«Եթե կորցնենք Արցախը, մենք կշրջենք հայ ժողովրդի պատմության վերջին էջը...»
«Ես երդում տված եմ եւ կպատկանամ մեկ մարդու, այդ մարդը հայրենիքի ազատության զինվորն է։ ... իմ նպատակն է կռվել Արցախի հաղթանակի համար, հանուն որի կյանքս ալ անգամ չեմ խնայե։ ... Ես երդում տված եմ... Արցախը իմ առաջին պայքարը չէ, եւ վստահ եմ, որ վերջինը չի ըլլա...»:
«Շատ նորմալ բան է, որ հայը գա ու իր հայրենիքը պաշտպանե, իրավունքն է բոլորին ու նաեւ պարտականությունը: Զարմանալին այն է, որ ավելի շատ հայեր չեն եկած»
«Բոլոր հայերը կեղծ անձնագրեր են կրում՝ ֆրանսիական, ամերիկյան, դրանք կեղծ կլինեն այնքան ժամանակ, քանի դեռ դրանք հայկական չեն...»
Մոնթե Մելքոնյան
Մոնթե Մելքոնյանը ծնվել է 1957 թվականի նոյեմբերի 25-ին ԱՄՆ-ում՝ ցեղասպանության ճիրաններից փրկված և Կալիֆորնիայի Վայսելիա քաղաքում հանգրվանած հայի ընտանիքում:
Հաճախել է տեղի միջնակարգ դպրոցը: 1969-1970 թվականներին ընտանիքով ճամփորդել է Եվրոպայի և Միջին Արևելքի 41 երկրներում, այցելել Արևմտյան Հայաստան` իր պապերի ծննդավայրը: Այդ տարիքում առաջին անգամ գիտակցել է իր հայ լինելը:
1973 թ., որպես առաջավոր աշակերտ, փոխուսուցման ծրագրով նրան ուղարկել են Ճապոնիա, որտեղ 18 ամիս սովորել է Օսակա քաղաքում: Այդ ընթացքում իր իսկ նախաձեռնությամբ ճամփորդել է Հարավարևելյան Ասիայի մի շարք երկրներում, այդ թվում` Հարավային Կորեայում, Կամբոջիայում, Թաիլանդում, Վիետնամում:
1978թ. ավարտել է Կալիֆորնիայի Բերկլիի համալսարանի հին ասիական ժողովուրդների պատմության և հնագիտության բաժինը` բացառիկ ընդունակությունների շնորհիվ ուսման 4 տարվա ծրագիրը յուրացնելով 2,5 տարում:
Ուսանելու տարիներին մի քանի ընկերների հետ հիմնել է Բերկլիի համալսարանի «Հայ ուսանողների միությունը»` նպատակ ունենալով համախմբել Բերկլիում սովորող սփյուռքահայ երիտասարդությանը կազմակերպության միջոցով համապատասխան աշխատանք կատարել ազգային նշանակության խնդիրների լուծման համար: Տիրապետել է 7 լեզուների: Գրել է ուսումնասիրություններ ազգային-ազատագրական պայքարի մասին:
1980թ. անդամագրվել է Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակին (ԱՍԱԼԱ): Այդ և հաջորդ տարիներին իր ռազմական գիտելիքները կատարելագործել է ՀԱՀԳԲ-ի ռազմական կայանում. ձեռք բերելով լրացուցիչ գիտելիքներ ու փորձ` հետագայում դարձել է ՀԱՀԳԲ-ի գլխավոր մարզողներից մեկը:
Կեղծ անձնագիր կրելու մեղադրանքով և Հռոմում թուրք դիվանագետի դեմ մահափորձ կատարելու կասկածով 1981թ. նոյեմբերի 11-ին ձեռբակալվել է Օրլիի օդանավակայանում և մեկ ամիս հետո ազատ արձակվել: Սակայն 1981թ. վերջից ապրել է ընդհատակում:
1983թ. գործելաձևի և կազմակերպչական խոր տարաձայնությունների պատճառով մի խումբ ընկերների հետ հեռացել է ԱՍԱԼԱ-ից ու ապրել լիակատար մեկուսացման պայմաններում:
1983թ. օգոստոսին համախոհների հետ ստեղծել է «ՀԱՀԳԲ-հեղափոխական շարժում» կազմակերպությունը:
1985թ. նոյեմբերին երկրորդ անգամ է ձերբակալվել Փարիզում` հայկական պահանջատիրական բնույթի անլեգալ գործունեության և դարձյալ կեղծ անձնագիր կրելու մեղադրանքով և մինչև 1989թ. հունվարն անցկացրել Ֆրեն և Պուասի բանտերում:
Մեկուսացման և բանտարկության տարիներին գրել է հայ ժողովրդի նորագույն ազատագրական պայքարի մասին հոդվածներ, որոնք տպագրվել են Փարիզի «Հայ պայքար», Լոնդոնի «Կայծեր» թերթերում և Սան Ֆրանսիսկոյի «Սարդարապատ» ամսագրում:
1989թ. հունվարին Մոնթեն ազատ է արձակվել: Փաստաթղթեր չունենալու պատճառով 1989թ. փետրվարից մինչև 1990թ. սեպտեմբերն ապրել է թափառական ու հալածական, նախ` կարճ ժամանակով Եմենում, ուր նրան է միացել կինը, ապա` Կենտրոնական Եվրոպայում ու Հարավսլավիայում:
1990թ. հոկտեմբերին Մոնթեին վերջապես հաջողվել է գալ Հայաստան: Մինչև 1991թ. սեպտեմբերը զուգընթաց կատարել է գիտական ու զինվորական աշխատանքներ: Հայաստանի գիտությունների ակադեմիայի արևելագետ մասնագետների հետ գրեթե 8 ամիս զբաղվել է «Հայաստանը և իր հարևանները» ծավալուն գրքի ստեղծմամբ, սակայն աշխատանքներն մնացել են անավարտ` Շահումյանում և Արցախում լարված իրավիճակի և զինված ընդհարումների պատճառով:
1991թ. սեպտեմբերի 12-ին ֆրանսաբնակ հայուհու հետ իբրև թարգմանիչ` Ավո կեղծանվամբ, մեկնել է Արցախի հյուսիսային դարպաս` Շահումյանի շրջան:
1992թ.-ին Վազգեն Սարգսյանի առաջարկով ստանձնել է Մարտունու շրջան շտաբի պետի պարտականությունը։ Այստեղ կարճ ժամանակում նա իր անկեղծությամբ ու մաքրությամբ շահեց բնակչության սերն ու հարգանքը, ։ Նրա ղեկավարությամբ Մարտունին դարձավ ամենապաշտպանված ու ամենամարտունակ շրջանը։ 1993թ.-ի մարտ-ապրիլ ամիսներին նրա ղեկավարությամբ ազատագրվեց նաև Քարվաճառը։ 1993թ.-ի հունիսի 12-ին հետախուզության նպատակով Մոնթեն մարտընկերների հետ մեկնում է Աղդամի շրջանի Մարզիլի գյուղի մատույցներ, որտեղ ադրբեջանական զրահամեքենայի կրակոցից զոհվում է։
Комментариев нет:
Отправить комментарий