«Հայ հանճարը կարողացել է ․․․ հասնել մինչև Նարեկացին, որ ապաշխարողի կերպարանքով իր գլուխը բարձրացրել է մինչև երկինք ու զրույց է արել Աստծո հետ երես առ երես։
Այստեղ արդեն հայի լեզուն չէ, որ խոսում է, բերանը չէ, որ պատմում է, կրակված սիրտն է, որ այրվում է երկիրը բռնած, տանջված հոգին, որ մռնչում է մինչև երկինք»։
Հովհաննես Թումանյան

Գրիգոր Նարեկացին միջնադարյան հանճարեղ բանաստեղծ է, աստվածաբան, երաժիշտ, հոգևորական։
Գրիգոր Նարեկացին անվերջանալի մեծություն է, ինչպես տիեզերքը, նրա մասին ինչ էլ խոսենք, միշտ թերի է լինելու։

«Մատյան ողբերգության» պոեմը ոչ միայն հայ, այլև համաշխարհային գրականության գլուխգործոցներից է։

«Նարեկացին սյուն է, որը Շեքսպիրի, Դանթեի, Հոմերոսի նման երկինք է պահում», - ասել է լիտվացի մեծ բանաստեղծ Էդուարդաս Մեժելայտիսը։

Օտարները Նարեկացու ստեղծագործությանը ծանոթանալիս զարմանք և հիացմունք են ապրում, որ իտալական Վերածննդից դարեր առաջ՝ 10-րդ դարում, Հայաստանում նման բանաստեղծ է եղել։ Որովհետև Նարեկացին դեռ Դանթե Ալիգիերիից 250 տարի առաջ հաղթահարել է միջնադարյան գրականության անկենդանությունն ու վերածնունդ ներարկել իր ստեղծագործությունների մեջ։

Նարեկացին հայ առաջին մեծ բանաստեղծն է:

Առաջին բանաստեղծն է, որն իր այլաբանական տաղերում բնության թրթռուն գեղեցկությունը դարձրեց բանաստեղծության նյութ («Տաղ վարդավառի»)՝ սկիզբ դնելով հայկական Վերածննդին։

Առաջին բանաստեղծն է, որի այլաբանական տաղերում կարելի է տեսնել մարդու արտաքին գեղեցկության, աշխատանքի վառ նկարագիր («Հարություն», «Մեղեդի ծննդյան»)․․․

Առաջինն ու միակն է, որ կարողացել է ողջ մարդկության անունից զրույց սկսել Աստծու հետ, հասնել ու ձուլվել նրա արարչագործ էությանը («Մատյան ողբերգության» պոեմ)։

Առաջինն ու միակն է, որի ստեղծագործությունը սրբացրել է ժողովուրդը ու մինչև օրս էլ հավատում է, որ այն բժշկող զորություն ունի («Մատյան ողբերգության» պոեմ)։

Հրաչյա Ռուխկյան «Գր․ Նարեկացու դիմանկարը»
«Նա նման է հորիզոնի, որքան հեռանում ես իրենից, այնքան մոտենում է ինքը և ինչքան մոտենում ես իրեն, այնքան հեռանում է նա՝ մնալով միշտ անհաս ու անմատույց․․․
․․․․Նրա ծննդից անցել է 1000 ու 20 տարի, այդ ընթացքում նրան երկնած ժողովուրդը ծնել է 20 մեծ բանաստեղծ, բայց առ այսօր վերստին նույն ինքն է մեծերի մեջ մեծագույնը»։
Պարույր Սևակ
Նարեկացուն նվիրված բաժնի գրական խորհրդատու՝ Լուսինե Զաքարյան
Վարդավառը մեր ամենասիրելի տոներից է։ Հիմքում այն հեթանոսական է։ Տոնը նվիրված էր Աստղիկ դիցուհուն, կապված էր պտղաբերության, բերք ու բարիքի, ջրի պաշտամունքի հետ, նշվում էր Նավասարդ ամսին։ Հնում հայերը այդ օրը Աստղիկին վարդեր էին նվիրում, ջուր ցողում իրար վրա։
Ավելի ուշ հայ եկեղեցին Վարդավառը մեկնաբանեց իբրև Քրիստոսի Պայծառակերպության տոն։ Բայց Նարեկացու տաղում տոնի նկարագիրը չկա։
Նարեկացին հիացմունքով նկարագրում է բնության գեղեցկությունը: Պայծառ կեսօր է, արևի շողերն ու ծաղիկների ծովը խայտում են, շուշանը ցողվում է «շող շաղով» ու մարգարտով, ծառերը արձակում են վարդագույն ոստեր, դաշտը ալիքվում է հովից...
Ծառերի ու ծաղիկների սոսափը նման է Դավթի տավիղի գեղեցիկ մեղեդուն։
Այս տեսարանում ընդգծվում է գոհար վարդը, որ արեգակի վարսերից՝ շողերից, ջերմությունն է ստանում։ Իսկ հետո գալիս է գիշերը, հայտնվում են առկայծող աստղերն ու բոլորվում լուսնի շուրջը։

Նարեկացին այլաբանորեն ներկայացնում է Քրիստոսի պայծառակերպության աստվածաշնչյան դրվագը։ Վարդը խորհրդանշում է Հիսուսին, որը պայծառություն է ստանում հայր Աստծուց և տարածում այդ լույսը։ Բայց եթե այլաբանական իմաստն անտեսենք, կունենանք բնությանը նվիրված գեղեցիկ երգ։ Ահա ինչու այս ստեղծագործությամբ Նարեկացին համարվում է բնության երգերի սկզբնավորողը հայ պոեզիայում։
Տաղում Նարեկացին կիրառում է բաղաձայնույթ՝ (նույն բաղաձայն հնչյունների կուտակումը) «Շ» և «Վ» հնչյունների կուտակումով ստեղծվում է որոշակի տրամադրություն։
Շուշանն էր շաղով լցված
Շող-շաղով ու շար մարգարտով․․․
Комментариев нет:
Отправить комментарий