10/04/2025

Մուրացան

 

ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆԻ ՀՈՒՇԵՐԻՑ

Ավետիք Իսահակյանը պատմում է, որ իր հասակակից պատանիների համար Րաֆֆուց հետո ամենասիրելի արձակագիրը Մուրացանն էր։ Սիրով կարդում էին ու սպասում  նրա նոր ստեղծագործություններին «Մուրացանի լեզուն, նրա ճշգրիտ հայերենը` գեղեցիկ բառերի ընտրությամբ, պատկերավոր ոճով մեզ համար ուսանելի դպրոց էր»,- գրում է Վարպետը։

Իսահակյանը պատմում է, որ Մուրացանի հետ ծանոթանում է տարիներ անց՝ Հովհաննես Թումանյանի վերնատանը: «Շատ հարգալից էինք նրա հանդեպ: Նստում էր Թումանյանի կողքին և լուռ լսում էր մեզ: Վերնատան նահապետը` Ղազարոս Աղայանը, բարձր ու հզոր ձայնով խոսում էր. Թումանյանը ուրախ բաներ էր պատմում, ու Մուրացանի աչքերը ժպտում էին մեղմորեն: Թվում էր, թե հաճելի էր նրան մեր շրջանը: Հաճախ մասնակցում էր մեր խոսակցություններին, զրույցին, հարցերին, սակայն, սովորաբար սակավախոս էր: Եվ երբեք չէր խոսում իր մասին, իր գործերի մասին: Առհասարակ հեզ, համեստ բնավորության տեր մարդ էր: Ես զգում էի, որ նա մի վիշտ ուներ իր սրտի խորքում, որ գաղտնի մաշում էր նրան․․․»:

Մահվանից մեկ տարի առաջ Մուրացանը  իր տուն է հրավիրում Իսահակյանին, Ղազարոս Աղայանին ու Հովհ․ Թումանյանին։ Հետաքրքիր զուգադիպությամբ նա ապրում էր այն բնակարանում, որտեղ ապրել էր Րաֆֆին։ Մուրացանի կինն ու երեխաները Բեռլինում էին, իսկ նա ապրում էր ծեր մոր հետ։ «Ես զգացի, որ իր քաշված, տխուր կյանքում նա մի մխիթարություն ունի՝ իր գրադարանը, ուր նա մոռանում էր իր մենակությունն ու տխրությունը․․․»,-  գրում է Իսահակյանը։

ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ ՍԵ՞Ր, ԹԵ՞ ԹՈՒԼՈՒԹՅՈՒՆ․․․

 

Մուրացանի կյանքի ճակատագրական կինը Ոսկեհատ Թավրիզյանն էր, որին սիրել էր դեռ պատանի տարիքից։ Պահպանվել են նրա մեկը մյուսից զգացմունքային, անկեղծ, անանձնական սիրային նամակները։ Գրում էր ամեն օր, անգամ օրվա տարբեր ժամերի, աստվածացնում, օրհնում, ապրում ու շնչում նրանով․ «Առանց քեզ ապրել, կնշանակե երկինքը սև ունենալ, արեգակը՝ խավար, բնության գիրկը՝ գերեզման․․․»։

 

1885 թ. Մուրացանն ու Ոսկեհատը ամուսնացան։ Նամակները նույնքան ջերմ էին նաև ամուսնությունից հետո և նույնքան միակողմանի։ Ոսկեհատը գրեթե չէր պատասխանում՝ Մուրացանին սպասման տագնապներ պատճառելով։

 Երբ Ոսկեհատը ամռանը գնում էր Շուշի՝ հանգստանալու, Մուրացանը գրում էր․ «Երբ դու ինձ մոտ ես, ես արդեն հանգիստ եմ, իմ զգացմունքները կանոնավոր են, ես չեմ շտապում ու չեմ դանդաղում, բայց հենց դու հեռանում ես, ես նմանվում եմ մի մարդու, որի գանձը տարել են հեռու աշխարհ․․․»։

 

 

 

Ոսկեհատը

 

 

 

Նրանց համատեղ կյանքը տևում է 12 տարի։ Ունենում են երեք երեխա։ Մուրացանը մի քանի տեղ էր որպես հաշվապահ աշխատում, հոգ էր տանում ընտանիքի մասին, քնքշությամբ ու սիրով շրջապատում կնոջն ու երեխաներին։ Բայց շուտով պարզվում է, որ Ոսկեհատը դավաճանում է նրան, այն էլ Մուրացանի ամենամոտ ընկերոջ հետ․․․

Մուրացանը խզում է կապերը ընկերոջ հետ, իսկ իր կնոջ նկատմամբ չի ձեռնարկում որևէ ակնհայտ քայլ: Ոսկեհատը երեխաների հետ մեկնում է Գերմանիա՝ բամբասանքներին չդիմանալով։

  Տարիներ անց Մուրացանը մահանում է հոգեբուժարանում՝ միայնության մեջ։

 

 Իսկ Մուրացանի վերջին նամակի վերջին տողերն էին․ «Եկ, իմ կյա՛նք, իմ ուրախությո՛ւն, իմ երջանկությո՛ւն, իմ երկի՛նք, իմ արքայությո՛ւն, ե՛կ, որ ապրեմ, ե՛կ, որ կյանքը քաղցրությամբ ճանաչեմ»։

Ըստ Նարինե Թուխիկյանի

Ասույթներ
Ազգերի զորությունը ընտանիքի մեջ է: Զորավոր է այն ազգը, որ ունի զորավոր ընտանիք, սիրով, միությամբ, առաքինի և հավատարիմ կենակցությամբ ապրող ընտանիքներ…
Ժողովուրդը, այո՛, ուժ ունի, ժողովուրդը մի հեղեղ է, որ թե հզորացավ, կարող է թումբեր կործանել, ամբարտակներ տապալել: Բայց պակասում է մեզ մարդ, որ կարողանա ժողովրդի սրտի հետ խոսել, ոգիներ վառել, հեղեղ պատրաստել:
Զգուշացեք օրիորդներ, որ ձեր ծաղկող հասակն ապարդյուն չանցնե՝ նման բարդի ծառին,որ ուռճանում, բարձրանում է մինչև ամպերը, բայց ո՛չ հովանի է տալիս արևակեզ անցորդին և ո՛չ պտուղ տնկող մշակին․․․
Մի՛ նվիրեք ձեր սիրտը վաղանցուկ հրապույրներին և ոչ էլ շլացեք փայլուն երևույթներով: Դրանք ասուպներ են, որոնք մի վայրկյան վառվելով երկնակամարի վրա, ապա հանգչում, անհետանում են մթության մեջ:
Միշտ այն կարծիքին եմ եղել, որ վեպերով կարելի է ավելի շատ բան ասել ժողովրդին, քան սառը առաջնորդողներով։
Ամեն մի մեծ գործ նախ փոքրից է սկսվում։

Ճշմարտությունը ամենից երկչոտ արարածն է։

Комментариев нет:

Отправить комментарий