8/04/2018

Այն մասին, թե «պրոֆեսիոնալ» խմբագիրներն ինչպե՞ս են վարվում լրագրողների հետ

«Առավոտ» թերթն  խմբագրականում գրել է, թե «Անկախ Հայաստանի ամենահայտնի և սիրված լրագրողներից մեկը վերջերս ինձ հետ զրույցում մի միտք հայտնեց, որն առնչվում է ոչ միայն մեր բնագավառին: Ըստ նրա՝ այն լրագրողը, որն աշխատում է միայն աշխատավարձի համար և իր գործը սահմանափակում աշխատանքային ժա­մերով ու պարտականությունների շրջանակով, չի կարող լավ լրագրող լինել: Ասենք, եթե նրա աշ­խատանքային ժամն ավարտվում է 18.00-ին, բայց նա 18.05-ին ինչ-որ բան է իմանում ու չի ուզում նյութի վրա աշխատել, չի հրապարակում իր իմացածը՝ պատճառաբանելով, որ նա վճարվում է միայն մինչև ժամը 18.00-ն, այդ լրագրողն իսկական պրոֆեսիոնալ չէ»:
Առաջին հայացքից շատ հուզիչ նյութ է թվում, բայց ինչո՞ւ այս նույն հոդվածում չեն բացում փակագծերն ու ասում, թե խմբագիրներն ու տնօրեններն այսօր լրագրող ասելով ի՞նչ են հասկանում: Չեն ուզում ասել՝ հուշեմ. «Զոմբի», ստրուկ: Հենց նման բողոքողներն են ամեն ինչ անում, որ մարդր պրոֆեսիոնալ չդառնա:

Այն տեղերը, որտեղ կարևոր է ներկայանալ, կարելի է նոր մարդկանց ճանաչել, լրագրողին ուղարկելու փոխարեն գնում են հենց իրենք՝ խմբագիրները, տեսնես ինչո՞ւ: Չէ՞ որ պրոֆեսիոնալ են ու որպես կանոն, իրենց շատերը պետք է որ ճանաչեն: Բայց ոչ, հենց իրենք են որոշում գնալ ու նյութ գրել, որովհետև օգուտ ունեն, օգուտ:
Իսկ լրագողը...խեղճ լրագրող: Համաձայն պրոֆեսիոնալների գիտության՝ ամեն լրագրող օրը պետք է 5-7 հեղինակային նյութ անի: Այս նախադասությունը թութակի նման կրկնում են գրեթե բոլոր խմբագրություններում: Կասեք, ի՞նչ կա որ: Ոչ մի բան էլ չկա: Եթե հաշվի առնենք այն, որ ամբողջ լրատվական դաշտը քաղաքականացված է, իրենք մեկին սիրում են, փող են ստանում, մյուսից՝ ոչ, չեն հետաքրքրվում մշակույթով ու հասարակությանը հուզող խնդիրներով, եթե օգուտ չունեն, իսկ խեղճ լրագրողը պետք է  նրանց նյութերով ապահովի: Դե արդեն հասկացաք չէ՞, որ նյութ ասելով հասկանում են քաղաքական կարճ, անիմաստ, ոչինչ չասող ու իրենց ճաշակով նյութեր:
Ինչ վերաբերում է աշխատանքային ժամից հետո աշխատելուն...գոնե պրոֆեսիոնալները հետաքրքրվել ու իմացե՞լ են, որ այլ երկրներում դրա համար վարձատրում են մարդուն, թե՞ չեն ուզում իմանալ: Կամ չգիտե՞ն, թե այլ երկրներում որքա՞ն աշխատավարձ են ստանում լրագրողները: Հո ձեր տված 100-150.000 դրամը չէ՞, որ մինչև տուն են հասնում՝ չկա:  Մարդկանց զոմբի եք դարձրել, զոմբի: Պրոֆեսիոնալ լինելով՝ պետք է հասկանայիք, որ լրագրողին ազատություն է պետք, ոչ թե գրասենյակային ստրկական աշխատանք: 5-7 նյութն արեցի՞ր, դե հիմա էլ արի թարգմանություն արա, սա արա, նա արա... Ազատությո՛ւն տվե՛ք մարդկանց, ազատությո՛ւն: Մարդ է, կարող է ցանկանում է այգում նստել, աշխատել ու լավ նյութ գրել, չի կարելի՞: 
Կամ, դուք այդ երբվանի՞ց եք սկսել պրոֆեսիոնալների փնտրել: Տեսնում եք՝ մարդն առաջ գնալու հնարավորություն ունի, ամեն ինչ անում եք, որ հիասթափվի, վերջում էլ աշխատանքից ազատում  ու աշխատանքի եք վերցնում ձեր ծանոթներին: Մենակ թե չասեք՝ նման բան չկա: Դուք եք, թե թաղերը: 5 հոգով գրանցվում եք, աշխատանքային ստաժ ունենում, մնացածին էլ օգտագործում եք, մի բան էլ պահանջում, որ աշխատանքից հետո աշխատեն: Շատ ուժեղ եք, շատ:

Комментариев нет:

Отправить комментарий