
Սայաթ- Նովայի անվան շուրջ հյուսված ամենատարածված առասպելն այն է, որ նա սիրահարված է եղել վրաց Հերակլ II արքայի քրոջը` Աննային։ Նա ամուսնացած էր վրացի մի իշխանի հետ։
Շատ ուսումնասիրողներ այս վարկածն իրական են համարել՝ փորձելով Աննա անունը գաղտնագրված տեսնել Սայաթ-Նովայի ստեղծագործություններում։ Սայաթ-Նովայի և Աննայի սիրո պատմության վրա է հենված նաև «Սայաթ-Նովա» գեղարվեստական ֆիլմը։
Սայաթնովագետ Իշխան Ստեփանյանը հորինված է համարում այս վարկածը՝ շեշտելով, որ եթե Սայաթ-Նովան պալատից հեռացված լիներ այդ սիրային պատմության բացահայտման պատճառով, ապա նրա հանդեպ անողոք կլինեին և երկրորդ անգամ վերադառնալու հնարավորություն չէին տա։ Հովհաննես Թումանյանն ու առաջին սայաթնովագետ Գևորգ Ախվերդյանը ևս այդ պատմությունը հավաստի չէին համարում (հոդվածն ամբողջությամբ կարդա այստեղ):
Զրույց կա նաև այն մասին, որ Սայաթ-Նովան սիրել է Տալիթա անունով հույն աղջկա, որին շատ երգեր է նվիրել։
Մհեր Չատինյան «Սայաթ-Նովայի դիմանկարը»

Պատմում են, որ Հաղպատի վանքում կրոնավոր եղած ժամանակ Սայաթ֊Նովան (տեր Ստեփանոսը) լսում է, թե մի երևելի աշուղ է գնացել Թիֆլիս՝ տեղի աշուղների հետ մրցելու։ Մտածելով, թե իր քաղաքի վարպետները կարող են պարտվել, նա, ուշադրություն չդարձնելով ո՛չ վանականի վիճակին, ո՛չ էլ սաստիկ ցրտին, շտապում է նրա հետ մրցելու։
Սայաթ-Նովան հաղթում է մրցակցին, ապա վերադարձնում է պարտված աշուղի սազը (ըստ ընդունված ավանդույթի՝ աշուղական մրցավեճերում պարտվող կողմը հաղթողին էր հանձնում իր երաժշտական գործիքը)։
Ավանդազրույցի մի ուրիշ տարբերակում՝ Հաղպատի առաջնորդ եպիսկոպոսը նկատում է տեր Ստեփանոսի բացակայությունը և հրամայում փնտրել նրան։
Երկար որոնումներից հետո նրանք Սայաթ-Նովային գտնում են աշխարհականի շորերով աշուղի հետ մրցելիս։ Եպիսկոպոսի մարդիկ վրա են հասնում հենց այն ժամանակ, երբ նա արդեն հաղթելիս է լինում իր մրցակցին։
Ալեքսեյ Վեպխավաձե «Սայաթ-Նովա»


Սայաթ-Նովան ունեցել է 4 զավակ` Մելիքսեթ, Օհան, Սառա և Մարիամ: Մելիքսեթի ժառանգը` տեր Մովսես Սայադյանը, Խ. Աբովյանին պսակադրող քահանան է եղել, իսկ նրա ծոռնուհիներից մեկը` Պ. Պռոշյանի կինը (պահպանվել է հարսանեկան լուսանկարը):
Սայաթ-Նովայի կինը թաղված է Թիֆլիսի Խոջիվանքի գերեզմանատանը։
***
Բանաստեղծի որդին՝ Օհանը, վրաց Թեյմուրազ արքայազնի պատվերով Ս. Պետերբուրգում կազմել է Սայաթ-Նովայի ստեղծագործությունների ժողովածուն, որը «Դավթարի» հետ կազմում է նրա անգին ժառանգության մի մասը։
Օհանը գրում է․ «Հիշատակված է, որ Սայաթ-Նովան իր ողորմած, ամենուրեք հայտնի, Վրաստանի բարձրապատիվ տեր թագավորի կողմից դժգոհության է արժանացել, և նա խռովել է իր խեղճ ստրուկ Սայաթ-Նովայից և հեռացրել պալատից՝ ասելով. «Էժան առած չկարծես»:
Սայաթ-Նովան իր վրացերեն խաղերից մեկում արքունիքից հեռացվելու մասին գրում է.
- Ո՞ւմ մեղադրեմ ինչի՞ց եղավ,
Էս ամենն իմ խելքից եղավ:
Աղբյուրը՝ այստեղ
Ջոտտո «Սայաթ-Նովա»


Ավանդազրույցի համաձայն՝ Սայաթ-Նովան, տեսնելով, որ Աղա Մահմադ խանի զորքերը սկսել են ավերել Թիֆլիսն և կոտորել նրա բնակիչներին, վերցնում է իր քամանչան և գնում է խանի մոտ, որպեսզի համոզի նրան դադարեցնելու ավերն ու կոտորածը։ Խանի դուռը չհասած, սակայն, նրա զինվորները կես ճանապարհին սպանում են բանաստեղծին։
Մի ուրիշ ավանդազրույցի համաձայն՝ Սայաթ-Նովան շատերի հետ ապաստանում է բերդի եկեղեցում՝ հույս ունենալով փրկել իր կյանքը։ Սակայն, թշնամու զինվորները շուտով լցվում են եկեղեցին և աղոթք անող Սայաթ-Նովայից պահանջում են իսկույն ևեթ հավատափոխ լինել և դուրս գալ եկեղեցուց։ Երգիչը մերժում է նրանց։ Գազազած զինվորները սպանում են նրան։
Երբ խանի զորքերը թողնում են Թիֆլիսը և փախած ժողովուրդը վերադառնում Է քաղաք, եկեղեցում սպանվածների մեջ մարդիկ ճանաչում են նաև Սայաթ-Նովայի մարմինը ու թաղում են նույն եկեղեցու դռան մոտ։
Աղբյուրը՝ Արամ Ղանալանյան «Սայաթ-Նովան՝ հայկական ավանդություններում»
Ելենա Տեր-Ավագյան «Սայաթ-Նովա»

Комментариев нет:
Отправить комментарий