Ամերիկահայ հաղորդավար Ստեփան Փարթամյանը թողարկել է երկու խոշոր «Partam» և «April 24» հավելվածները: «Partam» հավելվածը ներառում է լուսանկարներ, տեղեկատվություն, քարտեզներ, որոնք վերաբերում են ԱՄՆ-ի, Կանադայի, Ֆրանսիայի և այլ երկրներում գտնվող հայկական տեսարժան վայրերին, իսկ April 24ում զետեղված է հայերի ունեցած ներդրումն աշխարհում:
«Վաղուց էի հայտարարում, որ պետք է մեզ ԱՄՆ-ում վավերագրեմ ու տարիներ շարունակ տվյալներ էի հավաքել, թե ԱՄՆ-ում հայության հետ կապված ինչ կա: Սրա համար, բնականաբար, գումար էր անհրաժեշտ: Որևէ կազմակերպություն չհետաքրքրվեց սրանով, քանի որ անգամ իրենք իրենց մասին չեն գրում: 100 տարի է կան՝ սրանից-նրանից են իմանում իրենց կազմակերպության մասին:
9 տարի արձագանք չեղավ, ուստի 2009թ.-ին չհամբերեցի և որոշեցի կատարել սա՝ թեկուզև առանց գումարի: Գիրք հրատարակեցի՝ այնտեղ զետեղելով ամերկահայերի, ովքեր մեծ ներդրում ունեն գիտության, մշակույթի մեջ: Մարդիկ, որոնց գործունեությունն օգնել է աշխարհի բնակչությանը: Այս գիրքը 20 դոլարով վաճառեցի: Առաջին օրը 600 դոլար աշխատեցի, հաջորդ օրը 500 գիրք մեքենայիս մեջ դրեցի և ճամփա ելա.Լոս Աջելեսից դեպի Արիզոնա, ապա եղա 48 նահանգներում ՝ 50 օրվա մեջ վավերագրելով մի շարք վայրեր: Եթե մի վայրում Եռագույնն է, կամ ԱՅԲ, ԲԵՆ, ԳԻՄ-ը, որը մշտական է և հանրությունը կարող է տեսնել, վավերագրում եմ:
ԱՄՆ-ի պարագայում վավերագրել եմ նաև անգլերենով վայրերի հայկական անվանակոչումները: Եկեղեցին չեմ վավերագրում, բայց, քանի որ դրա պատին անգլերենով գրված է հայկական եկեղեցի, ուստի արժանանում է իմ ուշադրությանը: Եկեղեցին վերջ ի վերջո, ինքնություն չունի, բայց մենք՝ հայերս, քանի որ «խելացի» ենք՝ քրիստոնյա հավատքին ազգային ինքնություն ենք տալիս:
Այդպիսով 133 հայկական եկեղեցի վավերագրեցի, 580-ի չափ վայրեր, բայց, քանի որ հայը տգետ է և մեկ ուղղությամբ է մտածում, գիրքս եկեղեցիների գիրք են համարում: Ասում եմ՝ խելացինե'ր, 580 նկարից 133-ն է եկեղեցի, մնացածը վայրեր են»,-մեզ հետ զրույցում ասում է Ստեփան Փարթամյանը:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ում Արմենիա անունով 3 քաղաք կա, թաղամասեր՝ հայկական անուններով, օրինակ Վահե շրջան, Վան թաղ, որոնք տարբեր պատճառներով են այդպես կոչվել:
«Իհարկե, անհրաժեշտ է հետաքրքրվել, լուրջ աշխատանք տանել, թե ինչու են այս անուններով կոչել, բայց, ցավոք, ես հնարավորություն չունեցա երկար ժամանակ ուսումնասիրել: Փենսիլվանիայում Արմենիա անունով շրջան կա:
1803 թվականին Նոահ Վիլսոն անունով մեկը գնացել և այդ շրջանն այդպես է կոչել: Գիտենք, որ ԱՄՆ պատմության մեջ կա, որ հողաշերտերի վրա դրոշակներ են դնում, մարդիկ գնում, համարակալած դրոշակը վերցնում էին ու հողը սեփականաշնորհում: Այս մարդն էլ է այդպես անում և ասում է, որ անունն Արմենիա է դնելու, նրանք հարցնում են, թե ի՞նչ է դա նշանակում, ասել է ՝ «դրախտային լեռ»: Այդ շրջանը մեծ լեռ ունի, հայի հետ կապ չունի: Երբ ուսումնասիրում ես՝ 1800-ական թթ.Արմենիան գեղեցկության, դրախտի իմաստով է: Օրինակ բրազիլացիներն իրենց աղջիկներին Արմենիա են կոչում, այն դեպքում, որ մենք գերադասում ենք օտար անունները»:
Հեռուստահաղորդավարը շեշտում է՝ հիմնական պատճառը, որ հայկականը երկրագնդի վրա ցանկանում է վավերագրել՝ այն է, որ մենք՝ հայերս ապագայի մասին չենք մտածում:
«Հայի մտածելակերպն այնպիսին է, որ եթե կա մի մեծահարուստ, փող ունի, ուրեմն լավ հայ է, նրա մասին ենք գրում, բայց կան մարդիկ, ովքեր մարդկության համար շատ կարևոր գործեր են կատարել, նրանցով հետաքրքրված չենք: Հայը ուրախ ազգ չէ, այլ տխուր, միշտ կորցրածի և ոչ ունեցածի մասին է մտածում: Ուսումնասիրում են 7-8 դարերը ու կոչումներ են ստանում, իսկ ես ներկան վավերագրեցի ու չեմ կարծում, ու ինչ-որ ամբիոնի մոտ պետք է կանգնեմ ու բացատրեմ, թե ինչ եմ արել, ուստի ես ինքս ինձ կոչում եմ տվել, որը Փարթամյանի հայկական տունն է և այն երկրագունդն է»,-ասում է նա:
«Partam» հավելվածի համար մեր զրուցակիցն արդեն եղել է 12 երկրում, վավերագրել.ԱՄՆ-ի, Կանադայի, Հայաստանի, Լիբանանի, Կիպրոսի, Հունաստանի, Իտալիայի, Իսպանիայի, Պորտուգալիայի, Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Անգլիայի մի շարք վայրեր: Մի քանի տեղեր կան, որ նորից է գնալու: Ֆրանսիայում, օրինակ, 518 վայրերից 218-ն է վավերագրել:
Իսկ, թե ինչո՞ւ «Partam», հաղորդավարը պարզաբանում է. «Անունը «Partam» է, և քանի որ հայը ստրուկ է, ասաց, թե քո ազգանունով ինչո՞ւ ես սարքել, այդքան եսասեր պետք չի լինել: Ասացի՝ ինչ անեմ, դուք չեք հարգում ինձ, ստիպված ինքնս ինձ պետք է հավերժացնեմ: Իհարկե, սա որպես կատակ էի ասում, քանի որ, եթե մարդ հայերեն իմանա, կհասկանա, որ «փարթամ»-ը հարստություն է նշանակում: Երկրագնդի հայկական հարստությունն է, որ ներկայացնում եմ այդ ծրագրում: Ի՞նչ անեմ, որ բախտի բերմամբ ազգանունս Փարթամյան է»:
Անդրադառնալով«April 24» հավելվածին՝ Փարթամյանը նշում է՝ «Արդեն 20 տարի է՝ april24.com-ը ինձ է պատկանում, գնել էի նաև 1915.com-ը, բայց, քանի որ միայն 20 դոլար ունեի, չկարողացա վերջինը պահել: april24.com-ում զետեղված է աշխարհում հայերի ներդրումը: Ես ստրուկ չեմ, որ մեծահարուստի մասին գրեմ, այլ նրա՝ ով աշխահի մարդկությանն օգնում է իր աշխատանքով: Պահանջատեր լինելու համար հայ ժողովուրդն ամենաուժեղ ազգը պետք է լինի, եթե այդպես չէ՝ ոչ մի պահանջ չի կարող ներկայացնել: Նույնիսկ Եվրատեսիլի այս վեջին հիմարությունն, էլի զգացումներով էր: Ոչ ոքի հետաքրքիր չէ, թե հայ ժողովուրդը 100 տարի առաջ ինչ փորձությունների միջով անցավ: Ավելի նախընտրելի էր, որ սիրո մասին լիներ ու վերջում ինչ-որ կերպ հիշեցնեին 100 տարի առաջ սպանված տատի մասին: Սրանից երկու տարի առաջ Էմիկ Ավագյան անունով մարդու մասին գրեցի.նրա շնորհիվ է, որ անդամալույծների համար նախատեսված սայլակները, որոնք էլեկտրական չափանիշներով են աշխատում: Հիվանդանոցներում առկա կաթիլայինն իր հեղինակածն է: Նա ապրում էր Մասաաչուսեթսում՝ շատ համեստ, փոքրիկ տնակում: Գտա նրան, գնացի գրեցի իր մասին: Նույնիսկ 1.5 ժամ հեռավորության վրա գտնվող Բոստոնի հայերը ոչինչ չգիտեին նրա մասին: ԱՄՆ-ում բնակվող նման 1500 հայի եմ գտել, որոնցից 5–ին է ժողովուրդը ճանաչում: Հաջորդ տարի, եթե նյութական հնարավորություն լինի, Թուրքիա կմեկնեմ: Մեքենայի ավտոմատ շարժիչը Ասատուր Սարաֆյանն է ստեղծել: Որբ, ով 1915 թվականին փախչում է, հաստատվում ԱՄՆ-ում, իսկ ընտանիքը սպանվում է: Ահա, ներկայացնելու եմ նրա ու ընտանիքի պատմությունը և մի թուրքի հետ կատարած զրույց, որտեղ թուրք կինն ասում է, որ չէր կարող ինքնաշարժ վարել, բայց քանի որ կա ավտոմատ տարբերակը, ամեն առավոտ երեխաներին դպրոց է տանում, ապա աշխատանքի գնում ու նշում է, որ սրանով իր կյանքն ավելի հեշտ է դարձել»:
Իսկ թե ինչո՞ւ հավելվածներ ՝ հաղորդավարը պատասխանեց.
«Քանի որ նոր սերնդին ավելի շատ տեխնոլոգիաներն են հետաքրքրում, դրանցով է առաջնորդվում, պատրաստեցի ծրագրեր, Iphone, Android-ի համար, չնայած՝ երբ «Yes, We Have» գիրքը հրապարակեցի ԱՄՆ-ի դրոշով, երազում էի, որ գրքեր հրատարակվեն՝ տարբեր երկրների դրոշներով ու «Այո, մենք ենք»-ը լինի իրենց լեզուներով: Բայց, քանի որ գումար չկար, նախընտրեցի թվային տարբերակը»:
2015-06-04
Անի Կարապետյան
http://asekose.am/am/post/es-strouk-cem-or-mecaharousti-masin-grem