8 x 8 վանդակ) քառակուսի խաղատախտակի վրա։
Շախմատային պարտիայի (խաղի) սկզբում խաղացողներից յուրաքանչյուրը ունենում է 16 խաղաքար՝ մեկ արքա, մեկ թագուհի, երկու նավակ, երկու ձի, երկու փիղ և ութ զինվոր։ Ընդամենը վեց տեսակի խաղաքարերից յուրաքանչյուրը քայլում է յուրովի։ Խաղաքարերը օգտագործվում են հակառակորդի խաղաքարերը հարվածելու և վերցնելու համար, խաղի նպատակն է «մատ հայտարարել» հակառակորդի արքային,[1] այն է, «հարվածի տակ վերցնել» հակառակորդի արքային, այնպես, որ հարվածից հնարավոր չլինի խուսափել։ Բացի մատ հայտարարելու դեպքից, խաղը համարվում է շահած, եթե.
հակառակորդը ինքնակամ հանձնվել է,
հակառակորդը սպառել է ժամանակը,
հակառակորդը չի ներկայացել խաղին։
Խաղը համարվում է ոչ-ոքի ավարտված, եթե.
խաղատախտակի վրա պատ է (տվյալ խաղացողը չունի ոչ մի քայլ),
կողմերից մեկը հայտարարում է հավերժական շախ,
դիրքը կրկնվում է երեք անգամ, եթե բոլոր դեպքերում քայլ պետք է կատարի նույն խաղացողը,
հիսուն քայլի ընթացքում չի վերցվել ոչ մի ֆիգուր և ոչ մի զինվոր չի կատարել քայլ,
կողմերի համաձայնությամբ (որոշ միցաշարերում այս դեպքը չի կիրառվում կամ կիրառվում է քայլերի սահմանափակմամբ, օրինակ՝ առաջին 30 քայլի ընթացքում համաձայնություն չի թույլատրվում)։
Տարբերում են խաղի 3 փուլ ՝սկզբնախաղ (երբեմն բացում), միջնախաղ և վերջնախաղ (երբեմն էնդշփիլ, գերմ.՝ Endspiel , թարգմանաբար՝ խաղի ավարտ)։
Շախմատում բացի սովորական մատից կա նաև հիմար և մանկական մատ։
Հիմար մատը շախմատային պարտիայում երկրորդ քայլում արված մատն է (ամենաարագ մատը դասական շախմատում)։
Ավելի լայն իմաստով` հիմար մատը պարտիայի սկզբնական փուլում h4-e1 կամ h5-e8 անպաշտպան անկյունագծերից մեկով թագուհով կամ (որն ավելի քիչ է հանդիպում) փղով արվող մատն է։ Կա հիմար մատի ութ տարատեսակ։ Այսպես, սպիտակները կարող են խաղալ ոչ թե f3, այլ f4։ Կամ սկզբում քայլել ոչ թե «f», այլ «g» զինվորով։ Ինչպես նաև սևերը կարող են տեղափոխել ոչ թե e6, այլ e5։
Իսկ մանկական մատը ստացվում է 1. e4 2. Փc4 3. Թh5 4. Թ։f7× քայլերից հետո։ Խաղաքարերը կարող են տեղաշարժվել այլ հերթականությամբ, սակայն հիմնական գաղափարն այն է, որ թագուհին և փիղը գրոհում են f7 դաշտը։
Ի տարբերություն հիմար մատի, որը հազվադեպ է հանդիպում, մանկական մատը հաճախ է հանդիպում սկսնակների պարտիաներում։ Դրանից հեշտ է խուսափել, սակայն 1. e4 e5 2. Թh5 Աc6 3. Փc4 քայլերից հետո մանկական մատ կարող է ստացվել 3. Աf6 4. Թ։f7× քայլերից հետո:
Մանկական մատի հիմնական գաղափարը միայն սև արքայի կողմից պաշտպանվող թույլ f7 դաշտը գրոհելն է:
Комментариев нет:
Отправить комментарий