Գիտե՞ս որ հայերեն ամենափոքր ձեռագիրը՝ Տոնացույցը, 19 գրամ է և բաղկացած 104 թերթից: Այն գրվել է Կաֆայում (Թեոդոսիա): Տարվա տոնակարգը ցույց տվող գիրք է հայ եկեղեցում։ Հետագայում տոնացույց են ներառել նաև յուրաքանչյուր տոնին պատշաճ ծիսակարգերը։ Սիմեոն Երևանցի կաթողիկոսը 1774-ին տոնացույցի երկրորդ հատորում ամփոփել է յուրաքանչյուր տարվա համապատասխան փոփոխությունները, որոնց հիման վրա սկսել են ամենամյա օրացույցներ հրատարակվել Էջմիածնում, Կոստանդնուպոլսում և Երուսաղեմում։
Իսկ ամենամեծ ձեռագիրը՝ «Մշո ճառընտիր»-ը կամ «Տօնական»-ը, 28 կգ է` 601 մագաղաթյա թերթից: Գրվել և ծաղկվել է 1200 - 1202թթ.-ին՝ Երզնկայի Ավագ վանքում, Բաբերդի տանուտեր Աստվածատուրի պատվերով։ Գրիչ՝ Վարդան Կարնեցի, ծաղկող՝ Ստեփանոս: Ձեռագիրն այժմ ունի 601 մագաղաթյա թերթ (55, 3X70, 5 սմ), յուրաքանչյուրը պատրաստված է մի երնջի կամ արջառի կաշվից։ Բաժանված է երկու մասի, կազմ չունի, քաշը 28 կգ է։ Ձեռագիրը ճառերի, վարքերի, վկայաբանությունների, պատմական քաղվածքների և ներբողների ժողովածու է, որոնք դասավորված են ըստ տարվա տոների, որից էլ՝ ժողովածուի «Տօնական» անունը։ Ձեռագիրը ճոխ զարդարված է լուսանցազարդերով, գլխազարդերով և զարդագրերով։ Պահպանվել են տերունական երկու նկարներ, մի էջում «Ծնունդը»՝ կից նկարներով և մի այլ թերթի 1/3-ում՝ «Մուտքը»։ Վառ և ինքնատիպ են գլխազարդերը, որոնք շքեղ գորգեր են հիշեցնում. երկրաչափական, բուսական և կենդանական մոտիվներով լուսանցազարդերը զարդարում են ամեն մի միավորի սկիզբ։
Ձեռագիրը սկզբում ունեցել է 660 թերթ, 17 թերթ պահվում է Վենետիկում, 1 թերթ՝ Վիեննայում, իսկ 1977-ին Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը Մոսկվայի Լենինի անվան գրադարանից ստացել է 2 թերթ, որոնք անջատվել էին 1918-ին։
«Մշո ճառընտիրը» 1202-ին հափշտակվում է Բաբերդի այլազգի դատավորի կողմից, 2 տարի թաքցնելուց հետո Խլաթում, 1204-ին վաճառում է Մշո Առաքելոց վանքին՝ 4000 արծաթե դրամով, որը հավաքվել է շրջակայքի բնակիչների և վանքի միաբանների միջոցներով։ Մինչև 1915թ.-ը ձեռագիրը գտնվում էր այդտեղ, Մեծ եղեռնի օրերին ձեռագրի երկու մասերը տարբեր ուղիներով հասել են Թիֆլիսի Հայոց ազգագրական ընկերություն, ապա՝ Երևան։ Այժմ պահվում է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում։
Комментариев нет:
Отправить комментарий