9/25/2023

Փարիզի նոր լույսը

 


Փարիզում նոր լույս է ճառագել...ահա, այսպես են սոցիալական ցանցերում խոսում հայազգի երիտասարդ երգիչ Ալեքս Գրիգորյանի մասին, ով հանդիսատեսի դատին է հանձնել իր երկրորդ և մեծ արձագանք ունեցող տեսահոլովակը: Այն կոչվում է «Մարիա»:

«6 տարեկանից նվագել եմ դաշնամուր, 10 տարեկանից էլ ձայնս եմ մշակել, իսկ երգել սկսել եմ ուսուցչիս հորդորով: Դաշնամուրիս ուսուցիչը մահանալուց առաջ կանչեց ինձ ու ասաց, որ լավ ձայն ունեմ, պետք է երգեմ, և ես նրա մահճի առջև խոստում տվեցի»,-Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ալեքսը:

Հարցին, թե բազում երգեր կան Մարիա անունով, ինչո՞վ է առանձնանում իր Մարիան, Ալեքսը պատասխանեց.

«Առանձնանում է նրանով, որ 2:17 րոպեին հայերենով այս տողերն եմ ասում.

Հայր մեր որ յերկինս ես,

Սուրբ եղիցի անուն Քո։

Եկեսցէ արքայութիւն Քո։

Եղիցին կամք Քո…

Երգումս սիրտս աղաղակում է՝ Մարիային, խնդրելով, որ չմոռանա ինձ»:

Նշենք, որ Ալեքսը ծնվել է Ֆրանսիայում՝ 1981 թվականին: Նրա հայրական կողմը Արևմտյան Հայաստանից է: Խաղում է Ֆրանսիայի ձեռքի գնդակի հայկական թիմում: Հայաստանում եղել է 2010-2013 թվականներին:

2015-11-30

Անի Կարապետյան

http://asekose.am/am/post/parizi-nor-louyse

Հայ իշխանավորները խափանել են համերգը՝ իջեցնել տալով վարագույրը


 Ռոք երաժշտությունը հանրամատչելի երաժշտության ժանր է, որի գործիքավորումը սովորաբար ներառում է էլեկտրական կիթառ, բաս կիթառ և հարվածային գործիքներ։ Ռոք երաժշտության շատ ժանրեր ներառում են նաև ստեղնաշարային գործիքներ՝ երգեհոն, դաշնամուր, մելլոտրոն, սինթեզատոր։

Այս  երաժշտությունը ծագում է 1940-ականների և 1950-ականների ռոքնռոլից և ռոքաբիլլիից, որոնք ձևավորվել են բլյուզի, քանթրի երաժշտության և այլ ուղղությունների ազդեցության ներքո:

Ռոք երաժշտության ենթաժանրերից է ծանր ռոքը (անգլ. hard rock կամ heavy rock, բառացի՝ ծանր ռոք), որին բնորոշ է Էլեկտրակիթառների, բասս կիթառի, դաշնամուրի, հարվածային  և ստեղնաշարային գործիքների առատ օգտագործումը։

Հայտնի խմբերն էին՝ The Who-ն, Deep Purple-ը, Iron Butterfly-ը, Blue Cheer-ը և Led Zeppelin-ը:

Հայաստանում ռոք երաժշտություն սկսել են ներկայացնել 1960-ական թվականների կեսերից:

Երևանում, Գյումրիում և Վանաձորում գործել են համամիութենական մակարդակի մեծաթիվ ռոք-խմբեր և կատարողներ, այդ թվում Արթուր Մեսչյանի «Առաքյալները», «Կալեյդոսկոպ», «1+2», իսկ  Երևանի «Դինամո» դահլիճում տեղի են ունեցել միջհանրապետական ռոք-փառատոներ։ Չնայած պետական ճնշումներին՝ 1980-ականներին հայտնվել են նոր խմբեր. «Ասպարեզը», որը ալբոմ է թողարկում սովետական «Մելոդիա» ֆիրմայում, և Արթուր Միտինյանի լեգենդար «Այաս»-ը: Վերջինը ընդամենը մեկ տարվա ջանքերի արդյունքում ունենում է մեծ հաջողություն, և հայկական մեկ այլ` «Ասպարեզ» մետալ խմբի հետ միասին գերմանական «Melodie und Rhytmus» և «Neues Leben» ամսագրերի կողմից ընդգրկվում է ԽՍՀՄ լավագույն ռոք խմբերի տասնյակում։ «Այաս»-ի գործունեության դադարեցման, համերգների խափանման, հիմնադիր Արթուր Միտինյանի՝ Հայաստանից հեռանալու, ծանր ռոքի և հայկական հոգևոր երաժշտության համադրության, աշխարհում առաջին «Բիթլզ ընդմիշտ» ռոք-բալետի ստեղծման, հայկական առաջին ռոք-օպերայի ներկայացման և այլ հարցերի շուրջ զրուցել ենք խմբի հիմնադիր Արթուր Միտինյանի հետ:

1987 թվականին հիմնադրեցիք «Այաս»-ը (AYAS): Ինչպե՞ս է կատարվել խմբի  անվան   ընտրությունը:

Խմբի անվան գաղափարը երիտասարդական «Դեբյուտ» թատրոնի ռեժիսոր Լև Հովհաննիսյանինն է: «Այաս»-ը Կիլիկիայի խոշոր նավահանգիստներից մեկն է, հիմնադրվել է հույն վերաբնակիչների կողմից հավանաբար 8-6-րդ դդ (մ.թ.ա)։  Իտալացիները կոչել են քաղաքը Լայաս։ Ունեցել է հզոր միջնաբերդ, որից հիմա միայն ավերակներ են պահպանվել։ Մինչև 6–րդ դարը Կիլիկիայի հունական արքեպիսկոպոսի երկրորդ աթոռանիստն էր։ Եվրոպացիներն Այասում ունեին իրենց հյուպատոսությունները։ Այժմ այն, ցավոք, գտնվում է Թուրքիայի տարածքում։

Խումբը ընտրել է ծանր ռոքի և հայկական հոգևոր երաժտության համադրությունը.ինչո՞վ էր դա պայմանավորված:

-Խմբի առաջին՝  1988 թվականին թողարկված «Երկինք ու երկիր» ալբոմում համանուն երգով ներկայացվեց հոգևոր երաժշտություն: Իսկ, ընդհանրապես, «Այաս»-ի ոճն այսպիսին էր.գուսանական, ժողովրդական երգեր, շարականներ: Օրինակ 1992 թվականին ամերիկյան AIM ամսագրում քննադատները խմբի ոճը բնութագրեցին որպես բլյուզ և շարական: Ավելի ուշ մենք նախընտրեցինք հին հայկական լադային երաժշտությունը:

Ներկայացվող երժշտություննամեն դեպքումմի շարք խնդիրներ է առաջացրելԱսում են՝ համերգներից մեկի ժամանակ նույնիսկ իջեցվել է վարագույրըայդպե՞ս է:

-ԽՍՀՄ տարիներին կիթառի այն տոնայնությունը, որին հիմա բոլորն են սովոր, ոմանց համար հանցանք էր ու զայրույթ էր առաջացնում: 1983-86թթ. դեռևս «Ասպարեզ»-ում էի, երբ օգտագործեցի այդ տոնայնությունը, որը խիստ քննադատության  արժանացավ արևմտյան քննադատների  կողմից: Իսկ հայ կոմերիտական առաջնորդներն այնպես էին անում, որ համերգի ժամանակ ձայնը շատ բարձր չլիներ, բեմադրություն չլիներ, էլ չեմ խոսում գաղափարախոսության  մասին: Գործերից մեկը, որը կոչվում էր «Ծերունին ու նավը», որը գրվել էր IX դարի հայ անհայտ հեղինակի ստեղծագործության հիման վրա, և հիշատակվում էր Աստված, այդպես էլ թույլ չտվեցին կատարել ու հանվեց խաղացանկից: 1985 թվականի «Ուսանողական գարուն » երիտասարդական փառատոնի ժամանակ, երբ կատարում էինք այս ստեղծագործությունը, խափանեցին համերգը՝ իջեցնելով վարագույրը:

Եվ, որոշ ժամանակ անց,  խումբը դադարեց գործել… ինչո՞ւ:

1995 թվականի ապրիլի 20-ին ընտանիքով մեկնեցինք Մոսկվա, որտեղ սկսեցի աշխատել  INRI և Sermon ռոք խմբերի հետ: Տարիներ անց՝ 2008 թվականին «Այաս»-ի նոր խումբը հավաքվեց և ապրիլի 18-ին՝ 14 տարի ընդմիջումից հետո  մասնակցեցինք Metal Atack փառատոնին, իսկ  2010 թվականին Երևանում խումբը հանդես եկավ  մենահամերգով` Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ։ Համերգի ձայնագրությունը թողարկվեց DVD-սկավառակով։

2014 թվականից կոմպոզիտորների միության անդամ եքՀետևո՞ւմ եք հայաստանյան երաժշտական անցուդարձին:

-Հայաստանի և Ռուսաստանի կոմպոզիտորների միության անդամ եմ՝ սկսած 1988 թվականից: Ուղղակի այդ ժամանակ կոմպոզիտորների միությունը գործ չէր անում, համերգներ չկային, ոչ էլ հանդիպումներ: Հետո Ռուսաստանում ինձ միության անդամ լինելու համապատասխան փաստաթուղթ էր անհրաժեշտ, դիմեցի Երևան, չգտան, ստիպված կրկին գրանցվեցի: Դեռևս չգիտեմ, թե ինչ է կատարվում հայկական երաժշտական ասպարեզում, ոչ ոքի չգիտեմ, ուստի առայժմ մեկնաբանություն չեմ անի:

ՌԴ մշակույթի նախարարության պատվերով գրել եք «Բիթլզը ընդմիշտ» ռոք-բալետըԻ՞նչ եք գրել կամ կցանկանայիք գրել ՀՀ մշակույթի նախարարության պատվերով:

-2006 թվականի մայիսի 31-ին Սամարայում տեղի ունեցավ իմ “Beatles Forever” ռոք-օպերայի պրեմիերան: Երևանում հարց բարձրացվեց այն Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկայացնելու համար.շահագրգռված էր թե՛ թատրոնի ղեկավարությունը, թե՛ Մշակույթի նախարարությունը, բայց ամեն ինչ մոռացվեց.երևի կարևոր այլ խնդիրներ կային:

Գիտեմոր աշխատում էիք ներկայացնել «Տիգրան Մեծ» ռոք-օպերան և լսել եմոր աջակցություն եք ակնկալել նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանից.դիմեցի՞քստացա՞ք աջակցությունը:

-Այո, «Տիգրան Մեծ» օպերան ինձ շատ հոգեհարազատ է, ցավոք, դեռևս ուժ և հնարավորություն չունեմ՝ այն կյանքի կոչելու համար, բայց հուսով եմ՝ կգա օրը, որ ամբողջ ժամանակս կհատկացնեմ դրա իրականացմանը: Ինչ վերաբերում է Տիգրան Սարգսյանին, ապա այդ հարցը նրա հետ չի քննարկվել, չնայած ցանկություն կար:

«Տիգրան Մեծ»-ի փոխարենկամ նրանից առաջ հաջողվեց ներկայացնել  «Ես և նա» ռոք-օպերան:  Որքանո՞վ են համատեղելի ռոքն ու օպերան:

- Ռոքն ու օպերան համատեղելի են, այստեղ դժվար բան չկա: Իմ առաջին ռոք-օպերան՝ Խորենացու հայոց պատմությունից՝ Երվանդունիների մասին, գրվել է 1984 թվականին: «Ես և նա» -ի համար երաժշտություն գրելիս էլ ես նախընտրեցի մնալ հայկականի սահմանում: Թող ողջ աշխարհն իմանա, որ տարանտելլան ստեղծել են հայերը:

Նար-Դոսի այս պատմվածքում մեծճակատագական  դեր են խաղում նամակներըԴուք    երբևէ  նման նամակ գրել կամ ստացե՞լ եք:

-Իմ կյանքում նման իրավիճակ չի եղել, բայց Անտոնիոյի հետ շատ նմանություններ ունենք: Ինչպես նա, այնպես էլ ես՝ ներկայացնում ենք աստվածային երաժշտություն ու հավատարիմ ենք նրան: Նրանք, ովքեր գտնվում են այդ աշխարհում՝ պաշտպանված են ամեն առումով:

Կոնսերվատորիայում ուսանելիս ուսումնասիրել եք հայկական արիական քրմերի հիմները.ինչո՞վ էին դրանք արժանացել Ձեր ուշադրությանը:

 -Հայկական երաժշտությունը գաղափարների օջախ է: Որոշեցի անդրադառնալ քրմերին, քանի որ  կարծում եմ՝  պետք է հիշենք, թե որքան հզոր ենք եղել, հավաքենք բոլոր ուժերը՝ կրկին փյունիկի պես վեր հառնելու համար ու ունենանք նախկին հզոր Հայրենիքը:

Ո՞րն է քրմության խորհուրդը:

-Միշտ լինել կյանքին սիրահարված, աշխատել ու հավատալ հաղթանակին: 

Կոմպոզիտորները հաճախ դժգոհում են պետպատվերից՝ ասելովոր մի քանի կոպեկով չեն պատրաստվում ստեղծագործելԴուք ինչի՞ց եք դժգոհ:

Իսկական կոմպոզիտորին ոչինչ չի կարող տխրեցնել, եթե նա ստեղծագործում է: Ես ամեն ինչից գոհ եմ.կարևորը՝ ողջ եմ, ապրում եմ իմ երկրում:

2015-10-07

 Անի Կարապետյան

http://asekose.am/am/post/hay-isxanavornere-xapanel-en-hamerge-ijecnel-talov-varagouyre

Հիմա եմ հասկանում, թե ինչու են բոլորը լքում Հայաստանը


Հայն ապրում, ստեղծագործում, շենացնում է այլ երկիր, ցավում է այլ երկրի համար, զարգացնում է այլ երկրի մշակույթ:

Այդպիսին է ASEKOSE.am-ի թղթակցի այսօրվա զրուցակիցը՝  Սիմոն Կոստանտինյանը, ում ստեղծագործությունները կարդալիս միանգամից աչքիդ առջև են հառնում միջնադարյան հայ քնարերգուները:

 Պրն. Կոստանտինյան, կխնդրեի մի փոքր պատմեիք ձեր մասին: Որտե՞ղ եք ծնվել, ինչպիսի՞ մանկություն եք ունեցել, ի՞նչ կրթություն եք ստացել:

 -Ծնվել եմ 1957 թվականի ապրիլի 17-ին, Լիբանանում՝ Նոր Մարաշ թաղամասում: Նախնական կրթությունս ստացել եմ Նոր Մարաշի Հայ Կաթողիկե Մեսրոպյան բարձրագույն վարժարանում: 1977 թվականին Լիբանանի քաղաքացիական պատերազմի պատճառով չկարողացա ուսումս շարունակել, ուստի սկսեցի ադամանդաշար աշխատել:

Սակայն հետո թողեցիք այդ աշխատանքը և սկսեցիք ակորդեոն նվագել.ձեռնտու չէ՞ր  այդ գործը:


-Ադամանդաշարի աշխատանքը թողնելու պատճառն այդ ոլորտում աշխատանքի բացակայությունն էր: Ուստի, ակորդեոն նվագել կարողանալը կարելի է ասել, փրկեց ինձ: Փոքրուց մասնավոր դասընթացների միջոցով ակորդեոն նվագել եմ սովորել: Այժմ այն ապրուստիս գլխավոր միջոցն է:

 

Որտե՞ղ եք նվագում:


-Հյուրանոցներում, ճաշարաններում, Հայկական միություններում…

 

Ի՞նչ եղանակներ եք նվագում:


-Ֆրանսիական, իսպանական, լիբանանյան, և, իհարկե, հայկական:

 

Հայկական ո՞ր եղանակներն եք նվագում, որո՞նք են գերադասում ունկնդիրները:

 

-Մեր տոհմիկ երգերը. «Ով դու գեղեցիկ», «Ամպեց, կորավ լուսնկան», «Սև աչեր», «Ծաղիկներ», «Կիլիկիա»:

 

Ինչպիսի՞ն է կյանքը Լիբանանում, ինչպե՞ս են ապրում մեր հայրենակիցները, ի՞նչ աշխատանքներ են կատարում:

 

-Լիբանանում մոտ 100.000-անոց գաղութ ունեինք: 1975 թվականին Լիբանանի քաղաքացիական պատերազմի պատճառով շատերը գաղթեցին, այժմ 50.000 է հայերի թիվը:

 

Հայերը եղել են և կան արհեստի, մշակույթի ժողովուրդ: Եկեղեցին, երգը, պարը, թատրոնը, գրիչը հայի մշակութային գանձերն են եղել: Իսկ Լիբանան բերել են ոսկերչություն, երկաթագործություն, դերձակություն:

 

Նաև ստեղծագործում եք:  Ինչպե՞ս էր կոչվում և ինչի՞ մասին էր առաջին ստեղծագործությունը:

 

-Ստեղծագործելն ինձ համար նշանակում է շնչել, ապրել. այն հոգուս սնունդն է: Առաջին ստեղծագործությունս «Դարձեալ արև, ետքը լուսին»  խորագրով նկարագրական բանաստեղծությունն է: Ունեմ սիրերգեր, երգիծական բանաստեղծություններ, արձակ գրություններ, որոնք լույս են տեսնում լիբանանյան «Ազդակ», «Զարթօնք», «Արծիւ» թերթերում:

 

Այս տարի Վարդավառը (Քրիստոսի պայծառակերպություն) կնշվի հուլիսի 7-ին: Լիբաբանահայերը որևէ կերպ նշո՞ւմ են:

 

-Այո, նշում են այնպես, ինչպես Հայաստանում. միմյանց վրա ջուր ցողելով: Ստեղծագործություն էլ ունեմ՝ նվիրված Վարդավառին.

Ժողովուրդը ժամանակին
Բաղնիք կ՝երթար ուրախագին:
Առտուն ժամն էր տիկիններուն
Իսկ գիշերը պարոններուն:
Սակայն հիմա կարծես երկսեռ
Բաղնիքներ կան,ուր աղջիկներ՝
Գեղ,կիսամերկ քովէդ կ՝անցնին:
Կ՝երթան,կուգան,անյոգ,լոյսին:
Այդ օր կարծես ես ալ կայի
Բաղնիքին մէջ մեր քաղաքին՝
Բայց հագուստով,զարմանալի,
Կարելի չէ,մտածեցի
Սակայն շուտով Անդրադարձայ
Թէ ճամբան եմ ամէնօրուայ:
Խնդրեմ պէտք է զանազանել
Բաղնիքը ձեր մեր ճամբայէն.
Ապա թէ ոչ օր մը ճամբան՝
Կը լոգցնեն ձեզ անպայման:

 

Երբևէ եղե՞լ եք Հայաստանում:

 -Ոչ չեմ եղել, սակայն Հայաստանն ու Կիլիկիան միշտ սրտիս մեջ են:

 Մտադրություն չունե՞ք գալ:

 -Ճիշտն ասած՝ ոչ, լուրերը քաջալերող չեն:

 

 Ի՞նչ լուրեր, ինչի՞ մասին:

 -Քեռուս տղան այդտեղ էր, 150.000 դոլարի էլ տուն գնեց: Վաճառական է, ոչ մի քայլ չկարողացավ անել այդտեղ: Ժողովրդի 100-ից 10-ը հարստացել է չգիտես ինչպես, իսկ 100-ից 90-ը ասում է, թե ուտելու հաց չունի: Այս ամենից հետո գանք ի՞նչ անենք: Հիմա եմ հասկանում, թե ինչու են բոլորը լքում Հայաստանը:

2013-06-30 

http://asekose.am/am/post/hima-em-haskanoum-te-incou-en-bolore-lqoum-hayastane

Ես ստրուկ չեմ, որ մեծահարուստի մասին գրեմ

 Ամերիկահայ հաղորդավար Ստեփան Փարթամյանը թողարկել է երկու խոշոր «Partam» և «April 24» հավելվածները: «Partam» հավելվածը ներառում է լուսանկարներ, տեղեկատվություն, քարտեզներ, որոնք վերաբերում են ԱՄՆ-ի, Կանադայի, Ֆրանսիայի և այլ երկրներում գտնվող   հայկական տեսարժան վայրերին, իսկ April 24ում զետեղված է հայերի ունեցած ներդրումն աշխարհում:

«Վաղուց էի հայտարարում, որ պետք է մեզ ԱՄՆ-ում վավերագրեմ ու տարիներ շարունակ տվյալներ էի հավաքել, թե ԱՄՆ-ում հայության հետ կապված ինչ կա:  Սրա համար, բնականաբար, գումար էր անհրաժեշտ: Որևէ կազմակերպություն չհետաքրքրվեց սրանով, քանի որ անգամ իրենք իրենց մասին չեն գրում: 100 տարի է կան՝ սրանից-նրանից են իմանում իրենց կազմակերպության մասին:

9 տարի արձագանք չեղավ, ուստի 2009թ.-ին չհամբերեցի և որոշեցի կատարել սա՝ թեկուզև առանց գումարի: Գիրք հրատարակեցի՝ այնտեղ զետեղելով ամերկահայերի, ովքեր մեծ ներդրում ունեն գիտության, մշակույթի մեջ: Մարդիկ, որոնց գործունեությունն օգնել է աշխարհի բնակչությանը: Այս գիրքը 20 դոլարով վաճառեցի: Առաջին օրը 600 դոլար աշխատեցի, հաջորդ օրը  500 գիրք մեքենայիս մեջ դրեցի և ճամփա ելա.Լոս Աջելեսից դեպի Արիզոնա, ապա եղա 48 նահանգներում ՝ 50 օրվա մեջ վավերագրելով մի շարք վայրեր: Եթե մի վայրում Եռագույնն է, կամ ԱՅԲ, ԲԵՆ, ԳԻՄ-ը, որը մշտական է և հանրությունը կարող է տեսնել, վավերագրում եմ:

ԱՄՆ-ի պարագայում  վավերագրել եմ նաև անգլերենով վայրերի հայկական անվանակոչումները: Եկեղեցին չեմ վավերագրում, բայց, քանի որ դրա պատին անգլերենով գրված է հայկական եկեղեցի, ուստի արժանանում է իմ ուշադրությանը: Եկեղեցին վերջ ի վերջո, ինքնություն չունի, բայց մենք՝ հայերս, քանի որ «խելացի» ենք՝ քրիստոնյա հավատքին ազգային ինքնություն ենք տալիս:

Այդպիսով 133 հայկական եկեղեցի վավերագրեցի, 580-ի չափ վայրեր, բայց, քանի որ հայը տգետ է և մեկ ուղղությամբ է մտածում, գիրքս եկեղեցիների գիրք են համարում: Ասում եմ՝ խելացինե'ր, 580 նկարից 133-ն է եկեղեցի, մնացածը վայրեր են»,-մեզ հետ զրույցում ասում է Ստեփան Փարթամյանը:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ում Արմենիա անունով 3 քաղաք կա, թաղամասեր՝ հայկական անուններով, օրինակ Վահե շրջան, Վան  թաղ, որոնք տարբեր պատճառներով են այդպես կոչվել:

«Իհարկե, անհրաժեշտ է հետաքրքրվել, լուրջ աշխատանք տանել, թե ինչու են այս անուններով կոչել, բայց, ցավոք, ես հնարավորություն չունեցա երկար ժամանակ ուսումնասիրել: Փենսիլվանիայում Արմենիա անունով շրջան կա:

1803 թվականին Նոահ Վիլսոն անունով մեկը գնացել և այդ շրջանն այդպես է կոչել:  Գիտենք, որ ԱՄՆ պատմության մեջ կա, որ հողաշերտերի վրա դրոշակներ են դնում, մարդիկ գնում, համարակալած դրոշակը վերցնում էին  ու հողը սեփականաշնորհում: Այս մարդն էլ է այդպես անում և ասում է, որ անունն Արմենիա է դնելու, նրանք հարցնում են, թե ի՞նչ է դա նշանակում, ասել է ՝ «դրախտային լեռ»: Այդ շրջանը մեծ լեռ ունի, հայի հետ կապ չունի: Երբ ուսումնասիրում ես՝ 1800-ական թթ.Արմենիան գեղեցկության, դրախտի իմաստով է: Օրինակ բրազիլացիներն իրենց աղջիկներին Արմենիա են կոչում, այն դեպքում, որ մենք գերադասում ենք օտար անունները»:

Հեռուստահաղորդավարը շեշտում է՝ հիմնական պատճառը, որ հայկականը երկրագնդի վրա ցանկանում է վավերագրել՝ այն է, որ մենք՝ հայերս ապագայի մասին չենք մտածում:

 «Հայի մտածելակերպն այնպիսին է, որ եթե կա մի մեծահարուստ, փող ունի, ուրեմն լավ հայ է, նրա մասին ենք գրում,  բայց կան մարդիկ, ովքեր մարդկության համար շատ կարևոր գործեր են կատարել, նրանցով հետաքրքրված չենք: Հայը ուրախ ազգ չէ, այլ տխուր, միշտ կորցրածի և ոչ ունեցածի մասին է մտածում: Ուսումնասիրում են 7-8 դարերը ու կոչումներ են ստանում, իսկ ես ներկան վավերագրեցի ու չեմ կարծում, ու ինչ-որ ամբիոնի մոտ պետք է կանգնեմ ու բացատրեմ, թե ինչ եմ արել, ուստի ես ինքս ինձ կոչում եմ տվել,  որը Փարթամյանի հայկական տունն է և այն երկրագունդն է»,-ասում է նա:

«Partam» հավելվածի համար մեր զրուցակիցն արդեն եղել է  12 երկրում, վավերագրել.ԱՄՆ-ի, Կանադայի, Հայաստանի, Լիբանանի, Կիպրոսի, Հունաստանի, Իտալիայի, Իսպանիայի, Պորտուգալիայի, Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Անգլիայի մի շարք վայրեր: Մի քանի տեղեր կան, որ նորից է  գնալու: Ֆրանսիայում, օրինակ,  518 վայրերից 218-ն է վավերագրել:

Իսկ, թե ինչո՞ւ «Partam», հաղորդավարը պարզաբանում է. «Անունը «Partam» է, և քանի որ հայը ստրուկ է, ասաց, թե քո ազգանունով ինչո՞ւ ես սարքել, այդքան եսասեր պետք չի լինել: Ասացի՝ ինչ անեմ, դուք չեք հարգում ինձ, ստիպված ինքնս ինձ պետք է հավերժացնեմ: Իհարկե, սա որպես կատակ էի ասում, քանի որ, եթե մարդ հայերեն իմանա, կհասկանա, որ «փարթամ»-ը  հարստություն է նշանակում: Երկրագնդի հայկական հարստությունն է, որ ներկայացնում եմ այդ ծրագրում: Ի՞նչ անեմ, որ բախտի բերմամբ ազգանունս Փարթամյան է»:

Անդրադառնալով«April 24» հավելվածին՝ Փարթամյանը նշում է՝ «Արդեն 20 տարի է՝ april24.com-ը ինձ է պատկանում, գնել էի նաև 1915.com-ը, բայց, քանի որ միայն 20 դոլար ունեի, չկարողացա վերջինը պահել: april24.com-ում զետեղված է աշխարհում հայերի ներդրումը: Ես ստրուկ չեմ, որ մեծահարուստի մասին գրեմ, այլ նրա՝ ով աշխահի մարդկությանն օգնում է իր աշխատանքով: Պահանջատեր լինելու համար հայ ժողովուրդն ամենաուժեղ ազգը պետք է լինի, եթե այդպես չէ՝ ոչ մի պահանջ չի կարող ներկայացնել: Նույնիսկ Եվրատեսիլի այս վեջին հիմարությունն, էլի զգացումներով էր: Ոչ ոքի հետաքրքիր չէ, թե հայ ժողովուրդը 100 տարի առաջ ինչ փորձությունների միջով անցավ: Ավելի նախընտրելի էր, որ սիրո մասին լիներ ու վերջում ինչ-որ կերպ հիշեցնեին 100 տարի առաջ սպանված տատի մասին: Սրանից երկու տարի առաջ Էմիկ Ավագյան անունով մարդու մասին գրեցի.նրա շնորհիվ է, որ անդամալույծների համար նախատեսված սայլակները, որոնք էլեկտրական չափանիշներով են աշխատում: Հիվանդանոցներում առկա կաթիլայինն իր հեղինակածն է: Նա ապրում էր Մասաաչուսեթսում՝ շատ համեստ, փոքրիկ տնակում: Գտա նրան, գնացի գրեցի  իր մասին: Նույնիսկ 1.5 ժամ հեռավորության վրա գտնվող Բոստոնի հայերը ոչինչ չգիտեին նրա մասին: ԱՄՆ-ում բնակվող նման 1500 հայի եմ գտել, որոնցից 5–ին է ժողովուրդը ճանաչում: Հաջորդ տարի, եթե նյութական հնարավորություն լինի, Թուրքիա կմեկնեմ: Մեքենայի ավտոմատ շարժիչը Ասատուր Սարաֆյանն է ստեղծել: Որբ, ով 1915 թվականին փախչում է, հաստատվում  ԱՄՆ-ում, իսկ ընտանիքը սպանվում է: Ահա, ներկայացնելու եմ նրա ու ընտանիքի պատմությունը և մի թուրքի հետ կատարած զրույց, որտեղ թուրք կինն ասում է, որ չէր կարող ինքնաշարժ վարել, բայց քանի որ կա ավտոմատ տարբերակը, ամեն առավոտ երեխաներին դպրոց է տանում, ապա աշխատանքի գնում ու նշում է, որ սրանով իր կյանքն ավելի հեշտ է դարձել»:

Իսկ թե ինչո՞ւ հավելվածներ ՝ հաղորդավարը պատասխանեց.

«Քանի որ նոր սերնդին  ավելի շատ տեխնոլոգիաներն են հետաքրքրում, դրանցով է առաջնորդվում, պատրաստեցի ծրագրեր, Iphone, Android-ի համար, չնայած՝ երբ «Yes, We Have» գիրքը հրապարակեցի ԱՄՆ-ի դրոշով, երազում էի, որ գրքեր հրատարակվեն՝ տարբեր երկրների դրոշներով ու  «Այո, մենք ենք»-ը լինի իրենց լեզուներով: Բայց, քանի որ գումար չկար, նախընտրեցի թվային տարբերակը»:

2015-06-04

Անի Կարապետյան

http://asekose.am/am/post/es-strouk-cem-or-mecaharousti-masin-grem